‘Հավասարության նշան’

1750

Հենց գործող իշխանությունները նեղն են ընկնում, և ամբողջ հասարակությանը տեսանելի են դառնում նրանց կատարած հանցագործությունները, նրանք կիրառում են հետևյալ միջոցը. հասարակության առաջ մի «բադիկ» են նետում, թե իբր բոլոր ժամանակների իշխանություններն էլ նույնն են եղել, և իրենց փոխելով՝ Հայաստանում ոչինչ չի փոխվի: Հետաքրքրականն այն է, սակայն, որ ինչքան էլ մարդկանց բացատրես, որ այդպես չէ, միևնույն է՝ Հայաստանում կան մարդիկ և խմբեր, որոնք այդ «բադիկը» հիմք ընդունելով՝ կրկնում են իշխանությունների ասածը և միաժամանակ դառնում հուսահատեցնող գործոն: Ակամայից սկսում ես կասկածել՝ արդյո՞ք նրանք անշահախնդիր են իշխանությունների մեջտեղ հանած թեզը առաջ տանում, թե՞ իշխանությունների ֆինանսական աջակցությամբ: Բայց այս դեպքում դա կարևոր չէ, կարևորն այն է, որ նրանք իրենց քայլերով պղտորում են ջուրը:

Ինքնին հավասարության նշանը լավ բան է, բայց այն դեպքում, երբ այդ հավասարության նշան դրվում է իրար համապատասխան երևույթների պարագայում, այլ ոչ թե իրար հետ առնչություն չունեցող երևույթների դեպքում:

Հիմա որոշ խելոքներ սկսել են տխմարաբար կրկնել, թե բոլոր երեք նախագահների օրոք էլ տեղի է ունեցել թալան, և իշխանությունները հարստացել են:

Չհարգելիներս, այդ ինչպե՞ս է ստացվում, որ Ֆորբսը հրապարակում է մի ցուցակ, որտեղ որպես Հայաստանի ամենահարուստ մարդ նշվում են երկրորդ և երրորդ նախագահների անունները, իսկ առաջին նախագահի անունը հազարյակի և տասհազարյակի մեջ էլ չի մտնում: Այդ ինչպե՞ս է ստացվում որ բոլորն էլ թալանել են, բայց առաջին նախագահը որևէ սեփականություն չունի, իսկ իրեն հաջորդածները Հայաստանի ունեցվածքը մեջ-մեջ են արել: Ի դեպ, առաջին նախագահի հարազատներից և ընկերներից նույնպես որևէ մեկն այդ ցուցակում չկա:

Մի հիշեցում էլ. գործող իշխանությունները ամեն ինչ արել են, որպեսզի վարկաբեկեն Լևոն Տեր-Պետրոսյանին, սակայն մինչ այժմ չեն կարողացել գտնել գեթ մեկ փաստ, որով նրանք կարող էին հավասարության նշան դնել իրենց և առաջին նախագահի միջև:

Կրկին թութակի պես կրկնվում է, թե քրեաօլիգարխիկ համակարգը ստեղծվել է առաջին նախագահի օրոք: Չհարգելիներս, այդ ինչպե՞ս է ստացվում, որ քրեաօլիգարխիկ համակարգ է ստեղծվում, և որևէ քրեական տարր չի հայտնվում ԱԺ-ում: Ի դեպ, այդ փաստը ստուգելու համար շատ բան պետք չէ անել. պարզապես այն ժամանակվա ԱԺ-ի պատգամավորներին համեմատեք հիմիկվանների հետ: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մինչև այժմ տարատեսակ  գողեր ու հանցագործներ Վանո Սիրադեղյանին չեն ներել այն բանի համար, որ նրա՝ ՆԳ նախարար եղած ժամանակ բոլոր քրեական հեղինակությունները փախել էին  երկրից ու իրենց ճակատագիրն էին որոնում օտար-ամայի ճամփաներում: Չմոռանանք, որ միայն հեղաշրջումից հետո նրանք վերադարձան ու սկսեցին ծառայել իշխանություններին:

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ այն ժամանակ Հայաստանում որևէ հանք ու ստրատեգիական օբյեկտ չսեփականաշնորհվեց կամ էլ չտրվեց օտար պետության, այն էլ՝ պատերազմի տարիներին, երբ երկիրը ֆինանսական միջոցների գերխնդիր ուներ, իսկ հեղաշրջումից հետո Հայաստանի ամբողջ ունեցվածքը կա՛մ տրվել է օտար երկրների, կա՛մ էլ՝ մեջ-մեջ արվել: Թե՞ նախորդ իշխանությունները հանքերի ու ստրատեգիական օբյեկտների տեղը չգիտեին:

Կրկին թութակի պես կրկնում են, թե իբր նախորդ իշխանությունների ժամանակ էլ են կեղծվել ընտրությունները: Չհարգելիներս, եթե ընտրությունները կեղծվել էին, ապա ինչո՞ւ Վազգեն Մանուկյանը չսպասեց վերահաշվարկին և հարձակում կազմակերպեց ԱԺ-ի վրա, ինչո՞ւ Վազգեն Մանուկյանը իբր կեղծված ընտրություններից շատ չանցած վազեց ու մտավ իբր այդ ընտրությունների հիմնական կեղծող, այդ ժամանակվա ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի «տակ»՝ նրա օրոք դառնալով Հանրային խորհրդի նախագահ, ինչո՞ւ Վազգեն Մանուկյանի զինակից Դավիթ Վարդանյանը, որպես սեփականաշնորհման նախարար, Հայաստանի ունեցվածքի մի մասը կուտակելով ՝ կազինորենում մսխեց դրանք, իսկ մյուս զինակիցներ Շավարշ Քոչարյանն ու Տիգրան Սարգսյանը մինչ այժմ իշխանությունների միջանցքներում ոսկու պաշարներ են ծախում և Հայաստանը Մաքսային միություն մտցնում: Բա ո՞ւր մնաց մազութի մասնագետ Արշակ Սադոյանը, ով գործող իշխանություններից մի քանի թերմածք ստանալով՝ մինչ օրս ձայնը կտրել  ու միայն խոսում է Տեր-Պետրոսյանին քննադատելու նպատակով, այն էլ՝ ոչ առանց թերմածքի: էլ չեմ խոսում Վազգենի մյուս զինակից Եսայիի մասին:

Բա իհարկե, այդ ընտրությունները կարելի է կեղծված համարել, եթե ընտրությունները կեղծված հռչակողները ԱԺ նախագահի և տեղակալի գլուխը ջարդելուց հետո անպատիժ մնացին, ու հիմա էլ հավասարության նշան են դնում նախորդ ու այսօրվա իշխանությունների միջև:

Չնայած՝ ինչո՞ւ եմ այսքան երկար գրում, միևնույն է՝ տեսնողը ամեն ինչ տեսնում է, հասկացողն էլ՝ առանց իմ գրելու է վաղուց ամեն բան հասկացել: Իսկ տխմարներին ինչ էլ բացատրես, ինչ փաստարկ էլ բերես, միևնույն է՝ էլի կրկնելու են, որ բոլորն էլ հավասար են, ու եթե Սերժ Սարգսյանին փոխես, ոչինչ չի փոխվի երկրում:

Իսկ իրականում շատ բան կփոխվի: Թեկուզ միայն այն, որ այսպես խոսողները այլևս չեն ֆինանսավորվի պետական բյուջեից, և պետության փողերը կուղղվեն այլ նպատակների վրա: Իսկ դա արդեն մեծ փոփոխություն է:  

Սանասար Հավասարյան 

Նախորդ հոդվածը‘ՀՀ և Ճապոնիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել’
Հաջորդ հոդվածը‘Հարավային Կորեայից դեպի ԿԺԴՀ՝ քարոզչական օդապարիկներ՝ գումարով եւ DVD-ներով ‘