‘«Հարսնաքարի» գործով դատավորը «ծախսում է» կուտակած միլիոնները’

1601

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը սկսնակ է: 2010թ. օգոստոսին ավարտել է ՀՀ դատական դպրոցը, իսկ 2011թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել դատավոր: Դ. Հարությունյանը հայտնի դարձավ հատկապես «Հարսնաքարի» գործից հետո. նա է նախագահող դատավորը:

Մինչ դատավոր նշանակվելը 30-ամյա Դավիթ Հարությունյանը աշխատել է որպես քննիչ:

Ոսումնասիրելով նրա գույքի ու եկամուտների հայտարարագիրը՝ պարզվեց, որ Դ. Հարությունյանը 2011թ. 19 մլն 600 հազար դրամով ձեռք է բերել բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք՝ 47.8 քմ մակերեսով, ինչպես նաև 49 մլն 700 հազար դրամով 202.9 քմ մակերեսով բնակարան: Բացի դրանից՝ նա ունեցել է 5 անուն անշարժ գույք:

Դավիթ Հարությունյանը 2011թ. գնել է նաև «Mitsubishi Pajero 3.5» մակնիշի ավտոմեքենա, որն արժեցել է 50 հազար դոլար:

Նշված տարում դատավորը հայտարարագրել է ընդամենը 4 մլն 717 հազար 143 դրամի եկամուտ, որը իր աշխատավարձն է:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա Դավիթ Հարությունյանը 2011-ի սկզբին ունեցել է 100 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 15 մլն, ինչպես նաև 220 հազար դոլար:

Դ. Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Մանթաշյանը, 2011թ. ոչ մի եկամուտ չի ունեցել, փոխարենը նրա հաշվին եղել է 15 մլն դրամ և 477 հազար դոլար:

Ռուբեն Վարդանյան

hetq.am

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը ԱՄՆ-ում բավականին տհաճ զրույց է ունեցել բողոքի ակցիայի մասնակիցների հետ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կարլոս Տեւեսը` Բալոտելիին. Ուղեղդ աշխատացրու. Տեսանյութ’