‘ՀԱՊԿ-ում Ս. Սարգսյանի ելույթի հետևանքները’

6723

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի ժամանակ ելույթով հանդես եկավ Ս. Սարգսյանը: Այդ ելույթին առնչվող արձագանքները մինչ օրս դուրս չեն գալիս մամուլի էջերից, այդուհանդերձ, զարմանալիորեն ոչ ոք չի խոսում այդ ելույթի հուսահատ, միևնույն ժամանակ տագնապ առաջացնող բնույթի մասին:

Օգտվելով դիվանագիտական գործիքներից, փորձենք հասկանալ թե իրականում ի՛նչ է տեղի ունեցել դեկտեմբերի 21-ին Մոսկվայում: Հավաքվել են դաշնակիցներ, ինչպես էին 1992 թվականից ի վեր, երբ ձևավորվեց ՀԱՊԿ-ը: Հայաստանը, մեր դիվանագիտությունը բազմիցս օգտվել է այս կազմակերպությունից. հմուտ, քրտնաջան դիվանագիտական, հիմնականում չերևացող աշխատանքի արդյունքում՝ մենք ստացել ենք քաղաքական, դիվանագիտական, ռազմաքաղաքական, մեթոդական աջակցություն ՀԱՊԿ-ից:

ՀԱՊԿ-ում, ինչպես նաև այլ ռազմաքաղաքական դաշինքներում, համագործակցության հիմքում` Կանոնադրությամբ նախատեսված համատեղ պարտավորություններն են և երկկողմ հարաբերությունները` փոխադարձ հարգանքը պետական շահերի, վարվող քաղաքականության նկատմամբ: Այսպես, Հայաստանը, հաշվի առնելով Ղազախստանի և Ղրղզստանի հատուկ հարաբերությունները Ադրբեջանի հետ, մշտապես առանձնահատուկ և լրացուցիչ ջանքեր է գործադրել ոչ միայն պահպանելու փոխգործակցության դրական միտումները, այլև հասնելու ՀԱՊԿ մեր դաշնակիցների հետ հավասարակշռված հարաբերությունների: Դա հիմնականում արվել է ոչ թե հրապարակային եղանակով, խորը գիտակցելով, որ հրապարակային ելույթները, էլ չեմ ասում նախատինքների կամ կշտամբանքների մասին, ի վերջո՝ միայն կարող են ավելի հեռացնել մեր դաշնակիցներին մեզանից, ինչից չի հապաղի օգտվել Ադրբեջանը:

Սերժ Սարգսյանը փոշիացրեց արտաքին քաղաքական բոլոր նվաճումները. մենք ոչ միայն ունեցանք ՄԱԿ-ում, Եվրոպական խորհրդարանում, ԵԽԽՎ-ում ԼՂ հակամարտությանը առնչվող խիստ ադրբեջանանպաստ փաստաթղթեր (դրանց անդրադարձել էինք հունիսի 22-ի հոդվածում), Հայաստանը հաջողեց փչացնել հարաբերությունները ՀԱՊԿ մեր որոշ դաշնակիցների հետ: Բանը հասավ նրան, որ ամենաբարձր մակարդակում Ս. Սարգսյանի հետ սկսեց արհամարհանքով խոսել ոչ միայն բազմափորձ Ն. Նազարբաևը, այլև Բելառուսի նախագահ Լուկաշենկոն: Նման վերաբերմունքի առհավատչյան միջազգային տարբեր կազմակերպություններում ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցների քվեարկություններն են` ի վնաս Հայաստանի: Սա մեծագույն կորուստ է, ձախողում, որի հետևանքները զգում ենք ամեն օր:

ՀՀ դիվանագիտությունը չկարողացավ կարգավորել ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցների հետ երկկողմ հարաբերությունները` միայն նվազող առևտրաշրջանառությունն ու զրոյին ձգտող երկկողմ շփումները (խոսքը ոչ թե ԱՊՀ շրջանակներում տարբեր հավաքների, այլ երկկողմ պաշտոնական այցելությունների, հարաբերությունների բովանդակության մասին է) բավական են՝ սա հասկանալու համար։ Սակայն, որևէ լուրջ մարդ չէր սպասում, որ սեփական անճարության հետևանքով կուտակված դժգոհությունը կարտահայտվի հրապարակային: Ավելի քան տարօրինակ է, որ Հայաստանի մասնակցությամբ ռազմաքաղաքական միակ դաշինքի մեր դաշնակիցների նկատմամբ կոշտ քննադատությունը հնչեց տեսախցիկների առաջ, ինչը ավելի քան արտառոց է դաշնակիցներից կազմված որևէ հավաքին:

Ինչ է դա նշանակում, և որոնք են հետևանքները.

—         Սա մի հուսահատ քայլ էր, որով արձանագրվեց ՀՀ դիվանագիտության ձախողումը Բելառուսին, Ղազախստանին, Ղղրղզստանին դաշնակցային դաշտ հետ բերելու ուղղությամբ, նպատակով, որ վերջիններս գործեն ռազմական դաշինքի տրամաբանության համապատասխան: Բնականաբար, մինչ այդ Ս. Սարգսյանը բազմաթիվ փորձեր է արել՝ հաջողության հասնելու համար այս հարցում, սակայն ձախողել է, և մոսկովյան իր հրապարակային ու ցուցադրական ելույթը դրա վկայությունն է:

 

—         Ս. Սարգսյանի ելույթն ահազանգ է ՀԱՊԿ-ում Հայաստանի իրական դերակատարության, կշռի մասին, վկայություն, որ մեր շահերն անտեսվում են, և վիճակն այնքան անմխիթարական է, որ առաջացել է անձամբ Ս. Սարգսյանի՝ դրա մասին բարձրաձայնելու անհրաժեշտությունը: Այս ելույթով կարելի է ճշգրիտ եզրակացություն անել նաև կազմակերպության անդամների շրջանում Սերժ Սարգսյանի հեղինակության մասին:

 

—         Կարելի է պատկերացնել, թե ինչպիսի ուրախություն է այսօր տիրում Բաքվում և Անկարայում: Վերջիններիս հաջողվել է վերջին տարիներին իրենց կողմը քաշել ՀԱՊԿ որոշ մեր դաշնակիցներին, և հիմա Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարությունը գոհունակությամբ կարող է արձանագրել, որ Հայաստանը հրապարակային հաստատեց իրենց քաղաքականության հաջողությունը:

 

—         Ավելի վտանգավոր և հոռետեսական է երևում ապագան: Կարելի է չկասկածել, որ քննադատության հասցեատերերն արհամարհելու են Ս. Սարգսյանի «կոչերը», անգամ, ամենայն հավանականությամբ, խոցվելու են նման քննադատությունից և էլ ավելի են հեռանալու Հայաստանից: Դժվար եմ պատկերացնում, որ, օրինակ, Ն. Նազարբաևը ների մի վարքագիծ, որն իրենց երբեք թույլ չէին տա իր երկրից տասնապատիկ անգամ հզոր պետությունների նախագահներ։

 

Մոսկվայում նաև ականատեսը դարձանք Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ մեր դաշնակիցների խիստ բացասական վերաբերմունքի դրսևորմանը: Ինչպես հայտնի է, ՀԱՊԿ նախորդ գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ կազմակերպության բարձրագույն պաշտոնը ռոտացիոն դարձնելու վերաբերյալ։ Բնականաբար, այս գագաթնաժողովում պետք է հաստատվեր նոր Գլխավոր քարտուղար, որն այբբենական կարգով պետք է լիներ Հայաստանից: Մոսկովյան գագաթնաժողովի արդյունքում Հայաստանի ներկայացուցիչը չի նշանակվել, որը, վստահաբար, համատեղ որոշում է, հիմքում ունենալով մեր դաշնակիցների բացասական վերաբերմունքը:

Վլադիմիր Կարապետյան

 

Հ.Գ. ՀԱՊԿ մնացել էր միակ կազմակերպությունը, որը չէր ընդունել Հայաստանի վերաբերյալ վտանգավոր փաստաթղթեր: Այս ելույթով մեր հասարակությունը հասկացավ, որ Ս. Սարգսյանը հաջողացրել է փչացնել մեր հարաբերությունները նույնիսկ դաշնակիցների հետ: Վերջինիս խայտառակ ձախողումները կարծես ամենուր են և անվերջ: Հունվարին սպասենք լուրերի ԵԽԽՎ-ից: Համատարած կեղծիքներով անցկացված հանրաքվեն լրացուցիչ բարդություններ կառաջացնի հայկական դիվանագիտության համար` դիմագրավելու Հայաստանի պատմության մեջ ամենավտանգավոր միանգամից երկու (!) փաստաթղթի ընդունումը:

Նախորդ հոդվածը‘Սեդա Մեսրոպյան. «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան»’
Հաջորդ հոդվածը‘Գոլազուրկ ոչ-ոքի «Լեսթեր» – «Մանչեսթեր Սիթի» մրցավեճում (տեսանյութ)’