‘Հարվարդի ղեկավարությունը լրտեսել է իր դասախոսներին’

992

Հարվարդի համալսարանի ղեկավարները գաղտնի ստուգել են իրենց աշխատակիցների էլեկտրոնային փոստերը՝ փորձելով պարզել, թե նրանցից ով է մամուլին հայտնել ներքին սկանդալի մասին տեղեկությունը՝ կապված 2012 թ. ամռանը քննության ժամանակ ուսանողների զանգվածային արտագրությունների հետ, հաղորդում է The New York Times-ը: 2012 թ. աշնանը գաղտնի ստուգվել է ֆակուլտետների 16 դեկանների ծառայողական փոստը, որոնք նաև եղել են արտագրության փաստով հետաքննության հանձնաժողովի անդամներ, փոխանցում է Associated Press-ը: Համալսարանի ղեկավարությունն այդ կերպ ուզեցել է պարզել, թե հատկապես ով է մամուլին հանձնել ծառայողական երկտողը, որում նշված է եղել, թե ինչպես իրենց պահեն այն ուսանողների հետ, ում բռնել էին արտագրելիս:

Հարվարդի համալսարանում արտագրության հետ կապված աղմկալի միջադեպը տեղի էր ունեցել 2012 թ. օգոստոսին, երբ պարզվել է, որ «Կոնգրեսի աշխատանքի հիմունքները» առարկայի քննությանը գրեթե 125 ուսանողներ ( կուրսի համարյա կեսը) արտագրել են իրարից: Հարվարդի նախագահ Դրյու Ֆաուստը  ուսանողների պահվածքը անվանել էր «բացարձակապես անընդունելի»: Կատարվածը հետաքննելու նպատակով ստեղծվել էր հատուկ հանձնաժողով: 2013 թ. փետրվարին 60 ուսանող հեռացվեց համալսարանից, զանգվածային արտագրության մյուս մասնակիցները նույնպես պատժվեցին:

Հարվարդի համալսարանը աշխարհի ամենահեղինակավոր ուսումնական հաստատություններից մեկն է: Times Higher Education World Reputation Rankings-ի վերջին վարկանիշային աղյուսակում  համալսարանն զբաղեցնում է առաջին տեղը, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Չինական բանկերում բազմամիլիոն հաշվեհամարներ են հայտնաբերվել Կիմ Չեն Ինի անունով’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է Շվեդիայի արքայադուստր Լիլիանը, ում սիրավեպը ժամանակակից լեգենդ է համարվում’