‘«Հարսնաքարի» գործով տուժող. Խառը ծեծում էին՝ ամեն մեկի վրա հինգ-վեց հոգի լցված’

952

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի հետևանքով սպանված զինվորական բժիշկ Վահե Ավետյանի գործով հերթական նիստում այսօր շարրունակվեց տուժող Գարիկ Սողոմոնյանի հարցաքննությունը, գրում է lragir.am-ը:

Հարցեր էին ուղղում մեղադրյալների պաշտպանները: Վերջիններս, հիմնականում, հղում էին այնպիսի հարցեր, որոնց մեծ մասին տուժողի պատասխանը հետևյալն էր. «ես արդեն պատասխանել եմ այդ հարցին»:

Տուժող Սողոմոնյանը, այդուհանդերձ, ստիպված եղավ վերհիշել այդ չարաբաստիկ օրվա որոշ մանրամասներ: Առավել ուշագրավ էր մեղադրյալ Դավիթ Ադամյանի (մատուցող) պաշտպանի հարցն այն մասին, թե ինչ ազդեցություն կարող էր ունենալ Ավետյանի մահվան վրա այն փաստը, որ նրան մյուս տուժողները տեղափոխել են հոսպիտալ, այսինքն տեղաշարժել են.

«Վահեին հիվանդանոց տեղափոխելիս պահպանե՞լ եք անհարժեշտ պայմանները»: Սա զայրույթով ընդունվեց ոչ միայն վկայի, այլ նաև մյուս տուժողների կողմից:  «Միանշանակ այո՛, մենք չլինեինք Վահեն հոպիտալ էլ չէր հասնի. Արտակը գլուխն էր ֆիքսել, ես ձեռքից բռնած պուլսն էի հսկում:»

Սպանված բժշկի ընկերը կրկին զարմանքով հիշեց կատարվածը` չգտնելով որևէ բացատրություն դրա համար: «Չէի պատկերացնում, որ էտքանը մեր համար են հավաքվել»,- ասաց Սողոմոնյանը և նշեց, որ մոտավորապես երեսուն հոգի կային մուտքի մոտ, բայց ծեծում էին տասնհինգ-քսան հոգի:

Նա կրկին նշեց, որ ինքը հանգիստ զրուցելիս է եղել ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի հետ. «Ընկերոջդ ասա պետք չի էլի տեղ զանգի նորմալա»,- ասել է Հայրապետյանը: Սակայն հասնելով ծեծկռտուքի վայր՝ նա անսպասելի սկսել է հարվածել նախ մյուս տուժողներին, ապա շուռ է եկել և հարվածել իրեն: 

Մյուս տուժողը` Արտակ Բայադյանը, դատարանում արդեն ցուցմունք էր տվել, որ իր տպավորությամբ, Նորայր Հայրապետյանը ձև է արել, թե ամեն ինչ նորմալ է, որ տանի այլ տեղ և ծեծի ենթարկի: Ըստ տուժողՍողոմոնյանի՝ ամբաստանյալ Հայրապետյանի հարվածներից ինքն ընկել է, հետո երբ բարձրացել է՝  դիմացից ու կողքերից նրան շարունակում էին հարվածել:

Մեղադրյալ Դավիթ Ադամյանը, ով եղել էր այն մատուցողը, ով հարվածել էր Ավետյանին, ինչից էլ սկսել էր կոնֆլիկտը, հարցրեց վկային, թե արդյո՞ք նա տեղյակ է, որ Ավետյանը հաշիվը փակել է հայհոյանքներով:

«Առաջին անգամ ձեզնից եմ նման բան լսում»-, պատասխանեց տուժողը, նա մի քանի անգամ նշեց, որ իրենց կողմից որևէ հայհոյանք չի եղել:

Բոլոր մեղադրյալների պաշտպաններն էլ հետաքրքրվում էին տուժողից, թե արդյո՞ք նա տեսել է իրենց պաշտպանյալի գործողությունները. ում է հարվածել, ինչ է արել: «Խառը ծեծում էին՝ ամեն մեկի վրա հինգ-վեց հոգի լցված, էտ խառնաշփոթի մեջ հնարավոր չէր տեսնել, թե ով ումա խփում, ի վիճակի չէի»,- պատասխանեց տուժողը:

Ըստ երևույթին, հիմնվելով հենց այդ հանգամանքի վրա էլ՝ պաշտպանական կողմի ներկայացուցիչ փաստաբաններից մեկը հայտարարեց, որ մեղադրանքը հիմնված է որոշ խոսակցությունների վրա և չի պարզաբանավել, թե ինչ է արել իր պաշտպանյալը:

Հաջորդ նիստին, որը նշանակվեց  նոյեմբերի 27-ին, տուժողին հարցեր են ուղղելու ամբաստանյալները:

Նախորդ հոդվածը‘Մեքսիկայում մտադիր են ապամոտնաժել Ալիեւի արձանը. Բաքուն վրդովված է ‘
Հաջորդ հոդվածը‘Սաուդյան Արաբիայում կանանց նկատմամբ էլեկտրոնային հսկողություն են սահմանել ‘