Սենատորը արգելափակել է Ուկրաինայի 40 մլրդ դոլար օգնությունը

590

Քենթուքի նահանգից հանրապետական սենատոր Ռենդ Փոլը արգելք է դրել ամերիկյան սենատի կողմից Ուկրաինային լրացուցիչ 40 մլրդ դոլար օգնություն հատկացնելու որոշման վրա։

Սպիտակ տունը փորձում էր շտապ կարգով սենատում անցկացնել Կիևին 40 միլիարդ դոլարի հատկացման որոշումը։ Հանրապետական և դեմոկրատ սենատորները նման դեպքերի համար բացառիկ միասնություն են դրսևորել՝ համաձայնելով, որ ծանր վիճակում գտնվող Ուկրաինային հարկավոր է անհապաղ լրացուցիչ օգնություն ցուցաբերել։

Սակայն հինգշաբթի հանրապետական սենատորը խափանել է այդ պլանները՝ մեն-մենակ հանդես գալով դրանց դեմ։

Ռենդ Փոլը, որն արդեն բազմիցս հանդես է եկել Վաշինգտոնի կողմից այլ երկրների ֆինանսական օգնություն տրամադրելու դեմ, հրաժարվել է ընդունել առաջարկը, որը միաձայն որոշման կարիք ուներ։ Նա պահանջում է հատուկ օրենք ընդունել, որը թույլ կտա ամերիկյան վերահսկողություն սահմանել, թե ինչպես են ծախսվում այդ փողերը։

«Չի կարելի քամուն տալ 40 միլիարդը՝ առանց որևէ վերահսկողության։ Մենք դա արել ենք Աֆղանստանում․ հատուկ գլխավոր տեսուչը չէր կասեցրել ծախսերը, բայց, համենայն դեպս, ստիպել էր, որ գողերը լավ մտածեն՝ փողերը գողանալուց առաջ»,- ասել է սենատորը։

Ռենդ Փոլի դեմարշը դժգոհություն է առաջացրել նրա գործընկերների շրջանում։

«Եթե սենատոր Փոլը համառի իր անխոհեմ պահանջների հարցում․․․ այն ամենը, ինչին նա կհասնի, ընդամենը կհետաձգի Ուկրաինային այդքան անհրաժեշտ օգնությունը»,- հայտարարել է սենատում մեծամասնության առաջնորդ Չաք Շումերը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿորոնավիրուսի բռնկում ԿԺԴՀ-ում․ 6 մահ, 18 հազարից ավելի վարակակիր
Հաջորդ հոդվածըՅուրգեն Կլոպ․ Ազգերի լիգայի գաղափարն ամենածիծաղաշարժն է