‘Հարձակումներ Մարսելում՝ կրոնական դրդապատճառներով’

1319

Չորեքշաբթի օրը Ֆրանսիայի Մարսել քաղաքում երեք անհայտ անձինք հարձակում են գործել հրեական դպրոցի ուսուցչի վրա: 56-ամյա ուսուցիչը, որ դանակի մի քանի հարված է ստացել, տեղափոխվել է հիվանդանոց: Հանցագործներին խանգարել է այդ պահին այդտեղ հայտնված պարեկային ոստիկանությունը: Հաղորդվում է, որ հարձակվողներից մեկը ԻՊ-ի սիմվոլիկայով շապիկ է կրել:

Մարսելի Հրեական հաստատությունների ներկայացուցչական խորհրդի նախագահի խոսքով՝ հարձակվողներն ուսուցչին ցույց են տվել Մոհամեդ Մերահի լուսանկարը (արմատական իսլամիստ, որը 2012 թ. Տուլուզում յոթ մարդ է սպանել՝ երեք զինվորականների և հրեական դպրոցի երեք ուսանողների ու մեկ ուսուցչի) և հակահրեական կոչեր են հնչեցրել, ապա դանակով հարվածներ տեղացել՝ ցույց տալով շապկի վրայի ԻՊ խորհրդանշանը:

Ի դեպ, չորեքշաբթի Մարսելում ևս մի հարձակում է կատարվել. մուսուլմանական հիջաբով մի աղջիկ թեթև վիրավորվել է, երբ մետրոյից դուրս գալիս նրա վրա է հարձակվել մի տղամարդ՝ նրա կրոնական պատկանելության մասին վիրավորական արտահայտություններով, և սուր գործիքով հարվածներ է հասցրել: Ոստիկանությունը որոնում է նաև այդ տղամարդուն, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘ԻՊ-ն Նյու Յորքին սպառնում է ահաբեկչություններով’
Հաջորդ հոդվածը‘Ահաբեկչություններ Նիգերիայում. մահապարտներից մեկը 11 տարեկան աղջիկ է եղել’