‘Հաջորդ անգամ կարող է իշխանությունների բախտն այլևս «չբերել». Մամուլ’

1050

«Չարաղետ մահափորձից հետո կարծես թե կրքերը փոքր-ինչ հանդարտվել են, կարելի է սթափ ուղեղով և փիլիսոփայորեն նայել կատարվածին: Եթե հրաժարվենք այն տեսությունից, որ ամեն ինչ որոշվում է հանցագործ ու հողեղեն շրջանակներում, մեղսավոր ու մեղսունակ մահկանացուներիս կողմից, և հավատանք, որ ինչ-որ բան կառավարվում է ի վերուստ կամ վերերկրյա ինչ-որ ծրագրավորման արդյունքում, ապա պետք է արձանագրենք, որ Հայրիկյանի հետ կատարվածը իշխանությանն ուղղված սթափության կոչ էր:

Երբ տարիներ շարունակ ոչնչացնում էին ընտրական համակարգը, փչացնում մարդկանց՝ ընտրակաշառքների ու ընտրակեղծիքների կուռ համակարգեր ձևավորելով: Երբ մեջտեղից հանում էին իրենց մրցակիցներին, սպառնալիքների ու ճնշումների միջոցով ընտրություններն ավարտում ընտրություններից շատ առաջ: Երբ բոլոր առիթներով հոխորտում էին, թե՝ մեր դեմ խաղ չկա, և գրավում էին պառլամենտի բացարձակ մեծամասնությունը: Երբ բոլոր օղակներում հանրապետականացնում էին համայնքային, քաղաքացիական կամ այլ պետական ծառայողների… կարծում էին, թե հարցերն արմատապես լուծել են: Այլևս ի՞նչը կարող է խանգարել Հանրապետականի ու նրա թեկնածուների հաղթարշավին: Ու հենց նման պահերին հայտնվում է «ֆորս-մաժոր» կոչվող անակնկալը, որը մի անգամ քիլերի տեսք կունենա, մյուս անգամ՝ ջրհեղեղի ու այլ տարերային աղետի և կխափանի ընտրությունները ձևականացրած, ընտրական գործընթացները սեփականացրած իշխանությունների մանրակրկիտ մտածած ծրագիրը: Եվ եթե այս անգամ Հայրիկյանի «հարմարվողականության», ընդդիմության թուլության կամ այլ հանգամանքների արդյունքում դա կմարսվի, ապա հաջորդ անգամ կարող է իշխանությունների բախտն այլևս «չբերել»: Մեր երկրի նման փոքր երկրում դա կարող է կատարվել շատ արագ և անսպասելի»,- գրում է  «Հրապարակը» իր այսօրվա խմբագրականում:

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ փետրվարի 5-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Հերթական մութ գործարքը. Մամուլ’