‘Հարութ Սասունյանը՝ որպես Սերժ Սարգսյանի փաստաբան’

1850

Ս. Սարգսյանի գրեթե ամեն մի հրապարակային հայտարարություն, հատկապես եթե արված է բանավոր, առանց ընթերցելու նախօրոք գրված տեքստը, առիթ է տալիս տարաբնույթ մեկնաբանությունների: Ապահովելու համար նման իրավիճակներում դրական ելքեր ոչ միանշանակ հայտարարություններից հետո, Ս. Սարգսյանը կարիք ունի խոսնակներից, քաղաքագետներից եւ վերլուծագանգերից կազմված մի հոծ բանակի, որոնք անհարմար իրավիճակից դուրս գալու համար պետք է հասարակությանը ներկայացնեն խոսքի՝ իրենց հարմար մեկնաբանությունը:

Բոլորս հիշում ենք, որ այդ անշնորհակալ գործով երկար զբաղվեցին Հայաստանում տարիներ շարունակ ապրող, բայց մայրենին չսերտած քաղաքագետներ Ա. Իսկանդարյանն ու Ռ. Կիրակոսյանը՝ հայ-թուրքական ի սկզբանե մեռելածին նախաձեռնության ընթացքում: Իրենց իսկ հեղինակության հաշվին, նրանք փորձում էին արդարացնել Ս. Սարգսյանի ձախողված քաղաքականությունը՝ սա ներկայացնելով իբրեւ առաջադիմական: Ս. Սարգսյանի համար կարեւոր այդ ժամանակաշրջանում ասպարեզ մտան նաեւ իշխանամետ թուրքագետներ՝ Հ. Դեմոյան, Շաքարյանց, Ռ. Սաֆրաստյան, Ռ.Մելքոնյան, որոնցից ոչ մեկը փորձ չարեց ետ կանգնեցնել ՀՀ իշխանություններին` հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողով ձեւավորելու նախաձեռնությունից: Նրանք բոլորը պատասխանատվություն են կրում (առնվազն՝ բարոյական) Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստեղծված այս փակուղու, ինչպես նաեւ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը դադարեցնելու համար: Նրանցից ոչ մեկն այսօր չի համարձակվում պատասխանել Հայաստանի հասցեին ժամանակ առ ժամանակ Թուրքիայից հնչող վիրավորական հայտարարություններին: Հասարակության շրջանում անհայտ մնաց, թե ինչն էր պատճառը, որ հարգարժան այդ գիտնականները շեղվեցին ակադեմիական ուղուց եւ չքննադատեցին իրենց համոզմունքների հակառակ հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ ՀՀ իշխանությունների համաձայնությունը:

Հիմա, երբ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթաց չկա որեւէ երկրում, եւ այդ թեման, կարծես, կորցրել է միջազգային ակտուալությունը, Ս. Սարգսյանի արտաքին քաղաքականության խորհրդականների եւ օգնականների խումբը մի նոր նախաձեռնություն է ասպարեզ նետում՝ առաջ քաշելով պահանջատիրության թեզը:

Այդ փորձնական քայլերը որոշել են իրականացնել Ս. Սարգսյանի նորահայտ երկրպագուի օժանդակությամբ. Թուրքիայի վրա «ճնշման նոր լծակի» ավետիսն առաջինը բարձրաձայնեց հեռավոր Կալիֆորնիայի ներկայացուցիչ Հարութ Սասունյանը: Առանց Երեւանի հրահանգի՝ հայաստանյան որոշ լրատվամիջոցներում ավելի եւ ավելի հաճախ երեւացող Հ. Սասունյանը դժվար թե հնչեցներ նման պահանջներ Թուրքիայի նկատմամբ: Ս. Սարգսյանի խորհրդատուների պատկառելի խումբը որոշել էր փորձնական գործողություններն անել նախ սփյուռքահայի ձեռամբ, ապա հանձնարարել նման ելույթով հանդես գալ ՀՀ գլխավոր դատախազին: Դրանով ակնհայտ դարձավ, որ Հ. Սասունյանի վաղեմի անաչառությունն ու անկախությունը պաշտոնական Երեւանից` այլեւս անցյալում են, հիմա նա, կարծես, նախագահի աշխատակազմի արտահաստիքային հերթական ներկայացուցիչը լինի: Հաշվի առնելով, որ արտաքին հարցերով առանց դրա էլ օգնականների մի մեծ խումբ կա (ԱԳՆ նախկին աշխատակիցներ Նաիրի Պետրոսյան, Վարուժան Ներսիսյան, Արտակ Ապիտոնյան,

 

Ռ. Քոչարյանի նախկին օգնական, ապա Ս. Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, կարծես, Հ. Սասունյանին փորձաշրջան է տվել՝ արդարացնելու համար Սերժ Սարգսյանին անմնացորդ ծառայելու հավատարմությունը:

Հենց այդ փորձաշրջանի շրջանակներում է, որ Հարութ Սասունյանը հիմա էլ սկսեց մաքրել իր շեֆի հերթական ձախողված՝ Ի. Ալիեւին որպես Ադրբեջանի նախագահ տեսնելու վերաբերյալ հայտարարության հետեւանքները:

Թվում էր` ի՞նչ կապ ունի Սասունյանն այս խնդրի հետ, սակայն հենց նա կանգնեց Ս. Սարգսյանին արդարացնողների առաջին գծում եւ «Ազատություն» ռադիոկայանին տվեց բացատրութուններ, թե ինչ նկատի ուներ Ս. Սարգսյանը` նման կարծիք արտահայտելով: Նա «խորը իմաստ» է տեսել Ս. Սարգսյանի «նուրբ» հայտարարության մեջ: Նույնիսկ ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչներն այդքան չէին գովի Ս. Սարգսյանին, որքան Հ. Սասունյանը՝ այդ հայտարարության կապակցությամբ:

Վերջինս, թերեւս, մոռացել է, որ իր այսօրվա շեֆի ջանքերով է իր հայրենիքում՝ ԱՄՆ-ում հայկական համայնքի դերակատարումն ու նշանակությունը կտրուկ անկում ապրել: Չի հիշում, որ Ս. Սարգսյանի վարած ապաշնորհ քաղաքականության հետեւանքով առաջին անգամ ԱՄՆ նախագահի թեկնածուներից եւ ոչ մեկը չդիմեց հայկական համայնքին, իսկ Հայոց ցեղասպանության հարցն այլեւ օրակարգային չէ ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ աշխարհի որեւէ պետությունում: Սասունյանը նաեւ անտեսում է, որ Ադրբեջանի բռնապետի համար Ս. Սարգսյանի այս հակագովազդը որեւէ ազդեցություն չէր ունենալու, որովհետեւ կորչելու էր լրահոսում, իսկ Ադրբեջանի ընդդիմությունն էլ այնքան թույլ ու պառակտված է, որ չի կարողանալու օգտվել այդ «անսպասելի» նվերից:

Այսքանից հետո միայն կարելի է ափսոսանք հայտնել, որ որոշակի դերակատարություն ունեցող սփյուռքի գործիչներն իրենց համայնքային կապիտալն ու հեղինակությունը ներդնում են այնպիսի ձախողված գործիչների համար, ինչպիսին Սերժ Սարգսյանն է: Պարոն Սասունյանին մեկ հարց է մնում տալ. հինգ տարվա մեջ կարո՞ղ եք մտաբերել գեթ մեկ հաջողված արտաքին քաղաքական նախաձեռնություն Ս. Սարգսյանի կողմից:

Ուշադիր կսպասենք պատասխանի:

Մկրտիչ Սարգսյան

Նախորդ հոդվածը‘Փուչիկը թանկացել է, ՀՀԿ ջահելները գների մեջ «չեն տեղավորվում». Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ առաջարկը մերժվեց. Նվազագույն աշխատավարձը կբարձրանա 5000 դրամով’