Հարութ Ուլոյան․ Ինչպես Փաշինյանը ոչնչացրեց Մարտի 1-ի գործը

1104

Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրում է․

«Չնայած այն հանգամանքին, որ Սերժ Սարգսյանի ղեկավարման 10 տարիների ընթացքում 2008 թվականի մարտի 1-ին իշխանությունների կողմից Երևանում կազմակերպած արյունալի դեպքերն այդպես էլ չէին բացահայտվում, այնուամենայնիվ հասարակության զգալի մասի մոտ, առավել ևս՝ ընդդիմության տարբեր շրջանակների օրակարգում, Մարտի 1-ի թեման շարունակում էր մնալ որպես առաջնային թեմա: Այս հանգամանքի ցայտուն ապացույցն է նաև այն, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող իշխանափոխության գործընթացը կտրուկ լայն թափ առավ հենց այն վայրկյանից, երբ Փաշինյան-Սերժ Սարգսյան հայտնի հանդիպման ժամանակ վերջինս փորձեց վախեցնել (միգուցե՝ անզգուշաբար) «նոր Մարտի 1-ով»: Այդ պահից սկսած ողջ հանրապետությունը, սոցիալական ցանցերը ինքնաբուխ կերպով ողողվեցին «Թույլ չենք տա նոր Մարտի 1» գրությամբ թռուցիկներով, պաստառներով ու գրառումներով:

«Նոր Մարտի 1-ի» սպառնալիքն ամբողջովին փոխեց տրամադրությունները նույնիսկ հասարակության այն զանգվածների մոտ, որոնք ի սկզբանե Փաշինյանի հանդեպ բացասական տրամադրվածություն ունեին կամ անլուրջ էին վերաբերվում տեղի ունեցող զարգացումներին: Հենց այդ պահից շատերին հասկանալի դարձավ, որ կամ Սերժ Սարգսյանը պետք է «նոր Մարտի 1» իրականացնի, կամ՝ հրաժարական տա:

Սերժ Սարգսյանի հրաժարականից և վարչապետի պաշտոնում Փաշինյանի ընտրվելուց հետո Մարտի 1-ի թեման այն աստիճանի օրակարգային էր, որ Փաշինյանը ստիպված եղավ բառացիորեն հայտարարել, որ «Մենք […] բարոյական պարտք ունենք մարտի 1-ի զոհերի առաջ, որովհետև եթե չլիներ 2008 թվականի մարտի 1-ը, վերջին մեկուկես ամսվա ընթացքում քաղաքական իրադարձությունների ժամանակ դժվար կլիներ խուսափել արյունահեղությունից» (08.06.2018):

Վարչապետ ընտրվելուց հետո, դեռևս չունենալով Ազգային ժողովում մեծամասնություն, Փաշինյանը «նախկինների» դեմ, բացի կոռուպցիոն բացահայտումներին, դատաիրավական խայտառակ համակարգին և արտաքին քաղաքականությանը (Արցախի հիմնախնդիր) վերաբերող թեմաներից, սկսեց շահարկել նաև Մարտի 1-ի գործը:

Կարճ շաբաթների ընթացքում, ինչպես ՀՔԾ և ԱԱԾ հայտարարությունների, այնպես էլ այդ կառույցների ղեկավարների մակարդակով գրեթե ամենօրյա ռեժիմով բացահայտվում էին Մարտի 1-ի գործի վերաբերյալ նորանոր դրվագներ: Քննությամբ պարզել էին, որ 2008 թվականի մարտի 1-ին նախորդող և հաջորդող ժամանակաշրջանում պետական կառույցների կողմից իրականացվել են իրեղեն ապացուցների կոծկման, կեղծ ապացույցների ներդրման, հետին թվով փաստաթղթերի ու օպերատիվ տվյալների կազմման, գումարի դիմաց զինծառայողների ներգրավման, ինչպես նաև բազմաթիվ այլ անօրինական գործողություններ: Արդյունքում, ինչպես հայտնի է, քրեական գործեր հարուցվեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին որոշ ենթակաների դեմ:

Քոչարյանը նախ կալանավորվեց «սահմանադրական կարգը տապալելու» մեղադրանքով, ապա կարճ ժամանակ անց վերաքննիչ դատարանի կողմից ազատ արձակվեց: Սրան ի պատասխան, Փաշինյանը մի քանի օր անց հանրահավաք հրավիրեց: Հանրահավաքի բազմամարդությունը ցույց տվեց, որ «նախկինների» դեմ պայքարի, կոռուպցիայի վերացման, թալանը վերադարձնելու և, առաջին հերթին, Մարտի 1-ի գործը բացահայտելու համար հասարակությունը միանշանակորեն կանաչ լույս է տալիս Փաշինյանին: Հանրահավաքի ընթացքում Փաշինյանը հայտարարեց, որ «Մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով բացահայտված է»:

Այդ ամիսներին, ներքաղաքական լարված մթնոլորտի պայմաններում, Փաշինյանը մի կողմից բառացիորեն հայտարարում էր, թե «Հայաստանում տեղի ունեցած քաղաքական, հանրային հնչեղություն ունեցող բոլոր ձերբակալությունների պատասխանատվությունը» վերցնում է իր վրա, հավելելով, որ ինքն է այդ ձերբակալությունների քաղաքական պատասխանատուն (11.09.2018), իսկ մյուս կողմից իր բոլոր անհաջողություններն ու անգործունեությունը սկսում և մինչ օրս շարունակում է մեկնաբանել որպես «նախկինների ամենօրյա ռևանշ» կամ «նախկինների ժառանգություն»:

Հաջողությամբ անցնելով 2018 թվականի Երևանի ավագանու և Ազգային ժողովի ընտրությունների միջով, Փաշինյանը, ըստ էության, ողջ 2019 թվականը զբաղված էր Քոչարյանին քաղաքական գործոն դարձնելով: Այդ ընթացքում սեփական քաղաքական շահերը ծանրութեթև անելով, ինչպես նաև արտաքին ուժերի մեսիջները «վերլուծելով», Փաշինյանը հասկացավ, որ Մարտի 1-ի գործի բացահայտումը բոլորովին իր շահերից չի բխում:

Փաշինյանը հասկացավ, որ մի կողմից Գործի լիարժեք բացահայտումն իր թիկունքում մշտական լարված ներքաղաքական օջախ է առաջացնելու, իսկ մյուս կողմից, վերջին հաշվով, դատական կարգով ապացուցվելու է, թե ինչ մակարդակի բռնաճնշումներ ու այլ ապօրինություններ են իրականացվել այն ժամանակվա համաժողովրդական շարժման ու այն ղեկավարողների դեմ, ինչը բոլորովին իր՝ Փաշինյանի քաղաքական շահերից չէր բխում այլևս: Այլ կերպ ասած՝ Փաշինյանը հասկացավ, որ Մարտի 1-ի գործն իր համար ընդամենը ժառանգված գլխացավանք է, և որ անիմաստ է պետական կառույցների ներուժը կիրառել նման ծավալուն ու «ոչ նպատակահարմար» գործը բացահայտելու համար: Բացի այս, հընթացս Փաշինյանին չէր կարող «չտանջել» հետևյալ հարցը. «Իսկ եթե մի օր էլ ես կանգնեմ Մարտի 1 իրականացնելու ընտրության առջև»… Ու սա այն դեպքում, երբ այլևս օրենսդրական խոչընդոտներ չկան արտակարգ դրություն հաստատելու կամ զինված ուժերն օգտագործելու հարցերում:

Արդյունքում, հրապարակայնորեն, իբր` վճռականորեն, առաջ էր տարվում Մարտի 1-ի գործի բացահայտման հրամայականը, իսկ գործողություններով արվում էր ճիշտ հակառակը:

Առաջինը, ինչ պետք է արվեր, դա Մարտի 1-ի գործի վերաբերյալ հասարակության հետաքրքրությունը սպառելն էր: Իսկ դրա համար պետք էր ընդամենը անլրջացնել այդ գործը: Դա առաջին հերթին լուծվեց դատական նիստերը շոուների վերածմամբ, ինչպես նաև անեկդոտների վերածված «բռնել-բաց թողնելու» ընդհանուր պրակտիկայով: Դրան զուգահեռ, «Գործը բացահայտված» է մոլորեցնող կարգախոսով, լուծվեց նաև Մարտի 1-ի տուժածներին և իրավահաջորդներին փոխհատուցում տալու հարցը, որով, ըստ էության, այդ մարդիկ հայտնվեցին բարոյական կապանքների մեջ: Ի դեպ, փոխհատուցում տրամադրելու հարցը կուլիսային եղանակներով առաջ էր տարվում նաև Սերժ Սարգսյանի կառավարման վերջին տարիներին և կտրականապես մերժվում էր:

Երբ արդեն մի քանի շրջապտույտից հետո պարզ դարձավ, որ Մարտի 1-ի գործով անցնող մեղադրյալների բախտը պետք է վիճարկվի Սահմանադրական դատարանում, իշխանություններն ու անձամբ Փաշինյանը իրենց ողջ ներուժով սկսեցին պրոպագանդել ՍԴ-ի կազմը փոխելու անհրաժեշտությունը: Այդ նպատակով փորձ արվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվե իրականացնել, որը, սակայն, տապալվեց համավարակի պատճառով: Հաջորդ քայլով իշխանություններն այդ հարցը լուծեցին զուտ օրենսդրական փոփոխություններով, ապա ընտրեցին իրենց նախընտրած ՍԴ-ի կազմը: Արդյունքում Փաշինյանի պատասխանատվությամբ «բացահայտված» մեղադրյալ Քոչարյանն արդարացվեց նույն Փաշինյանի կողմից ձևավորած Սահմանադրական դատարանի միջոցով: Սրանից լավ քաղաքական, այն էլ` նախընտրական նվեր Քոչարյանը չէր էլ կարող երազել:

Այժմ, արդեն, Մարտի 1-ը բացահայտելու վճռականությամբ իշխանության եկած փաշինյանական իշխանությունների մոտ Մարտի 1-ի հետաքրքրությունը (իրականում` գլխացավանքը) սահմանափակվում է զուտ ՄԻԵԴ-ում ժամանակ առ ժամանակ հրապարակվող վճիռներով:

Բա իմացա՞ք, վերջերս Փաշինյանին էլ են արդարացրել»:

Նախորդ հոդվածըՔարերը նետելու ժամանակը եւ քարերը հավաքելու ժամանակը (Ժող. 3.5)
Հաջորդ հոդվածըՊաշտոնական. Ռուսաստանի ֆուտբոլային հավաքականներն ու ակումբները հեռացվեցին բոլոր միջազգային մրցաշարերից