‘Հավակնորդների մրցաշար. Սյուռեալիստական վերջաբան’

1302

Այսպիսի բան երբեք չէր եղել: Ու չի լինի: Ոչ մի Սթիվեն Սպիլբերգ ու Տարանտինո երբեք այդքան ֆանտազիա չէր ունենա` շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի այսպիսի սյուժե գրելու համար:

Թերեւս, Կարպով-Կասպարով դարակազմիկ մրցամարտերից հետո աշխարհը այսպիսի դրամատիկ, լարված ու սյուռեալիզմի տարրերով հագեցած շախմատային իրադարձություն չէր տեսել: Մրցաշարի մասին դեռ կխոսեն տարիներ, նրա մասին կգրվեն բազմաթիվ հատորներ, Հոլիվուդում երեւի հերթ կկանգնեն նրա մասին ֆիլմ նկարահանելու համար:

Ենթադրում էինք, որ վերջին  տուրը շատ հետաքրքիր եւ դրամատիկ կստացվի, բայց որ այս աստիճան…. Վերջին տուրից առաջ Կրամնիկը եւ Կառլսենը հավասար միավորներ ունեին, հավասար էլ ավարտելու դեպքում Կառլսենը լրացուցիչ գործակիցներով չեմպիոն կհռչակվեր:

Հասկանալի է, որ երկու խաղացողները ինչքան էին լարված: Դա նյարդերի պատերազմ էր, որտեղ առաջինը տեղի տվեց Կառլսեն: Երեւի 10-րդ քայլից հետո նորվեգացին արդեն կարող էր հանձնվել: Պարզապես չէր կարողանում կենտրոնանալ պարտիայի վրա: Ուշք ու միտքը հարեւան խաղատախտակն էր, որտեղ խաղում էր Կրամնիկը: Մանավանդ, որ Սվիդլերը չափազանց ուժեղ հակագրոհ ձեռնարկեց, որը չեզոքացնելու համար Կառլսենը վատնեց ամբողջ ժամանակը, ստացավ վատ դիրք ու ջախջախիչ պարտություն կրեց:

Այդ պահին մրցաշարում մնացել էր ընդամենը մեկ պարտիա` Իվանչուկ-Կրամնիկ: Եթե Կրամնիկը ոչ-ոքի խաղար, ապա կշրջանցեր Կառլսենին եւ հաղթող կճանաչվեր: Անհնար է նկարագրել, թե ինչ էր այդ պահին կատարվում Լոնդոնում` մրցաշարի դահլիճում, որտեղ բոլորը քար լռությամբ հետեւում էին այդ պարտիայի ընթացքին: Կառլսենը հրաժարվեց լքել դահլիճը ու արձանի  տեսքով նայում էր խաղատախտակին: Ինչ էր կատարվում Ռուսաստանում` իսկական փսիխոզ: Շախմատային մարզական կայքերը մեկը մյուսի ետեւից սկսեցին «կախվել», այնքան շատ էին այցելուները:

Իսկ համատարած փսիխոզի առիթ կար. Կրամնիկը պարտվում էր: Դա անհավատալի էր, մրցաշարի ելքը կախված էր նախավերջին տեղում գտնվող Իվանչուկից: Կրամնիկը նույնպես չդիմացավ լարվածությանը. եթե նա մի փոքր ավելի համբերատար գտնվեր եւ զգար, որ Կառլսենը պարտվում է, ապա այդպես ռիսկի չէր դիմի: Երբ Կառլսենը պարտվեց, Կրամնիկը արդեն վատ դիրք ուներ: Միակ հույսը Իվանչուկի ցայտնոտն էր: Սակայն, հակառակի պես, Իվանչուկը ցայտնոտում այս անգամ ոչ մի սխալ թույլ չտվեց եւ 40-րդ քայլից հետո արդեն կարելի է պարտիան ավարտել: Այդ ընթացքում ռուսական բլոգոսֆերան ուղղակի պայթեց: Ռուսներին հատկապես զայրացնում էի այն փաստը, որ Իվանչուկը շատ «ապերախտ» ուկրաինացի գտնվեց եւ չցանկացավ իր ռուս «ախպորը» օգնել: Ոմանք առաջարկում էին Ուկրաինայի գազի «վինտիլը» փակել, գազի գները բարձրացնել: Ղրիմի մասին էլ էին հիշել:

Բայց Իվանչուկը այդ ամենին անհաղորդ էր: Նա մարզիկ է, մեծատառով մարզիկ. սկզբունքային. եթե անկեղծ, ապա այս մրցաշարի հաղթողի ամենաարժանի շախմատիստը նա էր: Իվանչուկը ոչ մի անգամ չի խաղացել մրցակցի ցայտնոտից օգտվելու հաշվարկով, բոլոր պարտիաներում նա պայքար էր տանում հաղթանակի համար, ու չլիներ ցայտնոտը, նա կլիներ առաջատարների թվում:

Իվանչուկը հաղթեց Կրամնիկին ու Կառլսենին հաղթող դարձրեց: Ահա այսպիսի ավարտ ունեցավ մրցաշարը: Հետաքրքիր է, որ սա Իվանչուկի ընդամենը երկրորդ հաղթանակն էր մրցաշարում. մյուսը հենց Կառլսենին էր հաղթել: Սա էլ. նրա մարզական որակների մասին:

Կառլսենը 8,5 միավորով հռչակվեց մրցաշարի չեմպիոն եւ շախմատային թագի համար Անանդի հետ մրցամարտի իրավունք ստացավ: Սա արդար է. այն առումով, որ մրցաշարում անարդարության ոչ մի տեղիք չկար: Պիտի հաղթեր ուժեղագույնը, մանավանդ, որ մասնակիցները բոլորն էլ գերազանց էին պատրաստվել մրցաշարին, բացառությամբ Ռաջաբովի, որը ակնհայտորեն պատրաստ չէր մրցաշարին եւ նրա մասնակցությունը պայմանավորված էր զուտ մրցաշարի գլխավոր հովանավոր` ադրբեջանական ընկերությամբ:

Ու տասնապատիկ ցավալի է, որ Լեւոն Արոնյանին այս պայքարում շատ քիչ բան էր մնում 1-ին տեղի համար: Եթե նա չպարտվեր ոչ-ոքիի դիրքում Գելֆանդին կամ Գրիշչուկին, ապա հաղթողը նա կլիներ: Կես միավորով ետ մնաց Լեւոնը: Նա հաստատեց իր բարձր կարգը, բայց դա թույլ սփոփանք է մեր համար: Ամեն ինչ նրա ձեռքում էր, բայց այդ պարտությունները, որոնք կարող էին եւ չլինել… Վերջին տուրում նա հաղթեց Ռաջաբովին, ու գոնե դրանով մխիթարվենք: Ի դեպ, նշենք, որ վերջին պահին հայտնի դարձավ, որ լրացուցիչ գործակիցներով Սվիդլերը գերազանցեց Արոնյանին եւ գրավեց 3-րդ տեղը: Չնայած դա արդեն դա էական չէ. այս մրցաշարում կամ գրավում ես 1-ին տեղը, կամ էլ մնացածները:

Բոլոր դեպքերում, մրցաշարը ստացվեց, այն բազում հիանալի պահեր պարգեւեց շախմատասերներին, այն շախմատի զարգացման համար կարեւորագույն ելակետ կդառնա:

Այսքանով եզրափակվենք. թող այսուհետ մրցաշարի մասին խոսեն շախմատի «ջոջերը»: Հերթը նրանցն է:

Մրցաշարային աղյուսակը այսպիսին ստացվեց.

1. Կարլսեն՝ 8.5, 2.Կրամնիկ՝ 8.5; 3.Սվիդլեր՝ 8; 4. Արոնյան՝ 8; 5. Գրիշչուկ՝ 6.5; 6. Գելֆանդ՝ 6.5; 7. Իվանչուկ՝ 6; Ռաջաբով՝ 4


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


 


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


 


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


Նախորդ հոդվածը‘Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է գյուղապետի դին (լրացվում է)’
Հաջորդ հոդվածը‘Արամազդ Ղալամքարյան. Մենք այդ «կարմիր գորգի» իրավունքը պետք է վաստակենք’