‘Հասմիկ Պողոսյան. Ձեզ`որպես հայի, հետաքրքիր չէ՞ մեր մշակույթը տեսնել համահավաք ‘

1505

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 13-ին ընդունել է որոշում՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին»՝ հիմք ընդունելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը: Ըստ այդմ՝ Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ անկախությանը նվիրված ժամանակավոր ցուցահանդես կազմակերպելու նպատակով թույլատրվել է Երևան տեղափոխել պատմության և մշակույթի՝ թվով 63 անշարժ հուշարձան: Ցուցահանդեսի ավարտից հետո` 2016 թ. սեպտեմբերին, դրանք, կառավարության որոշման համաձայն, կվերադարձվեն իրենց գտնվելու վայրերը: Սակայն այս որոշումը լայն հասարարական զանգվածների դժգոհությունն է առաջացրել. մասնավորապես՝ մտահոգություն կա, որ հուշարձանները չեն վերադարձվի իրենց նախկին վայրերը, որոշումը խոչընդոտում է մարզերի համաչափ զարգացման հեռանկարները, և այլն:

«Կառավարության որոշումով հստակորեն գրված  է՝ 4 տարի հետո բոլոր նմուշները կվերադարձվեն: Ենթադրենք, որ վաղը պատմագրական մի ցուցահանդես ենք անում, որի համար մեզ պետք է հատուկ ցուցադրել հնագույն մշակույթի մասիկ հանդիսացող նմուշներ, պետք է ասեք՝ մեր մարզերից դրանք մի տարե՞ք»,- լրագրողների հետ զրույցում վրդովվեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Վերջինս համաձայն չէ այն մտքին, որ նման նախաձեռնությամբ ամեն ինչ կետրոնացվում է մայրաքաղաքում՝ դարձնելով այն քաղաք-պետություն: Նրա խոսքով՝ հուշարձանները, կամ ինչպես ինքն է նշում՝ հուշարձանային բեկորները, վերադարձվելու են նույն վայրեր՝ մշակված վիճակում:

iLur.am-ի թղթակցի այն դիտարկմանը, թե համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես խաչքարը տեղափոխելու ընթացքում կոտրվել է՝ նախարարը պատասխանեց, որ նման բան չի կարող լինել, քանի որ նմուշները հատիկ-հատիկ փաթեթավորվում են և անվտանգ տեղափոխվում:

iLur.am-ի թղթակիցը հետաքրքվեց նախարարից, թե արդյոք որքան է արժեցել այդ ցուցահանդեսի կազմակերպումը, և ինչ միջոցներ են հատկացվել հուշարձանների տեղափոխման համար:

«Հայաստանի պատմության թանգարանը ցուցահանդեսը կազմակերպում է իր միջոցների հաշվին, մենք ոչ մի լրացուցիչ գումար չենք տվել, իսկ տեղափոխման հետ կապված բոլոր խնդիրները լուծել է «Մշակութային ժառանգության պահպանություն» ՊՈԱԿ-ը, այսինքն՝ երկու պետական կառույցներ ստանձնել են այդ գործառույթը», -ասաց նախարարը:

Պատասխանելով այն դժգոհություններին, թե տեղի բնակիչների կարծիքը հաշվի չի առնվում և չեն իրականանում հանրային լսումներ՝ նախարարը նշեց, թե դրանք պետական սեփականություն հանդիսացող հուշարձաններ են, դա հասարակական քննարկման հարց չէ:

«Եթե այդպես է, ուրեմն եկեք ոչինչ չանենք, չներկայացնենք ոչ մի նոր ցուցադրություն: Շատ դյուրին է ասել՝ ավելի լավ է սենց լիներ կամ ավելի լավ է նենց լիներ, միայն կասեմ, որ գործընթացը իրականացվել է օրենքի սահմաններում»,- նկատեց նախարարը:

iLur.am-ի այն հարցին, թե արդյոք նպատակահարմար չէր ոչ թե տեղափոխել հուշարձանները, այլ պարզապես ներկայացնել հուշարձանների լուսանկարների ցուցահանդես՝ նախարարը  պատասխանեց  առարկությամբ.

«Թանգարաններում ցուցադրվում են օրիգինալներ, դա օրենք է, դու չես կարող թեկուզ Վան Գոգի նկարի պատճենը բերել ու ցուցադրել թանգարանում: Սա է խնդիրը, ձեզ՝ որպես հայի, մի՞թե հետաքրքիր չէ մեր մշակույթը տեսնել համահավաք՝ մի տեղ: Օտարերկրացիները ասել են՝ հավաքեք մի տեղ և հավաքական տեսեք ձեր քարի արվեստը, մենք ժամանակին չենք արել:

Չեմ կարողանում հասկանալ խնդիրը ինչումն է, եթե իմանամ, անպայման խնդիրը կլուծեմ: Ես խնդիր չեմ տեսնում, չկա որևէ վտանգ: Եթե պետությունը որոշումով ասում է, որ կվերադարձնի հուշարձանները իրենց տեղերը, ապա կանի:

Ի՞նչ է, նշանակում է, որ կառավարությունն իր ստանձնած պարտավորությունը չի՞ կատարի: Պետք չէ այդքան արժեզրկել ամեն ինչը»,- ամփոփեց մշակույթի նախարարը:

Նախորդ հոդվածը‘Բրիտանացին «Հելոուինի» կապակցությամբ երեխաներին կոկաին է նվիրել’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ մշտական խորհրդին ներկայացվել են տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները’