‘Հանրապետության հրապարակի այլանդակման ցուցահանդես (ֆոտոշարք)’

2875

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում երեկ բացվել է Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի ճարտարապետական բաց մրցույթի ցուցահանդեսը:

Ներկայացված 13 նախագծերում կա ամեն ինչ` ուլտրամիստիկականից մինչեւ ուլտրանորարարական մտահղացումներ: 

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը, Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթը հայտարարելով` նպատակ է դրել լուծել հրապարակում ստորգետնյա կայանատեղերի հարցը, Լենինի նախկին արձանի տեղում ինչ-որ բան կառուցել` հանդիսավոր արարողությունների ժամանակ օգտագործելու համար, եւ ծածկել «ժամանակի ընթացքում հրապարակի ֆոնին առաջացած սիլուետները»:

Ներկայացված նախագծերից մեկով առաջարկվում է հսկայական եկեղեցի կառուցել հրապարակի հարավային հատվածում, մյուս նախագծի հեղինակն այդ տեղում առաջարկում է հսկայական պաստառ տեղադրել, որի վրա Արարատը պատկերված կլինի:  Մեկ ուրիշը Լենինի արձանի տեղում տեսնում է Բեռլինի եւ Սանկտ-Պետերբուրգի համապատասխան կառույցների ոճով հաղթակամար, որի ճակատը պետք է պսակի է եռաձի հեծյալը:

Մեկ այլ նախագծով առաջարկվում է հրապարակի տակ եռահարկ ստորգետնյա համալիր կառուցել` ռեստորաններով, ավտոկայանատեղիներով, սուպերմարկետներով, թանգարաններով ու մշակույթի օջախներով: Այս նախագծի հեղինակները առաջարկում են Հյուսիսային պողոտայից Պետական պատկերասրահի շենքի տակով ստորգետնյա անցուղի կառուցել դեպի հրապարակ:

Եւս մեկ նախագիծ ենթադրում է, որ հրապարակում ամբողջովին կվերացվի ավտոմեքենաների երթեւեկությունը` այն տեղափոխելով գետնի տակ: Այս նախագծի հեղինակները նույնպես առաջարկում են ստորգետնյա սպասարկման կետեր կառուցել: Իսկ մեկ ուրիշը առաջարկում է ապակեպատ սրահով ծածկել Պետական պատկերասրահի շենքը եւ այն կամրջակով միացնել ներկայիս ԱԳՆ շենքին:

Որոշ նախագծերում առաջարկվում է ընդհանրապես հեռացնել կամ փոփոխել պետական պատկերասրահի գմբեթը, իսկ մի նախագծով, «համաչափությունը պահպանելու նպատակով»` առաջարկվում է գմբեթներ ավելացնել Կառավարության եւ ԱԳՆ շենքերի վրա:

Նախագծերից միայն մեկի հեղինակն էր «համարձակվել» անձամբ ներկայանալ ցուցահանդեսին: Դիզայներ Էդվարդ Վանեսքեհյանը iLur.am-ի հետ զրույցում ասաց, որ իր ներկայացրած նախագծի վրա աշխատել է շուրջ 12 տարի: Նախագծով Վանեսքեհյանն առաջարկում է Լենինի արձանի տեղում եռաթեւ հաղթակամար կառուցել նույն քարից, որն օգտագործվել է հարեւան շենքերի կառուցման ժամանակ:

Հեղինակի ներկայացմամբ` «Անկախության եւ միասնության դարպասների» երկու ավելի ցածր թեւերը խորհրդանշում են Արցախը եւ Սփյուռքը, կենտրոնի բարձր ճակատը խորհրդանշում է Հայաստանի Հանրապետությունը: Կառույցի կենտրոնական մասում հսկայական բրոնզե զինանշանն է, ներքեւում` հատուկ տրիբունա՝ բարձրաստիճան պաշտոնյաների համար: Կառույցի վերնամասը սյունապատ դիտակետ է: Նախագծի հեղինակի խոսքով, կառույցը, բացի խորհրդանշական լինելուց, նաեւ գործնական կիրառություն կարող է ունենալ. Այն, մի կողմից` իր չափսերով կծածկի Վազգեն Սարգսյան փողոցում  (նախկին Սպայի տան տեղում) կառուցված տարաոճ բարձրահարկ շենքը, մյուս կողմից` առաջարկվող կառույցի լայն կամարները բաց կպահեն Շահումյանի այգու կանաչապատ տարածքը: Կամարը ունի նաեւ ստորգետնյա հատված, որտեղ, հեղինակի խոսքերով, պետք է լինի «հայ գենի դեպոզիտարիան»:    

Նախորդ հոդվածը‘ԱԺ միջազգային պատվիրակություններում փոփոխություններ են սպասվում’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Եվ տերը տվեց նրան «ուրախությունն անանձնական»’