‘ՀԱՊԿ-ի փրկարար ուժերը կօգտագործեն Ստեփանավանի օդանավակայանը եւ Բալահովիտի պահեստարանը ‘

1759

Ստեփանավանի օդանավակայանն ու Երեւանին մոտ գտնվող Բալահովիտի գյուղի  մոտ գտնվող արտակարգ իրավիճակների նախարարության պահեստարանը առաջիկայում օգտագործվելու են ՀԱՊԿ շրջանակներում գործող արագ արձագանքման փրկարարական ուժերի կողմից: 

Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը: Նա մանրամասնել է, որ նշված երկու օբյեկտները համատեղ օգտագործվելու են Հայաստանի եւ Ռուսաստանի փրկարար ծառայությունների կողմից: Օդանավակայանն ու պահեստարանը համատեղ ուժերով վերանորոգվելու են:

Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի փրկարար ծառայությունների միջեւ պայմանագիրը ստորագրվել է դեկտեմբերին:

Գրիգորյանն ընդգծել է, թե Ստեփանավանի օդանավակայանը, թե´ Բալահովիտի պահեստարանը շարունակելու են պատկանել միայն Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը:

«Ռազմականի մասին խոսելը այստեղ ավելորդ է, սա ՀԱՊԿ-ի շրջանակներում է, բայց Հայաստան-Ռուսաստան համատեղ մարդասիրական կենտրոն է: Սա կապված է միայն եւ միայն փրկարարական մարդասիրական արձագանքման հետ եւ ոչ մի առնչություն չունի ռազմական ոլորտի հետ, քանի որ մենք ՀԱՊԿ-ի շրջանակներում ունենք համագործակցություն` բնական եւ տեխնածին աղետների դեպքում արձագանքման ընդհանուր խմբեր ստեղծելու»,- ասել է Գրիգորյանը:

Աղբյուրը՝ «Ազատություն» ռ/կ

Նախորդ հոդվածը‘Իրանը, Ռուսաստանը և Եգիպտոսը ՄԱԿ-ում պայքարում են ընդդեմ կանանց իրավունքների’
Հաջորդ հոդվածը‘Արամայիս Սահակյանի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 17- ին ‘