‘Հանրապետական պատգամավոր. Խորհրդարանական կառավարմանն անցնելու համար ճիշտ ժամանակ պետք է ընտրել’

1273

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը սկզբունքորեն դեմ չէ խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելու գաղափարին, սակայն կարծում է, որ այս պահին, այս իրադրության մեջ դրան անցնելը ճիշտ չէ: Այս մասին նա ասաց iLur.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանին արված առաջարկից կարելի է ենթադրել, որ ՀՀԿ-ն սկզբունքորեն դեմ չէ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուն:

«Որևիցե մի պետություն, որևիցե քաղաքական գործիչ կամ իրավաբան չեն կարող ասել, թե խորհրդարանական կառավարման համակա՞րգն է ավելի ժողովրդավար, թե՞, ասենք, կիսանախագահական, կիսախորհրդարանական: Պետք է մի փոքր ավելի այլ տեսակետներով մոտենալ և կազմակերպել կառավարման համակարգի փոփոխությունը մի փոքր այլ իրականության մեջ: Խորհրդարանական համակարգին անցումը և ժամանակը պետք է լինեն ճիշտ»,- հայտարարեց Սահակյանը:

Մեր հարցին, թե Հովիկ Աբրահամյանի այս առաջարկը կարո՞ղ է արդյունավետ լինել հետընտրական ճգնաժամից դուրս գալու համար, Սահակյանը պատասխանեց, թե ճգնաժամ չկա ու իրենք պատրաստ ենք առողջ, ողջամիտ առաջարկությունների, խնդիրների շուրջ նստել, խոսել, լսել տեսակետները, առաջարկությունները, նաև քայլեր անել: Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու «Ժառանգության» հրավիրած արտահերթ նիստն այդպես էլ չկայացավ, Սահակյանն այսպես հակադարձեց.

«Երբ «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավարը մասնակցում է պարոն Աբրահամյանի հրավիրած խորհրդակցությանը, որտեղ քաղաքական թիմերի ու խմբակցության ղեկավարների մասնակցությամբ փորձում էին ինչ-որ խնդիրներ, հարցեր քննարկել, դրան հետևեց Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, որ ԱԺ-ն անկախ մարմին է և այնտեղ ինչ խորհրդակցություն, քննարկումներ կատարվում են, «էստեղի հետ կապ չունեն»՝ նկատի ունելալով հանրահավաքը: Հազար ներողություն, եթե էդտեղի հետ կապ չունի, ուրեմն կարելի էր այդ խնդիրները օրակարգ մտցնել օրենսդրական նախաձեռնությունների տեսքով և քննարկել: Եթե «Ժառանգությունը» չի վստահում իր խորհրդարանական խմբակցության ղեկավարին, ուրեմն այստեղ խնդիր կա: Չենք կարծում, որ մենք այնքան ժամանակ ունենք կամ այնքան պարապ ենք, որ պետք է Ժառանգության» կապրիզներին տեղ տանք»:

Սահակյանի համոզմամբ՝ Աբրահամյանի այս առաջարկով իշխանությունն ընդառաջ է գնում, սակայն սահմանադրական փոփոխությունները չպետք է լինեն ինքնանպատակ՝ այս կամ այն քաղաքական թիմի, քաղաքական գործչի ամբիցիաները բավարարելու համար:

Նշենք, որ նախօրեին «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն ՀԱկոբյանը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանին՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկին, ասել էր. « Չեմ կարծում, որ այդ առաջարկությունը համարժեք է ստեղծված հետընտրական իրավիճակին»

 

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ-ը կքննարկի Երեւանի ավագանու ընտրություններին միասնաբար հանդես գալու՝ Կոնգրեսի առաջարկը’
Հաջորդ հոդվածը‘Երկու վատ նորություն Սերժ Սարգսյանի համար ‘