‘Հանցագործություն պարտակողները’

2516

Լրատվական դաշտի ուշադրությունից դուրս մնաց անցյալ շաբաթ տեղի ունեցած մի ուշագրավ իրադարձություն: Դե, բոլորս էլ քաջածանոթ ենք Գյումրու նախկին քաղաքապետի և յուր որդիների՝ օնլայն ռեժիմում տեղի ունեցող «քաջագործություններին», սակայն մի քանի օր առաջ տեղի ունեցած իրադարձությունը ուշագրավ էր նրանով, որ դրան վերջապես անդրադարձավ ոստիկանապետ Վ. Գասպարյանը: 

Տեղի էր ունեցել Հայաստանի համար «սովորական» մի իրադարձություն՝ Վարդան Ղուկասյանի որդին կրակել էր գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան վրա: Դե հո սարսափելի բան տեղի չէ՞ր ունեցել, որևէ մեկը չէր մահացել, կամ նույնիսկ վիրավորել, տղա էր՝ մի փոքր տաքացել էր ու մի երկու մագազին դատարկել  ինչ-որ մի քաղաքապետի տան վրա ու երևի նրա վախը մի թեթև բռնել: Այն, որ էդ ամեն ինչը տեսանկարահանվել էր քաղաքապետի տան տեսախցիկներով, հենց ապացուցում է, որ որևէ «լուրջ» բան չկա՝ Վարդան Ղուկասյանի որդին ավտոմեքենան չէր էլ կանգնեցրել ու  չէր իջել մեքնայից, նա պարզապես մի փոքր ավտոմեքենայի ընթացքը դանդաղացրել էր ու «մի թեթև կրակել»:

Բայց այստեղ հարցը կրակոցները չեն, այլ այն, որ հաջորդ օրն իսկ ոստիկանապետը այցելեց Գյումրի ու աշխատանքից ազատեց Գյումրու ոստիկանապետին, բայց չմոռացավ նշել, որ հեռացումը ամենևին կապ չունի նախորդ օրը տեղի ունեցած կրակոցների հետ: Սա էլ թողենք մի կողմ. հետաքրքիրն այն է, որ ոստիկանապետը Գյումրիում քաղաքապետի ու հին ու նոր ոստիկանապետերի ներկայությամբ ասուլիս հրավիրեց ու հայտարարեց այն մոգական միտքը, որին էլ ուղղված է հենց այս հոդվածը: Ոստիկանապետն ամոթանք տվեց Սամվել Բալասանյանին, թե  տան վրա կրակոցներից հետո վերջինս ինչու է հրաժարվում բողոք ներկայացնել ոստիկանություն և ցուցմունք տալ:

Թողնենք այն բանը, որ ոստիկանապետը նշանակովի պաշտոնյա է, իսկ քաղաքապետը՝ ընտրովի, ու առաջինը իրավունք չունի ամոթանք տալ վերջինիս, ու նրանց հարաբերությունները կարգավորվում են օրենքով նախատեսված կարգով:

Ժողովուրդ ջան, հասկանում եք ինչ աբսուրդ բան է տեղի ունեցել: Նախկին քաղաքապետի որդին կրակել է գործող քաղաքապետի տան վրա, տեսախցիկները ֆիքսել են այդ դեպքը, իսկ գործող քաղաքապետը հրաժարվում է այդ մասին ցուցմունք տալ, իսկ ոստիկանապետն էլ, փոխանակ հանցագործություն կոծկելու մեղադրանքով ձերբակալի գործող քաղաքապետին, բավարարվում է միայն նրան ամոթանք տալով: Դե, Վարդանիկի որդու հետ ամեն ինչ պարզ է, նրան եթե ավելի ծանր հանցագործությունների համար չձերբակալեցին, էս ի՞նչ դեպք է, որ ձերբակալեն:

Հիշեցման կարգով ասեմ, որ կրակելու համար, միայն այս կամ այն մարդու բողոքելուց հետո չէ, որ պարտավոր են ոստիկանները քրեական գործ հարուցել. այն արվում է կրակոցի դեպքը ֆիքսվելուց անմիջապես հետո: Իսկ ցավալին այն է, որ այս մասին գիտի նաև ոստիկանապետը, ու այդքանից հետո կրկին որևէ բան չի փոխվում, ու հանցագործները մնում են ազատության մեջ, ինչին էլ ավելանում են հանցագործություններ պարտակողները:

Ու էս տղայականությամբ ու շոուներ սարքելով երկիրը մինչև ո՞ւր է հասնելու…

Սանասար Հավասարյան

Նախորդ հոդվածը‘Կամերային նվագախումբը բարեգործական համերգ կտա ‘
Հաջորդ հոդվածը‘Վերջում իշխանությունները կվաճառեն մարդկանց ‘