‘Հարցազրույց. Ալեքսիս Սանչես. Այժմ ես պատրաստ եմ պայթելու’

1014

Կատալոնական Mundo Deportivo-ն չիլիացի հարձակվողի հետ զրուցել է թիմում իր առաջին ամիսների, նրա նկատմամբ երկրպագուների վերաբերմունքի և Բարսայից հեռանալու մասին. Ալեքսիսը անկեղծ էր բոլոր հարցերին պատասխանելիս:

Սուպերգավաթը նվաճված է, իսկ «Լա Լիգայում» և ՉԼ-ում թիմն առաջատար է: Ավելին պահանջել չէր կարելի, այդպես չէ՞:

Կարծում եմ, որ Բարսան պետք է միշտ հաղթի և բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրի: Մենք մեծ ակումբ ենք, և դա մեր պարտականությունն է:

«Սոսյեդադի» և «Սելտիկի» դեմ խաղերում Բարսան այդքան էլ համոզիչ տեսք չուներ, և բոլորը կրկին սկսեցին խոսել, որ թիմը կորցնում է իր խաղային ոճը:

Հենց որ մարզիչը  մտավ մեր հանդերձարան, ասաց, որ Բարսայի խաղի որոշ գործոններ նա պատրաստվում է ամրապնդել, իսկ մի քանիսը՝ փոխել: Օրինակ, մենք այժմ ավելի արագ ենք խաղում, և դա դուք կարող էիք տեսնել «Վալենսիայի» դեմ խաղում: Սակայն կարծում եմ՝ մենք ՉԼ-ում էլ ենք լավ խաղում:

Այդ փոփոխությունները  ձեզ վրա դրականորե՞ն են ազդել:

Որպես հարձակվող՝ իհարկե: Անցյալ տարի մենք չափից շատ էինք խաղում, և հարձակվողներս, հանդիպելով մրցակիցների պաշտպաններին, այլևս ուժ չէինք ունենում նրանց շրջանցելու համար: Իսկ հիմա մենք ավելի արագ ենք տեղաշարժվում դաշտում, ավելի արագ ենք արձագանքում, իսկ խաղընկերները միշտ պատրաստ են իրենց վրա շեղել մրցակիցներին, որպեսզի հարձակվողների համար ավելի հեշտ լինի:

Այժմ դուք ձեզ ավելի ազա՞տ եք զգում :

Սեփական ուժերի հանդեպ վստահությունը մեզ փոխանցում է մարզիչը: Եթե նա ինձ ասում է՝ առաջ գնա, ես գնում եմ առաջ, ինձ դուր է գալիս նաև մենամարտերի մասնակցել: Ընդհանրապես՝ ես Բարսայում վերստին սկսեցի ֆուտբոլ խաղալ սովորել: Իտալիայում, օրինակ, ընդունված է մեն-մենակ պայքարել՝ դու շրջանցում ես առաջինին, երկրորդին և երրորդին, իսկ հետո կորցնում ես գնդակը… Այստեղ եթե գնդակ կորցնես, ամբողջ «Կամպ Նոուն» պատրաստ է սուլել քեզ. թիմը սովոր է գնդակին տիրելուն: Այստեղ տուգանային ներխուժումները պետք ավարտվեն կա՛մ գոլով, կա՛մ դարպասին հարվածով, և ես սկսում եմ ընբռնել դա:

Դուք լսո՞ւմ էիք, թե ինչպես են ձեզ ուլում «Կամպ Նոու»-ում:

Չեմ նկատել. ժամանակ առ ժամանակ լսում եմ, թե ինչպես են երկրպագուները վանկարկում «Ալեքսիս, Ալեքսիս», և դա ինձ ուրախացնում է: Մարդիկ պետք է հասկանան, որ ես այստեղ եմ, քանի որ ցանկանում եմ թիմին օգուտ տալ և փորձում եմ անել այն, ինչ կարողանում եմ:

Դաշտում ձեր կատարած աշխատանքի պատճառն այ՞ն է, որ դուք այստեղ սովորական խաղացող եք, այնինչ Իտալիայում դուք աստղ էիք համարվում:

Չգիտեմ՝ աստղ էի արդյոք ես այնտեղ: Կարծում եմ՝ ես ուղղակի խաղացող էի, ում ձեռքերը կապված չէին, և եթե ես կորցնում էի գնդակը, դա այդքան էլ աչք չէր ծակում, քանի որ ես միանգամից նետվում էի պայքարի մեջ՝ այն վերադարձնելու համար: Այստեղ ամեն ինչ բոլորովին այլ է՝ երեք անգամ կորցնեմ գնդակը, ինձ կփոխարինեն, ես չեմ կարող նման ռիսկի դիմել, ես թիմային խաղացող եմ:

Խոսակցություններ կան, ըստ որոնց՝ դուք միշտ պարտավոր եք գնդակը փոխանցել Մեսսիին: Իրո՞ք դա այդպես է:

Կախված իրավիճակից: Եթե և՛ ես, և՛ նա լավ դիրքում ենք գտնվում, երևի թե ինքս կհարվածեմ, իսկ եթե ոչ՝ Մեսսին կստանա գնդակը, կշրջանցի մեկ, երկու, երեք պաշտպանի և գոլի հեղինակ կդառնա, քանի որ նա լավագույնն է աշխարհում:Ամեն դեպքում՝ փոխանցում կատարել, թե ոչ՝ որոշում եմ ինքս:

Խոստովանեք, քանի՞ անգամ եք ինքներդ ձեր մասին ասել «հանճարեղ խաղացող» արտահայտությունը:

Ափսոսում եմ այդ խոսքերիս համար: Ես դա ասացի այն ժամանակ, երբ շատ ջղային էի, այն բանից հետո, երբ կարդացի, թե ինչեր են գրում իմ մասին թերթերում: Բացի այդ՝ ես սխալ ոտքի վրա էի արթնացել, ինչը բոլորի հետ է պատահում: Պետք է հասկանալ, որ ես հանրային անձնավորություն եմ, և ոչ լավ խոսքերն իմ մասին կարող են նյարդայնացնել ինձ: Իսկ ընդհանրապես՝ ես բավականին համեստ անձնավորություն եմ:

Այս պահին, երբ բոլոր շշուկներն անցյալում են, կա նաև մարզչի վստահությունը.. Ինչի՞ է ցանկանում հասնել Ալեքսիսը «Բարսելոնայում» իր երրորդ մրցաշրջանում:

Ես պետք է խաղամ խաղի սկզբից մինչև վերջ, դառնամ ավելի շատ գոլերի և գոլային փոխանցումների հեղինակ և վերջապես նվաճեմ հիմնական կազմում իմ տեղը: Ես ցանկանում եմ հաճույք ստանալ խաղից, այլապես կարող եմ ցնորվել:

Փաստորեն՝ մինչև հիմա դուք հաճույք չէի՞ք ստանում:

Ոչ միշտ, բայց խնդիրը իմ մեջ էր: Ես մտորում էի Բարսան լքելու մասին, բայց այստեղ են Սեսկը, Չավին, Մեսսին, Ինյեստան, Նեյմարը… Նրանց հետ խաղալը հաճելի է, նրանք լավագույններն են աշխարհում:

Բարսայի հետ դուք արդեն նվաճել եք բոլոր մրցանակները, բացի Չեմպիոնների Լիգայից: Գլխավոր նպատակը այժմ ՉԼում հաղթե՞լն է:

Այո, խաղընկերներս պնդում են, որ դա նույնն է, ինչ հաղթես Աշխարհի առաջնությունում, որին ևս պետք է ձգտել: Տեսնենք, թե այս տարի ինչպես կստացվի:

Հուսով եմ՝ «Բավարիայի» դեմ խաղերից դասեր քաղե՞լ եք:

Նրանց հետ խաղերը մեզ համար իսկական տառապանք էին: Մենք հիմնականում բոլորին այլ կերպ ենք խաղում: Նրանք մեզ գերազանցեցին խաղային բոլոր գործոններում:

Ինչպիսի՞ն է Նեյմարը:

Լավ խաղացող է, նա ընդամենը 21 տարեկան է և սովորելու շատ բան դեռ ունի, բայց նա կկարողանա հեշտ ադապտացվել և կարևոր խաղացող դառնալ թիմի համար:

Իսկ ինչպիսի՞ն է նա հանդերձարանում:

Բրազիլացի է, ուրախ, երբեք չի բարկանում և բոլորի հետ սիրալիր է:

Ձեզ շարունակում են անվանե՞լ «cachai» (Չիլիում այս արտահայտությունը օգտագործում են, երբ ցանկանում են ճշտել՝ արդյոք դիմացինը ընբռնո՞ւմ է իր ասելիքը ,թե ՞ոչ):

Այո, ես չեմ կարողանում ձերբազատվել այս մականունից, այժմ նույնիսկ մարզիչն է ինձ «cachai» դիմում:

Ինչո՞ւ ձեզ սկսեցին այդպես անվանել:

Երբ ես նոր էի եկել, այդ արտահայտությունն օգտագործում էի յուրաքանչյուր նախադասության վերջում, քանի որ վստահ չէի, որ ինձ ճիշտ էին հասկանում:

Լեոն ասում էր, որ նա միակն էր, ով հասկանում էր ձեր բառապաշարը:

Զավեշտալին այն է, որ հենց Լեոն ընդհանրապես չէր հասկանում: Միայն Պինտոն էր հասկանում:

Պինտոն ձեր թարգմանչի դե՞րն էր ստանձնել:

Այո, փորձում էր, բայց ես, միևնույն է, վստահ չէի, որ ինձ ճիշտ են հասկանում:

Նախորդ հոդվածը‘Գեղարքունիքում ձյան տեղումները մեծ վնասներ են հասցրել’
Հաջորդ հոդվածը‘Օբամա. Թեհրանն ատոմային զենք կարող է ստեղծել միայն մեկ տարի անց կամ ավելի ուշ’