‘Հարազատներ. Հրաչյա Հարությունյանի որդին մահացու հիվանդացել է սպայի ծեծի հետեւանքով’

2979

Ռուսաստանում 18 մարդու մահվան պատճառ դարձած վթարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի որդին՝ Սերոբ Հարությունյանը, գլխուղեղի ուռուցքից մահացել է զորացրվելուց մեկ տարի անց՝ 2012-ի մայիսին: Նրա հարազատները գտնում են, որ տղան հիվանդությունը ձեռք է բերել ծառայության ընթացքում՝ հրամանատարների անմարդկային վերաբերմունքի պատճառով:

Նախօրեին տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Հրաչյա Հարությունյանը մեկնել էր Ռուսաստան՝ բանակում զոհված որդու շիրմաքարի համար գումար վաստակելու նպատակով: Ավելի ուժ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը iLur.am-ին հետ զրույցում հայտարարեց, որ Հարությունյանի որդին բանակում չի զոհվել:

Սերոբ Հարությունյանի մայրը՝ Անահիտ Մարտիրոսյանը, iLur.am-ին տեղեկացրեց, որ որդին բանակ զորակոչվելուց առաջ միանգամայն առողջ է եղել: 2011-ի մայիսի 16-ին ԼՂՀ Քարվաճառի շրջանում ծառայությունն ավարտելուց հետո Սերոբը անընդհատ գանգատվել է գլխացավերից ու գլխապտույտից: Ամիսներ ի վեր մի քանի հիվանդանոցներում հստակ ախտորոշում չստանալուց հետո Հարությունյանները 2012-ի մայիսին դիմել են Ուռուցքաբանության ազգային կենտրոն, որտեղ երիտասարդի մոտ գլխուղեղի ուռուցք են հայտնաբերել:

 «Բժիշկներն ասացին, որ շտապ վիրահատություն է անհրաժեշտ, ու երաշխավորեցին, որ 80 տոկոսով վիրահատությունը արդյունավետ է լինելու: Բայց առաջին վիրահատությունից հետո, դեռ վերակենդանացման բաժանմունքում ասացին, որ կրկնակի վիրահատություն է պետք, որովհետեւ ինչ-որ վիրուս է ներթափանցել գլխուղեղ», — պատմում է տիկին Անահիտը: Նրա խոսքով, երկրորդ վիրահատությանը հաջորդել է երրորդը, որից հետո, գիտակցության չգալով, Սերոբը մահացել է:

Անահիտ Մարտիրոսյանի պատմելով, որդին ծառայությունից չէր դժգոհում, ասում էր՝ ամեն ինչ նորմալ է: Բայց Սերոբի ծառայակից ընկերները հարազատներին պատմել են, որ հրամանատարներից մեկը մի քանի անգամ ծեծել է նրան, ոտքով գլխին հարվածել: Սերոբի պապը՝ Հովսեփ Հարությունյանը գտնում ,է որ թոռան հիվանդությունը, ամենայն հավանականությամբ, ծեծի հետեւանքով է առաջացել: Հարությունյանները փորձել են գտնել սպային, բայց տեղեկացել են, որ նա արդեն Հայաստանում չէ, մեկնել է Սոչի:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում 46-ամյա Հրաչյա Հարությունյանի վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը մեծ արագությամբ բախվել էր ավտոբուսին և երկու մասի բաժանել այն։ Վթարի հետեւանքով 18 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա, ընդհանուր առմամբ տուժել է շուրւջ 50 մարդ: Հրաչյան Հարությույնանը ՀՀ քաղաքացի է, ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, նա երթեւեկել է հայաստանյան վարորդական իրավունքով, իսկ նրա վարած «ԿամԱԶ»-ը հանված է եղել հաշվառումից: Հարությունյանը դատարանի դահլիճ է բերվել կանացի խալաթով, նա իրեն մեղավոր չի ճանաչում:

Նախորդ հոդվածը‘Հրաչյա Հարությունյանի դուստր. Հայրս գնաց կռվելու ու ձեր նման հաստավիզների անդորրը պաշտպանելու’
Հաջորդ հոդվածը‘Պինդ կաց, մարդ Աստծո. Մենք կաղոթենք քեզ և զոհերի համար ‘