‘«Հարցազրույց Հայաստանի հետ»: Առաքել Սեմիրջյան. Հայաստանում զոմբիների պակաս կա’

5084

Առաքել Սեմիրջյանի հետ զրուցեց Ռիմա Գրիգորյանը

Առաքե՛լ, դու մի քանի գրքերի հեղինակ ես, միաժամանակ հայտնի ես նաև քո ստատուսներով ֆեյսբուք սոցիալական ցանցում: Ըստ քեզ՝ մարդիկ ավելի շատ որտեղի՞ց են ճանաչում:

-Ինձ թվում է՝ ֆեյսբուքից, որովհետև Հայաստանում գիրք կարդացողներ քիչ կան, ու ինձնից տաղանդավոր մի քանի հանճարեղ մարդիկ կան, որոնց ընդհանրապես չեն ճանաչում միայն այն պատճառով, որ նրանք սոցիալական ցանցերում ներկայացված չեն: Լավ կլիներ, որ նրանց ճանաչեին, ոչ թե օրվա հերոսներին, որոնք ներկայացնում են օրվա առօրյան մի փոքր լավ, մի փոքր վատ, բայց դրանում ընդհանրապես ոչ մի արժեք չկա:

Ու՞մ նկատի ունեիր՝ հանճարեղ մարդիկ ասելով:

-Կուզեի, որ Խեչոյանին ճանաչեր հայ ազգը, Մաթևոսյանին, որին ընդհանրապես մոտիկ չի եկել: Երկու գործով գիտի՝ «Մենք ենք՝ մեր սարեր»-ով և մի թեթև՝ «Աշնան արև»-ով, բայց Հրանտ Մաթևոսյան ընդհանրապես չի ճանաչում, Վանո Սիրադեղյանին չի ճանաչում՝ որպես գրողի: Շատ կուզեի, որ Խեչոյանին ճանաչեր, բայց Խեչոյանն էլ սկզբունքային ձևով սոցիալական կայքերում ներկայացված չէ, որը շատ վատ է անդրադառնում ընդհանրապես հայի տեսակի պահպանման վրա, որովհետև մարդիկ, առօրյայի հետևից վազելով, մոռանում են, որ հավիտենական բաներ գոյություն ունեն: Խեչոյանի գրականությունը հավիտենականության մասին է: Նույն սոցիալական ցանցերում արտահայտվածը օրվա կյանքն է, օրվա առօրյան: Եթե դու երևույթները չես նայում հավիտենականության կտրվածքով, հանգում ենք էն իշխանությանը, ինչ ունենք, որովհետև իրենք էլ օրվա իշխանություն են. ո՛չ գիտեն ազգի պատմությունը, ո՛չ ազգի սկիզբը, ո՛չ ընթացքը, ո՛չ ազգի էպոսը. ոչ մի բան չգիտեն: Մարդը, չիմանալով, որ ինքը հավիտենականության մի մասնիկն է և ամբողջի մի մասը, իրեն որպես մասնիկ չտեսնելով՝ ոչնչանում է:

Ի՞նչ նկատի ունեիր՝ հայի տեսակ ասելով:

-Միանշանակ, հայի տեսակ ասածը էժան հայրենասիրությունը չէ, որ դրսևորվում է «մենք՝ հայերս» կամ «էսինչը հայ է» արտահայտություններով: Հայի տեսակը այսպիսին է. ինքդ զգում ես, որ դու կարևոր ես և ինչ-որ առաքելություն ունես, որը, իհարկե, միայն քոնը չէ. այն ունեն բոլոր ազգերը: Դու պետք է ճանաչես քո առաքելությունը և իրականացնես այն: Դա կարող է լինել, օրինակ, մշակութային առաքելությունը: Չեմ ասում, որ սուպեր առաքելություն ունենք, Աստծու ընտրյալ ազգ ենք. նման բաների չեմ հավատում, բայց մենք՝ որպես ազգ, պիտի հասկանանք, որ մենք ինչ-որ մի բանի պետք ենք: Եթե ազգը չի հասկանում, որ ինքը ինչ-որ բանի պետք է, իր խնդիրն է դառնում արտագաղթելը, ուրիշ ազգերի խառնվելը և նրանց խնդիրները լուծելը: Հիմա ինչքան էլ բողոքենք արտագաղթից և ուրիշ բաներից, արտագաղթի հիմնական պատճառն այն է, որ ազգը իր հողի վրա իր առաքելությունը չի տեսնում: Չտեսնելու պատճառը էլի մշակութային է: Մյուս կողմից՝ մեղավոր են իշխանությունները, որ չգիտեն՝ ովքեր են այն մարդիկ, որոնց վրա իրականում հիմնված է այս երկիրը: Իրենք էժան մշակույթի, էժան գրականության վրա հենվելով՝ առաջ են տանում մի գաղափարախոսություն, չնայած իրականում գաղափարախոսություն էլ չկա առաջ տանելու: Եթե մարդիկ իրենք հասկանային՝ ինչն է խնդրի էությունը, հարցերը կլուծվեին:

Նրանք ավելի շատ են վախենում ժողովրդի ընդվզումից, քան ժողովուրդը կվախենա նրանց շարասյուներից

Քանի որ խոսեցիր մարդկանց՝ իրենց խնդիրները հասկանալչհասկանալու մասին, հիշեցի պատմվածքներիցդ մեկը՝ «Սիֆիլիս»-ը, որում գրել ես, որ որբերը իրենց որբության մասին խոսելու կարիք ունեն, որպեսզի կարողանան հաղթահարել իրենց որբությունը: Ըստ քեզ՝ մեր հասարակությունը հիմա ի՞նչ փուլում է. ինչու՞ չի գիտակցում իր խնդիրները, չի՞սկսել խոսել իր պրոբլեմների մասին

— Ցանկացած հիվանդության բուժման համար դու պիտի իմանաս հիվանդության աղբյուրը: Եթե վերցնենք զուտ հոգեբանական ախտանիշների հետ կապված, եթե փորձում ես մարդուն բուժել, նախ պիտի իմանաս՝ ինչու է մարդը հիվանդացել,  ինչից է հիվանդացել և հետո փորձես բուժումը գտնել, բայց այդ հիվանդությունը գտնելուց հետո էլ նախ պետք է պրովոկացիա անես՝ այդ հիվանդությունը զարգացնելու համար, որ կարողանաս պայքարել, որովհետև գաղտնի փուլում պայքարը բացառված է: Եթե ավելի լայն խոսենք, կա մարդկային հոգեբանության երեք փուլ՝ ենթագիտակցական, նախագիտակցական և գիտակցական:  Մարդը, երբ հիվանդանում է կամ այլ խնդիրներ է ունենում, դրանք գցում է ենթագիտակցական, որպեսզի ավելի պաշտպանված լինի: Եթե մարդուն ուզում են բուժել, նա պիտի գիտակցի իր խնդիրները, այսինքն՝ ենթագիտակցությունից պիտի հանեն-բերեն գիտակցություն: Եթե մարդը տեսնի իր խնդիրները, նույնիսկ ծայրահեղության աստիճանի հասած շիզոֆրենիայի կամ հոգեկան խանգարման դեպքում հնարավոր է նրան հետ բերել: Մարդը իր խնդիրները ենթագիտակցականից պիտի տեղափոխի գիտակցական հարթություն: Եթե նույնը վերցնենք ազգի հետ կապված, ապա հայ ժողովրդի բոլոր խնդիրները գտնվում են ենթագիտակցական մակարդակում, ու որևէ մեկը չկա, որ այդ խնդիրները բերի գիտակցություն: Իմ գործունեության՝ լինի քաղաքական թե գրական, նպատակն է մեր ազգի խնդիրները ենթագիտակցականից բերել գիտակցական հարթություն, որովհետև եթե չտեղափոխես գիտակցական դաշտ, այդ խնդիրները կմնան նույն մակարդակում, իսկ այդ մակարդակի ցուցիչներն են «ծովից ծով Հայաստան», «մեզ բոլորը կոտորեցին-բռնաբարեցին» մտքերը, որ նաև վախերի դրսևորում են: Մարդը, որ չգիտի՝ ագռավը ինչ է, դինոզավրը ինչ է, սկսում է վախենալ դրանցից: Բոլոր ֆոբիաները առաջանում են ենթագիտակցական մակարդակում, և մարդը ավելի հեշտ է պաշտպանվում երազներում: Դու պետք է ճանաչես իրականությունը: Դրա համար ջանք է անհրաժեշտ, որ մարդը աշխատի իր վրա և գիտակցաբար հասկանա, թե ինչու է կայծակ, անձրև, ամպրոպ, փոթորիկ լինում: Դա գիտակցական խնդիր է, իսկ հակառակ դեպքում մենք կմնանք շամանների, օլիգարխների վախի մակարդակին: Մարդիկ չգիտեն, թե ինչ են օլիգարխները: Իրենց թվում է, թե պոչերով մարդակեր կենդանիներ են, բայց օլիգարխներն էլ իրենց վախերն ունեն: Նրանք ավելի շատ են վախենում ժողովրդի ընդվզումից, քան ժողովուրդը կվախենա նրանց շարասյուներից: Կամ ի՞նչ է իշխանությունը. Սերժ Սարգսյանը էս երկրում ամենաշատ վախեցած մարդն է, ուղղակի ժողովուրդը չի հասկանում, որ նա վախեցած է. նրան թվում է՝ հրաման կտա՝ զորքեր կհանեն, կգնդակահարեն: Իմ խնդիրը այդ մարդկային վախերը հաղթահարելն է. միայն վախը չէ, ենթագիտակցականից գիտակցականի բերելը:

Սիրում եմ, որ ինձ քլնգում են

Շատերը համացանցը, սոցիալական ցանցերի աշխարհը հակադրում են իրական աշխարհին: Քեզ համար դրանք վիրտուա՞լ տարածքներ են, թե՞ նման հակադրության զգացում չունես:

— Ինձ համար միանշանակ իրական աշխարհ է. գործիք է, որը պիտի օգտագործես քո նպատակներին հասնելու համար: Ուղղակի մի խնդիր կա, որ վիրտուալության սահմանը չպիտի հատես՝ դու չդառնաս գործիք: Հենց որ դու ժամանակային առումով քո կյանքի ժամանակը մի փոքր ավելի շատ տրամադրեցիր վիրտուալ աշխարհին, ինքը քեզ միանգամից կտանի: Զուտ ժամանակային խնդիր է. եթե դու հստակ որոշես, որ օրը երկու կամ հինգ ժամ ես տրամադրելու այդտեղ աշխատանքին, լրիվ կկարգավորվի, իսկ եթե ժամանակային սահմանափակում չունես, ինքդ ես դառնում վիրտուալ: Դու ինքդ պիտի նայես դրան որպես որոշակի ժամային աշխատանք, ոչ թե որոշես հինգ րոպեով մտնել, ու այդ հինգ րոպեն տևի երեք օր:

Կարծիքներ կան, որ ֆեյսբուքյան ստատուսը դառնում է յուրօրինակ գրական ժանր: Դու ինչպե՞ս ես վերաբերվում այս կարծիքներին:

-Ինձ մի անգամ առաջարկեցին ստատուսներս տպել որպես գիրք կամ ժողովածու, բայց ես համարում եմ, որ դա կարող է ուղղակի որևէ մշակութային արժեք չներկայացնել: Իհարկե, մարդկանց ճանաչելու նոր հնարավորություն է տալիս, որովհետև մինչև ֆեյսբուք մտնելը քեզ թվում է, որ Հայաստանը ինտելեկտուալների երկիր է, որտեղ թաքնված ինչ-որ մարդիկ կան, բայց սոցիալական ցանցերում տեսնում ես, որ այդքան էլ այդպես չէ, իսկ եթե որևէ ժողովածու հավաքվի, կարող ես նաև այն մարդկանց մասին իմանալ, որոնք քո ընկերների ցուցակում չկան: Զուտ ճանաչողական մակարդակով դեր կունենա, իսկ մշակութային առումով, եթե մարդը բարձր է ստատուսների մակարդակից, ինքը կարտահայտվի, և դու ինչ-որ տեղից կիմանաս դրա մասին: Մարդու տաղանդը կամ շնորհը կարելի է մի էջից էլ իմանալ, ուղղակի պիտի մարդուն զարգանալու հնարավորություն տրվի: Սոցիալական ցանցերը մարդուն ինքնարտահայտվելու հնարավորություն են տալիս: Եթե սրանից առաջ մարդիկ բողոքում էին, որ իրենց չեն տպում, իրենց չեն լսում, բայց իրենք հանճար են, հիմա դաշտը բաց է, և դու մի տողով կարող ես աշխարհին ապացուցել, որ այն արժեքն ես ներկայացնում, ինչ կարծում ես:

Ֆեյսբուքում արտահայտվելը լիցք թողնու՞մ է գրելու համար, չի՞ ազդում գրելու վրա:

— Պարպում է տեղի ունենում ֆեյսբուքում, բայց այն գործը, որ պիտի հայտնվի, դրան չեն խանգարի ո՛չ ֆեյսբուքը, ո՛չ ճնշումը, ո՛չ հոգեվիճակը: Էն, ինչ որ պիտի ծնվի, կծնվի: Դա մարդուց անկախ բան է: Կարող է ինչ-որ ձևով մանր-մունր ստեղծագործություններ ոչնչանան, բայց այն, ինչ պիտի ծնվի, չի կորչի: 

Շատ գրողներ ասում են, որ գիտեն՝ ով է իրենց ընթերցողը, ում համար են գրում: Դու, երբ գրում ես, պատկերացնու՞մ ես քո ընթերցողին:

 -Ես սիրում եմ, որ ինձ ընթերցում են միայն մի բանի համար, որ հետո կարող ենք խոսել այդ ընթերցվածի մասին: Նաև սիրում եմ, որ ինձ քլնգում են, փորձում են մինչև վերջ ոչնչացնել իմ պատմվածքները: Դա գուցե մազոխիստական հաճույք է, բայց ես սիրում եմ, որ մարդը, բանականորեն հիմնավորելով, փորձում է տող առ տող ոչնչացնել իմ գրածը՝ լինի ստատուս, պատմվածք թե հոդված: Հայաստանում քննադատությունը իջել-հասել է մի ցածրակարգ վիճակի: Որևէ հոդված Հայաստանում քննարկման առարկա չի դառնում: Շատ եմ խոսել իմ ընկերների՝ Տիգրան Պասկևիչյանի, Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ, որոնք քաղաքական հոդվածներ են գրում, բայց որևէ անգամ այդ հոդվածները գիտական մակարդակով չեն քննարկվել: Ուղղակի եղել են էժան, անձնական վիրավորանքներ: Եթե անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ և խաղաղություն» հոդվածը քննարկման առարկա չդարձավ, ապա ամեն ինչ վերադառնում է անգիտակցական մակարդակին: Փորձում եմ որոշակի պրովոկացիաներով քննարկում սկսել, որ տեսնեմ՝ մարդիկ իրականում ինչ են մտածում իմ մասին, իմ գրածների մասին, ուրիշների հոդվածների մասին: Դրանով է շատ լավ սոցիալական ցանցը, բայց ցավոք՝ չի ստացվում այդ բանավեճը: Գուցե դրանից ավելի լավ բան ծնվեր:

Ինչի՞ համար ես գրում. շատերը գրում են ինքնարտահայտման, ինքնազատագրման, ինքնաճանաչման համար: Դու՞ ինչու ես գրում:

— Իրականում՝ ես չեմ գրում. ես փորձում եմ իմ միջով անցկացնել, փոխանցել այն, ինչ գալիս է: Ցանկացած գրող գործիք է տիեզերքի համար՝ արտահայտելու այդ պահի ապրումները: Գրականության առաքելությունը կարևոր է մարդու աչքերը բացելու առումով: Կարևոր է, որ քո գրականությունը մարդուն մոտ լինի: Չնայած, Խեչոյանի կարծիքով՝ եթե իր գիրքը անգամ մեկ մարդ հասկանա, էլի բավարար է իրեն, բայց ես կարծում եմ, որ ինչքան շատ մարդ կարդա, այնքան ավելի շատ մարդ փրկվելու հնարավորություն կունենա:

Հիմա աղջիկներն են գազ տվել

Հաճախ է խոսվում գրականությունիրականություն կապի մասին՝ ոչ միայն այն տեսանկյունից, որ գրականությունը պիտի արտահայտի կամ չարտահայտի իրականությունը, այլև այն կողմից, որ գրականությունը ևս իրականություն է ստեղծում: Ինչքանո՞վ է մեր գրականությունը ազդել մեր իրականության վրա:

-Ցավոք սրտի՝ ոչ մի ազդեցություն չունի: Մեր ստեղծած գրականությունը շատ ավելի բարձր է, քան իրականության մակարդակը: Եթե ազնիվ լինենք մեր առջև, ապա ոչ մի գրական արժեք ունեցող գործ չունենք ո՛չ ցեղասպանության մասին, ո՛չ Արցախյան պատերազմի մասին, ոչ էլ մարտի մեկի մասին. ֆիլմ էլ չունենք: Միակ գիրքը «Սև գիրք, ծանր բզեզ»-ն է: Ես նշում եմ այս բաները, որովհետև անկախ դժբախտությունից՝ սրանք ազգի ամենաբարձր ոգեղեն վիճակներն են: Երկրորդ համաշխարհայինի մասին եղածներն էլ սովետական պրոպագանդայով են գրված և էլի որևէ արժեք չունեն:

Որոշել էիր նաև մարտի մեկի մասին պատմվածքների ժողովածու տպագրել, բայց այն դեռ չի տպագրվելՈրքանո՞վ ես կարևոր համարում այդ թեմայի մասին գրելը, և արդյո՞ք հետագայում կհրատարակես գիրքը:

-Մոտ երեսուն գործ էր հավաքվել. դա քիչ չէ՝ ինձ թվում է: Այդ գիրքը դեռ կտպվի: Մարտի մեկը ջրբաժան էր, որովհետև երբևիցե անկախ Հայաստանի պատմության մեջ չէր եղել, որ պետական բանակը սպանի ժողովրդին: Եթե պետականության ասպեկտով նայենք, բանակը պիտի պաշտպանի ժողովրդին, բայց այս դեպքում կոտորեց ժողովրդին:  Դրա համար մեծ հոգեբանական կոտրվածք առաջացավ հայ ազգի մեջ, ու նաև գրականությունը կարող է նպաստել դրա հաղթահարմանը: Գուցե ինչ-որ ձևով կարողանանք հաղթահարել այդ կոտրվածքը, եթե հնարավոր է՝ կպցնենք, անգամ չգիտեմ՝ հնարավոր է թե ոչ:

Կարծիքներ կան, որ գրականությունը այդքան էլ չպիտի շոշափի առօրյան, գործ չունենա քաղաքականության հետ, այլ ավելի վեհ երևույթներ արտահայտի: Ինչպե՞ս ես վերաբերվում այս տեսակետներին:

— Միանշանակ համոզված եմ, որ քաղաքականն ու գրականը չպիտի բաժանված լինեն իրարից: Կտրված գործեր պետք չեն, և լավ կլինի, որ համամարդկային գործերը նաև այսօրվանը արտահայտեն: Նույն «Գրողուցավ»-ը ստեղծվեց: Ոչինչ պատահական չի ստեղծվում: Դա, օրինակ, քաղաքական թեմաները գրականության միջոցով արտահայտելու հնարավորություն էր: Գայանե Բաբայանն էր նոր ժանր ստեղծում՝ գրական-գեղարվեստական հոդվածաշար: Գայանեն մահացավ, և այդ ժանրի շարունակողը չկա այլևս: Ինչ-որ մարդիկ ինչ-որ առաքելություն ունեն. գալիս են, կատարում ու գնում: Ֆեյսբուքը ուսումնասիրելով՝ տեսնում եմ, որ մի քանի աղջիկներ են շատ օրիգինալ միտք արտահայտում: Ես միշտ իմ դրույքը դրել եմ տղաների վրա, բայց հիմա տեղափոխել եմ աղջիկների վրա: Անուններ տամ՝ Սատանիկ Պսատանիկը, mister Ֆլոյդը, Կոտը, Տաթևը Չախչախյան, Հասմիկը Հրաչյան: Քրիստինե Խանումյանն էր ժամանակին ղարաբաղյան բարբառով չքնաղ բաներ գրում. հիմա գրականությունը կողք է դրել: Հիմա աղջիկներն են գազ տվել, և ես կուզեմ, որ այդ աղջիկները ուղղակի կիսատ չթողնեն: Իրենք իրենց ուսերին մեծ բան են վերցրել և առաջ են տանում: Գուցե ինչ-որ մարդկանց չհիշեցի: Ես ֆեյսբուքից գիտեմ, թե ինչ են անում էդ աղջիկները. իրենք էլ կարող է չգիտակցեն, թե ինչ են անում, բայց իրենք շատ մեծ գործ են անում՝ տաբուները կոտրելու առումով, իրենց ներաշխարհը արտահայտելու առումով, քաղաքականության մեջ մտնելու, չվախենալու առումով, հասարակական ակտիվության առումով:

Հայաստանում իրականում զոմբիների պակաս կա

Տերովին տերն ա տարել, անտերին՝ զոմբիները» պատմվածքը ավարտում ես այն մտքով, որ իրական զոմբիները ոչ թե գերեզմաններից դուրս եկածներն են, այլ իրականում ապրողները: Ո՞րն է զոմբիների քո կոնցեպցիան:

-Պիտի անդրադառնամ գիտակցականի և անգիտակցականի առումով: Զոմբին ինքը մաքուր գիտակցականն է, անգիտակցական չունի: Զոմբին մահվանից վերադարձած մարդն է. ինքը ուրիշ աշխարհներ է տեսել, ճշմարտություն ունի: Մի փոքր չափազանցված է զոմբին. ինքը մի ճշմարտություն է տեսնում, բայց եթե ընդհանուր նայենք զոմբիներին, նրանք տեսնում են կյանքի լրիվ գիտակցական մակարդակը: Զոմբին ինքը հենց գիտակցական մակարդակն է: Նաև ուզում եմ անդրադառնալ հակառակ կողմին. Գիտակցականը՝ առանց անգիտակցականի, վերածվում է զոմբիության, իսկ անգիտակցականը՝ առանց գիտակցականի դեպքում՝ գործ ունենք շիզոֆրենիայի, հոգեխանգարմունքի հետ: Այս երկուսի միասնությունն է մարդուն պահում հոգեկան հավասարակշիռ վիճակում: Հայաստանում իրականում զոմբիների պակաս կա, մարդկանց, որ գիտակցական մակարդակի վրա են գտնվում և հանուն իրենց գաղափարի՝ կարող են գնալ մինչև վերջ: Իրականում կենդանի մարդիկ են զոմբի, մեռյալները և կյանք վերադարձածները՝ իրական կյանքի մարդիկ: Տեղերը փոխվել են:

ՖԲում հաճախ ես գրում օղի քաշելու պրոցեսի մասին: Ի՞նչ սիմվոլիկա ունի այն քեզ համար:

-Ամեն մարդ իր աշխատանքի արդյունքն է ուզում տեսնել: Քանի որ ես 5 տարի անգործ մնացի դիվանագիտությունից հետո, խորացա այգեգործության մեջ: Սիրում եմ ծառերը, և երբ կապվում ես ծառի հետ, ուզում ես, որ մինչև վերջին բերքը չփչանա, իսկ օղի քաշելը չփչանալու միակ միջոցն է, որովհետև ծիրանի կամ խաղողի սեզոնին բերքը փրկելու միակ միջոցը օղի կամ գինի սարքելն է: Ես օղի ընդհանրապես չեմ խմում. կարևորը պրոցեսն է, ինչպես խաշի պրոցեսն է ավելի հետաքրքիր, քան խաշը: Երեխաները կրակի մեջ ձու ու կարտոֆիլ են դնում, իրենք էլ են ուրախանում: Օրվա ընթացքում մեծ արարողության է վերածվում, չնայած իրականում մի անգամ ճաշ եփելու պես բան է: Ուղղակի ամեն օր պիտի հետևես, և դա դառնում է շատ գեղեցիկ ընկերական ծիսակարգ, որով մարդը կապ է հաստատում տիեզերքի հետ, ասում՝ դու ինձ էսքան բերք ես տվել, տիեզե՛րք ջան, ես քո բերքը չեմ փչացնում, նայիր՝ մեծ արդյունք է եղել: Ի՞նչ է օղին՝ խտացված միրգ, որը քիչ օգտագործելը դրական է: Դա մրգից բարիք ստեղծելու պրոցեսն է: Ամեն մարդ կարիք ունի բարիք ստեղծելու, օղին էլ այդ բարիքի բարձրակետն է:

Մի քիչ էլ պատմիր քո ծիրանի ծոմի ու դրա խորհրդի մասին:

-Ես սիրում եմ ծոմ պահել, բայց ինձ համար ծոմը մի փոքր այլ նշանակություն ունի: Ծոմը ոգեղենն է: Մեր հայերը մի քիչ խառնում են. կա սովաբուժություն, կա ծոմ և կա հացադուլ: Ծոմը աստծու համար ես անում, սովաբուժությունը՝ ֆիզիոլոգիայիդ, իսկ հացադուլը՝ քաղաքական նպատակներով: Երեքն էլ նույն պրոցեսն ունեն՝ հաց չես ուտում, ուղղակի նպատակներն են տարբեր: Քանի որ խոսեցինք Րաֆֆի Հովհաննիսյանի աբսուրդի մասին, ինքը փորձեց իր հացադուլը կամ, ավելի ճիշտ՝ սովաբուժությունը ներկայացնել որպես ծոմ: Ես էլ եմ անում պահքի շրջանում, բայց չեմ հայտարարում, որովհետև ծոմի մասերից է գաղտնիությունը. քո հաց չուտելը չպիտի օգտագործես հպարտանալու, գլուխ գովելու համար: Դա քո խնդիրն է՝ Աստծո հետ կապված: Չպիտի ցույց տաս, որ տեսեք՝ ես կարողանում եմ հաց չուտել, դուք չեք կարողանում: Նույնն է պահքի դեպքում. քո պահքով ուրիշին չպիտի վիրավորես: Դրա համար ես իմը ծոմ չեմ ասում. ինչպես ընկերս է ասում՝ դու տասնչորս օր միայն ծիրան եմ ուտում՝ մեկ օր բաստուրմա ուտելու փոխարեն: Ստացվում է, որ ես 14 օր ծիրան եմ ուտում, որ մի օր ծիրանի հոտ գա վրայիցս, իսկ ինքը մեկ օր բաստուրմա է ուտում՝ 14 օր է հոտ գալիս: Խորհուրդը մաքրությունն է. հոգևոր առումով չի ստացվում, բայց ֆիզիոլոգիապես ստացվում է: Խորհուրդ կտամ՝ ուրիշներն էլ փորձեն: Առհասարակ՝ սովաբուժությունը լուրջ ուսմունք է, և մաքրվում ես տարբեր տեսակի կեղտերից:

Մարդը պիտի գտնի ոչ թե հենց երջանկությունը, այլ երջանկության ձևը

Տոնածառ» կամ «Հավատա ինձ» պատմվածքում ամենաուրախ բանը համարում ես երջանիկ լինելը: Քեզ համար ի՞նչ է երջանկությունը:

-Ինձ համար երջանկությունը ներդաշնակությունն է: Ամեն մարդ ինքն է ստեղծում իր երջանկությունը և դրա շրջանակը, որը ո՛չ հարստությունից է կախված, ո՛չ աղքատությունից: Եթե կարողացար գտնել քո երջանկության բանալին՝ այսպես ասած, դու միանշանակ հավասարակշռված, հանգիստ մարդ ես: Արտաքին ազդակները շատ-շատ են երջանկությունը խաթարելու համար, բայց եթե դու գտել ես էդ երջանկությունը, ոչ մի բան չի կարող խաթարել քո գտած երջանկությունը: Էլի հասկացողության խնդիր է: Մարդը չի կարող ծնվել և մինչև կյանքի վերջ երջանիկ լինել: Մարդը պիտի գտնի ոչ թե հենց երջանկությունը, այլ երջանկության ձևը: Կարող է այդ ձևը գտնես դժվարությունների միջով անցնելիս, դրա համար էլ պետք է այն պահես ատամներով: Պիտի պայքարես երջանկության համար,  և երջանկությունը հենց պայքարն է՝ պրոցեսը: Երջանկությունը չի կարող տրվել մարդուն ինչ-որ ավտոմեքենայի տեսքով. այդ մեքենան կարող է փչանալ, կարող է վթարի ենթարկվել: Ոնց որ ծառը տնկեցիր՝ խնամք է պետք: Որդեր են ընկնում, վարակվում է ծառը, մի տարի բերք չի տալիս. բայց եթե դու հավատում ես ծառին, այն քեզ բավականություն կպատճառի՝ մի անգամ փայտով, մի անգամ քո ընկնելով: Ինձ համար երջանկությունը պրոցեսն է՝ ամենօրյա ջանքը երջանկության համար:

Պորտուգալացու սխալը» պատմվածքում գրում ես, որ չհանձնվելու այլընտրանքը բարոյալքվելն է: Ապա գրում ես, որ նրանք կշարունակեն պայքարել՝ ի հեճուկս մեկ սխալ հարվածով խաղը ավարտված համարող հոռետեսների: Ի՞նչ ես կարծում՝ մեր հասարակությունը սովորո՞ւմ է չհանձնվել

-Շատ վատ բան եմ ասելու. շատերին թվում է, որ ցեղասպանությունը հայ ազգի վերջն էր, բայց դա այդպես չէ: Գրեթե բոլոր ազգերն էլ այս կամ այն չափի ցեղասպանություն կրել են: Ամեն մարդ իր կորուստն ունի, բայց մարդ կա՝ նրանով է տարբերվում, որ այդ կորուստը դիտարկում է հավիտենականության մեջ, էդ կորստից չի ոչնչանում, և մարդ կա, որին մի կորուստը լրիվ տապալում է և ոչնչացնում մինչև վերջ: Նույն ձևի են ազգերը. գերմանացիները Երկրորդ համաշխարհայինից հետո մինչև վերջ ոչնչացել էին, բայց  հինգ տարի անց ոտքի կանգնեցին: Հիմա էլ, եթե լինեք Գերմանիայում, Երկրորդ համաշխարհայինի ոչ մի հետք չեք տեսնի: Նույն ձևի՝ Ճապոնիան ատոմային ռումբերի պայթյունից հետո իր մեջ ուժ գտավ վերականգնվելու համար: Մարդիկ պետք է ուժ գտնեն վերականգնվելու համար: Դա էլի գիտակցականից է կախված. մարդիկ կարողանում են անգիտակցականը տեղափոխել գիտակցական: Կյանքը շարունակվում է, իսկ եթե դու անգիտակցականում թողնես, կշարունակես անցյալով ապրել: Դրա համար էլ բոլոր հիմքերը անցյալում են տեսնում՝ չուզելով տեսնել, որ իրենք պիտի այսօր աշխատեն: Բոլորի համար էլ հեշտ է անգործությունը կամ անգրագիտությունը գցել ինչ-որ մարդկանց վրա՝ ասելով՝ գիտեք ինչ կա՝ 20 տարի առաջ վատ դասախոսը ինձ 2 դրեց, և ես հուսահատվեցի, կամ՝ եթե 3 դներ, ես ուրիշ տեղ կլինեի: Հեշտ է խուսափել պատասխանատվությունից, իսկ հակառակ դեպքում դու սկսում ես պայքարել:

Ըստ քեզ՝ հիմա պայքարող քաղաքացիները չե՞ն շատացել:

-Տարբերություն չեմ տեսնում, որովհետև արտագաղթը խանգարում է: 250 հազար մարդ է գնացել: Եթե նրանք մնային պայքարի գիտակցությամբ, լրիվ ուրիշ իրավիճակում կլինեինք: Փախուստը ավելի հեշտ է. մարդիկ փախչում են գիտակցականից դեպի անգիտակցական: Արտերկիրը անգիտակցականն է: Դու չգիտես՝ որտեղ ես գնում: Գնալով ԱՄՆ կամ Ռուսաստան՝ դու գնում ես դեպի անգիտակցական: 10-20 տարի հետո վերջապես մի բանի կհասնես, բայց մինչև կյանքի վերջ անգիտակցականի վրա կմնաս, իսկ երբ գիտես՝ ինչի համար ես պայքարում և չես հուսահատվում, դա մարդու բարձրագույն վիճակն է: Ես հպարտանում եմ մարդկանցով, որ գնացել և ապրում են Արցախում, ազատագրված տարածքներում, և իրենց երեխաների ապագան կապում են այս երկրի հետ, գիտակցականի հետ, իսկ եթե քո երեխաների ապագան կապում ես անգիտակցականի հետ, էլի նորմալ մարդ ես, խնդիր չկա, ուղղակի հրաշքների ես հավատում: Դրսում ինչ-որ մեծ հաջողության հասնելը հրաշքի պես բան է: Դու էստեղ էդքան կապիտալ ես ստեղծել, և միայն դու չես ստեղծել, պապերդ են ստեղծել, և հիմա այս վիճակից տեղափոխվում ես մեկ այլ վիճակի: Կարող է՝ ինչ-որ հաջողություններ ունենաս, բուհ ավարտես, բիզնես ունենաս, բայց ոգեղեն առումով հաջողության չես հասնի:

Իշխանությունների մեղքը դա է, որ չեն թողնում մարդկանց հավատալ    

Ըստ քեզ՝ ովքե՞ր են մնացել Հայաստանում:

-Երկու տեսակի մարդիկ. մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն գնալու, բայց ուզում են գնալ, և մարդիկ, ովքեր ուզում են և որոշել են չգնալ: Գնալ ուզող, բայց չկարողացող մարդիկ ավելի վտանգավոր են: Հարցում են արել, ըստ որի՝ ազգաբնակչության 70 տոկոսը հնարավորություն ունենալու դեպքում կգնար: Եթե պատերազմի վտանգ լինի, 70 տոկոսը առանց հնարավորության էլ կգնա: Դու ապրում ես մի հասարակության մեջ, որի 70 տոկոսը պատրաստ է փախչել: Եթե 20 տոկոսն էլ իր կարծիքը չի հայտնել հարցման ժամանակ, ապա 10-ից 9-ը կփախչի, և ստացվում է, որ տասից մեկն է պատրաստ կռվել իր իրավունքների, սկզբունքերի համար: Սարսափելի վիճակ է, բայց պետք է կարողանաս ջարդել հոգեբանական այդ մթնոլորտը: Իշխանությունների մեղքը դա է, որ չեն թողնում մարդկանց հավատալ, որ էստեղ կարող են ինչ-որ բանի հասնել, ու մարտի մեկի ամենամեծ ստորությունը էն հավատի կորուստն էր, որ դու ինքդ որևէ բան չես կարող փոխել: Մարդուն հանեցին ինքն իր դեմ՝ ասելով՝ դու էստեղ ոչինչ չես կարող անել, կարող ես գնալ, դրսում ինչ ուզում ես անել: Բոլորին շպրտել անգիտակցական վիճակ՝ համոզելով, որ մեկ է՝ ինչ էլ անես՝ ոչինչ չի փոխվի: Եթե բահերով ավտոմատների դեմ դուրս եկած երեխաների ձեռքին ավտոմատ լիներ, նրանք կպաշտպանեին սահմանը. այդ ոգեղեն մակարդակում էին, բայց նրանց այնքան ծեծեցին, որ իրենց ընկերների մասին ցուցմունք տվեցին: Էդպես են ոչնչացնում մարդկանց՝ որպես մարդ: 10 հոգու սպանությամբ իրենք միլիոն հոգու հոգեպես ոչնչացրին, և նաև 250 հազար մարդ արտագաղթեց: Պետության համար մարդու մահը և մարդու արտագաղթելը նույն բանն է: Մարդու համար դրանք տարբեր են, բայց պետականության համար նույնն են, նույնիսկ արտագաղթը ավելի սարսափելի է, քան մահը: Մահվան դեպքում մարդը դեռ պայքարելու ուժ է ունենում, իսկ արտագաղթող մարդը միշտ վիրավորված է հեռանում: Ինքը վրեժի, ցասումի, նեղացածության մաղձը իր հետ տանում է: Ես չեմ էլ մեղադրում մարդկանց, ուղղակի ընդհանուր մթնոլորտ պիտի փոխվի: 2008-ին, ինչպես 88-ին, ազգը պատրաստ էր բոլոր տեսակի փորձությունների, որոնք կանցներ ու հաղթանակած դուրս կգար, բայց հակառակը տեղի ունեցավ. միանգամից կոտրեցին ու ոչնչացրին:

Վերջին տրանսպորտային ակտիվությունը ինչոչ չափով չփոխե՞ց այն մթնոլորտը, թե մարդիկ չեն հավատում իրենց ուժերին:

-Ես մի փոքր այլ կարծիք ունեմ այդ ամենի մասին: Ճիշտ է՝ 99 տոկոսով անկեղծ շարժում էր, բայց մի տոկոսն էր, որ որոշիչ տոկոս էր, որոնց միջոցով իշխանությունները շեղեցին օֆշորային սկանդալից: Լավ է, որ այդ երիտասարդները ցույց տվեցին իրենց ուժը, բայց լավ կլիներ, որ մինչև վերջ ցույց տային: Հիմա արդեն դառնում է շոու. պետք է գոնե քաղաքապետի հրաժարականի պահանջ լիներ, ոչ թե մանրադրամի էֆեկտ ստանար: Էս դեպքում Մաշտոցի պուրակ 2 է դառնում սա:

Այնուամենայնիվ, ի՞նչ ես կարծում՝ իշխանությունները չե՞ն վախենում երիտասարդների ակտիվացումից:

— Հինգ տարի շարունակ ՀԱԿ-ի երիտասարդները միայնակ պայքարում էին իշխանությունների դեմ և կրում հիմնական հարվածը: Այդ ընթացքում քաղաքացիական շարժումները հնարավորություն ստացան աճելու, քանի որ նրանցից վտանգ չէին զգացել դեռ: Կոնգրեսը վերջին շրջանում մի փոքր թուլացավ, և իշխանությունների ուղիղ հարվածը ուղղվեց քաղաքացիականների դեմ: Եվ իրենք սկսեցին զգալ, թե ինչ է իսկական իշխանությունը: Մինչև դա՝ սովոր էին, որ ոստիկանը գար, ասեր՝ տղա ջան, արի գրկեմ՝ տեղափոխեմ էս կողմ, մինչև դա՝ չէին զգացել մահակի հարվածը, բանտերում հայտնվելը, խոշտանգումները: Հիմա իրենք որոշակիորեն տեսնում են իշխանությունների իրական դեմքը: Մինչև այդ՝ «Տարոն ջան, սիրուն չի» դեմքն էին տեսնում: Այդ առումով շատ դրական շարժում է, բայց մնացած առումներով, ինձ թվում է, որ դեռ իշխանությունների վերահսկողության տակ են: Հենց որ դուրս եկան վերահսկողությունից, առանձին խմբեր ձևավորվեցին, որ մինչև վերջ կարող են պայքարել, ասում են՝ էս շենքը չպիտի քանդվի և չի քանդվում, այդ ժամանակ ես կհավատամ, որ այս շարժումը որևէ արդյունք կտա:  

Մարտի մեկին զոհված տղաների ծնողները նաև Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ էին

Առաքե՛լ, դու «Մարտիհասարակական կազմակերպության համակարգողն ես: Արդեն 5 տարի է անցել մարտի 1-ի դեպքերից, սակայն դեռ որևէ մեկը չի պատժվել մարդկանց սպանությունների համար: Հայտնի է նաև, որ գործը Եվրադատարանում է: Ի՞նչ պրոցեսում է այն: Ի՞նչ հնարավորություններ ես տեսնում գործի բացահայտման համար:

-Դիմել ենք Եվրադատարան: Մարդասպանները դեռ չեն պատժվել, բայց մյուս կողմն էլ կա: Մենք կարողացել ենք ամբողջ աշխարհին ապացուցել, որ սպանդը կատարել են Հայաստանի իշխանությունները: Մարտի մեկին հաջորդած պրոպագանդան փորձում էր ցույց տալ, որ այդ զոհվածները խուլիգաններ և ավազակներ էին: Մեր շնորհիվ, ճիշտ տարված համաժողովրդական շարժման շնորհիվ նրանք ձախողվեցին,  չկարողացան այդ մարդկանց որպես մարդասպան, որպես հանցագործ ներկայացնել: Ճիշտ է՝ հիմա օրենքով նրանք հերոսներ չեն կոչվում, բայց հասարակության մեջ բոլորը ընկալում են նրանց որպես հերոսներ: Կարևորը՝ արդեն բոլորը գիտեն: Ժամանակները կանցնեն, Մյասնիկյանի արձանի պուրակի դիմաց, որտեղ այսօր երիտասարդները պայքարում են, հուշարձան կկառուցվի տասը զոհերի հիշատակին: Նրանք այս ազգային-ազատագրական պայքարի մեջ ամենամեծ դերն են կատարել, ինչպես Արցախյան պատերազմում զոհվածները, և պատահական չէ, որ մարտի մեկին զոհված տղաների ծնողները նաև Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ էին, և նրանց մեջ կային նաև Ղարաբաղյան պատերազմի զոհեր: Հորը սպանել էին Ղարաբաղում ադրբեջանցիները, որդուն՝ Հայաստանի իշխանությունները, այն նույն իշխանությունները, որոնց տները Ղարաբաղում պահում էին հենց նրանց հայրերը:

Այս անգամ ԱԺում մարտի 1-ի գործով հանձնաժողով չստեղծվեց: Ի՞նչ կտար այդ հանձնաժողովը գործի բացահայտմանը:

-Իշխանություններին թվում է, որ մարտի մեկի բացահայտումը միայն ՀԱԿ-ի գործն է, միայն նա է շահագրգռված այդ գործի բացահայտմամբ, բայց որքան ՀԱԿ-ին է պետք, այնքան էլ ողջ ժողովրդին է պետք: Տասը մարդասպան փողոցում քայլում են անպատիժ: Եթե իշխանությունը գիտակցի՝ ինչ է անպատիժ մարդասպանը, ամենաշատը ինքը շահագրգռված կլինի նրանց բացահայտելու համար: Իսկ իրենց թվում է, որ եթե իրենք ամեն կերպ ձախողեցին Կոնգրեսի քայլերը՝ բացահայտման ուղղությամբ, իրենք մեծ հաղթանակ են տանում, բայց մարտի մեկի չբացահայտման ամեն քայլը պետականության պարտություն է:

Իշխանություններին դժվար մտահոգի պետականության պարտությունը, բայց դու մի առիթով ասել էիր, որ հավատում ես ցանկացած մարդու ողջամտության կանխավարկածին: Դեռ շարունակու՞մ ես հավատալ:

-Ես էլի չեմ դադարում հավատալ, որովհետև մարդը կարոդ է ամբողջ կյանքում անողջամիտ լինել, բայց հենց հարցը վերաբերի իր երեխաներին, դառնա ողջամիտ: Այդ նույն մարդասպանները, որ սպանել են ուրիշի երեխաների հայրերին, վաղը սպանելու են իրենց հրաման տվածներին: Պատմությունը երբեք որևէ տեսակի դավաճանություն չի ներել՝ սկսած Աբել-Կայենից, Հիսուս-Հուդայից, 98-ի դեպքերից. ոչ մի դավաճան չի ներվում: Կարդացեք Շեքսպիր և տեսեք՝ ինչ է դավաճանությունը: Որևէ արյուն ջուր չի դառնում: Մարդիկ պատմություն պետք է կարդան, որ հասկանան: Կյանքում թող մի անգամ կարդան «Ոճիր և պատիժ» և կհասկանան, որ ցանկացած ոճիր ունի իր պատիժը: Առանց պատժի ոճիր չի կարող լինել: Աշխարհը այդպես է ստեղծված: Մարդը իր մեղքերի համար պիտի պատասխան տա: Ես կարմային չեմ հավատում, բայց տիեզերքի օրենքն է, որ եթե մի բան խախտվեց, պիտի ուղղվի. անմեղ արյունը միշտ պատժվում է, իսկ մարտի մեկին անմեղ արյուն էր: Մարդիկ պիտի փորձեն քավել իրենց մեղքերը: Քրիստոնեության հիմնական հիմքն այն է, որ մարդը ինչպիսի մեղք էլ գործի՝ ապաշխարելու հնարավորություն ունի, եթե անկեղծ է ապաշխարում: Նաև Գարեգին Բ-ն, եթե քրիստոնյա լինի, հնարավորություն ունի ապաշխարելու և մարդկանց օգնելու մեղքերի թողության առումով:

Մարտի 1-ի դեպքերից առաջ մի շարք դիվանագետներ հայտարարություն տարածեցին, որի պատճառով հեռացվեցին աշխատանքից: Դու ևս նրանց շարքում էիր: Ինչպե՞ս ես վերաբերվում այդ դեպքին:

-Այդ 11 դիվանագետները պետականությունը պահելու համար համարձակվեցին դիմում գրել: Եթե նորմալ երկիր լիներ, կհասկանային, որ ամենամաքուր դիվանագետները, որ հարյուր տոկոսով պետության մասին են մտածում, այդ 11 հոգին են, որովհետև իրենք չեն վախեցել: Կարող եք ուսումնասիրել և գտնել, թե քանի դիվանագետ է լքել Հայաստանը:
Այդ 11 մարդիկ, որ դիմում գրեցին, վախ չունեին, որովհետև իրենց կյանքի ընթացքում որևէ այնպիսի քայլ չէին արել, որով իրենց կվարկաբեկեն: Նրանք ամենաազնիվ դիվանագետներն էին: Եթե իրենք կրիմինալի, կաշառքի, այլ երկրների հատուկ ծառայությունների հետ կապված լինեին, կվախենային այդ քայլին դիմելուց, որովհետև բացահայտվելու դեպքում կոչնչացվեին, մինչև կյանքների վերջ կմնային բանտերում: Էս պետությունը էս 11-ին դրեց մի կողմ և հիմնվեց նրանց վրա, ովքեր խառնված էին ամեն ինչին: Դրա համար էլ օր օրի ձախողում ենք ունենում՝ Հունգարիայի դեպքը, մոլդովացի կնոջ ելույթը, մեր բարեկամ երկրի՝ թշնամուն զենք վաճառելը, Գյուլի հայտարարությունը, որ հաջորդ կոնֆերանսը պիտի տեղի ունենա Ղարաբաղում, և այսպես շարունակ: Հեռացրին այն մարդկանց, որոնց վրա հիմնվելով՝ պիտի զարգացնեին դիվանագիտությունը: Հիմքը դրվեց փողոցից բերված մարդկանց վրա, որ հայտնվեցին դիվանագիտության մեջ ինչ-ինչ կապերով, նաև կրիմինալ աշխարհի հետ կապերով, ու սա է արդյունքը՝ ձախողում ձախողման հետևից:   

Եթե նորմալ միտք արտահայտեցիր, մարդիկ կլսեն

Հասարակության հայացքների վրա մեծ ազդեցություն է թողնում մամուլը, որի մեծ մասը այսօր վերահսկվում է: Ըստ քեզ՝ ի՞նչ է պետք հակադրել իշխանական քարոզչությանը:

-Նախ և առաջ՝ միտք է պետք: Ինչքան էլ վերահսկվի՝ ֆեյսբուքը ազատ է, twitter-ը ազատ է, ինտերնետային մամուլը լրիվ վերահսկողության տակ չէ, այսինքն՝ միայն տպագիրն է ու հեռուստատեսային մամուլը: Եթե նորմալ միտք արտահայտեցիր, մարդիկ կլսեն, իսկ նորմալ միտք արտահայտելու համար հարկավոր է, որ գիտակից մարդիկ լինեն: Նորից վերադարձանք այն խնդրին, որ այս երկրի միակ խնդիրը բանական մարդիկ ունենալն է, իսկ իշխանությունները ամեն ինչ անում են հակառակին հասնելու համար՝ չհասկանալով, որ չունենալով բանական մարդիկ՝ պետականությունը կվերանա: Իշխանությունները ամեն ինչ անում են, որ բանական մարդիկ երկրից հեռանան կամ կոտրվեն, իսկ մեր խնդիրը պիտի լինի բանական մարդկանց շատացնելը: Ինչքան որ բանական մարդիկ շատանան, այնքան երկիրը ավելի լավ վիճակում կհայտնվի:

Բանական մարդիկ ձևավորելուն ուղղված կրթական համակարգը կարծես թե միտումնավոր այլ քաղաքականություն է վարում: Նման պայմաններում ի՞նչ այլընտրանք ես տեսնում:

-Սոցիալական ցանցերը, մարդկանց հետ զրույցները երևի միակ այլընտրանքն են: Նաև մտավորականները պիտի փորձեն մարդկանց ետ բերել անգիտակից վիճակից: Ուրիշ եղանակ չեմ տեսնում: Եթե ուրիշ եղանակ կա, կուզեի լսել, որովհետև այս մարդկանց հեշտ է կառավարել: Այդպես տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Այդ մարդը ընդհանրապես անգիտակցական մակարդակում է, գիտակցականը իր համար օտար բան է, ինչի պատճառով էլ հինգ հարյուր հազար քաղաքացու քվե, եթե ոչ ավելի հավաքած մարդուն մի շաբաթում ոչնչացրին՝ իրականում ցույց տալով իր տեղը, իսկ եթե այս նույնը գիտակցական մակարդակում լիներ, ահռելի ներուժ կլիներ երկիրը փոխելու համար:

ՀԱԿը Հայաստանի ամենամեծ ինտելեկտուալ բազան ունեցող քաղաքական ուժն է

Դու նաև Կոնգրեսի ակտիվ համակիր ես: Ինչպե՞ս ես վերաբերվում ՀԱԿի գործունեությանը:

-ՀԱԿ-ը Հայաստանի ամենամեծ ինտելեկտուալ բազան ունեցող քաղաքական ուժն է: Մի անգամ ստատուս գրեցի, որ իշխանական ուժային բոլոր ռեսուրսները գտնվում են ՀՀԿ-ի ձեռքում, ֆինանսական ռեսուրսները՝ ԲՀԿ-ի, իսկ ինտելեկտուալը՝ ՀԱԿ-ի: Եթե ուզում ենք պետության մակարդակով ինչ-որ բան անել, այդ երեք ուժերը պիտի համադրվեն ինչ-որ կետում ու պիտի հասկանան, որ միմյանց ոչնչացնելով չի լինի: ՀԱԿ-ը փորձեց քայլ անել ԲՀԿ-ի միջոցով, նաև փորձեց իշխանություններին հասկացնել, որ այլ ելք չկա: Սերժ Սարգսյանը կուզե՞ր, որ իր հիմքը լիներ Արթուր Բաղդասարյանը, ով մեղադրվում է պետական դավաճանության մեջ, Արտաշես Գեղամյանը, որին ինքը դհոլ է կոչել, Վազգեն Մանուկյանը, որին իդիոտ է կոչել: Բոլորն էլ բարոյապես փչացած, մաշված մարդիկ են: Նույն Սերժ Սարգսյանն էլ չէր ուզի, որ իր կողքին նման մարդիկ լինեն, ուղղակի ինքն իրեն զրկել է նրանից, որ էս ազգը ուրիշ պոտենցիալ էլ ունի: Եթե միայն մենք լինեինք, գուցե ինչ-որ կերպ էսպես դեռ յոլա տանեինք, բայց մենք ունենք օրեցօր հզորացող թշնամի, որը էս վիճակում կարող է ծնկի բերել Հայաստանին, եթե ինքը չօգտագործի ազգի բոլոր ռեսուրսները: Սփյուռքի ռեսուրսներն էլ ընդհանրապես չեն գործածվում: Ճիշտ է՝ այդ ռեսուրսները ավելի մեծ չեն, քան ներքին ռեսուրսները, բայց կան այդ ռեսուրսները: Ինչ վերաբերում է ներքին ռեսուրսներին, ապա դրանք են՝ ԲՀԿ-ի ֆինանսական ռեսուրսը, որոնց ներկայացուցիչները հաճախ ապագա չեն տեսնում Հայաստանում և իրենց ֆինանսները տեղափոխում են արտասահման, ՀԱԿ-ի ռեսուրսները, որ ՀԱԿ-ի համակիրներն են, որոնց մի մասը ևս արտագաղթեց՝ այստեղ այլևս ապագա չտեսնելով: Իշխանությունները պիտի օգտագործեն այդ ռեսուրսները պետականության շահի համար, ոչ թե մտածեն ՀԱԿ-ից մարդ պոկելու մասին: 2011-ի երկխոսությունը շատ մեծ բան էր մեր պետականության համար: Ցավոք սրտի՝ Սերժ Սարգսյանը վիժեցրեց այդ երկխոսությունը՝ ձերբակալելով ՀԱԿ-ի երիտասարդներին, բայց այդ երկխոսությունը կարող էր հիմք լինել պետականության ամրապնդման համար:

Քանի դեռ Սերժ Սարգսյանը մնում է, դա Ռուսաստանի և Արևմուտքի շնորհիվ է

Հայաստանը կարծես հայտնվել է Եվրոպայի և Ռուսաստանի միջև ընտրություն կատարելու հարցի առաջ. մի կողմից՝ ասոցացման համաձայնագիրը, մյուս կողմից՝ մաքսային միությունը: Շատերը այս իրավիճակը վտանգավոր են համարում Հայաստանի համար: Որպես դիվանագետ՝ ինչպե՞ս ես գնահատում այսօրվա արտաքին քաղաքական իրավիճակը:

-Հայաստանի համար վտանգավոր է այնքանով, որ Սերժ Սարգսյանը չկարողացավ ապացուցել, որ Հայաստանը չի կարող կամ-կամ քաղաքականություն վարել: Հայաստանի անկախությունից սկսած, մինչև անգամ Քոչարյանի որոշ շրջանում, Հայաստանի քաղաքականությունը եղել է փոխլրացման քաղաքականություն, այսինքն՝ Արևմուտքը Ռուսաստանին չի հակադրվել: Գիտենք, որ Հայաստանը Ռուսաստանի ազդեցության ոլորտում է, և Արևմուտքը ամեն կերպ փորձում է մխրճվել այս տարածաշրջան, ու եթե որևէ սխալ արեցիր, և՛ Ռուսաստանին կթշնամանաս, և՛ Արևմուտքին: Սերժ Սարգսյանը երկու ձմերուկ բռնելով՝ երկուսն էլ կոտրեց: Ճիշտ է՝ իրեն ներվեց մարտի մեկը, հայ-թուրքական համաձայնագիրը՝  հանուն ինչ-որ շահերի, բայց արդեն ներվելու խնդիր չկա. ինքը պիտի պատասխան տա իր բոլոր քայլերի համար:

ԱԳՆն այդպես էլ չի հրապարակում ասոցացման համաձայնագրի տեքստը: Խոսակցություններ կան, որ այդ տեքստում շոշափվում է նաև Ղարաբաղի հարցը: Ինչքանո՞վ ես դա հնարավոր համարում:

-Ես համոզված եմ, որ Ղարաբաղի հարցը քննարկվել է ասոցացման համաձայնագրի մեջ, ուղղակի Հայաստանը տնտեսապես այնքան ծանր վիճակում է, որ եվրոպացիները խոսք են տվել ներդրումներ անել, և եթե հիմա էլ դրանից հրաժարվի Հայաստանը, այդ երեսունյոթ տոկոս աղքատությունը կկրկնապատկվի: Երկիրը սնանկ է, և Սերժ Սարգսյանը չի կարող չհասկանալ դա: Հիմա ինքը շատ դժվարին վիճակում է գտնվում. եթե ասոցացման համաձայնագիրը ստորագրի, Ռուսաստանը իր քայլերը կձեռնարկի Հայաստանում: Ռուսաստանից արդեն մեկուկես միլիարդ փող է վերցրել վարկերը փակելու համար. հոսանքը, կապը ևս Ռուսաստանինն են: Բացի դրանից՝ դու ընդերք չունես: Այդքան խոսում են Հայաստանի նախկին իշխանությունների մասին, բայց մինչև 98 թվականը Հայաստանում որևէ հանք չի վաճառվել, իսկ միայն 98 թվականից հետո մինչ այսօր 400 հանք է վաճառվել: Դու արդեն երկրի ընդերք էլ չունես, որ գոնե դրանից օգտվես: Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի պատճառով Հայաստանը հայտնվել է սնանկ վիճակում:

Ինչոր ելք տեսնու՞մ ես այս վիճակից:

— Ես տեսնում եմ, որ իր քաղաքականության պատճառով երկիրը անդունդի եզրին է: Ներքաղաքական առումով՝ ինչ-որ ելք տեսնում էի. այն, որ թեկուզ Սերժ Սարգսյանը կարող է ինչ-որ լուծումներ գտնել, բայց արտաքին քաղաքական առումով չեմ տեսնում, մանավանդ որ ներքինը դեռ չի լուծվել: Ինչքան էլ ընտրություններին թվեր նկարեն, միևնույն է՝ ազգաբնակչության մեծ մասը Սերժ Սարգսյանին ատում է: Տրամաբանորեն չի էլ կարող չատել: Ամենասուրբ իշխանության դեպքում անգամ երեսունյոթ տոկոս աղքատ մարդիկ ատելու էին, իսկ դժգոհության ցուցիչ է նաև արտագաղթը: Մի րոպեում ժողովուրդը կարող է իշխանափոխություն անել, բայց քանի դեռ Սերժ Սարգսյանը մնում է, դա Ռուսաստանի և Արևմուտքի շնորհիվ է:

«Հարցազրույց Հայաստանի հետ» հարցազրույցների շարքի մյուս նյութերը

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի փուլի ավարտը’
Հաջորդ հոդվածը‘Պետերբուրգում Օբաման կհանդիպի ՀԿ-ների, այլ ոչ թե Պուտինի հետ’