Հարութ Ուլոյան․ Հուսամ՝ այդ մարդիկ իրենց միասնական բողոքը կարտահայտեն գործի անփառունակ տապալման վերաբերյալ

869

Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրում է․

14 տարի առաջ հազարավոր մարդկանց ներկայությամբ, պետական բոլոր կառույցների ներգրավմամբ, ինչպես նաև այդ կառույցների կողմից ապօրինի ձևավորված կազմավորումների մասնակցությամբ Երևանի կենտրոնում իրադարձություններ են զարագանում, որի հետևանքով 10 մարդ է զոհվում, հարյուրավոր մարդիկ մարմնական վնասվածքներ են ստանում, ընդդիմության տասնյակ ներկայացուցիչներ հայտնվում են բանտերում:

Եթե 10 տարի շարունակ այդ դեպքերի մեղավորությունն ուղղվում էր բացառապես ընդդիմադիր դաշտ, ապա այժմ ներկայիս իշխանություններին հատուկ անհեթեթ դրսևորումներն ամրապնդվել են նաև հենց տվյալ` Մարտի 1-ի գործում:

Նույն ներկա իշխանությունների կողմից, իրենց իսկ ձևավորած ու օծած դատարանների միջոցով արդարացվում են այն ժամանակվա թե´ ընդդիմադիր, թե´ իշխանության ներկայացուցիչները: Անհեթեթության մակարդակը պատկերացրեք:

Նախկին իշխանությունները համարում էին, որ մեղավոր են ընդդիմադիրները, առաջին հերթին` ներկայիս վարչապետը, իսկ ներկայիս վարչապետը համարում էր, որ մեղավոր են նախկին իշխանությունները: Արդյունքում նախկին ընդդիմադիրը դառնում է վարչապետ ու արդարացնում թե´ ընդդիմությանը, թե´ իշխանությանը: Արդյունքում ի՞նչ է ստացվում: Ստացվում է այն, որ մեղավորը հանրահավաքներին մասնակից ժողովուրդն էր:

Ժամանակին ոմանք նման արտահայտություն էին արել. «Թող չգնային հանրահավաք, չէին զոհվի»: Փաշինյանն, ահա, ըստ էության, դատական կարգով հենց այս արտահայտությունն է հիմնավորել:

Ավելին: Իրադարձությունների զարգացմանը քիչ թե շատ հետևող մարդ չի կարող չհամաձայնել, որ 2018 թվականից հետո Մարտի 1-ի գործով այն ժամանակվա ընդդիմադիր գործիչների վերաբերյալ արդարացման վճիռները ոչ թե ներկայիս իշխանությունների սկզբունքային դիրքորոշման հետևանք են, այլ արդյունք են միմյանց փոխլրացնող հետևյալ 2 գործոնների:

1. Դեռ 2008 թվականից սկսած բանտարկված ընդդիմադիր գործիչները դիմում էին Եվրոպական դատարան` արդարացում փնտրելու հույսով: Եվ անկախ ներկայիս իշխանությունների կամքից, այդ վճիռները սկսեցին հրապարակվել 2018 թվականից սկսած:

2. Տվյալ գործերով որպես շահառու է անցնում նաև Փաշինյանը: Եվ, վստահաբար, ընդդիմադիրներին արդարացնելու գործընթացի վերաբերյալ նրա հետաքրքրությունը սահմանափակվում էր հենց այս գործոնով:

Հավատացած եղեք, եթե ներկա իշխանությունների կամքից անկախ վերոգրյալ երկու գործոնները չլինեին, Փաշինյանը երբեք չէր թաթախվի ընդդիմադիրներին արդարացնելու գործընթացում, և նրա միակ առաքելությունը կմնար իր իսկ կողմից ձևավորած ՍԴ-ի միջոցով Քոչարյանին ու վերջինիս ենթականերին արդարացնելը:

Սա զուտ քաղաքական տեսանկյունից: Ինչ վերաբերում է բարոյական հարթությանը, ապա այստեղ ամենացավալին այն է, թե ինչ մեթոդով Փաշինյանի կառավարությունը լռեցրեց Մարտի 1-ի զոհերի հարազատներին:

Հույս տալով այդ մարդկանց, թե գործն արդեն բացահայտված է ու զուտ տեխնիկական հարցեր են մնացել, Փաշինյանի կառավարությունն ուղղակի կաշառեց այդ մարդկանց` որպես տուժողների իրավահաջորդների տրամադրելով փոխհատուցում:

Այդ հարգարժան մարդիկ, որոնք 10 տարի շարունակ պայքարում էին գործի բացահայտման համար, հուսամ, վաղ թե ուշ հասկանալով, թե ինչ գործարքի մեջ է ներքաշել իրենց Փաշինյանը, դուրս կգան հոգաբանական կապանքներից և իրենց միասնական բողոքը կարտահայտեն գործի անփառունակ տապալման վերաբերյալ:

Նախորդ հոդվածըԲըլթ-19. ՉԻ
Հաջորդ հոդվածըՎահրամ Աթանեսյան. Հայաստանը նախ ապադեբիլացման փուլ պիտի անցնի. ԱլիքՄեդիա