‘Հավակնորդների մրցաշար. Արոնյանը միանձնյա առաջատարն է’

937

Լոնդոնում շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երրորդ տուրը իրադարձություններով հարուստ ստացվեց: Եվ ուրախալի՝ հայ մարզասերների համար:

Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին եւ 2,5 միավորով դարձավ մրցաշարի միանձնյա  առաջատարը, քանի որ 2-րդ տուրից հետո հայ գրոսմայստեր հետ հավասար միավորներ ունեցող ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը պարտություն կրեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերից:

Հաղթանակ տարավ նաեւ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար Մագնուս Կառլսենը՝ Գելֆանդի հետ խաղում: Ընդ որում, միայն իրեն բնորոշ հատուկ ոճով. բացարձակ հավասար պարտիա, ոչ-ոքին թվում է անխուսափելի, սակայն մրցակիցը ընդամենը մեկ սխալ է թույլ տալիս եւ նորվեգացին դա չի ներում:

Կրամնիկ –Գրիշչուկ պարտիան ավարտվեց ոչ-ոքի:

Մրցաշարային դիրքը 3-րդ տուրից հետո հետեւյալ տեսքն ունի. 1. Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 2,5 միավոր, 2-3. Մագնուս Կառլսեն (Նորվեգիա), Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 2; 4-6. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 1,5; Բորիս Գելֆանդ (Իսրայել), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)՝ 0,5:

Այսօր մրցաշարում հանգստյան օր է:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է փոփոխական եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Օզբիլիսը հետաքրքրել է մի շարք թոփ-ակումբների’