‘Հանրային հեռուստաընկերությամբ գովազդը կարգելվի’

996

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Հանրային հեռուստաընկերության եթերում գովազդն արգելող օրինագծի փաթեթին, և այն կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: Փաթեթով Հանրային հեռուստատեսությամբ արգելվում է ցուցադրել գովազդ, բացառությամբ սոցիալական գովազդի, ինչպես նաև մշակութային և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին տեղեկություններ նշելու դեպքերի, բայց ոչ ավելի, քան մեկ հովանավոր յուրաքանչյուր մշակութային և սպորտային հեռուստահաղորդման ցուցադրման ժամանակ: «Հանրային հեռուստաընկերությամբ գովազդի հեռարձակման դադարեցումն ընդունված քայլ է: Այդ եթերաժամանակը կտրամադրվի տարբեր բնագավառների հաղորդումների հեռարձակմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նախագծերի ընդունմամբ` կկրճատվի Հանրային հեռուստատեսությամբ առևտրային գովազդի տևողությունը՝ եթերաժամանակը տրամադրելով տեղեկատվական ավելի բարձր արժեք և կարևորություն ունեցող հեռուստահաղորդումների ցուցադրմանը:

«Ասպարեզ» ակումբի մոնիթորինգի համաձայն` գովազդային հաղորդումների ծավալների առումով հայաստանյան 6 հեռուստաընկերությունները 2013 թվականի օգոստոսին, նախորդ տարիների համեմատ՝ առաջընթաց են գրանցել: Սակայն դրանցից միայն երկուսը չէին խախտել օրենքով նախատեսված գովազդի ծավալը:

Մոնիթորինգ իրականացնողները  Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին առաջարկել էին հեռուստագովազդի հեռարձակման քանակական վերահսկողություն իրականացնել իր գործառույթների շրջանակում: Ազգային ժողովին առաջարկվում է վերականգնել Հանրային հեռուստաընկերության հաղորդումները գովազդով չընդհատելու պահանջը, օրենքով ամրագրել Հանրային հեռուստառադիոընկերության  հեռուստատեսային և ռադիոալիքների հավասար հասանելիության պարտադիր պայմանը Հայաստանի ամբողջական տարածքի համար, ինչպես նաև քննարկել քողարկված գովազդի կանխարգելման օրենսդրական կամ ենթաօրենսդրական հնարավորությունները, այդ գործում մասնակից դարձնելով հեռարձակողներին, ոլորտի հասարակական կազմակերպություններին և մասնագետներին:

Նախորդ հոդվածը‘Հանրային տրանսպորտի ուղեվարձի հարցով ստեղծված հանձնաժողովի 3-րդ նիստը (ուղիղ եթեր)’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետի տեղակալ. Հունվարի 1-ից ուղեվարձը չի բարձրանալու’