‘Հանրային հնչեղություն ստացած գործեր, որոնց կվերաբերի համաներումը’

1580

Անցյալ հինգշաբթի Ազգային ժողովի կողմից միաձայն հաստատված՝ ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում իրականացնելու մասին որոշմամբ ամենաուշը մինչեւ տարեվերջ ազատության մեջ կհայտնվեն շուրջ 600 քաղաքացիներ, շուրջ 700 հոգու նկատմամբ  կկրճատվի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված պատժաչափի չկրած մաuը: Համաներումը տարածվելու է այն անձանց վրա, որոնք հանցագործություն են կատարել մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ: Ուշագրավ է, որ ի տարբերություն նախորդ համաներումների, այս համաներումը տարածվում է ավելի մեծ թվով քրեական հանցագործություն կատարած անձանց վրա, եւ ներառում է նաեւ ծանր հանցագործություն կատարածներին, որոնց մի մասի պատժաժամկետը կկրճատվի:

Արդեն հայտնի է, որ համաներման արդյունքում ազատության մեջ կհայտնվեն Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը եւ վերջերս կալանավորված պահեստազորի գնդապետ, երկրի սոցիալական ու քաղաքական պայմաններից դժգոհող ազատամարտիկների խմբի անդամ Վոլոդյա Ավետիսյանը:

Բացի այդ, համաներումը կտարածվի նաեւ վերջին տարիներին հանրային հնչեղություն ստացած մի շարք գործերով դատապարտված կամ մեղադրվող անձանց վրա: Այսպես, համաներմամբ ազատ կարձակվեն ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը և ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը։ Հիշեցնենք, որ Թամամյանը դատապարտվել է կաշառքի դիմաց սպանություն պարտակելու, իսկ Օհանյանը՝ խոշոր չափերով պետական միջոցներ յուրացնելու համար: 

Համաներմամբ ազատ կարձակվեն նաեւ վերջերս կալանավորված Քեմբրիջի շրջանավարտ  Արամ Մուղալյանը և նրա երեք ընկերները` Ռոբերտ Փիլոյանը, Գագիկ Առաքելյանը և Արթուր Քլյանը: Մուղալյանը եւ նրա ընկերները մեղադրվում են խուլիգանության եւ դիտավորությամբ ուրիշի գույքը վնասելու մեջ:

 Ըստ մամուլի հրապարակումների, այս համաներումը կազդի նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի և այս գործով անցնող մյուս ներկայացուցիչների վրա՝ ընդհանուր առմամբ շուրջ 30 հոգու վրա, որոնցից մեծ մասը ՀՀԿ անդամներ են: Ընդ որում, Վ Խաչիկյանի և կենսաթոշակների ու նպաստների յուրացման գործով անցնող մյուս անձանց վրա համաներումը կանդրադառնա ոչ թե անմիջապես, այլ կկրճատվի նրանց պատժաժամկետը, եթե դատարանը նրանց դատապարտի մինչև 10 տարվա ազատազրկման, ապա պատժի մեկ երրորդը կրելու դեպքում նրանք կարող են ազատ արձակվել:

Համաներումը կազդի նաեւ «Հարսնաքարի» գործով անցնող մեղադրյալների վրա: Ռազմական բժիշկ Վահե Ավետյանին  դաժան ծեծի միջոցով մահվան հասցնելու մեջ մեղադրվող Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին սպառնում է մինչեւ տասը տարի ազատազրկում: Ըստ ամենայնի, նրանցից մի մասը ազատ կարձակվի համաներման արդյունքում, որոշների դեպքում էլ պատժաժամկետը կկրճատվի: Հիշեցնենք, սակայն, որ այս գործով տուժող կողմը բողոքարկում է դեռեւս նախաքննության արդյունքները՝ պնդելով, որ այն իրականացվել է մի շարք խախտումներով: Վահե Ավետյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը iLur.am-ին տեղեկացրեց, որ նախաքննության արդյունքների բողոքարկման իրենց իրավունքի ոտնահարման վերաբերյալ բողոքն այժմ գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Այս համաներման սահմանափակումները ըստ էության չեն ազդում նաեւ խոշոր չափի կաշառք ստանալու մեջ կասկածվող ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի գործի դեպքում: Թեեւ Մարտիրոսյանը որպես կասկածյալ հարցաքննվել է սեպտեմբերի վերջին, ամենայն հավանականությամբ հանցագործությունը, որի կատարման մեջ նա կասկածվում է, տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 1-ից առաջ:

Համաներումը տարածվում է նաեւ գնդապետ Արտակ Բուդաղյանի վրա: Նա, հիշեցնենք, մեղադրվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Գորիսում գտնվող տան վրա զինված հարձակում գործելու մեջ: Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը, սակայն հայտարարել է, թե իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը եւ հետեւաբար հրաժարվում է համաներումից: Ինչ վերաբերում է գնդապետ Բուդաղյանի եղբոր՝ Ավետիք Բուդաղյանի սպանությանը մասնակցած Տիգրան Խաչատրյանին եւ Զարզանդ Նիկողոսյանին, ապա նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ նրանց գործողությունները նախաքննական մարմինները որակել են որպես «անհրաժեշտ ինքնապաշտպանություն»:

Պայմանավորված նրանով, թե ի՞նչ պատժաչափ կնշանակվի քաղաքագետ, սպանություն կազմակերպելու մեջ մեղադրվող Արկադի Վարդանյանի նկատմամբ, պարզ կդառնա, թե համաներման շնորհիվ որքանով կկրճատվի նրա ազատազրկման ժամկետը։

Այս համաներման արդյունքում ազատ կարձակվեն կամ պատիժը մասամբ կկրեն նաեւ զինվորական հանցագործությունների մեջ մեղադրվող մի շարք անձինք:

Մասնավորապես, 2012-ի նոյեմբերին Սյունիքի մարզի մարտական հենակետերից մեկում 19-ամյա շարքային Սարգիս Սահակյանին ինքնասպանության հասցրած հինգ անձանցից երեքը ազատ կարձակվեն, իսկ մյուս երկուսի պատժաչափը կկրճատվի: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Սարգիսի հարազատները պնդում են, որ իրենց որդին ինքնասդպան չի եղել. նրան դաժանաբար սպանել են: Այս վարկածի համար նրանք մի շարք ապացույցներ են բերում:

Ընդհանրապես, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հրապարակած տվյալների, այս տարվա ինն ամիսների ընթացքում բանակում արձանագրվել է զինվորների մահվան 25 դեպք, որոնցից սպանություն է ճանաչվել ընդամենը երեք դեպք, 6-ը՝ ինքնասպանություն: Ուշագրավ է, որ իրավապաշտպանների եւ զոհերի հարազատների կողմից կասկած հարուցող բոլոր դեպքերում համաներումը տարածվում է դատապարտյալների կամ մեղադրյալների վրա: Ընդ որում, ինքնասպանություն հասցնելու հոդվածով մեղադրվածներն ամբողջությամբ ազատվում են պատժի կրումից:

Ի դեպ, այս համաներումը չի տարածվի մանկապիղծ Սերոբ ՏերՊողոսյանի վրա։ Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը եւս ազատ չի արձակվի, քանի որ նրա մեղադրանքն ընդգրկված է համաներման 9-րդ կետի 7-րդ կետով նախատեսված սահմանափակումների մեջ։

 

 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Ամուլսարի ոսկու հանքը շահագործումը կարող է կասեցվել’
Հաջորդ հոդվածը‘Վաչե Տերտերյան. Սյունիքի արոտավայրերի վարձակալության հարցը կարելի է համարել փակված’