‘«Հարսնաքարի» գործով ամբաստանյալի պաշտպան. «Վճիռը պայմանավորված էր հասարակության տրամադրությամբ»’

905

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց «Հարսնաքարի» գործով բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ բոլոր վեց ամբաստանյալների պաշտպանները բողոք էին ներկայացրել՝ պահանջելով կա՛մ արդարացնել իրենց պաշտպանյալներին, կա՛մ իրավական ճիշտ որակում տալ արարքին:

Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանի ուշադրությունը կրկին հրավիրեց գործի՝ հանրային հնչեղություն ձեռք բերած լինելու հանգամանքի վրա:  Նա նշեց, որ մարտի 24-ին առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից կայացված նման դատավճիռը նպատակ էր հետապնդնում բավարարելու հասարակության դժգոհ ներկայացուցիչների կամքը, այլ ոչ թե արդարադատության պահանջը: «Ինչ վերաբերում է դատաքննությանը, այն պայմանավորված էր  հասարակության տրամադրությամբ: Ինչո՞ւ առանց բավարար հիմքներ ունենալու 6 տղաները ձերբակալվեցին հենց Վահե Ավետյանին մարմնական վնասվածք հասցնելու համար: Այն պատճառով, որ դա հասարակության պահանջն էր»,- նշեց նա:

Փաստաբանը տուժող կողմին մեղադրեց հասարակությանը դատարանի վրա ճնշում գործադրելու նպատակով օգտագործելու, իսկ գործով դատախազ Արթուր Դավթյանին՝ Նորայր  Հայրապետյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու համար: «Դատավճիռը հիմնավորված չէ, քանի որ որոշումը չի կայացվել հետաքննված ապացույցների հիման վրա, իսկ այդ ապացույցների հիմնավորումը իրականացվել է կամայականորեն»,- հավելեց նա:

Նշենք նաեւ, որ Երեմ Սարգսյանը այսօր ստանձնեց նաեւ ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպանությունը:

Հիշեցնենք, որ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը վերաքննիչ դատարանում պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, վերաորակել մեղադրանքը եւ համապատասխան պատիժ նշանակել: Արման Բաղդասարյանի, Արթուր Բաբլոյանի պաշտպանները պահանջում են իրենց պաշտպանյալներին անմեղ ճանաչել, իսկ Դավիթ Ադամյանի պաշտպան Մարինե Թովմասյանը պահանջում է Ադամյանին կա՛մ անմեղ ճանաչել, կա՛մ էլ պատժել կատարվածի չափով: Վահե Ավետյանի սպանությունը իր վրա վերցրած Նորայր Հայրապետյանի փաստաբան Երեմ Սարգսյանը իր հերթին բողոք էր ներկայացրել՝ պահանջելով ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ամբողջությամբ բեկանել եւ Հայրապետյանին մեղավոր ճանաչել միայն քր. օրենսգրքի 122 եւ 118 հոդվածներով:

Տուժող կողմը, իր հերթին, բողոքարկում է քաղաքացիական հայցի՝ առանց քննության թողնելը, ինչպես նաեւ ընդհանուր իրավասության դատարանի կողմից թույլատրված բացթողումները, որոնց դատարանը չի անդրադարձել եւ չի գնահատել:

Մայիսի 24-ին բոլոր 6 ամբաստանյալները դատապարտվել էին 12-ական տարվա ազատազրկման և 100 հազար-ական դրամ տուգանքի: Իսկ դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից վճիռը հրապարակելուց հետո նույն մարդիկ սկսել էին հայհոյել եւ սպառնալ լրագրողներին, ինչպես նաեւ տուժող կողմի ներկայացուցիչներին: Ավելին՝ Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը դատական դահլիճում փորձել է հարձակվել փաստաբան Տիգրան Եգորյանի վրա, սակայն ոստիկանները կարողացել են հանդարտեցնել ամբաստանյալին: 

 

Նախորդ հոդվածը‘ԱԱ-2014-ին ընդառաջ. Հունաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՏՄ ստեղծման շուրջ պայմանագրին Հայաստանի միանալու ընթացակարգը կավարտվի մինչև հուլիսի 1-ը. Վալովայա’