‘«Հարսնաքարի գործ». Դատախազը 13 տարի պահանջեց, ամբաստանյալի մայրն ուշագնաց եղավ’

1639

«Առավոտ»-ը «Հարսնաքարի» գործով այսօրվա դատավարությունն է ներկայացնում: Մեկուկես ժամ տեւեց Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեղադրական ճառով հանդես եկած դատախազ Արթուր Դավթյանի մեղադրական ճառը:  «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցյալ տարվա հունիսին բռնարարքի զոհ դարձած պաշտպանության նախարարության հոսպիտալի բաժնի վարիչ Վահե Ավետյանի, նրա 4 ընկերների դեմ կատարվածը դատախազը որակեց անձի դեմ ուղղված հանցագործություն՝ ծանր հանցագործություն: Նա ասաց, որ դատարանը մեկ տարի իրականացրեց արդարացի քննություն, բազմակողմանի ուսումնասիրվեցին բոլոր ապացույցները, որոնք ձեռք էին բերվել նախաքննության մարմնի կողմից`հաստատվեցին: Մեղադրողը հաստատված համարեց այն, որ Վահե Ավետյանի առաջարկով ընկերները գնացել են «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բացօթյա սրահ, որտեղ նրանց մոտեցած մատուցող Դավիթ Ադամյանը ասել է, որ սպորտային համազգեստով չի կարելի մտնել ռեստորանային համալիր: Վահեն գնացել է տուն, փոխվել, ապա երբ նորից վերադարձել է ռեստորան, հարցրել է Դավիթ Ադամյանից՝ գլխարկով արգելվո՞ւմ է, մատուցողը հրավիրել է բակ, բռունցքով հարվածել Վահեին, իսկ հետագայում էլ ամբաստանյալները «միասնական դիտավորությամբ, միասին ծեծի են ենթարկել Վահեին եւ նրա ընկերներին»: Մեղադրողի կարծիքով՝ բոլոր ամբաստանյալները համակատարողներ են, որոնք ունեցել են միասնական ծրագիր, միասնական դիտավորություն՝ ծեծի ենթարկել բոլորին: Ըստ տուժող Արտակ Բայաթյանի ցուցմունքի. «Էնքան խփեցին, որ բոլորս ուշագնաց եղանք: Մենք էինք գետնին ընկած, ասես ոչինչ չէր եղել: Երբ ուշքի եկանք, մեր կողքին ոչ ոք չկար»: Մեղադրող Ա. Դավթյանը անդրադարձավ սպանության հանցակազմին, այն, որ Վահե Ավետյանը հարվածներ էր ստացել, ինչը առաջացրել էր գանգուղեղի մահ, իսկ 12 օր անց կենսաբանական մահ էր եղել: Հաշվի առնելով ամբաստանյալների կատարած արարքի հանրային վտանգավորության բնույթը, նա միջնորդեց ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Նորայր Հայրապետյանին, Արման Խաչատրյանին դատապարտել ազատազրկման 13 տարի ժամկետով եւ 100 հազար դրամի չափով տուգանքով: Ի դեպ, մեղմացուցիչ հանգամանքներ չնշվեցին, դատախազը նշեց միայն, որ Գարիկ Մարգարյանից բացի, բոլորն ունեն փոքրահասակ երեխաներ: Դատախազի ճառից հետո 15 օր ժամանակ խնդրեց տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը՝ ճառի պատրաստվելու համար: Դատական նիստը ավարտվել էր, Գարիկ Մարգարյանի մայրը մոտեցավ, համբուրեց որդուն, հենց այդ պահին էլ ուշագնաց եղավ: Նրան օգնություն էին ցույց տալիս թե հարազատները, թե դատական կարգադրիչները: Կարգադրիչներից մեկը փորձում էր տեսախցիկը փակել՝ թույլ չտալով նկարահանել: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 1-ին: 

Նախորդ հոդվածը‘ԹԻՀԿ-ը Հերմինե Նաղդալյանի հարցով դիմել է Էթիկայի հանձնաժողով ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժը Հայաստան չէ, կամ` ո՞ր Հայաստանին նկատի ունի Բիլդտը ‘