Հաշտեցնել բոլոր անցյալները. ԱլիքՄեդիա

622

Հիմա ռազմաքաղաքական խոշոր պարտությունը վերարժեւորելու փոխարեն ասպարեզ է նետվում «Նոր Հայաստան»-ի մի նոր պատրանք, որի հակապատկերը միգուցե դառնա «Կապիտուլացված Հայաստանը»։ Խնդիրը ձեւակերպումների մեջ չէ, այլ դրանց անջատ գոյության։ Այսինքն` դրանք կան իրարից անկախ, անդամահատված, առանց ժառանգականության եւ նույնանում են միայն Նիկոլ Փաշինյանի անմեղությունն ընդգծելիս։

Գրվածքի տրամաբանությունից հետեւում է, որ մենք այլեւս «Նոր Հայաստան»-ի կարիքը չունենք։ Քանի որ այդ նորն արդեն իսկ ստեղծվել է 1991-ին։ Երրորդ հանրապետությունը բովանդակային եւ ինստիտուցիոնալ տեսանկյունից Հայաստանի բոլոր անցյալների համաձուլվածքն է 21-րդ դարում։ Այն Սովետական Հայաստանի ժառանգորդն է, Առաջին հանրապետության մարմնացումը, Տաճկահայաստանի հիշողությունը, Քրիստոնյա Արեւելքի փշրանքը եւ, որպես վերջնական արդյունք, հաշտեցումը բոլոր այս տարրերի։

Ի վերջո հենց այս համատեքստում է դրսեւորվում ՀՀՇ-ի լուսավորական առաքելությունը պատմության մեջ։ Այն, յուրացնելով հայկականության բազմաշերտ, տարասեռ հումքը, չվերարտադրեց հինը, ընդհակառակը՝ նոր կառույց հիմնեց՝ միաժամանակ երկրորդ կյանք տալով այդ նույն հնին։ Մշակութային եւ քաղաքակրթական այս գործընթացն անկրկնելի է այնքան ժամանակ, քանի դեռ Երրորդ հանրապետությունն անձնասպան չի եղել։ Հետեւում է՝ նորը ստեղծելու վերամբարձ եւ բարձրագոչ պնդումների փոխարեն պետք է առաջնային դառնա արդեն իսկ եղածը պահելու, արդիականացնելու եւ այլացնելու աստիճանական գործընթացը։

Վերջաբանի փոխարեն անհրաժեշտ է արձանագրել, որ ներկայումս մեր ամենակենսական անհրաժեշտությունը Հայաստանի բոլոր անցյալների հաշտեցումն ու կամրջումն է։ Այսինքն` մարդկային ընկալումներում Հայաստանի պատմական ընթացքը պետք է դիտարկվի որպես մեկ ամբողջություն, առանց անդամահատման եւ հերքման։

ՀՀՇ-ական, Քոչարյանական, ՀՀԿ-ական եւ Փաշինյանական անցյալները 1991-ին ստեղծված Հայաստանի անբաժան բաղադրիչներն են, մեկի բացակայությամբ մյուսի գոյությունը դառնում է անհնար եւ անիմաստ։ Այս պարագայում պատմականության սկզբունքը աշխատում է, բայց միայն օրգանական եւ մշակութային կապի ապահովման, այս կամ այն իրադարձության վերարժեւորման տեսանկյունից, այլ ոչ թե արդիության մեղքերը անցյալի անորոշության վրա բարդելու նպատակով։

Կարպիս Փաշոյան

Հոդվածն ամբողջությամբ կարդալ այստեղ

Նախորդ հոդվածըՄոսկվայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Բագրինցևը կխաղա Հայաստանի հավաքականում
Հաջորդ հոդվածըԶելենսկին հայտարարել է Մեդվեդչուկի ձերբակալության մասին