‘Հարություն Խաչատրյան. «Հայֆիլմի» վաճառքը հանցագործություն էր’

1105

«Հայֆիլմ» կինոստուդիայի մառախլապատ ճակատագիրը հայտնվել է փորձագետների ուշադրության կենտրոնում: 9 տարի առաջ կինոստուդիան 350 մլն.դրամով վաճառվեց CS Films-Studios ընկերությանը: Այն ժամանակ այդ ընկերությունը պարտավորվեց կատարել կապիտալ վերանորոգում և իրականացնել կինոստուդիայի տեխնիկական կահավորում: Սակայն, ինչպես «Ազատության» հետ հարցազրույցում նշել է Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, հետագա տարիներին նշված պայմանագրային պարտավորությունները չկատարվեցին:

Իսկ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանն էլ, իր հերթին, «Հայֆիլմ» կինոստուդիայի վաճառքի գործարքն անվանել է հանցագործություն: «Դա  ցածր արարք էր: Կարելի էր փոխել կինոստուդիայի ֆինանսավորման համակարգը, կառուցվածքը, բայց չգնալ այդ գործարքին»,-հայտարարել է նա այսօր կայացած մամուլի ասուլիսում: Նրա խոսքերով, այն ժամանակ «Հայֆիլմ» կինոստուդիայի վաճառքի դեմ բացահայտորեն արտահայտվում էին ընդամենը երկու հոգի` ինքը և «Ոսկե ծիրան» ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցանը: «Եվս 30 կինոգործիչներ լռությամբ մեզ սատարում էին, վախենալով բացահայտորեն արտահայտել սեփական կարծիքը: Իսկ այսօր այդ կինոգործիչները, որոնք կերան «Հայֆիլմի» վաճառքից ստացված գումարները, ցանկանում են կինոստուդիան ետ ստանալ»,-նշել է Խաչատրյանը:

 

Նախորդ հոդվածը‘2018 թ. Հայաստանը կկարողանա էլեկտրաէներգիա արտահանել Ռուսաստան. Տեխնիկապես ‘
Հաջորդ հոդվածը‘Եպիսկոպոսյանը՝ Ռոմիկ Հարությունյանի փոխարեն’