‘Հարսնաքարի գործ. Բժշկի ցուցմունքը կարող է մեղադրանքը խստացնելու հիմք դառնալ’

1311

Զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժական բաժանմունքի պետ, բժշկական գիտությունների թեկնածու Արման Հակոբյանը այսօր Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում հայտարարել է, որ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը անցյալ տարվա հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած ծեծի հետևանքով ստացել է գլխուղեղի մահ: Տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն: 

Բժիշկը վերահաստատել է նաև, որ նման վնասվածքից ապաքինվելն անհնար է:«Մի կիսագունդը այնքան էր այտուցված, որ ներհրվել էր մյուս կիսագնդի մեջ 4 սանտիմետրով»,- մանրամասնել է մասնագետը: 
Պատասխանելով ամբաստանյալների պաշտպանների հարցերին՝ բժիշկ Հակոբյանն ասաց, որ Վահե Ավետյանի վիճակը վկայում է, որ նա ստացել է շատ ուժեղ հարված: 
Բժիշկը նաեւ բացառեց ամբաստանյալների պաշտպանների հարցերում հնչող տեսակետը, թե հնարավոր է, որ Վահե Ավետյանը նման վնասվածք ստացած լիներ՝ ամբողջ հասակով գետնին ընկելու հետեւանքով: «Դա արագությամբ հասցված հարված է: Միայն այդ պարագայում, այդ կինետիկ ուժի շնորհիվ, կարող էր նման այտուց տեղի ունենալ»,- ասել է Արման Հակոբյանը:

Դատական նիստից հետո տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ բժշկի այսօրվա հարցաքննության ժամանակ հայտնած տվյալների հետեւանքը կարող է լինել ամբաստանյալներին ավելի խիստ պատիժ ենթադրող մեղադրանք առաջադրելը: 
«Մեր կողմից հրավիրված վկան հայտնել է այնպիսի տեղեկություններ, որոնք բավարար հիմք են ապահովում կասկածի տակ դնելու փորձագիտական եզրակացությունը այն մասով, որ իրականում առկա էին բոլոր այն ցուցանիշները, որոնք որ բավարար էին եւ անհրաժեշտ գլխուղեղի մահ արձանագրելու համար: Դրա հետեւանքը՝ ստացվում է, որ Վահե Ավետյանը մահացել է այդ վնասվածքը ստանալու պահին, ստացել է մահացու վնասվածք եւ առկա է արդեն սպանության հոդվածով մեղադրանք առաջադրելու հնարավորություն»,- ասել է փաստաբանը:

Հաջորդ դատական նիստը նշանակված է հաջորդ երեքշաբթի:

Նախորդ հոդվածը‘Հրաչյա Հարությունյանի մասին ընտանիքը ոչ մի տեղեկություն չունի. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Կճոյանը փախել է հանդիպումից. Մամուլ’