‘Հարավային Դակոտայի օրենսդիրի մարմինը մերժել է հակահայկական բանաձևը’

843

Հարավային Դակոտայի Ներկայացուցիչների պալատը մերժել է Ադրբեջանի լոբբիստների ներկայացրած հակահայկական բանաձևը, որը խեղաթյուրում էր պատմական փաստերը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի արևմտյան ափի Հայ դատի հանձնախումբը (ANCA-WR), նահանգի Կապիտոլիումում ընթացած բուռն քննարկումներից հետո բանաձևի համահեղինակ Լենս Ռասսելը հետաձգել է քվեարկությունը, իսկ հետո պաշտոնապես հանել այն քննարկումից: «Շատ ափսոս, որ այդ բանաձևը հայտնվեց մեր Պալատում, սակայն դրական կողմն այն է, որ կա 105 օրենսդիր, որոնք իրական պատկերացում ստացան քրիստոնյա հայերի աղետալի վիճակի մասին»,- հայտարարել է նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Սթիվ Հիքքին:

«Խորապես բավարարված ենք այն հանգամանքով, որ ԱՄՆ ևս մեկ նահանգի ընտրյալ առաջնորդները դիմակայեցին նավթով հարուստ ու կոռումպացված նախագահին: Ադրբեջանական կողմի ջանքերը, որոնք միտված էին հայատյացության արտահանմանը ԱՄՆ նահանգների խորքերը, ձախողվեցին: Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ժողովրդի և Հարավային Դակոտայի սկզբունքային առաջնորդների հետ միասին, որոնք իրենց կարեկցանքն են հայտնում հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության ժամանակներից ի վեր»,- ասել է ANCA-WR գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը:

HCR 1020 բանաձևի քվեարկությանը նախորդած օրերին ANCA-WR աշխատել է տեղական համայնքների առաջնորդների  ու ակտիվիստների հետ, Խոջալուի հարցն օգտագործելու Ադրբեջանի ջանքերի մասին օրենսդիրներին զգուշացնելու ու Հարավային Դակոտայի աջակցությունը ապահովելու համար` դեպի ծով Հայաստանի ելքի ու նրա ապաշրջափակման դեմ կատաղի քարոզարշավում:

Փետրվարի 13-ին Հավայան կղզիների նահանգի օրենսդիրները ևս մերժել էին Ադրբեջանի նախաձեռնած հակահայկական միջոցառումները, որը ֆինանսավորում էր Բաքուն` փորձելով ստանալ ԱՄՆ օրենսդիրների աջակցությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիվ արշավում:

Նահանգի Ներկայացուցիչների պալատը, Վետերանների միջազգային և մշակույթի ու կրթության կոմիտեն մերժել են հակահայկական բանաձևերը, որոնց հեղինակն էր Կոմիտեի նախագահ Մարկ Տակաին: Օրինագծերը վերաբերում էին Հայոց ցեղասպանության ճանաչմանը և  նախաձեռնվել էին ԱՄՆում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի կողմից: Civil Beat թերթը հաղորդել է, որ Հավայան կղզիների բնակիչները որոնում են այդ բանաձևերի դրդապատճառները: Դա կարող է լինել անցյալ տարվա մայիսին Ներկայացուցիչների պալատի անդամ Կաբանիլի ու նախագահ Տակաիի Բաքու այցելության արդյունքը, որոնք միացան տարբեր նահանգներից մոտ 300 օրենսդիր, գրում է թերթը, ընդգծելով, որ երկու կոնգրեսականների այցն Ադրբեջանի վրա 8000 դոլար  էր նստել:

 

 

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Յուրի Վարդանյան. Կազմակերպչական աշխատանք ես միշտ էլ կատարել եմ’