‘Հանրայի՞ն թե կուսակցական հեռուստաալիք ‘

1596

Օրերս Հանրային հեռուստաընկերությունը ՀՀ Աժ հայտարարությունների ժամին պատգամավորների հնչեցրած հայտարարությունները և կառավարության հետ հարց ու պատասխանը եթեր էր հեռարձակել ընտրովի, ինչի արդյունքում եթերից դուրս էին մնացել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորների ելույթներն ու նրանց հարց ու պատասխանները:  Արդեն երեկ Հանրայինը հանդես է եկել ինքնապաշտպանական հայտարարությամբ` պատասխանելով իր խտրական վերաբերմունքը դատապարտող  հրապարակումներին, մասնավորապես նշելով, որ Հանրային հեռուստաընկերությունն, օգտվելով իր խմբագրական ազատությունից, իր նախաձեռնությամբ հեռարձակում է իր կողմից պատրաստված հաղորդումները ՀՀ ԱԺ նիստերի, պատգամավորների հարց ու պատասխանների և հայտարարությունների վերաբերյալ և այլն:

Եթե հայտարարության տեքստը թարգմանենք ավելի պարզ ու հասկանալի լեզվի, ապա կստացվի, որ Հ1-ի ներկայացուցիչներն ասել են. «Ինչ ուզում, էն էլ հեռարձակում ենք»:

Ուշադրություն դարձրեք, որ սա ասում է Հանրային անվանվող հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է ՀՀ քաղաքացիների կողմից տրվող հարկերից և կոչված է ծառայելու նույն քաղաքացիներին` ապահովելով օբյեկտիվ ու բազմակողմանի լրատվություն:

Էստեղ իհարկե հարց է առաջանում, թե ի՞նչ խմբագրական ազատությունների մասին է խոսքը: Ովքե՞ր են հանրության սեփականությունը հանդիսացող հեռուստաալիքին ազատություն  չցուցադրելու իշխանություններին սուր քննադատության ենթարկող ընդդիմադիր գործիչներին կամ ցուցադրելու իրենց հայեցողությամբ` որոշելով, թե որ ելույթն է  ավելի պետքական և ավելի հետաքրքիր հանրության համար:

Ինչևէ, անկախ նրանից, թե որտեղից են այս ազատությունները, Հանրայինը տարիներ շարունակ անկաշկանդ օգտվում է դրանցից: Նա օգտվում է այդ ազատություններից, երբ իր թղթակիցը բացակայում է ամեն ուրբաթ դատախազության դիմաց և ամեն հինգշաբթի կառավարության շենքի դիմաց կազմակերպվող բողոքի միջոցառումներից, նա օգտվում է այդ ազատություններից, երբ չի լուսաբանում Հարսնաքարի գործով քննչական մարմինների գործած ապօրինությունները, նա օգտվում է այդ ազատություններից, երբ ընտրությունների ընթացքում նրա գեթ մեկ տեսախցիկ չի նկատում որևէ ընտրախախտում, նա օգտվում էր այդ ազատություններից, երբ ոստիկանների կողմից ծեծված երիտասարդները օր ու գիշեր ներկայացվում էին որպես տեռորիստներ, նա օգտվում էր այդ ազատություններից, երբ Մարտի 1-ին տարածում էր տեսանյութեր, որտեղ Ազատության հրապարակից դուրս էին բերվում իբր ցուցարարներին պատկանող զենքերն ու պայթուցիկ սարքերը, երբ տարատեսակ հաղորդումներով փորձ էր կատարվում Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ամբողջ մեղքը բարդել ընդդիմադիր գործիչների վրա:

Երևի թե այս դեպքում Հ1-ի հայտարարության մեջ, անկեղծ լինելու համար, ավելի ճիշտ կլիներ նշել, որ այս ազատությունները ոչ թե օրենքով, այլ նախագահականից են տրվում:

Ցավալին այն է, որ այս իրականությունը վաղուց արդեն դարձել է սովորական: Այն զարմանալի կլիներ, եթե մենք ապրեինք որևէ եվրոպական երկրում: Սակայն  Հայաստանում սրանք ամենևին արտառոց դեպքեր չեն: Հանրայինի և ընդհանրապես իշխանությունների վերահսկողության տակ գտնվող հեռուստաալիքների համար սա արդեն նորմալ դարձած գործունեության ձև է: Եվ այս գրաքննության դեպքը հիմնավորումն է այն բանի, որ գործող իշխանությունները չեն հրաժարվել կառավարման խորհրդային մեթոդներից և հետևողականորեն շարունակում են տեղեկատվական շրջափակումը, որտեղ, իհարկե, իր նշանակալի դերն ունի Հայաստանի հանրային հեռուստաալիքը:

Հ.Գ. Այս բոլոր խնդիրները դժվար թե առաջանային, եթե հեռուստաալիքը չկոչվեր Հանրային, այլ վերանվանվեր «Կուսակցական», կամ ավելի կոնկրետ` «Հանրապետական»  հեռուստաալիք: 

Նախորդ հոդվածը‘Կկարողանա՞ Հռոմի պապը թուլացնել մահմեդականների ու քրիստոնյաների միջեւ առաջացած լարվածությունը’
Հաջորդ հոդվածը‘4 ռուսաստանցի զբոսաշրջիկ է զոհվել Հունաստանում’