‘Հարութ Սասունյան. Ցեղասպանության ճանաչում պահանջելն անիմաստ է ‘

1582

Հայաստանը փոքր պետություն է, բայց նույնիսկ այս պարագայում չի վարվում իր կարողություններին համապատասխան: Ինչպես հաղորդում է ilur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր, հոկտեմբերի 9-ն, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը՝ կարծիք հայտնելով Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության մասին:

«Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում ոչ մեծ նվաճումներ կան, ոչ մեծ ձախողումներ, սակայն ժամանակ առ ժամանակ կարելի է ավելի խիզախ վարվել՝ առանց ծայրահեղությունների գնալու», — նշեց Սասունյանը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին՝ Սասունյանը կարծիք հայտնեց, որ արդեն իմաստ չունի ճանաչում հետապնդել, քանի որ «հետևում ենք մի բանի, որ արդեն ստացել ենք»:

«Թուրքերն ուրախանում են, որ այդ փուլի վրա կանգնում է մեր պահանջատիրությունը: Դա քիչ արժեք ունի, որովհետև աշխարհը գիտի, մենք գիտենք, որ ցեղասպանություն եղել է: Չենք կարող թուրքերին ուժով ստիպել ճանաչել ցեղասպանությունը», — ասաց Սասունյանը:

Բանախոսի համոզմամբ՝ Հայաստանի կառավարությունը պետք է հետապնդի արդարության պահանջ: Սասունյանը համաձայն է, որ «արդարությունը» ոչ հստակ տերմին է, բայց այն ավելի ձեռնտու է, քան «ճանաչումը»:

«Արդարությունն այն է, որ մենք վերստանանք բոլոր բաները, որ կորցրել ենք ցեղասպանության ընթացքում. մեր եկեղեցիները, մեր Արևմտահայաստանը, հողային տարածքները, բանկային գումարները: Պետք է ոչ միայն պահանջենք, այլև դատական միջոցներով հետապնդենք», — եզրափակեց խմբագիրը:

Նախորդ հոդվածը‘Հիտլերը ԲԱՏԵ — «Բավարիա» հանդիպման մասին’
Հաջորդ հոդվածը‘Սիրիացի ապստամբները սաուդյան զենք են ձեռք բերել ‘