‘Հավկիթը շարունակում է թանկանալ, ՏՄՊՊՀ-ն`վերլուծել իրավիճակը’

888

Վերջին ամիսներին հավկիթի թանկացման շրջանակում Երևանի խանութներում արդեն հայտնվել են 80 դրամ արժողությամբ հավկիթներ: Ամենախոշոր հավկիթներից բացի թանկացել են նաև միջին և փոքր չափի հավկիթները` համապատասխանաբար 70 և 55-60 դրամ: Ավելի վաղ ամենախոշոր հավկիթների մանրածախ գինը չէր գերազանցում 60 դրամը, միջին չափի և մանր հավկիթներն արժեին 50-55 և 35-45 դրամ: Ավելացնենք, որ թանկացել է բոլոր տեղական արտադրողների արտադրանքը:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2013 թվականի հունվար-հոկտեմբերի ամիսներին 2012 թվականի համեմատ հավկիթը Հայաստանում թանկացել է 33.5 տոկոսով: Վաճառողներն ու մանրածախ խանութների սեփականատերերը թանկացումը բացատրում են արտադրող-մատակարարների կողմից գների բարձրացմամբ: Արտադրողները գների աճը պայմանավորում են կերերի թանկացմամբ, որը, իրականում, եղել է աննշան; Հավկիթի թանկացման հնարավոր օբյեկտիվ պատճառներին կարելի է դասել 1 կՎտ էլեկտրաէներգիայի 30-ից մինչև 38 դրամ թանկացումը, ինչի արդյունքում ավելացել են հավկիթը սառնարաններում պահելու թռչնաֆաբրիկաների ծախսերը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) դեռ երեք ամիս առաջ «Արաքս» թռչնաֆաբրիկայից, Երևանի թռչնաֆաբրիկայից, «Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկայից» և «Արզնու տոհմային թռչնաֆաբրիկայից» պահանջել էր թանկացման հիմնավորում: Եթե ինչ-որ հրաշքով ՏՄՊՊՀ պարզի, որ հավկիթի թանկացումն անհիմն է, տնտեսավարող սուբյեկտներից յուրաքանչյուրը կտուգանվի մինչև 200 մլն դրամ: Ընկերությունների տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրման հիման վրա ՏՄՊՊՀ մասնագետները հանգել են եզրակացության, որ կերերն իրոք թանկացել են: Նաև պարզվել է, որ տնտեսավարող սուբյեկտները դրամական միջոցներ չունեն թխսկաններ գնելու համար: Այսպիսով, մինչ օրս պարզ չէ, թե որքանով հիմնավորված են «ձվատու» ընկերությունների հայտարարությունները: Իսկ ՏՄՊՊՀ  շարունակում է վերլուծել իրավիճակը:

Ի դեպ, իրավիճակն աստիճանաբար պարզվում է` առանց ՏՄՊՊՀ վերլուծության, հաշվի առնելով, որ տեղական հավկիթի գների աճին զուգընթաց ավելացել է նաև Հայաստան հավկիթ ներկրողների թիվը: 2013 թվականին Գյուղնախարարությունը հավկիթի ներմուծման թույլտվություն էր տրամադրել 9 ընկերությունների: Միաժամանակ «Երևան Սիթիի» վաճառասեղաններին հայտնվել են Բուլղարիայում արտադրված հավկիթներ: Այսպիսով, շատ շուտով տեղական հավկիթի պակասը կլրացվի արտասահմանից ներմուծված հավկիթներով: Իսկ ահա դրանց գնի վրա դա հազիվ թե ազդի, ինչի մասին վկայում է սպառողների բազմամյա դառը փորձը: Նշենք, որ թռչնաֆաբրիկաներն առայժմ Հայաստանի տնտեսության առավել զարգացած ճյուղերից են: Ինչը չի կարելի պնդել հետագայում`  դատելով ներմուծման աճից:

Ինչպես ընդունված է` Գյուղնախարարությունը Սերգո Կարապետյանի շուրթերով շտապեց մտահոգված սպառողներին «հանգստացել» այն բանով, որ «ամանորյա տոների նախօրեին հավկիթի թանկացում չի լինի»: Նախարարի «խոստումներին» անմիջապես միացան արտադրողները: Այդպիսով, արդեն այսօր պարզ է, որ հավկիթը չի էժանանա: Բաց է մնում միայն մեկ հարց. ինչու՞ դրանք թանկացան գրեթե երկու անգամ:

Արմինֆո

Նախորդ հոդվածը‘Հայաստանը կմասնակցի ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին’
Հաջորդ հոդվածը‘ՊՐՈ արտոնագրի դասընթացն ավարտվեց. մասնակիցները ստացան դիպլոմները’