‘Հարսնաքարի գործ. Համաներման լույսի ներքո տրված ցուցմունքները կասկած են առաջացնում. Տեսանյութ’

1401

Այսօր Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Հարսնաքարի գործով» հերթական դատավարությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատը հետաձգվել էր մեղադրող կողմի խնդրանքով՝ միջնորդություններ ներկայացնելու նպատակով, սակայն այսօրվա դատաքննության ընթացքում ինչպես դատախազ Արմեն Մարուխյանը, այնպես էլ մյուս կողմերը  հայտնեցին, որ միջնորդություններ չունեն:

Այս իրողությունից հետո դժվար չէր չնկատել դատավորի հիասթափությունը և կարելի է ասել՝ նաև զարմանքը: Սակայն դատավոր Դավիթ Հարությունյանը հարկ համարեց ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանի, Գարիկ Մարգարյանի և Արթուր Բաբլոյանի տված ցուցմունքների հիման վրա հաջորդ դատական նիստի ընթացքում հարցաքննել նաև քրեական գործով տուժողներ ներգրավված անձանց, որպեսզի հնարավոր լինի գնահատել լրացուցիչ դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները և դրանց արժանահավատությունը: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 21-ը: 

Պաշտպանական կողմի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ արդար դատավարություն իրականացնելու նպատակով անհրաժեշտ էր դատավարության ընթացքում՝ մինչ ամբաստանյալների խոստովանությունը, արդեն իսկ անհատականացնել հանցագործությունը և յուրաքանչյուրին մեղադրել իր իսկ կատարած հանցագործության համար:

Այս մասին Վահե Ավետյանի իրավահաջորդի և մյուս տուժողների ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը iLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենք հենց նախաքննության ավարտին   20-ից ավելի միջնորդություններ էին ներկայացրել այս կապակցությամբ, նշելով, որ պետք է անհատականացնել հանցանքը, սակայն ինչ վերաբերվում է համաներման լույսի ներքո տրված ցուցմունքներին, ապա դրանց արժանահավատությունը կասկած է առաջացնում:

Անդրադառնալով այն փաստին, որ ծեծողները եղել են մոտ քսանից ավել, իսկ ներկայումս հայտնի է դառնում, որ նրանք միայն երեքն են, փաստաբանը նշեց, որ ամբաստանյալները ոչ միայն ասել էին որ 15-20 հոգի են եղել, այլ նաև մանրամասն նկարագրել էին որոշ անձանց:

Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, գիտակցության չգալով՝ մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել է 6 մարդ:

Մարիամ Մուրադյան

Նախորդ հոդվածը‘Լուկաշենկոն հիշել է ԱՄՆ-ի բանդիտական անցյալը’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցի արմատականները սպառնացել են «ռուսների նկատմամբ համանման միջոցների դիմել»’