‘Հարութ Ուլոյան. ՀՀԿ-ն անճարակությունից կրկին հիշել է 90-ականների «թալանը»’

5430

Հարութ Ուլոյանը Facebook սոցցանցի իր էջում գրում է.

«ՀՀԿ-ն անճարակությունից կրկին հիշել է 90-ականների «թալանը», 1995, 1996թթ. ընտրությունները, «ցուրտ ու մութը», և այդ խեղաթյուրված «հուշերը» որպես արգումենտ է ներկայացնում` սահմանադրական փոփոխությանը դրական երանգներ հաղորդելու համար:

Թե ՀՀՇ-ն ու 90-ականները ի՞նչ կապ կարող են ունենալ ներկայիս սահմանադրական փոփոխությունների հետ՝ այդ աբսուրդը մի կողմ թողնենք:

Նախ՝ արձանագրենք որոշ փաստեր ու պատկերացում կազմենք, թե որքանո՞վ է ՀՀԿ-ն պատասխանատու 90-ականների «չարագործությունների» համար:
1. ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը եղել է 90-ականների իշխանության ազդեցիկ ֆիգուրներից մեկը: 
2. ՀՀԿ-ն ՀՀՇ-ի հետ եղել է 90-ականների իշխանական դաշինքի մեջ:
3. 1996թ. ՀՀԿ համագումարը, հատուկ որոշմամբ, պաշտպանել է Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը` նախագահի պաշտոնում:
4. 1996թ. ԱԺ դեպքերից հետո Սերժ Սարգսյանը ինքն է բառացի խոստովանել, որ «արյունահեղությունից» հնարավոր է եղել խուսափել բացառապես Լևոն Տեր-Պետրոսյանի սառնասիրտ կեցվածքի հետևանքով: Այսինքն` ուժայինները պատրաստ են եղել «արյունահեղություն» իրականացնելու:
5. 1995, 1996թթ. «կեղծված» ընտրությունների հետևանքով ներկայիս ՀՀԿ վերնախավի բազմաթիվ ներկայացուցիչներ դարձել են պատգամավորներ կամ պահպանել են իրենց զբաղեցրած պաշտոնները:

Եվ ամենագլխավորը. ՀՀԿ-ի գնահատականը «ցուրտ ու մութ» տարիների մասին. 
«Մութ ու ցուրտ» տարիներ չեն: «Մեր գնահատականով, և կոնկրետ՝ իմ գնահատականով, դա հաղթանակի տարիներ էին». Է. Շարմազանով (2014թ.):
Սերժ Սարգսյանի գնՀատականը.
«Անկախության առաջին հինգ տարիներին մեր ժողովուրդը ծանրագույն փորձությունների դիմակայեց: Հաղթանակ կերտեց պարտադրված պատերազմում: Ավերվող տնտեսության փլատակներից ազատական տնտեսության հիմքերը դրեց: Ստեղծեց անկախ երկրին բնորոշ պետական կառույց, քաղաքական հաստատություններ, ստեղծեց բանակ:… Հենց այդ տարիներին հայ ժողովուրդը սաղմնավորեց ապագա տասնամյակների ընթացքում մեր կյանքի ու գործունեության հիմնական կռվանները: Ամենայն լավն ու բարին» (15.12.2012թ.)»:

 

Նախորդ հոդվածը‘Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ’