‘Հարսնաքարի գործ. Փորձ է արվում ամբաստանյալներին համաներման տակ գցել’

1167

Այսօր Ավան և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, տեղի ունեցավ «Հարսնաքարի գործով» հերթական դատական նիստը: Նախորդ դատավարությունը, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 1-ին, հետաձգվեց՝ Վահե Ավետյանի իրավահաջորդի և մյուս տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի բացակայության պատճառով:

Նախատեսվածի համաձայն, այսօր տուժող կողմը պետք է հանդես գար ճառով, սակայն դատավարությունը մեկ այլ ընթացք ստացավ, երբ ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը և Արթուր Բաբլոյանը ցանկություն հայտնեցին ցուցմունք տալու և խոստովանելու իրենց մեղավորությունը Վահե Ավետյանի, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի ծեծի ենթարկելու կապակցությամբ:

Ամենից տարօրինակն այն, էր, որ մեղադրյալներից յուրաքանչյուրը իր հերթին նշեց, որ մեղավոր է միայն ինքը և ուրիշները չպետք է պատասխան տան չկատարած հանցանքի համար:

Փաստաբան Տիգրան Եգորյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ փորձ է արվում լուծել պատժի անհատականացման հարցը, որի պարագայում հնարավոր կլինի ամբաստանյալների նկատմամբ կիրառել համաներում, ինչպես նաև, պաշտպանության կողմը՝ մյուս շահագրգիռ կողմերի հետ միասին, փորձելու է հրարավորինս շուտ ավարտել դատաքննությունը՝ լուծելով մի գլոբալ խնդիր, որի հիմնական նպատակը ամբաստանյալների առանձին դրվագների ընդունումն է՝ դրանով իսկ բացառելով հանցագործությունների համակցությունը:

iLur.am-ի այն հարցին, թե ցուցմունքերի միջև առկա հակասությունների պարագայում, ո՞րն է փաստաբանի դիրքորոշումը, Եգորյանը հայտնեց, որ հակասություներն անթվելի, են և ցուցմունքների արժանահավատությունը ակնհայտ կասկածի տակ է:

Դատի ընթացքում երեք ամբաստանյալներն էլ հրաժարվեցին  պատասխանել տուժող կողմի փաստաբանի հարցերին՝ ցուցաբերելով ագրեսիվ վերաբերմունք: Այս մասին փաստաբանը iLur.am-ին ասաց, որ սա նախապես պրոեկցված վերաբերմունք է տուժողների նկատմամբ և որևէ կերպ չի առնչվում իր անձին:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 11-ին՝ 16:00-ին:

Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, գիտակցության չգալով՝ մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել է 6 մարդ:

Մարիամ Մուրադյան

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը շարունակում է ձեւավորել տարածքային խորհուրդները’
Հաջորդ հոդվածը‘Ռեմբոները կառավարությունից. Ֆոտոշարք’