‘Հարկային բեռը կծանրանա’

1082

ՀՀ Ազգային ժողովը երեկ՝ արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի նախագիծը։ Ամենայն հավանականությամբ, այս արտահերթի ընթացքում օրենքը կընդունվի և գործողության մեջ կմտնի գալիք տարվա հունվարի 1-ից։

Կառավարությունը սա հրամցնում է որպես հզոր բարեփոխում, որի արդյունքում թեթևանալու է փոքր տնտեսվարողների հարկային բեռը։ Սակայն, իրականում հարկային բեռն էականորեն կծանրանա։ Դրան զուգահեռ, կմեծանա նաև տնտեսության ստվերային հատվածը։ Եւ ուրեմն՝ ինչ է սպասվում փոքր տնտեսվարողներին։ Հունվարի 1-ից տարեկան մինչև 58.3 միլիոն դրամի շրջանառություն ունեցող տնտեսվարողները կարող են մտնել «Շրջանառության հարկի» տիրույթ։ Իսկ դա նշանակում Է, որ նրանք այդուհետ պետք է վճարեն իրենց շրջանառության 3.5 տոկոսը։ Վերցնենք մի փոքրիկ խանութ, որն ունի տարեկան 20 միլիոն դրամի շրջանառություն։ Միջին եկամտաբերությունը խանութի դեպքում առավելագույնը 10-12 տոկոս Է։ Այսինքն, նա 100 դրամով մեծածախ գնով ձեռք է բերում որևէ ապրանք և վաճառում 110 դրամով։ Տարվա կտրվածքով «նրան մնում է» 2 մլն դրամի եկամուտ։ Դրա 20 տոկոսը կամ 400 հազար դրամը նա վճարում է պետբյուջե։ Հունվարի մեկից նա կսկսի վճարել 20 միլիոն դրամի 3.5 տոկոսը՝ 700 հազար դրամ, կամ 75 տոկոսով ավելի։ Եթե ավելի մանրացնենք հաշվարկը և հաշվի առնենք ներկայումս գործող օրենսդրությամբ թույլատրված նվազեցումները, ապա իրականում փոքր խանութները տարվա կտրվածքով որպես հարկ վճարում են իրենց տարեկան շրջանառության 1-1.5 տոկոսը կամ տվյալ խանութի դեպքում՝ 200-300 հազար դրամ։ Հունվարի 1-ից, ինչպես արդեն նշեցինք, կսկսի վճարել 700 հազար դրամ՝ առնվազն երկու անգամ ավելի։ Սա՝ մեկ։ Երկրորդ խնդիրը ստվերի ընդլայնումն է։ Որպեսզի փոքր խանութների եկամուտը մեծ չլինի, վերջիններս ձգտում են ապրանքը ձեռք բերել փաստաթղթով, որպեսզի կարողանան դա ցույց տալ որպես ծախս և այդ չափով նվազեցնել  վճարվելիք   հարկը։

Իհարկե, մի քանի ապրանքատեսակներ մեզ ու ձեզ հայտնի տխրահռչակ օլիգարխների ստեղծած խմբերը մատակարարում են առանց փաստաթղթերի։ Բայց փոքր խանութները գտել են դրա լուծումը և տվյալ ապրանքը ձեռք բերելիս վերցնում են մեկ այլ ապրանքի՝ նույն գումարը արտացոլող մատակարարման փաստաթուղթ։ Այսինքն, շաքարավազի փաստաթղթի փոխարեն վերցնում են, ասենք, հնդկաձավարի փաստաթուղթ և այդ չափով նվազեցնում հարկերը։ Հունվարի մեկից մատակարարի կողմից փոքր խանութին փաստաթուղթ տալու պարտավորությունը վերանում է իսպառ։ Դրա արդյունքում, եթե շարունակենք վերը նշված օրինակի շարունակությանը, առանց փաստաթղթի մատակարարված շաքարավազի փոխարեն՝ փոքր խանութի տերը այլևս չի պահանջի հնդկաձավարի մատակարարման փաստաթուղթ։ Իսկ դա Էլ իր հերթին նշանակում է, որ եթե նույն մատակարարը գոնե մի ապրանքի փոխարեն մեկ այլ ապրանքի մատակարարման փաստաթուղթը արդեն չի տա և դրան համապատասխան հարկեր էլ չի վճարի։ Եւ ուրեմն՝ ինչ է ստացվում։ Փոքր խանութներն առնվազն կրկնակի ավելի հարկ կվճարեն։ Բայց խոշորները, որոնք վերահսկում են ամբողջ մեծածախ առևտուրը, ավելի քիչ հարկ կվճարեն։ Խոշորներին նման «հարկային արտոնություն» տալն ամենևին էլ պատահական չէ։ Եթե օլիգարխներն իրենց ապահով են զգում, ապա իշխանությունն էլ է ապահով։ Իսկ հիմա, ինչպես հայտնի է, մենք գնում ենք դեպի «ապահով Հայաստան»։

Հայկ Գևորգյան

«Հայկական ժամանակ»

Նախորդ հոդվածը‘Ինչո՞ւ է Ֆարմանյանը սրբագրում Սերժ Սարգսյանի խոսքերը’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը խաբել է ԱԺ-ին. նախազգուշացնող նշաններ պետք է լինեն ‘