‘Հանցագործություն՝ առանց սահմանների’

1247

Վրաստանի ոստիկանությունը, ամերիկյան իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ, ձերբակալել է կիբեռհանցագործների միջազգային հանցախմբի ենթադրյալ ղեկավարին և նրա գլխավոր օգնականին: Այդ մասին հայտնի է դարձել հինգշաբթի օրը:

Միջազգային հետաքննության ընթացքում պարզվել է, որ համակարգիչները վարակելով GozNym վիրուսով, հանցախումբն առևանգել է բանկային հաշիվներ, դուրս է գրել գումարներ և կանխիկացրել է դրանք: Նշվում է, որ նրա կազմում եղել են ռուսաստանցի ծրագրավորողներ և գաղտնագրման մասնագետներ Մոլդովայից ու Ղազախստանից:

ԱՄՆ-ից բացի՝ հետաքննությանը մասնակցել է ևս հինգ երկիր՝ Բուլղարիան, Գերմանիան, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, ինչպես նաև Եվրոպոլն ու Եվրոարդարադատությունը: Հարուցվել է 10 քրեական գործ, և արդեն մեղադրանքներ են ներկայացվել:

«Մենք շատ լավ գիտենք, որ կիբեռհանցանքը միջազգային խնդիր է, որը միջազգային լուծում է պահանջում: Դա իսկական հանցագործություն է՝ առանց սահմանների: Դրա զոհն են դառնում մարդիկ ամբողջ աշխարհում, մկնիկի մեկ սովորական սեղմումով կարելի է բազմամիլիոնանոց վնաս հասցնել առանձին մարդկանց և ձեռնարկությունների: Մենք նաև գիտենք, որ հանցագործները, նրանց կազմակերպություններն ու սերվերները կարող են լինել աշխարհի ցանկացած կետում, դրա համար էլ կիբեռհանցագործությունը այնպիսի չափերի ու ծավալների հանցավոր գործունեություն է, ինչը մենք չենք հանդիպում հանցավոր գործունեության մյուս բնագավառներում»,- հայտարարել է Փենսիլվանիայի Արևմտյան շրջանի դատախազ Սքոթ Բրեդին:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Բուֆֆոն. ՊՍԺ-ն ինձ նոր պայմանագիր է առաջարկել’
Հաջորդ հոդվածը‘Կիևի դատարանը քննում է Պոռոշենկոյի ու ևս 179 պաշտոնյաների՝ Ուկրաինան լքելու արգելքը’