Հարութ Ուլոյան. 34 տարի առաջ սկիզբ առավ Արցախյան շարժումը

923

Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրում է.

«1996 թվականին «Մոսկովսկի նովոստի» թերթին տված հարցազրույցում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանում է Կոմիտեի պառակտմանն ու վերամիավորման հնարավորությանը վերաբերող հարցերին.

« — Ինչպե՞ս պատահեց, որ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամներն այսօր դարձել են հակառակորդներ: Պառակտման պատճառը միայն իշխանության ծարա՞վն է:

— Ոչ, չեմ ուզում այդպես պարզունակացնել: Գուցե պատճառն իրենց խոր, անկեղծ համոզմունքն է, որ իրենք ամեն բան կանեին շատ ավելի լավ, քան մենք: Ըստ իս, Հայաստանում արտառոց ոչինչ չի կատարվել: Բոլոր հեղափոխություններն ունեն իրենց տրամաբանությունը: Այն սկսում են որոշ մարդիկ, իսկ ինչ-որ ժամանակ անց նրանցից քչերն են մնում: Ե´վ «Սոլիդարնոստը», և´ մերձբալթյան ժողովրդական ճակատներն անցան դրա միջով: Այնպես որ, զարմանալ կարելի է միայն, որ Հայաստանում դա կատարվեց ուշ: Եռամյա համատեղ աշխատանքը փոքր ժամկետ չէ: Այն, որ մենք աշխատում էինք «Ղարաբաղ» կոմիտեում, նրա բոլոր անդամների մեծ ծառայությունն է: Կոմիտեն յուրօրինակ քաղաքական համակարգ էր, ուր մեզնից յուրաքանչյուրն ուներ իր կշիռն ու դերը:

— Կարելի՞ է ասել, որ դուք բարեկամներ էիք:

— Բարեկամներ` աշխատանքի բերումով, այո, իսկ անձնական առումով` ոչ, քանի որ մեզնից յուրաքանչյուրն ուներ իր բարեկամները: Կոմիտեում մենք համախմբվեցինք գաղափարի շուրջ:

— Պառակտումը Կոմիտեի անդամների միջև վերջնակա՞ն բնույթ ունի: Կարելի՞ է ենթադրել, որ երբևէ դուք դարձյալ միասին կլինեք:

— Մենք նույն ծառի պտուղն ենք և մենք բոլորս չափազանց հաստատակամ մարդիկ ենք: Բացի այդ, ըստ իս, դուք անհնարինն եք պահանջում: Մի՞թե Վալենսան, Գամսախուրդիան կամ Ելցինն այսօր կկարողանային հավաքել իրենց բոլոր կողմնակիցներին: Նշանակում է` գոյություն ունի ինչ-որ օրինաչափություն»»:

Թարգմանությունը` «Ազգ», 1996թ.

Լուսանկարը` Զավեն Խաչիկյանի

Նախորդ հոդվածը«Ժամանակ» թերթի հարցազրույցը Արման Գրիգորյանի հետ
Հաջորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդը» պարտության մատնեց «Լիդս Յունայթեդին»՝ 4։2 (տեսանյութ)