ՀԱՊԿ-ը մտադիր չէ խաղաղապահներ ուղարկել Հայաստան

345

Հավաքական անվտանգության պայմանակգրի կազմակերպության խաղաղարար զորակազմ Հայաստան ուղարկելու հարց առայժմ օրակարգում չկա։

Այդ մասին հինգշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

«Եկեք առաջ չընկնենք։ Սեպտեմբերի 13-ին մեր պետությունների ղեկավարները միաձայն հայտարարել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրը պետք է լուծվի քաղաքական-դիվանագիտական մեթոդներով,- ասել է նա։- Այսինքն՝ ռազմական ուժի կիրառման մասին, այն էլ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ո՛չ սեպտեմբերի 13-ին, ո՛չ երեկ, ո՛չ էլ այսօր, ու կարծում եմ՝ նաև մոտ ապագայում, խոսք չկա»։

Սիդորովը նշել է, որ կողմերը պայմանավորվել են դադարեցնել կրակը, և այդ պայմանավորվածությունը կատարվում է։ «Այնպես որ մենք հույս ունենք, որ գործընթացները կշարունակվեն հենց այդպես, խաղաղ ճանապարհով կլուծվեն, առանց զենքի գործադրման»,- հավելել է շտաբի պետը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴԿԿ-ն հերքել է Կադիրովի վերաբերյալ Զյուգանովի՝ Պուտինին ուղղված նամակի մասին լուրը
Հաջորդ հոդվածըChampions Showdown․ Լեւոն Արոնյանը հաղթեց Գարի Կասպարովին