‘Հարսնաքարի գործ. Դատավորը հօգուտ մեղադրյալների (Տեսանյութ)’

1540

Հոկտեմբերի 11-ին Ավան և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, տեղի ունեցավ «Հարսնաքարի գործով» հերթական դատական նիստը: Հիշեցնենք, որ նախորդ դատին ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը և Արթուր Բաբլոյանը ցանկություն էին հայտնել ցուցմունք տալու և խոստովանելու իրենց մեղավորությունը` Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին և Գարիկ Սողոմոնյանին ծեծի ենթարկելու կապակցությամբ:

Այսօրվա դատաքննության ընթացքում կողմերը հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու Արթուր Բաբլոյանին, ում ցուցմունքից անմիջապես հետո ավարտվել էր նախորդ դատը: Սակայն նա կրկին անգամ հրաժարվեց պատասխանել Վահե Ավետյանի իրավահաջորդի և մյուս տուժողների ներկայացուցիչ` Տիգրան Եգորյանի հարցերին, որոնցից երկուսը ուղղակիորեն առնչվում էին ՀՀԿ-ական պատգամավոր, Հարսնաքարի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին, ով ողջ դատական պրոցեսի ընթացքում իշխանությունների հետ միասին փորձում էր հնարավոր բոլոր տարբերակներով աղավաղել գործին առնչվող ակնհայտ փաստերը:

Տիգրան Եգորյանը ցանկացավ պարզել, թե ինչպիսին՞ է ամբաստանյալի կապը Ռուբեն Հայրապետյանի հետ, կամ ինչպե՞ս է բացատրվում Բաբլոյանի հեռախոսին Ռաֆիկ Հայրապետյանի անվամբ գրանցված հեռախոսահամարից ստացված զանգը: Տվյալ հարցերը նույնպես ուղեկցվեցին լռությամբ, որի պատճառը մինչ օրս անհայտ է: Չնայած` երեւի ոչ ոքի համար անակնկալ չէ, որ ո´չ դատարանները, ո´չ իրավապահ մարմինները և ո´չ էլ Ռուբեն Հայրապետյանի աշխատակազմը չեն կարող որևէ քայլ կատարել, առավելևս պատասխանել չնախատեսված հարցերին` առանց վերևներից ստացված թույլտվության: Այսպիսով, յուրաքանչյուր հանրային հնչեղություն ձեռք բերած դատական գործի համար իշխանությունները գծել են առանձին սցենարներ:

Ինչ վերաբերվում է ամբաստանյալների` իրենց հոգիները մաքրելու հանկարծակի ծնված ցանկությանը, Արթուր Բաբլոյանը մեկնաբանեց, որ հետևում է ընկերների օրինակին և չշեղվելով սցենարից` ամբողջ հանցանքը վերցրեց իր վրա:

Դատաքննության ընթացքում առանձնակի ուշադրություն է գրավում դատարանի կողմնակալ վերաբերմունքը հօգուտ ամբաստանյալների: Այս մասին մենք զրուցեցինք տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի հետ:

Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, գիտակցության չգալով՝ մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել է 6 մարդ:

Մարիամ Մուրադյան

Նախորդ հոդվածը‘Հայաստան 2 — Բուլղարիա 1. Ռևանշ և տոն (Ֆոտոշարք, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Մեր օրը տաբու է ‘