‘Հարություն Մարության. 1988-1990թթ. «Հայկական հեղափոխությունը», թերեւս, կարող է համեմատվել Ֆրանսիական մեծ հեղափոխության հետ’

6052

Մի քանի օր առաջ՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանի հուղարկավորության արարողությունից հետո, Լեւոն Տեր-Պետրոսյանը, նրա մասին հիշատակի եւ գնահատանքի իր խոսքում անդրադառնալով 1988-1990թթ. Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժմանը եւ այն ղեկավարած «Ղարաբաղ» կոմիտեի խաղացած դերին, մասնավորապես՝ ասաց.

«Ինձ համար «Ղարաբաղ» կոմիտեն այնպիսի մի երեւույթ է, որի նմանը երեւի չի եղել մեր պատմության մեջ։ Մտավորականներ, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր զբաղմունքը, իր մասնագիտությունը, բայց միշտ ապրել է հայրենիքի հոգսերով, միշտ մտածել է այս երկրի ապագայի մասին, երբ առիթը ծագեց, պատահական չէր, որ հենց այդ մարդիկ հավաքվեցին իրար շուրջ եւ ղեկավարեցին Ղարաբաղյան շարժումը։ Ես չեմ ուզում առանձնացնել ոչ մեկին: Ինձ համար թանկ են եւ հավասար իրենց արժեքով, իրենց վաստակով, իրենց խաղացած դերով «Ղարաբաղ» կոմիտեի անխտիր բոլոր 11 անդամները… Դրանք մարդիկ էին, որ այն ժամանակ ոչ իշխանության գալու կամ պաշտոններ ստանալու մասին էին մտածել, ոչ էլ ենթադրել էին, թե Սովետական Միությունն այդքան շուտ քանդվելու է: Եթե Գորբաչովը մի քիչ ավելի խելոք լիներ եւ կարողանար պահպանել Սովետական Միությունը, մենք՝ այդ 11 հոգին, փտելու էինք Սիբիրի բանտերում, եթե չգնդակահարվեինք»։

Նկատի ունենալով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի այս խոսքը ճակատագրական ու հերոսական այդ տարիների մասին շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց ընթերցողների շրջանում, ինչպես նաեւ՝ որ այդ տարիների իրական պատմությունը անծանոթ է մնում հատկապես երիտասարդ սերնդին, ստորեւ հրապարակում ենք «Ղարաբաղ» կոմիտեի մեկ այլ անդամի՝ վաղամեռիկ Համբարձում Գալստյանի «Չուղարկված նամակներ» գրքի (Երեւան, 2013) առաջաբանը, որ հեղինակել է ՀՀ Գիտությունների ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ։ Գիտնականը հնարավոր է համարում, որ 1988-1990թթ. «Հայկական հեղափոխության» ուսումնասիրությունը կարող է բերել այն եզրահանգման, որ այն «իր նշանակությամբ Հայաստանի, մասամբ նաեւ աշխարհի համար 20-րդ դարի վերջի կտրվածքով ունի նույն դերը, ինչ Ֆրանսիական մեծ հեղափոխությունը՝ Ֆրանսիայի եւ աշխարհի համար 18-րդ դարի վերջին – 19-րդ դարի առաջին կեսին»։

iLur.am

Ղարաբաղյան շարժման կամ հայկական հեղափոխության (1988-1990)

հիմնական առանձնահատկությունները

Չորս-հինգ տարի առաջ աշխարհի տարբեր երկրներում պաշտո­նա­կան հան­­դի­սու­թյուն­նե­րի ու գիտաժողովների ձևով նշվեցին այսպես կոչված «1989 թ. ա­րևելա­եվ­րո­պա­կան հեղափոխու­թյուն­ների» 20-ամյակը։ Երևույթին մեծ հնչե­ղու­թյուն տալը թերևս պայ­մանավորված էր այդ «թավշյա» որակված հե­ղափոխությունների պատ­մական նշա­նա­կու­թյամբ. դրանց հետևանքով էր, որ քանդ­վեց Բեռլինի պատը, կազ­մա­լուծ­վեց աշխարհի սո­ցի­ալիստական ճամ­­բա­­րը, ևս եր­կու տարի անց աշխարհի քար­­տե­զից վերացավ խոր­հրդային կայսրությունը ու, այդպիսով, Եվրոպայում շր­ջող կոմու­նիզմի ուրվականը դար­­ձավ լոկ հետազոտության առարկա։

Գիտաժողովներից և ոչ մեկի ժամանակ, որքան մեզ հայտնի է, համա­պա­­տասխան գնա­հատական չտրվեց Ղարաբաղյան շարժման (1988 փետր­վար — 1990 օգոստոս) դե­րին ու նշանակությանը վերոնշյալ գործ­ընթացների հա­մատեքստում։ Մաս­նա­գի­տա­կան գրականության մեջ, որոշ փո­քր բացա­ռու­թյուններով, այն դի­տարկվում է լոկ հայ-ադրբեջանական, «էթնոտա­րած­քա­յին» որակում ստացած կոնֆլիկտների հա­մա­տեքստում։ Մեր կարծիքով, Ղա­­րա­բաղ­յան շարժ­ման հա­յաս­տան­յան մասն արևե­­լաեվրոպական «թավ­շ­յա» հե­ղա­փո­խութ­յունների շարքի ա­ռաջնեկն է, և որ­պես այդպիսին, այն մեծ դեր է խաղացել խորհրդային հասարակության ժո­ղո­վր­դա­վա­­րաց­ման և նշա­նա­կալի դեր՝ Խորհրդային Միության ապամոնտաժման ու, այդ­պի­­սով՝ կո­մու­­նիզմի վտանգի վերացման գործում։ Լինելով առաջինը, այն չի նկատ­վել, չի ընկալվել որպես հեղափոխություն, որպես այդպիսին մնացել է անհայտ մաս­նագիտական շրջանակների համար, մինչդեռ «չճանաչված հեղա­փո­խու­թյան[1]» օրի­նաչափությունները կարող են նոր լույս սփռել 20-րդ դարավերջի արևե­լա­եվ­րո­պա­կան ժողովրդավարությունների ծագման ուսումնասիրման ու գնահատման գոր­ծում։

* * *

Ղարաբաղյան շարժման կարևորագույն բնութագրական գիծը նրա հա­մա­ժո­ղո­վրդական լինելն էր։ Միակ խավը, որն այս կամ այն կերպ ընդ­դի­մա­նում էր Շարժ­ման զարգացումներին՝ Հայաստանի կոմունիստական կու­սակ­ցության նոմեն­կլա­տուրային բյու­րոկրա­տական վերնախավն էր, որը շատ լավ տեսնում էր, որ Ղա­րա­բա­ղի՝ Հա­յաս­տանին միացման հարցի լուծ­ման ճա­նա­պարհ էր ընտրված ժո­ղո­վր­դա­­վա­րա­կան վերափո­խումների քա­ղա­քակա­նու­թյու­նը։ Ընդ որում, Շարժման հա­մա­ժողովրդական դառնալը ևս մի­անգամից չեղավ։ Այսպես, 1988 թ. փետր­վա­րին դրան նպաստող կարևո­րա­գույն գործոնը՝ Ղարաբաղի ինքնորոշման հարցին չսա­տա­րելուց զատ, նաև միութենական ու հանրապետական իշխանությունների պահ­վածքն էր, ինչը դրսևորվեց, մասնավորապես, հետևյալ երկու տիպի գոր­ծո­ղու­թյուն­նե­րում. միութենական մամուլն ու «Վրեմյա» հեռուստատեսային լրատվական ծրա­գի­րը, Հայաստանի քաղաքացիների գնահատմամբ, իրականությանը չհամա­պա­տաս­խանող, ոչ լիարժեք տեղեկատվություն էին հաղորդում ԼՂԻՄ-ում և Երևա­նում տե­ղի ունեցող իրադարձությունների մասին, դրանք ո­րակում էին որպես «էքս­տրե­միս­տական» բնույթ ունեցող և երկրորդը՝ Երևանում գտնվող ԽՄԿԿ ԿԿ Քաղ­բյուրոյի ան­դամության թեկնածու Վ. Դոլ­գի­խը հարյուր հազարանոց հանրահավաքները ո­րա­­կեց որ­պես «մարդ­կանց խումբ», ինչն ընկալվեց պարզապես որպես վի­րա­վո­րանք։ 

Շարժման համա­ժողո­վր­դական լինելու կարևոր ցուցիչներից էին.

ա) մի քանի հարյուր հազար մարդկանց մասնակցությամբ ընթացող հան­րահա­վաք­ներն ու երթերը ավելի քան երկու տարի շարունակ,

բ) արդեն 1988 թ. մարտին հանրապետության հարյուրավոր աշխա­տան­­քա­յին կո­լեկտիվներում ձևավորված «Ղարաբաղ» կոմիտեները, որոնք կոչված էին սա­տա­րե­լու Ղարաբաղյան շարժման ղեկավարությանը։ Սրանք ԽՍՀՄ մի քանի այլ հան­­րա­պետություններում ավելի ուշ ձևավորված ժո­ղո­վր­դական ճակատների նա­խա­տիպն էին, յուրահատուկ այլընտրանքներ խորհրդային ձեռ­նար­կու­թյուն­նե­րում ու հիմնարկություններում գործող կու­սակ­ցական, կոմերիտական, արհմիու­թե­նա­կան կոմիտեներին։ Այս նորա­ստեղծ մարմիններն ավելին էին, քան պարզապես «ա­ջակցության խմբեր» և շատ կարճ ժամանակում նրանց մեծ մասը կարողացավ ի­րենց ձեռքը վեր­ցնել հասարակական ակտիվության կազմակերպման և ուղղորդ­ման գործը։ Մի քա­նի տարի անց նրանց միջից էին, որ դուրս եկան երկրի ղեկա­վարման ա­պա­րա­տում մեծ ու փոքր դիրքեր զբաղեցնող հարյուրավոր պաշ­տոն­յա­ները։

գ) «Տոնական» տարրերի բազմաքանակությունը։ Ինչպես ցույց է տրված հե­տա­զոտություններում,[2] Շարժման սկզբնավորման պահից ի վեր հան­րահավաք­ների կենտրոնատեղիում՝ Օպերայի (Ազատության) հրապա­րա­կում տեղի ունեցավ մեծ-փոքր [տարիքով-երիտասարդ], կին-տղամարդ, քաղաքացի-գյուղացի, հայա­խոս-ռուսախոս և այլ նման հակադրություն­ների թու­լացում և վերացում։ Սրանք հետո՝ ժամանակ անց, արդեն 1989 թ. երկ­րորդ կեսին հետ եկան։

դ) պատկերագրական նյութի (պլակատներ, տրանսպարանտներ) բազմա­քա­նա­կու­թյունը (մեզ հաջողվել է ֆիքսել շուրջ հազար միավոր) և բազմազանությունը (դրանց մեջ առանձնանում են մոտ քսան խմբեր)։[3] Նման առատությունը վկայում է Շարժման մեջ բազմակարծության բարձր աս­տիճանի մասին ու, այդպիսով, Շարժ­ման ոչ զուտ քաղաքական բնույթ ու­նե­նալուն, որպիսին էր վիճակը, օրինակ, մերձբալթյան հան­րա­պե­տու­թյուն­նե­րի պարագայում։ Ուսումնասիրողի առջև վեր է հառ­նում բազ­մադեմ, աս­տի­ճանաբար ազատա­կանացող մտածողության տեր, բայց և միև­նույն ժա­մանակ կարևորագույն հարցերի շուրջ միակամ մարդկանց բազմու­թյունը։

ե) Շարժումն ուներ խորապես ազգային բնույթ, ինչի ցուցիչներից էին, օրի­նակ, նաև հայերի համախմբությանը կոչող պլակատային տեքստերը. «Հա­յեր բո­լոր եր­կրների, միացե՛ք», «Ով հայ ժողովուրդ, քո մի­ակ փրկու­թյու­նը քո հավա­քա­կան ուժի մեջ է», «Հայ ժողովրդի մի­ասնությունը Ար­ցախի հար­ցի լուծման գրա­վականն է», «Единение на­рода не может быть стрем­ле­нием к нацио­нальной зам­кнутости», իսկ բազ­մա­հա­զար երթերի ժա­­մանակ հնչող կոչերից ա­մենատա­րած­վածն էր «Հայե՛ր, միացեք» բա­նա­ձևը։

* * *

Ղարաբաղյան շարժումը ծավալվում էր ԽՍՀՄ բար­ձրա­գույն ղեկա­վա­­րու­թյան հռչակած վերափոխման, ժողովրդավարացման, հրա­պա­րա­կայ­նու­թյան պայ­մաններում։ Մասնագիտական գրականության մեջ ռե­ֆորմ­նե­րի այդ շարքը որակ­ված է որպես «հեղափոխություն վերևից»։[4] Ընդհանրապես, խոր­հր­դային հա­սարակարգի բնու­թագրական գծերից էր՝ ինչ էլ ծագեր ներ­քև­ում, հե­տո այն ան­պայ­ման պետք է ուղ­ղորդվեր վերևից, երկրի ղեկա­վա­րու­թյան կողմից։ Ցան­կա­ցած շե­ղում այդ գծից, չնայած զանգվածների ակ­տի­վու­թյան անընդհատ հնչող կո­չե­րին, ո­րակվում էր որ­պես վերակառուցման գոր­ծին խոչընդոտող։ Այս տե­սանկ­յու­նից Ղա­րա­բաղյան շար­ժումը սկզբից մինչև վերջ ուղղորդվում էր ներքևից։ Այդ պատ­ճառով էլ իր ձևա­վոր­ման ա­ռա­ջին իսկ օրերից Շարժումը ենթարկվում էր ԽՍՀՄ բարձ­րա­գույն ղեկավա­րու­թյան հարվածներին։

ա) Շարժման ներքևից ուղղորդումը դրսևորվում էր տարբեր ձևերով։ Դրա բնու­թա­գրական կարևորագույն գիծը պայքարի խաղաղ, սահմանա­դրա­կան եղա­նակն ու մե­թոդներն էին, ինչը Շարժումը որ­դե­գրել էր իր սկզբ­նա­վորման օրվանից։ Եթե մինչ Շարժումը սահմանադրությունն ընկալվում էր իբրև թղթի մի անպետք կտոր, իսկ Գերագույն խորհուրդը  դիտվում էր իբրև մի վայր, որտեղ բոլոր պատ­գամա­վորները լոկ ձևական բնույթ ունեցող քննար­կումներով ու միաձայն կողմ էին քվե­արկում վերևից իջեցվող օրենք­նե­րի նախագծերին, ապա Շարժման տարի­նե­րին մարդիկ աստիճանաբար սո­վորեցին նաև գնահատել գործող օրենքները, Գե­րագույն խոր­հուրդը սկս­եց դիտվել իբրև մի վայր, որի որոշումներում պետք է դրսևորվի ժո­ղո­վրդի կամ­քը, իսկ պատգամավորները պարտավոր են ի պաշտոնե լսելի դարձնել այդ կամքը։ Ստեղծվեցին «սահմանադրական» կոչվող հատուկ խմբեր, ո­րոնք համակարգում էին պատգամավորների հետ տարվող աշխատանք­ները։

1988 թ. փետրվարից ի վեր ժողովրդական անհնազանդության, բո­ղո­քի, պահանջ­նե­րի ներ­կա­յացման հիմնական ձևը խաղաղ, տարբեր կարգա­խոս­ներով, սակայն ա­ռանց բռնու­թյունների և ոստիկանության հետ ընդ­հա­րում­ների հանրահա­վաք­ները, ցույցերը, երթերն, ինչպես նաև նստացույցերն ու հացադուլներն էին։ Ղա­րա­բաղ­յան շարժման ժամանակ էր (1988 թ. փետր­վար, հուլիս, սեպտեմբեր), որ առա­ջին անգամ ԽՍՀՄում օգտագործվեց պայ­քարի գործադուլային եղանակը հա­մա­ժո­ղովրդական ընդգրկմամբ, որ­պես բողոքի դրսևորում կենտ­րո­նա­կան իշխա­նու­թյուն­ների գոր­ծո­ղու­թյուն­ների դեմ։ Այն ուներ իր յուրահատ­կու­թյուն­նե­րը, և թերևս այդ պատճառով է, որ անգամ միութենական առաջադիմական մա­մու­լի գնա­հա­տա­կան­ներում չընդ­գրկվեց ԽՍՀՄ տարածքի առաջին գործադուլների շար­քում։

Պայքարի սահմանադրական եղանակի ցուցիչներից էր 1988 թ. մա­յի­սին դրված Հայաստանի խորհրդարանի նստաշրջանի հրա­վիր­­ման պա­հան­ջը, որն ուղեկցվում էր նստացույցերով, հացադուլներով, նաև պատ­գա­­մա­վոր­ների հետ բացատրական աշխատանք կատարելով։ Ի վերջո ստաց­վեց այն­­պես, որ նստաշրջանը գումար­վեց պատ­գա­մա­վորների իսկ պահանջով։

Նույնը կրկնվեց 1988 թ. նոյեմբերի վեր­ջին՝ ավելի լայնամասշտաբ ձևով. այդ ժա­մա­նակ խորհրդարանի ղեկավարությունը նպատակահարմար չէր գտնում արտա­հերթ նիս­տի կայացումը՝ քննարկվելիք հարցերի նկատ­մամբ այլ վերաբեր­մունք ու­նե­­նա­լու պատճառով, ուստի և նստաշրջանը ժո­ղովրդական պատգամա­վորների մի զգա­լի մասի իսկ պահանջով գումարվեց հան­­րահավաքների կենտրո­նավայրում՝ Օ­պե­րայի շենքում։ Նիստի ժամա­նակ պատգամավորները մեր­ժում են ԽՍՀՄ-ում ընտ­րու­­թյունների անց­կաց­ման նոր օրինագծի և ԽՍՀՄ Սահմա­նա­դրու­թյան մեջ փոփո­խու­­թյուններ մտց­­նելու մասին հրամանագրի ընդունումը՝ նկատի ու­նենալով դրանց հա­­կա­­ժո­ղո­վր­դա­կան բնույթը։ Նիստի հրավիրումը դեմո­կրա­տա­կան շարժման կենտ­­­րո­նա­վայրում և նիստի ըն­թացքում ընդունված որոշումները ժո­ղովրդի հաղ­­թա­նակի վկա­յությունն էր, իրոք ժո­ղովր­դա­վա­րա­կան խորհրդարանի ձևա­վորման սկզբի ազ­դա­րարում. այդ օրն առաջին անգամ ժողովուրդն ինքն արեց իր ուզած նստա­շր­ջա­նը, քննարկեց իր ու­զած հարցերը, ընդունեց իր ուզած ո­րո­շումները և այդ ամենը՝ առանց «վերև­նե­րի» ներկայության, ինչը ցույց տվեց ան­դունդի առկա­յությունը ղեկավարության և ժողովրդի միջև։ Սա­կայն նույն գիշեր Երևանում մտց­վում է հատուկ դրու­թյուն և պարետային ժամ, իսկ ժողովրդական դարձած խորհր­դա­րանի որո­շում­ները ԽՍՀՄ կենտ­րո­նական իշ­խանությունները հայտարարում են հա­­կասահմանադրական ու ա­պօրինի։

Այն հան­գամանքը, որ այդ նիստի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հար­ցը մղվեց երկ­րորդ պլան, նշանակում էր, որ Շարժումն իրոք ընթանում է վերա­կա­ռուց­ման (ի­րա­կան, այլ ոչ թե գորբաչովյան) ոգով, հօգուտ ընդ­հան­րա­պես երկրի ժողո­վր­դա­վարաց­ման, այլ ոչ թե նեղ ազգային շարժում է։ Մար­դիկ Ղարաբաղի հարցի լու­ծու­մը տես­նում էին միայն ողջ ԽՍՀՄ մասշ­տա­բով իրական վերափոխումների մեջ։

բ) Ղարաբաղյան շարժման ժամանակ էր՝ 1988 թ. հոկտեմբերին, որ ա­ռա­ջին անգամ Խոր­հրդային Միությունում, ու թերևս նաև Արևելյան բլոկի երկր­ներում, տե­ղի ունե­ցան այլընտրանքային ընտրություններ։ Հա­յաս­տա­նի խոր­հրդարանի պատ­գամա­վորներ ընտրվեցին «Ղարաբաղ» կոմիտեի ան­դամ Աշոտ Մանուչարյանը և «Գթու­թյուն» բարեգործական կազմակեր­պու­թյան ղե­կավար Խաչիկ Ստամ­բոլ­ց­յա­նը։[5]

Այստեղ կարևոր է նշել, որ «Ղարաբաղ» կոմիտեն 1988-1989 թթ. (և ան­գամ 1990 թ. գարնանային խորհրդարանական ընտրությունների շեմին) չէր ձգտում ա­մեն գնով վերցնել իշխանությունը, ինչում նրան մեղադրում էր միու­թենական ղե­կա­վա­րու­թյունն ու մամուլը։ Եթե դա Կոմիտեի համար լի­ներ առաջնահերթ, խորհր­դա­րանի շատ պատգամավորների հետ կանչելու կուրս կվերցվեր։[6] Սակայն կարևորը պատգամավորներին՝ գործող օրենս­դրու­թյան ընձեռած հնարավո­րու­թյունների սահ­մաններում, ստիպելն էր, որ նրանք կատարեն ժողովրդի կամքը։ Եվ դա արվեց 1988 թ. աշնանը ըն­դա­մենը երկու պատ­գա­մավոր խորհրդարան մտցնե­լու ճա­նա­պարհով, որտեղ նրանք (ինչպես նաև որպես դիտորդներ նիստերին հրա­վիրված Կո­­միտեի մի քանի անդամները) սկսեցին լսելի դարձ­նել ժողովրդի ձայնը։ Խոհր­դա­րա­նում աշխատելու ա­ռա­ջին ըն­դա­մենը մեկուկես ամս­վա ընթացքում եր­կու պատ­­­գա­­մավորների ակ­տի­վությունը, և որ շատ կարևոր է՝ ժողովր­դա­վա­րա­կան գործ­ըն­թաց­­­նե­րով պայմանավորված ընդ­հանուր պա­թոսն այնքան էա­կան դեր խա­ղաց խոր­­հր­­դա­րանի աշխատանքներում, որ հան­գեց­­րեց վերջի­նիս ընդ­հանուր ժողովրդավարաց­­ման։ Գերազանցապես այս հան­գա­ման­քով էր պայ­­մա­նա­վոր­ված վերը հիշա­տակ­­ված 1988 թ. նոյեմբերի 24-ի նստա­շր­ջա­նը։

1988 թ. նոյեմբերի 7-ի «շքերթը» և նոյեմբերի 18-ի հարյուր հազա­րա­վոր մարդկանց երթը ցույց տվեցին, որ Շարժումն իրոք ուղղորդվում է ներ­ք­ևից, իսկ Կո­մի­տեի որ­դե­գրած պայքարի սահմա­նա­դրա­կան եղանակը բերեց նրան, որ ժո­ղո­վուրդն ու նրա պայքարը ղեկավարող Կոմիտեն ունեցավ իշ­խա­­նություն դե ֆակտո, իսկ նո­յեմբերի 22 և 24-ի խորհրդարանի նիստերը ֆիք­­սեցին, որ ժո­ղո­վուրդն ու Կո­մի­տեն ձեռք բերեցին նաև դե յուրե իշ­խա­նու­­թյուն։ Այսինքն, պայքարի սահ­մա­նա­դրական ե­ղա­նակը տվեց իր դրա­կան արդ­յունքները, չնայած և մերժվեց «վերևից հե­ղա­փո­խություն» իրակա­նաց­նող ԽՍՀՄ ղեկավարության կողմից։

Պայքարի սահմանադրական եղանակի արդյունավետության բարձ­րա­­կետը 1990 թ. մա­յիս-հունիսի խորհրդարանական ընտրություններն էին, որի արդյունքում ձևա­վոր­ված խորհրդարանում ոչ-կոմունիստները հասան ա­­ռավելության և քվեար­կու­թյունների մի քանի փուլերից հետո «Ղարաբաղ» կո­միտեի անդամ Լևոն Տեր- Պետ­րոսյանն ընտրվեց խորհրդարանի նախա­գահ։ 1990 թ. օգոստոսի 23-ին ըն­դուն­վեց «Անկախության հռչակագիրը», որն սկիզբ դրեց խորհրդային ոճի կառա­վա­րում ունեցող երկրից՝ անկախ ժո­ղո­վր­դավարական պետություն կառուցման գործ­ըն­թացին։ 

գ) Ի տարբերություն մերձբալթյան երկրների, որտեղ շարժումներն սկզ­բից ևեթ միտ­ված էին անկախության ձեռքբերմանը,[7] Հայաստանում հա­կա­խորհրդային տրա­մա­դրություններն աճում էին աստիճանաբար, ինչը ևս Շարժ­ման՝ ներքևից ուղ­ղորդ­ված լինելու ցուցիչներից է։ Նման գործընթացի հիմ­նական «մեղավորը» ըն­կալվում էր ժողովրդավարական վերափոխում­նե­րի կուրս հռչակած ԽՍՀՄ ու ԽՄԿԿ ղե­կա­վարությունն իր քայլերով։ Դրանց թվում էին՝ ժողովուրդների «լե­նին­յան» ո­րակվող ինք­նորոշման ի­րա­վուն­քի կիրառմանն ընդդիմանալը, սումգայիթյան իրա­դար­ձու­թյուններին (որոնք մարդկանց գիտակցության մեջ միանշանակ համա­դրվել էին 1915 թ. ցեղասպանության հետ) քաղաքական ու իրավական գնահա­տա­կան չտա­լը, խորհրդային-ռուսական բանակային ստորաբաժանումների պատժիչ գոր­ծո­ղու­­թյունները Հայաստանում և ԼՂԻՄ-ում, խորհրդային արժեքների («ճշ­մար­­տու­թյան հա­յելի» մամուլ, «ժողովուրդների անխախտ բարեկամության» գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն, «ամենաարդար» դատական համակարգ և այլն) նկատ­մամբ հա­վա­տի կո­րուս­տը և այլն։[8] Արդյունքներից մեկը ինքնա­մաքր­ման գործընթացի ձևավորումն էր. 1988 թ. հուլիսից սկսեցին հանձնել կոմ­երի­տական տոմսերը, իսկ 1989 թ.-ից՝ զանգ­­վածաբար դուրս գալ նաև կո­մու­նիս­տական կուսակցության շարքերից։ Սկս­վեց նաև անցյալի ու ներկայի վե­րա­գնահատման գործընթաց, ինչը դրսևորվում էր ժո­­ղովրդի միակա­մու­թյան արժեքի գիտակցման («Հույսներս մեզ վրա, հայեր»), ինք­­նուրույն գոր­ծե­լակերպի հնարավորության նկատմամբ հա­վատի աճի («Մենք պետք է կռվենք, և ոչ լաց լինենք»), հայության հանդեպ ռուս ժո­ղովրդի փրկարար դե­­րի վերաբերյալ դարերի պատմություն ունեցող հավատի սա­սանման («Մոս­կ­­վա→Բաքու→Սումգայիթ»), ռուսական մշակութային ասիմիլ­յա­ցի­ա­յի դեմ պայ­քարի գի­տակցման («Հայ երեխային – հայկական դպրոց») և ինք­նու­թյան այլ ձևափո­խում­ների մեջ։[9] Այսինքն, արտաքին և ներքին գործոններով պայ­մա­­նավորված գա­ղա­փարները, ծնվելով ներքևներում, աստիճանաբար հա­սու­­նա­նա­լով, քայլ առ քայլ էին ձեռք բերում համաժողովրդական ընդգրկում։

* * *

Հայկական հեղափոխությունը առաջինն էր նախկին ԽՍՀՄ տա­րած­քում ձևավոր­ված ազգային-դեմոկրատական շարժումների և հեղափո­խու­թյուն­ների շարքում։ Շատ երևույթներ Հայաստանում զարգանում էին ինք­նու­րույն, պետական մեքենայի հետ դիմակայության պայմաններում, բայց և գոր­ծող օրենք­ների շրջանակներում։ Ահա այս պատճառով ես չեմ բացա­ռում, որ Հայկական հե­ղա­փոխության հետա­զոտման ճանապարհով ձեռք բեր­ված գի­տելիքը կարող է և ա­ռաջարկել նոր, թերևս նրբերանգային տար­րեր հե­ղա­փո­խությունների արդի տե­սու­թյունների մեջ։[10]

Որպես կանոն ցանկացած առաջին երևույթ ունի յուրահատկու­թյուն­ներ, որոնց իմա­­ցությունը կարող է նոր պարզաբանումներ բերել իրեն հա­ջոր­դող իրա­դար­ձու­թյուն­ների ու­սում­նասիրման գործում։ Ղարաբաղյան շար­­ժումը կամ Հայկական «չճա­նաչված» հե­­ղա­փո­խու­թյու­նը մինչ օրս Հա­յաս­­­տա­նում կամ արտերկրում դեռևս չի դարձել հա­տուկ հետա­զո­տության ա­ռարկա հե­ղա­փոխությունների արդի տեսությունների լույ­սի ներքո, եր­բեք մաս­­նա­գիտորեն չի համե­մատվել 1980-ա­կան­ների վերջին – 1990-ականների սկզ­բին ԽՍՀՄ և Արևելյան Եվ­րոպայի տա­րած­քում տեղ գտած հա­մանման ի­րա­­­դար­ձու­­թյուն­ների հետ։ Ահա սա այն խնդիրներից մեկն է, որ այսօր կանգ­նած է հայ հասարակագետների առաջ։  

Ցանկացած երկրի նկատմամբ քաղաքականություն մշակելիս, թերևս հաշ­վի է առ­ն­վում այդ երկրի ներուժը ոչ միայն ռազմական կամ տնտե­սա­կան, այլ նաև քա­ղա­քակրթական առումով. մի բան է, երբ դու գործ ունես հզոր բանակ ու տնտե­սու­թյուն, բայց մշակութային ոչ հարուստ ավան­դույթ­ներ ունեցող երկրի հետ, մեկ այլ բան, երբ քո հետաքրքրության առարկա պե­տությունը գուցե թե շատ ուժեղ չէ տն­տե­սապես, բայց նրա բնակիչները ու­նեն քաղաքակրթական ու մտա­վոր լուրջ ներուժ, նրանց ավանդույթները՝ հա­մապատասխան պայմանների պա­րագայում, կա­րող են որոշիչ դառնալ ազ­գային մոբիլիզացիայի համար, կրկնա­պատկել ու եռապատկել խոչըն­դոտ­­ները հաղթահարելու կարողությունները։ Այս­ինքն, այլ բան է, երբ Հա­յաս­տանի վերջին 20-25 տարվա պատմությանը նայում ես իբրև հարևան պե­տու­թյունից տարածքներ ձեռք բերելու համար կոնֆլիկտի մեջ գտն­վող երկ­րի, մեկ այլ բան՝ երբ նրան դիտում ես որպես մի ժողովրդի, որը 20-րդ դարի վեր­ջում պայ­քարի ելավ ամենազոր խորհրդային կայսրության դեմ, և հաղ­թեց նրան ոչ թե ու­ժով, այլ ազգային արժեքների վրա հենված ժո­ղո­վր­դա­վա­րա­կան, հեղա­փո­խա­կան այնպիսի մի ալիք առաջ բերելով, որն ի վեր­ջո քան­դեց Բեռլինի պատը և պատ­մության գիրկն ուղարկեց կոմունիզմի նկատ­մամբ ունե­ցած վախը։

_________________________________________________

[1] Ղարաբաղյան շարժման համար «հեղափոխություն» բնութագրումն  առա­ջին անգամ օգ­տա­գործել է Ռոնալդ Սյունին։ Որքան մեզ հայտնի է՝ առաջին անգամ նա´ է անգլերեն մաս­նա­գիտորեն և համապարփակ ներկայացրել Շարժման տարիներին ծա­վալ­վող իրա­դար­ձու­թյուն­ները Հա­յաստանում, Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջա­նում, ընդհանրապես ԽՍՀՄ-ում ընթացող քաղաքական, սոցիալ-տնտեսական և ժո­ղո­վրդավարական զարգա­ցումների հեն­քին։ Մանրամասն տե´ս Ronald Grigor Suny. Looking Toward Ararat: Armenia in Modern History (Bloomington and Indianapolis: Indiana University Press, 1993), 192-212, 231-246։

[2] Լևոն Աբրահամյան, Ծեսը, նախաթատրոնը և Թատերական հրապարակը. – «Բեմ», 1990, թիվ 1, էջ 7-19։ Նույնի, Քաոսը և կոսմոսը ժողովրդական ելույթների կառուցվածքում. Ղա­րա­բաղյան շարժումը ազգագրագետի հայացքով. – «Մշակույթ», 1990, մարտ-հունիս, թիվ 2-3, էջ 14-21։ Levon Abrahamian, “The Karabagh Movement As Viewed by an Anthropologist,” The Armenian Review 43: 2-3 (1990): 67-80.

[3] Հարություն Մարության, Հայ ինքնության պատկերագրությունը։ Հատոր 1. Ցեղասպանու­թյան հիշողությունը և Ղարաբաղյան շարժումը, Երևան, 2009, էջ 22-23։

[4] Տե´ս օրինակ Натан Эйдельман, “Революция сверху” в России. М., 1989.

[5] Ինչպես վկայում է Աշոտ Մանուչարյանը մեզ տված իր հար­ցազրույցներից մեկում, 1989 թ. սեպ­­տեմբերին, երբ նա մասնակցում էր Ռուխի (Ուկրաինայի ժողովրդական շարժ­ման) հիմ­նադիր համագումարին, իրեն էր մոտեցել լեհական «Սոլիդարնոստի» ղե­կավար ան­դամ­նե­րից Ադամ Միխնիկը և ասել, որ «Ղարաբաղ» կոմիտեի ներ­կա­յա­ցուցիչների ըն­տր­վելը հայ­կական խորհրդարանի կազմում և նրանց արդյունավետ աշխատանքը դրդել էր իրենց [«Սո­լի­դար­նոս­տին»] գալ որոշման, որպեսզի իրենք ևս մասնակցեն լեհական սեյմի 1989 թ. հու­նիսյան ընտրություններին։ Նկատենք, որ այդ ընտրություններին խորհրդարանի անդամ ընտրվեցին «Սո­լիդարնոստի» առաջարկած 100 հոգիանոց ցուցակից 99-ը, ինչի արդ­­յուն­քում, հա­մա­գոր­ծակցության մեջ մտնելով «Գյուղացիական կուսակցության» պատ­գա­­մա­վոր­ների հետ, լե­հա­կան պառլամենտում ձևավորվեց ուժերի այլ հարա­բե­րակ­ցու­թյուն, որին հետևեց կոա­լի­ցիոն կառավարության ստեղծումը (Տե´ս Charles Tilly, European Revolutions, 1492-1992 (Oxford, UK and Cambridge, USA: Blackwell Publishers, 1996), 2-3), իսկ նույն տարվա դեկ­տեմ­բերին Լեխ Վա­լենսան ընտր­վեց Լեհաստանի նա­խա­գահ։

[6] Նկատենք, որ դրա հնարավորությունը կար. խորհրդային օրենքները թույլ էին տալիս ընտ­­րողներին իրենց ընտրյալներին հետ կանչել խորհրդարանից։ Եվ նման մեկ-երկու դեպք ար­դեն իսկ գրանցվել էր 1988 թ. ամռանը։

[7] Левон Абрамян, Арутюн Марутян, Борьба за национальную независимость в Прибалтике и Закавказье: раз­ли­­чия и сход­ство. – Всесоюзная научная конференция “Межна­цио­наль­ные проб­ле­мы и конф­лик­ты: поиски путей их решения”. Тезисы док­ла­дов, Бишкек, 1991, часть 1, с. 36-37.

[8] Տե´ս Հ. Մարության, նշվ. աշխ., էջ 307։

[9] Նույն տեղում, էջ 263-284, 291-294։

[10] Մեր գնա­հատ­մամբ, Ղա­րա­բաղ­յան շարժ­ման հա­յաս­տան­յան մասն ազ­գա­յին-ա­զա­տա­գրա­կան պայ­քա­րի քո­ղի ներ­քո ի­րա­կա­նաց­ված բուր­ժուա­կան հե­ղա­փո­խութ­յան օ­րի­նակ է։ Համառոտ անդրադարձ այդ հարցին տես. А. Марутян. Фактор исторической памяти в кон­тексте Армянской революции 1988-1990 гг. – Международная научная конференция ”Ар­хео­ло­гия, этнология и фольклористика Кавказа”. Сборник кратких содержаний докладов. Тбилиси, 2004, с. 215։ Շարժումն իր նշա­նա­կութ­յամբ Հա­յաս­տա­նի, մա­սամբ և աշ­խար­հի հա­մար 20-րդ դա­­րի վեր­ջի կտրված­քով ու­նի նույն դե­րը ինչ Ֆրան­սիա­կան մեծ հե­ղա­փո­խութ­յու­նը Ֆրան­սիա­յի և աշ­խար­հի հա­մար 18-րդ դա­րի վեր­ջին – 19-րդ դա­րի ա­ռա­ջին կե­սին։ Այս գա­ղա­փա­րի հիմնավորումը դեռևս լրացուցիչ դի­տարկ­մա­ն կարիք ունի։ Տե´ս Հ. Մարության, նշվ. աշխ., էջ 313։

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանում «Ապարան» խմելու ջրում նորմատիվը գերազանցող նյութեր են հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Մի՛ կատաղեցրեք այս ժողովրդին’