‘«Հարցազրույց Հայաստանի հետ»: Երվանդ Գրեկյան. Խալդի աստծո ստվերը. Ուրարտուի ծագումը, վերելքն ու անկումը’

124645

Ուրարտական պետության կազմավորման, ուրարտացիների ծագման, Հայկական լեռնաշխարհի մշակույթների հետ Ուրարտուի կապի եւ «անկապության», հարեւան պետությունների եւ ցեղերի հետ հարաբերությունների, Էթինունի-Ուրարտու հակադրության, ուրարտական գերկենտրոնացած պետական եւ տնտեսական կառույցի, միջպետական տնտեսական պատերազմների, շրջափակումների, Ուրարտուի տարածքում հայերենի տարածման, նաեւ՝ վերջին ուրարտացիների լեռներ բարձրանալու, Ուրարտուն կործանած տեւական երաշտի, ուրարտական արքայացանկի ժամանակագրության վերանայման անհրաժեշտության, հայոց պատմության մարական գերիշխանության շրջանի կասկածելիության, առեւտրական ճանապարհների համար պայքարի, ուրարտական մշակույթի արհեստական լինելու, ուրարտական արքայի քուրմ-գուշակի պաշտոնի, հին արեւելյան ավատատիրության, աշխարհում առաջին հեծելազորի կազմավորման, Ուրարտուում բանակային ռեֆորմի, նույնիսկ կենցաղային հարցերը արքայի կողմից լուծելու մասին պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Արամազդ» հանդեսի քարտուղար-խմբագիր Երվանդ Գրեկյանի հետ զրուցեց Ռիմա Գրիգորյանը

Հատված Ա. Ուրարտացիները՝ եկվոր՝ Վանի ավազանում

Մինչեւ Ուրարտու պետության ձեւավորումը՝ Հայկական լեռնաշխարհում, հատկապես՝ դրա հարավում, հնագիտական պեղումներից եւ ասորեստանյան վկայություններից հայտնի են տարբեր՝  բավականին հզոր մշակույթներ եւ մի քանի կազմավորումներ, որոնց առաջնորդները վկայված են որպես թագավորներ՝ Նաիրի, Հայասա, Ալձինի, Ծուփա եւ այլն. ո՞րն է Ուրարտուի անմիջական եւ միջնորդավորված կապը դրանց հետ. կա՞ արդյոք որոշակի քաղաքական եւ մշակութային ժառանգություն:

Ուրարտուն ձևավորվեց Հայկական լեռնաշխարհում, և տեղի մշակույթը որոշակի հետք թողեց նաև ուրարտական տերունական մշակույթի ձևավորման գործում: Դրա լավագույն օրինակը, այսպես կոչված՝ ուրարտական «պետ-ստանդարտ»-ի կամ «պալատական» խեցեղենն է, որը տիպաբանորեն ծագում էր Վանի ավազանի մինչուրարտական շրջանի հուշարձաններից (օրինակ` Խառակոնիսից, թուրք. Քարագյունդյուզ, Էրնիս/Եունսելիից ևն) և մեծ քանակությամբ արտադրվել է ուրարտական պետական արհեստանոցներում, ինչպես նշվեց` ուրարտական «պետ-ստանդարտ»-ի համաձայն` տարողության հստակ չափերով և տարողության չափի մատնանշումով: Կարծում եմ, որ բավական մեծ էր Տուշպա քաղաքի դերը, որը թե մշակութային և թե էթնոլեզվական առումով պատկանում էր այլ, պայմանական ասած` «խեթական» տիպի աշխարհի: Սակայն որպես կառույց, որպես համակարգ՝ Ուրարտուն հինառաջավորասիական աշխարհի մաս էր, պատճենում էր նրան, և, իմ կարծիքով` Ուրարտուն չի կարելի համարել Լեռնաշխարհի ծնունդ: Օրինակ` Ուրարտուի տնտեսական կառուցվածքը գրեթե նույնանում էր շումերա-աքքադական թագավորության կամ Ուրի III հարստության` պետության կողմից խստորեն վերահսկվող, գերկենտրոնացված տնտեսություն ունեցող և վերաբաշխման համակարգի վրա հիմնված կառույցներին` պետական հողին ամրացված կախյալ բնակչությամբ կամ «պետական ճորտեր»-ով, երբ չկային ազատ տնտեսական հարաբերություններ, պետության վերահսկողության տակ էր գտնվում առևտուրը ևն: Ամորեացիների գալով այդ ամբողջ համակարգը փլուզվեց, թեև հետագայում նման համակարգ` որոշ առանձնահատկություններով, երևում է թե Միտաննիում և թե Ասորեստանում՝ միջինասորեստանյան դարաշրջանում: Այդ նույնը երևում է նաև Ուրարտուում. պատահական չէ, որ մինչ օրս չի հայտնաբերվել որևէ տեքստ, որը կվերաբերեր, օրինակ, հողի կամ անգամ մթերքների առքուվաճառքին, գրավադրմանը, փոխառություն տալուն և այլն, ինչը տեսնում ենք Ուրարտուին համաժամանակյա Բաբելոնիայում: Ինչ խոսք, այստեղ կարծիքները կարող են տարբեր լինել, բայց, որքանով որ հաղորդակից եմ Հայաստանի հնագիտությանը` ինձ համար դժվար կլինի նման պատկեր վերհանել Հայկական լեռնաշխարհում մինչուրարտական շրջանի համար: Ինչ վերաբերում է ձեր մատնանշած երկրներին, ապա դրանց մասին մեր տեղեկությունները, որ հայտնի են խեթական և միջինասորեստանյան աղբյուրներից, գերազանցապես վերաբերում են Ք.ա. II հազարամյակի երկրորդ կեսին: Խեթական տերության կործանումից և միջինասորեստանյան տերության անկումից հետո ողջ Առաջավոր Ասիան համակած, այսպես կոչված՝ «մերձավորարևելյան ճգնաժամ»-ը իր հետևանքները թողեց նաև Լեռնաշխարհի վրա: Փոխվում է մարդկանց կացութաձևը, բնակչությունը դառնում է շարժունակ, Լեռնաշխարհն ականատես է լինում էթնիկ տեղաշարժերի, և որոշ շրջաններում, որ շարունակում են հանդես գալ հին անուններով, ամբողջությամբ փոխվում է տարածքի թե հնագիտությունը և թե, ամենայն հավանականությամբ, էթնիկ պատկերը: Ըստ այդմ՝ Ուրարտուի ակունքները վեր հանելու համար թերևս չպետք է շատ հեռանալ իր դարաշրջանից:

Ուրարտուի եւ նրանից մի քանի դար առաջ հիշատակվող Ուրուատրի միության կապն անմիջակա՞ն է արդյոք. դրանք նույն կազմավորման տարբեր փուլե՞րն են, թե՞ անվանումներն են մոտ  իրար: Եթե կա անմիջական կապ, ապա ինչպե՞ս է եղել անցումը մեկից մյուսը:

Այո, կարելի է նշել, որ Ուրարտու անվանաձևը ծագում է Ուրուատրիից. դա շատ լավ երևում է Ասորեստանի արքա Աշշուր-նածիր-ապալ II-ի տեքստերից, որոնցում հիշատակվում են և՛ Ուրատրու, և՛ Ուրուատրի, և՛ Ուրարտու ձևերը՝ նկատի ունենալով նույն երկրամասը: Միևնույն ժամանակ՝ պնդել, որ Ք.ա. 9-րդ դ. առաջին կեսին հանդես եկող Ուրատրու-Ուրարտուն նույն պետական կազմավորումն է կամ ներկայացնում է նույն էթնոլեզվական աշխարհը, ինչ Ք.ա. 13-րդ դ. կեսերին` ասորեստանյան արքա Սալմանասար I-ի տեքստերում հիշատակած Ուրուատրին էր, հնարավոր չէ: Հայտնի է, որ հատկապես Ք.ա. 12-րդ դարում Հայկական լեռնաշխարհում տեղ են գտել էթնիկ տեղաշարժեր, ինչը երևում է թե հնագիտական տվյալներից և թե սեպագիր աղբյուրներից: Այդ տեղաշարժերը կարող էին փոխել էթնոլեզվական պատկերը նաև Ուրուատրիում: Այստեղ, սակայն, պետք է նկատի ունենալ, որ ընդհանրապես` տեղանունները պահպանողական են, և ունենք մեծաթիվ օրինակներ, երբ այս կամ այն անունը կրող տարածքը դարերի ընթացքում մի քանի անգամ փոխել է իր էթնիկ կազմը (լեզվական պատկերը, սակայն, անունները պահպանվել են: Հիշենք, օրինակ, Մելիզի/Մելիդ/Մելիտենեն, Սիսուն, Ադանիյա/Ադանավանան, Տարսուն, Մարհաշը ևն, որոնցում դարերի ընթացքում խոսել են խեթա-լուվերեն, հունարեն, հայերեն լեզուներով, սակայն, անունները պահպանվել են գրեթե նույնությամբ (Մալաթիա, Սիս, Ադանա, Տարսոն, Մարաշ): Կարծում ենք, որ Ուրուատրի-Ուրարտու անվանական կապը բավական կենսունակ է, և այլ բան դժվար է ենթադրել:

Ուրուատրին կարծես ավելի հարավային տարածքներ է զբաղեցնում, քան ապագա Ուրարտուի միջուկը, արդյո՞ք տեղի է ունեցել տեղաշարժ դեպի հյուսիս՝ Վանա լճի ավազան. ու՞մ կողմից, ինչո՞ւ եւ ե՞րբ:

Այո, Ուրուատրին գտնվում էր Հայկական լեռնաշխարհի հարավում` Հայկական Տավրոսներում, միգուցե` Սասունի լեռների (Շուբրիայի) մերձավորությամբ, թեև կոնկրետ սահմաններ նշելը առայժմ դեռ դժվար է: Այստեղ պետք է նկատի ունենալ, որ Ուուատրիի փոխարեն ասորեստանյան համաժամանակյա այլ տեքստերում երբեմն հանդես է գալիս Նիրբու անվանումը, որը աքքադերենում նշանակում է «լեռնանցք»: Կարելի է կարծել, որ Ուրուատրին և շատ ավելի ուշ հիշատակվող Ուրատրուն ընկած էին Միջագետքը Հայկական լեռնաշխարհին կապող Տավրոսյան լեռնանցքներից մեկի շրջանում, իսկ դրանց թիվը շատ չէ:

Մյուս կողմից, այո, երկար ժամանակ Վանի ավազանն էր համարվում ուրարտական տերության միջուկը: Դա այդպես է, սակայն այստեղ կա մի նրբություն: Նրանք, ովքեր ծնունդ տվեցին այդ թագավորությանը, նրանք, ովքեր գտնվում էին ուրարտական տերության կազմավորման ակունքներում` կանվանենք նրանց ուրարտացիներ թե բիայնացիներ, նրանք ևս հարավից էին և եկվոր էին այդ նույն Վանի ավազանում: Երբ նայում ենք, թե որտեղ են գտնվել նրանց գլխավոր աստվածների «տներ»-ը՝ պաշտամունքի կենտրոնները, ապա տեսնում ենք, որ դրանք բոլորը տեղորոշվում են հարավում կամ հարավ-արևելքում` գերազանցապես` Կորդվաց լեռներից մինչև Հյուսիս-զագրոսյան լեռներ ձգվող գոտում: Եթե զուտ գիտության տեսանկյունից նայենք, ապա, իմ խորին համոզմամբ, նրանք հարավից են:

Ինչ վերաբերում է դարաշրջանին, ապա այստեղ դեռևս մեծ է անորոշությունը: Կարելի է կարծել, որ ոչ ուշ, քան Ք.ա. 10-րդ դ. վերջերը: Ընդ որում՝ խոսքը վերաբերում է մարդկանց մի խմբի, որոնք հաղորդակից էին հատկապես հյուսիս-միջագետքյան/ասորեստանյան քաղաքան, ռազմական և տնտեսական համակարգին, և որոնք հետագայում, ինչպես կտեսնենք, փորձեցին այդ համակարգը ներդնել նաև Հայկական լեռնաշխարհում:

Վանա լճի ավազանում մինչուրարտական շրջանում ի՞նչ մշակութային իրավիճակ է եղել. եթե կան քիչ թե շատ հստակ հնագիտական տվյալներ:

Սկսած 1980-ական թթ.-ից՝ Վանա լճի ավազանում իրականացվում են բավական ինտենսիվ աշխատանքներ` վերհանելու այդ տարածքի վաղերկաթեդարյան, այսինքն` մինչուրարտական շրջանի հնագիտական պատկերը: Առկա տվյալները թույլ են տալիս վստահությամբ նշելու, որ Վանա լճի ավազանը հնագիտորեն ներկայացնում էր այն նույն մշակութային աշխարհը, ինչ Արարատյան դաշտավայրը և ընդհանրապես` Արաքսից հյուսիս ընկած տարածքները: Իսկ ուրարտացիները եկվոր են այդ տարածքներում ճիշտ այնպես, ինչպես նրանց եկվոր կարելի է համարել Արարատյան դաշտավայրում:

Ընդհանրապես՝ Հայկական լեռնաշխարհի վաղ եւ միջին բրոնզի եւ ուրատական մշակույթների միջեւ կապեր կա՞ն՝ ընդհանրություննե՞րն են շատ, թե՞ տարբերությունները:

Ուրարտական մշակույթ ասվածը արհեստական երևույթ է, այն պատճենում էր միջագետքյան մշակույթը, ինչպես աքեմենյան մշակույթն էր պատճենում էլամականը, ասսուրա-բաբելականը, եգիպտականը կամ հոնիականը: Այսինքն` գործ ունենք պալատական կամ արհեստածին մշակույթի հետ, որը ծնունդ առավ պալատում, բայց կյանք չստացավ, պալատի պատերից դուրս չեկավ, այլ դարձավ պետ-պատվեր, դարձավ դրոշմ, որով, առանց նրա էությանը հաղորդակից լինելու, պարզապես դրվագվում էր բրոնզի հերթական թիթեղը: Ուրարտական մշակույթը, ինչպես և ինքը` Ուրարտուն, չունեցավ միս և արյուն, չձևավորվեց այդ մշակույթի կրողը, և այն անհետացավ պետության հետ միասին:

Հատված Բ. Ուրարտուն եւ հարեւանները՝ Միտանի, Էթիունի, Դիաուեխի

Մ.թ.ա երկրորդ հազարամյակում մի ուրիշ խուռիական պետություն՝ Միտանին, որի վերնախավը նույնպես եկվոր էր՝ այս անգամ հստակ հնդարիական, իր ազդեցությունը տարածեց նաեւ Հայկական լեռնաշխարհի հարավ-արեւմտյան, թեւրեւս նաեւ՝ հարավ-արևելյան որոշ շրջաններում: Սա կարո՞ղ է լինել նաեւ ուրարտացիների կազմավորման կաղապարը:

Բացի այդ, թեեւ լեզվով ուրարտացիները առավել մոտ են խուռիներին, սակայն որոշ հետազոտողներ ուշադրություն են դարձնում, որ ուրարտական դինաստիայի անձնանունները՝ Սարդուրի, Իշպուինի, Մենուա, Արգիշտի, բացատրելի չեն ո՛չ ուրարտերենով, ո՛չ էլ խուռիերենով: Փորձեր կան այդ անունները կամ դրանց մի մասը բացատրել հնդեվրոպական ինչ-որ լեզվով կամ լեզուներով, որոնք սակայն չեն նույնանում նաեւ հայերենի հետ, այլ ավելի շատ կարող են առնչվել բալկանյան լեզվաշխարհին: Ստացվում է բարդ պատկեր. ենթադրաբար՝ անատոլիական կամ բալկանյան կապերով, թերեւս հնդեվրոպալեզու, բայց ոչ հայալեզու մի խումբ իշխող է դարձել խուռի-ուրարտական տեղական միջավայրում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրողություններն ու ենթադրությունները:

Ուրարտական պետությունը, որպես կառույց, շատ էր նմանվում Միտաննիին: Սակայն, դա չի խոսում ուղիղ կապի մասին. այդ կապը, ամենայն հավանականությամբ, միջնորդավորված էր, իսկ միջնորդ օղակն Ասորեստանն էր, որը ևս, միջինասորեստանյան դարաշրջանից սկսած, ծնունդ առավ և վերելք ապրեց՝ կրկնօրինակելով միտաննական քաղաքան, ռազմական և տնտեսական համակարգը և այն ժառանգելով նորասորեստանյան պետությանը: Այստեղից էլ այդ համակարգը բերվեց Հայկական լեռնաշխարհ:

Այո, ինչպես դուք նշեցիք` Միտաննիում իշխող վերնախավը և արքայատոհմն ուներ հնդարիական ծագում: Այստեղ ես չեմ ցանկանում անդրադառնալ հատկապես մեր որոշ մտածողների, որոնք, չտարբերելով հնդարիացուն հնդիրանցուց, հնդիրանցուն՝ հնդեվրոպացուց, և վերջինիս էլ՝ հայից, Միտաննին միանգամից դարձնում են հայկական թագավորություն: Դա լուրջ չէ և գիտության ու գիտականության հետ որևէ կապ չունի: Նմանությունը կարող է դրսևորվել այլ տեղ. ինչպես Միտաննիում, այնպես էլ` Ուրարտուում, իշխող արքայատոհմը կարող էր ունենալ այլ ծագում և լիներ այլ լեզվի (նկատի ունենք` ոչ ուրարտերենի) կրող: Այո, հետազոտողները ենթադրում են, որ նրանք կարող են լինել «թրակա-փռյուգացիներ»: Սակայն, դա դեռ գիտության վերջին խոսքը չէ: Զորօրինակ` Էրիմենա, Իշպուինի անուններն ունեն նաև հստակ խուռիերեն ստուգաբանություն, ես ինքս այլ ստուգաբանություն եմ առաջարկել Սարդուրի անվան համար և այլն: Այդ անունները համարվում են գահանուններ, սակայն, Ք.ա. 7-րդ դարի ուրարտական աղբյուրներում հայտնի են անհատներ, որոնք կրել են «գահակալական» կամ «դինաստիական» անուններ: Օրինակ, Ռուսախինիլի Էիդուրուկայի քաղաքից (ներկայիս Այանիս/Այանց հնավայրը) հայտնաբերված տեքստերից մեկում նշվում է, որ ոմն Սարդուրի պետությունից ստացել է գարի իր ձիու համար, Բաստամից հայտնի մեկ այլ տեքստում նշվում է ոմն Մենուայի մասին, ով մի քանի այլ անձանց/պետական ծառայողների հետ միասին պետությունից ստացել է մեկական ոչխար և այլն: Հասկանալի է, որ այստեղ խոսքը չի վերաբերում ուրարտական արքաներին:

Ընդ որում, եթե անգամ ընդունենք, որ իշխող արքայատոհմն ուներ, այսպես կոչված՝ «թրակա-փռյուգական» ծագում, ապա, այնուամենայնիվ, այստեղ հարց է առաջանում, թե արդյո՞ք նրանք չէին կորցրել իրենց լեզուն և դարձել, օրինակ, ուրարտախոս` որպես հեռավոր հիշողություն պահպանելով իրենց անունները, մշակութային տերմիններն ու, հավանաբար, աստվածներին: Այդ նույնը, ի դեպ, ենթադրվում է միտաննական հնդարիացիների պարագայում, և առայսօր շարունակվում է բանավեճը, թե արդյո՞ք միտաննական հնդարիերենը, որն ավելի արխաիկ էր, քան Հնդկաստան գնացած հնդարիացիների լեզուն, և շատ ավելի մոտ` հնդիրանական միասնության լեզվին, դեռևս կենդանի էր և խոսակցական լեզու միտաննական թագավորության գոյության շրջանում:

Կարելի է այստեղ հիշել նաև Արշակունիներին: Սրշակունիներն իրենք պարթև չէին, այլ սկյութներ էին, որոնք հայտնվելով պարթևների միջավայրում և դառնալով իշխող խավ` միաժամանակ, կորցրին իրենց լեզուն` դառնալով պարթևախոս: Այդ նույնը կարելի է ասել նորխեթական թագավորության համար: Նորխեթական դարաշրջանում Խաթթիում հաստատված արքայատոհմն ուներ խուռիական ծագում, պետությունը զգալի չափով «խուռիականացվեց», սակայն, անհեթեթություն կլինի ասելը, թե նորխեթական թագավորությունը խուռիական պետություն էր: Հայտնի է խեթական արքաներից մեկի` Մուվաթալիս III-ի խուռիական անունը` Ուրխի-Թեշուբ: Ուրարտական արքաներից մի քանիսի անունը ևս հայտնի է` Վեդիպրի, Յայա, որոնք գահ են բարձրացել որպես «Ռուսա I» (Ռուսա Սարդուրորդի) և «Ռուսա II» (Ռուսա Արգիշթորդի): Այսինքն, այստեղ դեռևս խնդիրները շատ են, և զգուշավորությամբ պետք է մոտենալ այդ հարցի շուրջն արված և արվելիք ցանկացած մտքի:

Իսկ կարո՞ղ են նաեւ ինչ-ինչ կապեր լինել Միտանիի եւ Ուրարտուի միջեւ, հատկապես եթե հաշվի առնենք, որ Ուրարտուի համար այդքան կարեւոր՝ Մուծածիրի՝ Արդինիի շրջանում ենթադրվում է հնդիրանական (գուցեեւ հնդարիական) ներկայություն, ինչպես նաեւ Խալդիի եւ Միթրայի, Ուարուբաինիի եւ Վարունայի բավականին փաստարկված կապը: Կարո՞ղ էր հնդարիական կամ հնդիրանական տարրը դեր խաղալ Ուրարտուի նախնական կազմավորման մեջ:

Ինչպես և վերը նշեցի` Միտաննի և Ուրարտուի միջև ուղիղ կապ հազիվ թե հնարավոր լինի տեսնել, նրանց բաժանում է ոչ պակաս, քան 300-ամյա մի ժամանակաշրջան: Միտաննին ևս կայսրություն էր, և հավանական է, որ կայսրության անկումից հետո նրա փշրանքները միառժամանակ գոյատևեին տերության երբեմնի ծայրամասային և հատկապես լեռնային հատվածներում` Հայկական լեռնաշխարհի հարավում: Սակայն, այդ դարաշրջանից հայտնի գրավոր նյութը չի մղում մտածելու, որ դրանք բավականաչափ կենսունակ գտնվեցին` դիմագրավելու Ասորեստանին, կրելու միտաննական ժառանգությունը և այն փոխանցելու հետագայի Ուրարտուին: Ինչպես նշեցի, այդ դերը կարող էր կատարել հենց ինքը` Ասորեստանը: Միջինասորեստանյան թագավորությունը, որպես համակարգ` շատ առումներով կրկնօրինակում էր Միտաննիին, այդ համակարգը ժառանգվեց նորասորեստանյան թագավորությանը և, թերևս այստեղից` պատճենվեց նաև ուրարտացիների կողմից:

Գրավոր աղբյուրներից դատելով` հնդարիական ներկայության հետքեր, իրոք, երևում են Հայկական լեռնաշխարհի որոշ շրջաններում, ինչպես, օրինակ, Իսուվայում (հետագայի Ծոփքը), Պախխուվայում և այլուր: Մուծածիրում ևս ենթադրվում է հնդարիական ներկայություն, և տեղի մեծ աստվածների զույգը, որոնք հայտնի են ասորեստանյան աղբյուրներից որպես Խալդի և Բագբարթու (տրբ. Բագմաշթու), մասնագիտական գրականության մեջ նույնացվում է Միթրա-Վարունայի հետ: Սակայն դա միայն տեսակետ է, որը առավել հաճախ հենվում է մերձուրմյան տարածքներում հնդարիացիների վաղ ներկայության հնարավորության շուրջն արված կարծիքի և մուծածիրյան աստվածություններից մեկի` Բագբարթու կամ Բագմաշթու անվան իրանական ստուգաբանության վրա. Բագմաշթու ընթերցման դեպքում այդ անունն ունենում է նույն իմաստը, ինչ Ահուրամազդան («Իմաստնության տեր» կամ «Աստված իմաստուն»): Իսկ ի՞նչ գիտենք մենք Ք.ա. 2-րդ հազարամյակում Մուծածիրի մասին: Բացարձակապես ոչինչ կամ գրեթե ոչինչ, իսկ առկա տվյալներն էլ ելնում են Ք.ա. 2-րդ հազ-ի երկրորդ կեսին սեպագիր աղբյուրներում հիշատակվող Մուծրու երկիրը Մուծածիրի հետ նույնացնելուց: Մուծածիրի տարածքից ոչ հեռու` ներկայիս հյուսիս-արևելյան Իրաքում` Քիրքուի շրջանում էր ընկած միտաննական դարաշրջանի թագավորություններից մեկը` Առապխայի թագավորությունը: Տեղի գլխավոր քաղաքներից մեկից` Նուզիից հայտնաբերված տեքստերում պահպանվել են մեծաթիվ` ոչ պակաս, քան 6 հազ. անձնանուններ: Կարող է տարօրինակ թվալ, սակայն, այդ անուններից ընդամենը մոտ երեք տասնյակն է, որ հնարավոր է ստուգաբանել հնդարիերենով: Եվ դա այն դեպքում, երբ մենք հաստատապես գիտենք, որ միտաննական արքայատոհմն ու վերնախավն ունեցել են հնդարիական ծագում, իսկ Առապխան գտնվել է Միտաննիի գերիշխանության տակ և, ըստ էության՝ տերության մի մասն էր կազմում արևելքում: Կարծում եմ, որ Մուծածիրում հնդարիական ներկայության շուրջն արված տեսակետը թույլ է փաստարկված: Ավելին, Խալդին ինքը իր կերպարով չափազանց նմանվում էր ասորեստանցիների գլխավոր աստված Աշշուրին, կարծես` Խալդին և Աշշուրը նույն կերպարի տարբեր անունները լինեն: Խալդիի հետ Միթրայի կապը կարող էր տեղ գտած լինել շատ ավելի ուշ, քան ենթադրվում է` Ք.ա. 1-ին հազ-ի ինչ-որ շրջանում, երբ ավելորդ է խոսել Առաջավոր Ասիայում հնդարիացիների մասին, բայց փոխարենը կարող ենք տալ արևմտաիրանական ժողովուրդների` մարերի և պարսիկների անունը:

Ընդհանրապես, կարծում եմ, որ մասնագիտական գրականության մեջ չափազանցվում է նաև Մուծածիրի դերակատարությունը ուրարտական պետության քաղաքական կամ հոգևոր կառույցների ձևավորման գործում: Կարծում եմ` Մուծածիրին ճիշտ բնորոշում է տալիս իտալացի ուրարտագետ Միրյո Սալվինին` այն դիտելով որպես «միջազգայնորեն ճանաչված սրբազան քաղաք», որը, որպես կրոնական կենտրոն՝ նույն նշանակությունն ուներ ինչպես Ուրարտուի, այնպես էլ Ասորեստանի համար: Այդ առումով Մուծածիրը բացառիկ կամ միակը չէր: Նման դերակատարություն ուներ, օրինակ, Կումմեն, որը հայտնի էր որպես խուռիական Տարերքի աստծո`Թեշշուբի (ուրարտ. Թեյշեբա) պաշտամունքի կենտրոն և երկրպագվում էր նաև ասորեստանցիների կողմից՝ որպես Ադադ (Ամպրոպի աստված):

Ի՞նչ կասեք Արմեն Պետրոսյանի էթիունական վարկածի մասին, համաձայն որի` հայերի եւ էթիունցիների միջեւ ուղիղ կապ կարող է լինել: Ինչպե՞ս կմեկնաբանեք արձանագրություններից մեկի մութ հատվածը էթիունական զորքի եւ Աստիուզիի մասին:

Ակնհայտ է, որ «էթիունյան» վարկածն ունի գոյության իրավունք և հայ ժողովրդի կազմավորման առավել հավանական տեսակետներից մեկն է: Արմեն Պետրոսյանն ինքը իր աշխատանքներում նշում է իր տեսակետի և՛ ուժեղ, և՛ թույլ կողմերը` ի տարբերություն շատերի և ի պատիվ իրեն: Այդ տեսակետի շուրջն արված և արվելիք առողջ քննարկումները, կարծում եմ, միմիայն հստակություն կմտցնեն այդ հարցում, այնքանով, որքան որ թույլ են տալիս մեր իմացության սահմանները:

Ինչ վերաբերում է «աստիուզի»-ին, ապա այդ տերմինը հիշատակվում է Մենուայի որդի Արգիշթիի «Խորխորյան տարեգրության» մեջ, ուր նշվում է Էթիունի երկրի կողմից Արդինի քաղաքի «աշտիուզի»-ն փախցնելու կամ գերի տանելու մասին: Տեքստը ընթերցվում է հստակ` բացառությամբ «աստիուզի» բառի: Ինչպես գիտեք, ոմանք այստեղ տեսնում են հայ. «աստված» բառը և տեքստը մեկնաբանում ըստ այդմ` Արդինի քաղաքի աստծուն, աստծո կուռքը գերեվարելու կամ իրենց գերի տարված աստծո կուռքը հետ բերելու մասին, կան նաև այլ կարծիքներ: Ասել ավելին` կնշանակի մտնել մտահայեցողության դաշտ: Այստեղ կսահմանափակվեմ նշելով, որ հայ. «աստված» բառն ունի այլ ծագում, իսկ ասորեստանյան սեպագիր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ դեպի Ուրարտու էթիունցիների (հիշատակվում են «էթինացիներ» ձևով) ձեռնարկած հաջող արշավանքների մասին: Ճիշտ է` այդ տեքստերը վերաբերում են արդեն Սարդուրիի որդի Ռուսայի կառավարման շրջանին:

Հատկապես Հայկական Պարից հյուսիս՝ Երասխի եւ Ճորոխի ավազաններում, այդ ժամանակ կային ուժեղ նախապետական տիպի կազմավորումներ՝ Էթիունին (Արարատյան դաշտ եւ հարակից տարածքներ) եւ Դիաուխին (ապագա Տայքը): Ինչպիսի՞ դիմադրություն ցուցաբերեցին դրանք ուրարտացիներին, որքա՞ն դա տեւեց, որքանո՞վ հաստատուն եղավ ուրարտական նվաճումը: Դրանք ինչպիսի՞ կազմավորումներ էին. ինչո՞ւ միավորումը տեղի չունեցավ դրանց շուրջ:

Նախկինում կարծես Արաքս գետը հյուսիսում համարվում էր ջրբաժան Ուրարտուի և ոչ-Ուրարտուի միջև: Այժմ իհարկե հայտնի է, որ մինչև Արաքսն ընկած տարածքներում` Վանա լճի ավազանում էին գտնվում մի քանի «երկրներ», որոնք էլ դարձան ուրարտական ծավալման առաջին «զոհերը»: Դիաուխին և Էթիունին արդեն ուրարտական նվաճումների աշխարհագրության հաջորդ գոտին էր, նվաճումների հերթական փուլը: Դիաուխին ժամանակի խոշոր պետական կազմավորումներից մեկն էր` ռեսուրսներով հարուստ, անվանապես համապատասխանում էր հետագայի Մեծ Հայքի Տայք աշխարհին, իսկ իր զբաղեցրած տարածքով ընդգրկում շատ ավելի ընդարձակ գոտի: Դիաուխիի դեմ արշավանքներ են իրականացրել Իշպուինիի որդի Մենուան և Մենուայի որդի Արգիշթին, որից հետո ուրարտական սեպագիր աղբյուրներում այդ երկիրն այլևս չի հիշատակվում: Որոշ տվյալներից դատելով` Դիաուխին կորցնում է հատկապես Արաքսին մերձակա իր տարածքները և վերածվում կախյալ թագավորության: Հնագիտորեն հստակ ուրվագծվում է ուրարտական ամրաշղթան, որը վերահսկում էր երբեմնի դիաուխյան տարածքները: Դիաուխիի նկատմամբ վերահսկողությունը ուրարտական տերության համար ուներ կարևոր նշանակություն, քանի որ այն մուտք էր ապահովում պոնտական լետների` մետաղով հարուստ շրջանները, բացի դա` Դիաուխին ինքը գտնվում էր բարձրադիր գոտում` հարուստ թե՛ մարգագետիններով և թե՛ անտառներով, իսկ մետաղն ու փայտանյութը, ինչպես նաև` ընտանի կենդանիների հոտերը, այդ դարաշրջանի ռազմավարական ապրանքներն էին: Դիաուխին այն բացառիկ երկիրն էր, որից իբրև ռազմատուգանք գանձված և որպես հարկ սահմանված հսկայական քանակությամբ մետաղի և կենդանիների հոտերի մասին են հիշատակում ուրարտական տեքստերը:

Էթիունիի հետ Ուրարտուի հակամարտությունը շատ ավելի երկարատև էր և շատ ավելի խորքային: Կարելի է նշել, որ Էթիունին Հայկական լեռնաշխարհում Ուրարտուին հակընդդիր գլխավոր բևեռն էր, որի շուրջը, գուցե նաև` ուրարտական վտանգով պայմանավորված, ընթանում էին համախմբան գործընթացներ: Պատահական չէ, որ եթե Ք.ա. 9-րդ դ-ի ուրարտական աղբյուրները հայտնում են բազմաթիվ «էթիունյան արքաներ»-ի մասին, ապա Ուրարտուի արքա Արգիշթիի որդի Սարդուրիի` Ք.ա. 8-րդ դ-ի կեսերով թվագրվող տարեգրության մեջ արդեն նշվում է Էթիունիի մեկ արքայի մասին` հիշատակելով ոմն Դիուծինիի Իգանի երկրից: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ վերջինիս անունը ստուգաբանվում է հայերենով որպես «Աստծուց ծնված» և կարող է վկայել անգամ Էթիունիում արքայական իշխանության գաղափարախոսության ձևավորման մասին:

Ուրարտուն, իհարկե, կարողացավ նվաճել էթիունյան զգալի տարածքներ և ամրապնդվել հատկապես Արարատյան դաշտավայրում, ապա, մասամբ՝ Շիրակում և Սևանա լճի արևմտյան ու հարավային ափերին: Սակայն լուծել էթիունյան խնդիրը Ուրարտուն, ըստ էության, ի զորու չեղավ, և կարելի է միանշանակ պնդել, որ Էթիունին հարատևեց ավելի, քան ինքը` ուրարտական տերությունը:

Ցավոք, Ք.ա. 7-րդ դ-ի վերաբերող գրավոր աղբյուրները չափազանց սուղ տեղեկություններ են հաղորդում ուրարտա-էթիունյան հարաբերությունների մասին: Եվ թեև հայագիտության մեջ առկա է կարծիք` Ուրարտուի շուրջը էթիունյան առաջնորդների համախմբվելու մասին` պայմանավորված կիմմերա-սկյութական արշավանքներով, սակայն, ես անձամբ չեմ կիսում այդ կարծիքը: Ավելին, կարելի է կարծել, որ ուրարտական տերությանը վերջին հարվածը հասցրել են հենց «էթիունցիներ»-ը կամ ուժեր, որոնց մաս են կազմել «էթիունցիներ»-ը:

Հատված Գ. Գերտերությունների պայքարը. Ուրարտու եւ Ասորեստան

Որպես Ուրարտուի առաջին թագավոր՝ ասորեստանցիները հիշատակում են Արամուին,  որի մայրաքաղաքն էր Արծաշկուն: Որոշ ժամանակ անց ի հայտ են գալիս Սարդուրիի՝ Լուտիպրիի որդու արձանագրությունները, որտեղ Սարդուրին ներկայանում է որպես Ուրարտուի արքա եւ Տուշպայի հիմնադիր՝ առանց Արամուի հիշատկման: Գիտության մեջ ի սկզբանե տարբեր վարկածներ են առաջ քաշվել Արամուի, Լուտիպրիի եւ Սարդուրիի միջեւ գոյություն ունեցող կամ չունեցող կապի մասին: Այսօր ի՞նչ փուլում է այդ հարցը, եւ ըստ ձեզ՝ ո՞րն է ի վերջո կապը: Սարդուրին նոր հարստության հիմնադի՞ր է, թե՞ Արամուի ժառանգորդ, եւ ո՞վ էր այդ դեպքում Արամուն:

Ըստ ավանդական մոտեցման՝ Ուրարտուի առաջին արքան Արամեն էր (Արամու ուրարտացի), որին ինչ-որ ժամանակ անց հաջորդում է Սարդուրին (ասորեստանյան սեպագրով անունը իրականում հնչում է «Սեհ-դուրի ուրարտացի»): Այս վերջինս էլ ավանդաբար նույնացվում է Լութիպրիի որդի Սարդուրիի հետ, ով հայտնի է Վանա ժայռի ստորոտին բարձրացող կառույցի պատերին թողնված և ասսուրերեն սեպագրով գրված արձանագրություններից: Նիկողայոս Ադոնցի կարծիքով` Արամեն և Լութիպրին նույնն են, որով նա դինաստիական խզում չի տեսնում Արամեի և Սարդուրիի միջև: Մեկ այլ տեսակետի համաձայն` Արամու անունը կարող է լինել անձնանվան վերածված ցեղանուն և կապվել արամեացիների հետ. ասորեստանյան տեքստերում Արամի երկիրը  Ասորիքն էր, նեղ իմաստով` Դամասկոսի թագավորությունը: Թեև Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում իրոք վկայված է արամեացիների ներկայությունը, իսկ Շուբրիայից անգամ ունենք հստակ արաբական անուն կրող «շուբրիացու» հիշատակություն, սակայն, Արամուին արամեացի համարելը վիճելի է: Շատ ավելի հավանական է, որ նա ունենար, այսպես կոչված՝ «մուշկական» կամ «թրակա-փռյուգական» ծագում, ինչի մասին խոսվեց վերը: Մյուս կողմից, փաստ է, որ Սեհ-դուրի անունը ևս ստուգաբանվում է արամեերենով: Չի բացառվում, իհարկե, որ դրանք պատահական համընկնումներ լինեն:

Ես ինքս հակված եմ տարբերակելու Արամեի թագավորությունը Լութիպրիի որդի Սարդուրիի թագավորությունից (ինչպես և ենթադրվել է վաղուց), բայց մյուս կողմից` նաև Սարդուրիի թագավորությունը Իշպուինիի հայր Սարդուրիի թագավորությունից (եթե համարենք, որ վերջինս ընդհանրապես իշխել է): Այստեղ խնդիրները շատ են, հատկապես` կապված ժամանակագրության հետ, և ինչպես փորձել եմ ցույց տալ իմ մի հոդվածում` որևէ հիմք չկա, որը թույլ կտա Իշպուինիի հայր Սարդուրիին նույնացնել Լութիպրիի որդի Սարդուրիի հետ, ինչպես կարծում էր նաև ուրարտագիտության ռահվիրաներից Կառլ Ֆրիդրիխ Լեման-Հաուպտը: Այս խնդիրը հանիրավի անուշադրության մատնվեց հատկապես խորհրդային գիտության կողմից, ուր կաղապարայնացավ ուրարտական առաջին արքաների համար Բորիս Պիոտրովսկու առաջարկած ժամանակագրական սանդղակը:

Հետևաբար, թվում է, որ գործ ունենք մի քանի տարբեր պետական կազմավորումների հետ, որոնցից մեկն էլ ընկած էր ուրարտական տերության ակունքներում: Դա Բիայնիլին էր` Իշպուինիի թագավորությունը (կոչենք այն «նախնական Բիայնիլի»` ի տարբերություն Բիայնիլի-Ուրարտուի): Հետաքրքիր է, որ Իշպուինիի` այսպես կոչված «միանձնյա գահակալության շրջան»-ով թվագրվող որևէ տեքստում նա չի կրում «Տուշպա քաղաքի տեր» տիտղոսը, ինչը կրում էին ուրարտական մնացյալ արքաներն ընդհուպ մինչև տերության անկումը: Ավելին, կարելի է կարծել, որ Տուշպա քաղաքը կարող էր նվաճված լինել ինչ-որ ժամանակ Իշպուինիի կամ Իշպուինիի և Մենուայի` այսպես կոչված «համատեղ գահակալության» ընթացքում: Դրա համար կան նաև հնագիտական վկայություններ. քաղաքի բիայնական կառույցները բարձրացվել են մոխրի շերտի վրա, ինչը վկայում է, որ բիայնական շրջանին նախորդող բնակատեղին հրդեհվել և ավերվել է: Նման դեպքերը բազմաթիվ են, այդ թվում նաև` ներկայիս Հայաստանի տարածքի վաղերկաթեդարյան հուշարձանների դեպքում:

Ուրարտուի առաջին արքաները բավականին արագ ընդլայնեցին պետության տարածքը մի քանի ռազմավարական ուղղություններով՝ հյուսիս, արեւմուտք, մասամբ՝ հարավ եւ արեւելք՝ տիրելով Եփրատի, Արաքսի, Տիգրիսի, Ճորոխի ավազանների զգալի մասին եւ միավորելով հետագայում Հայկական լեռնաշխարհ անվամբ հայտնի լեռնային երկրամասը: Դա որքանո՞վ գիտակցված եւ որքանո՞վ տարերային շարժում էր, եւ եթե տարերային էր, ապա ինչպիսի՞ առարկայական պատճառներից, անհրաժեշտությունից էր դրդված: Արդյո՞ք որոշակի մշակութային ընդհանրություն կար, որը նպաստեց ուրարտական նվաճումներին, թե՞ սա զուտ պատահական շարժում էր:  Բացի սեփական իշխանությունը հաստատելուց, դա արդյո՞ք լուծում էր, օրինակ, անվտանգության խնդիր ասորեստանյան ծավալման դեմ:

Ուրարտական արքաները, իրոք, ձգտում էին պետության սահմանները տանել բնական արգելքների թելադրած ուրվագծով, և դա անում էին հաջողությամբ: Այդ առումով կարելի է խոսել տարածքների նպատակային նվաճումների մասին: Դա երևում է գրեթե բոլոր ուղղություններում, որոշ դեպքերում որպես սահման էր ծառայում որևէ խոշոր գետ, օրինակ` Տիգրիսը, որի ափագիծը վերահսկելու համար կառուցվում էր ամրոցների շղթա: Բնական սահման էր Հայկական կամ Արևելատավրոսյան լեռնաշղթան, իսկ Լեռնաշխարհի բնակլիմայական պայմանները թույլ էին տալիս առնվազն 6-7 ամիս` հոկտեմբերից ընդհուպ մինչև մայիս ամիսը չմտահոգվել այդ սահմանով թշնամու հնարավոր ներխուժման համար: Պարզապես, ճանապարհներն անանցանելի էին դառնում, և մնում էր սահմանը պահել մի քանի ամիս: Նման բնական պաշտպանությունն էր, բնականից ամուր դիրքը, որը թույլ էր տալիս Ուրարտուին հաջողությամբ պաշտպանվել ասորեստանյան վտանգից և բավական ազատ գործել Լեռնաշխարհի ներսում: Փոխարենը` Ուրարտուն անհաջողություն էր կրում, երբ այդ բնական ամրոցի պատերից դուրս էր գալիս:

«Արշավանք» բառը մեզ մոտ հաճախ է շփոթվում «նվաճում» հասկացության հետ, ասես` դրանք համարժեք են: Մինչդեռ ամեն արշավանք չէ, որ միտված էր տարածքային նվաճումների, արշավանքների գլխավոր նպատակներից մեկը թալանն էր, և ուրարտական արշավանքների մի զգալի մասը հետապնդում էր հենց այդ նպատակը: Պետք է հստակ տարբերակել ուրարտական արշավանքների աշխարհագրությունը ուրարտական նվաճումների աշխարհագրությունից. դրանք տարբեր են: Արհեստականորեն ուռճացված սահմանների, արհեստականորեն ուռաճցված դերակատարության, հեքիաթածին կայսրությունների, ցավոք, գնալով ավելի ու ավելի շատ ենք հանդիպում հայագիտության մեջ անգամ ակադեմիական համարվող հրատարակություններում: Եվ շատ հաճախ Ուրարտուին վերագրվող արհեստական սահմանները դրանց շարքում են: Իրականում Ուրարտուն ուներ բավական համեստ տարածք, և անգամ Լեռնաշխարհի մի զգալի մասը այդ սահմաններից դուրս էր գտնվում:

Ինչ վերաբերում է մշակութային ընդհանրությանը, ապա եկեք Ուրարտուի արշավանքները Հայկական լեռնաշխարհի ներսում չնույնացնենք 15-րդ դ-ի երկրորդ կեսին` «Հարյուրամյա պատերազմ»-ի ավարտական փուլում և դրանից հետո Իլ դը-Ֆրանսի կամ Փարիզի շուրջը Ֆրանսիան միավորելու՝ Վալուաների տոհմի արքաների վարած քաղաքականության հետ: Ուրարտացին Արարատյան դաշտավայրի բնակավայրերին նայում էր այնպես, ինչպես կնայեր Ասորեստանի մայրաքաղաքներին:

Միավորելով այն ժամանակվա համար բավականին մեծ տարածքներ՝ Ուրարտուն ինչպիսի՞ դեր սկսեց կատարել այն ժամանակվա միջազգային հարաբերություններում: Արդյո՞ք ինչ-որ պահի նա դարձավ Ասորեստանի այլընտրանք՝ այդ գերտերությունից իրենց անկախությունը պաշտպանել ցանկացող ավելի փոքր պետությունների համար: Ինչո՞ւ, ի վերջո, ասորեստանցիներին հաջողվեց հաղթել Ուրարտուին եւ չեզոքացնել նրա ազդեցության հետագա ծավալումը դեպի հարավ: Դա լիակատա՞ր հաղթանակ էր, թե՞ պարզապես զսպում:

Ուրարտուն կայսրություն էր: Իսկ բարիք կամ բարօրություն բերող կայսրություն չի լինում: Այդպիսին չէր նաև Ուրարտուն: Նա ծավալվում էր զենքի ուժով, կուլ տալիս երկրներին այնպես, ինչպես դա անում էր Ասորեստանը: Հյուսիս-արևմտյան Իրանում ընկած Մաննայի թագավորության համար Ուրարտուն այնպիսի սպառնալիք էր ներկայացնում, ինչպիսին ներկայացնում էր Ասորեստանը հյուսիսային Սիրիայում ընկած արամեական Բիթ-Ագուսի երկրի համար: Վերջինս դաշնակցում էր Ուրարտուին, Մաննայի արքաները ստիպված էին ապավինել Ասորեստանին: Հայտնի է ասորեստանյան արքա Սարգոն II-ի պատասխան նամակը՝ ուղղված Ուրարտուի արքա Ռուսային (թերևս` Ռուսա Սարդուրորդուն): Նամակում Սարգոնը Ռուսային մեղադրում էր, ի թիվս այլ բաների, նաև «ձեռքերը մաննայական հողերի վրա մեկնելու» մեջ: Հարավ-արևելյան Փոքր Ասիայում ձևավորված լուվական մի քանի թագավորություններ (Մելիդ, Կումմուխ, ևն) պարտադրված էին ընդունելու Ուրարտուի «հովանավորությունը» և դաշնակցելու նրա հետ, ինչը տեղի ունեցավ այդ երկրներ ձեռնարկված ուրարտական արշավանքներից հետո: Այսինքն, դա ժամանակի գերտերությունների պայքար էր, որին հաճախ էին զոհ դառնում փոքր երկրները:

Ասսուրա-ուրարտական հակամարտության վճռական փուլը տեղ գտավ Ք.ա. 8-րդ դ-ի երկրորդ կեսին, երբ Ուրարտուում գահակալում էին Սարդուրի Արգիշթորդին և Ռուսա Սարդուրորդին, իսկ Ասորեստանում` Թիգլաթ-պալասար III-ը, իսկ հետագայում արդեն նրա երկրորդ գահակալ որդին` Սալմանասար V-ի եղբայր Սարգոն II-ը: Այդ հակամարտության գագաթնակետը Սարգոն II-ի, այսպես կոչված՝ «8-րդ տարվա արշավանք»-ն էր դեպի Ուրարտու Ք.ա. 714 թ-ին, որը, ինչպես գիտեք, ավարտվեց Ռուսայի ծանր պարտությամբ, իսկ ասորեստանցիները գրավեցին և թալանեցին Ուրարտուի մերձուրմյան տիրույթներն ու Մուծածիրը` գերի տանելով Խալդի աստծո արձանը: Խալդիի արձանը, որոշ աղբյուրներից դատելով, ասորեստանցիները վերադարձրին, սակայն գլխավոր կորուստը, որն ունեցան ուրարտացիները, մերձուրմյան ավազանի իրենց ռազմական հենարանն էր: Այն թույլ էր տալիս վերահսկել այստեղով անցնող առևտրական ճանապարհը և դուռ էր բացում դեպի ողջ Իրանական բարձրավանդակ ու Պարսից ծոցի երկրներ: Ուրարտական արտադրության իրեր են հայտնաբերվել անգամ Բահրեյնի տարածքից: Իսկ ասորեստանցիները կարողացան «փակել» այդ դուռը: Նույնը արել էր արևմուտքում Թիգլաթ-պալասար III-ը դրանից մոտ 30 տարի առաջ, ով պարտության մատնելով Սարդուրի Արգիշթորդուն ու նրա դաշնակիցներին` կարողացավ Ուրարտուին կտրել Լևանտին կապող առևտրական ճանապարհներից: Ուրարտուն կորցրեց մետաղի արտահանման իր շուկաները և ստիպված էր հայացքն ուղղելու դեպի հյուսիս: Որոշ տվյալներ թույլ են տալիս նշելու այդ շրջանում Սև ծովի հարավային ափերին հաստատված հունական գաղութների հետ Ուրարտուի ունեցած առևտրական ինչ-ինչ հարաբերությունների մասին, ինչով էլ բացատրվում է ուրարտական արտադրության բրոնզե իրերի հայտնվելը Էգեյան ծովի հունական կղզիներում և մայրցամաքային Հունաստանում:

Այսինքն, հակամարտության հիմքում, ինչպես և ամենուրեք, ընկած էին տնտեսական գործոնները: Կորցնելով առևտրական ճանապարհների վերահսկողությունը, արտահանման շուկաներն ու, բացի դա` տնտեսական շրջափակման ենթարկվելով Ասորեստանի կողմից (ինչպես նախկինում Ուրարտուն էր տնտեսական շրջափակման ենթարկել Ասորեստանը), Ուրարտուն ի զորու չգտնվեց շարունակելու պայքարը, առավել ևս` Ք.ա. 8-րդ դ-ի վերջերին տեղ գտած անսպասելի զարգացումները, պատմության թատերաբեմում նոր ուժերի ի հայտ գալը, որոնց դեմ մղված ճակատամարտում զոհվեց անգամ ասորեստանյան արքա Սարգոն II-ը, և որոնք, ինչպես երևում է, սպառնալիք էին նաև Ուրարտուի համար, մղում է այս երկու ուժերին համագործակցելու, որն ավարտվում է դաշինքի հաստատմամբ: Ք.ա. 8-րդ դ-ի վերջերից սկսած՝ ընդհուպ մինչև երկու տերությունների անկումը, բացառությամբ մի դրվագի, Ուրարտուի հարաբերությունները Ասորեստանի հետ խաղաղ էին և բարեկամական: Կարելի է խոսել անգամ երկու երկրների արքայատների միջև հաստատված դինաստիական, խնամիական կապերի մասին:

Հատված Դ. Ուրարտական նվաճումները եւ հայերենի տարածումը

Հետագայում Արարատյան դաշտն ինչպիսի՞ դեր կատարեց ուրարտական պետության մեջ: Ինչո՞ւ էին Վանի արքաները, որոնց քաղաքականությունը նպաստեց, որ հետագայում Արարատյան դաշտը դառնա Հայաստանի մնայուն կենտրոն, այդքան ցանկանում հաստատվել այստեղ. արդյո՞ք անվտանգության խնդիր կար:

Ուրարտուի համար Արարատյան դաշտավայրը, իրոք, ուներ ռազմավարական նշանակություն: Սակայն դա կապված էր ոչ թե կամ ոչ այնքան անվտանգության հետ, այլ պայմանավորված էր Արարատյան դաշտավայրի` երկրագործության համար ունեցած նշանակությամբ: Վանի ավազանը չուներ երկրագործության համար նպաստավոր պայմաններ, հովտային և հարթավայրային գոտիները կազմում են նրա տարածքի ընդամենը մոտ 14 տոկոսը, և ուրարտական պետությունը երկրագործական հողերի խիստ կարիք ուներ: Այդպիսին էր Արարատյան դաշտավայրը, ուր ուրարտացիների անցկացրած ջրանցնքների երկարությունը հասնում էր 50-60 կմ-ի: Արարատյան դաշտավայրը գտնվում է բնական տեղումների նվազագույն շեմի սահմանային գոտում, և առանց արհեստական ոռոգմանը դիմելու անհնար էր երաշխավորված բերք ստանալ:

Ուրարտական արքաների կողմից Հայկական լեռնաշխարհի միավորումը ի՞նչ դեր կատարեց հետագայում Հայաստանի եւ հայ ժողովորդի կազմավորման հարցում՝ հաշվի առնելով, որ ուրարտացիների ստեղծած սահմանները ահագին մասով մոտ են հետագայի Մեծ Հայքի սահմաններին, շատ անգամ էլ նույնանում են դրանց:

Ուրարտական նվաճումները Հայկական լեռնաշխարհի ներսում, բնակչության մեծաքանակ գերեվարություններն ու վերաբնակեցումները մեծապես նպաստեցին լեռնաշխարհում հայերենի տարածման համար, եթե, իհարկե, հայերենը տիրապետող լեզու չէր դեռևս նախքան ուրարտական նվաճումները: Համենայն դեպս, հայերենի ներկայությունը Լեռնաշխարհում դեռևս մինչև ուրարտական նվաճումները կասկած չի հարուցում: Ուրարտական տեքստերում հանդիպում ենք տեղանունների, որոնք հստակ ստուգաբանվում են հայերենով, սակայն, դրանց թիվը մեծ չէ` երբ մի կողմ ենք թողնում կամայական մեկնաբանությունները: Հետևաբար, կարծում եմ, որ այո, հատկապես ուրարտացիների իրականացրած  վերաբնակեցումները մեծապես նպաստեցին հայերենի տարածմանը: Մենուայի արձանագրություններից մեկը նշում է, օրինակ, Էթիունիից բերված շուրջ կես մլն. գերիների մասին: Եթե ընդունենք, որ այդ թիվը չափազանցված է, ապա, այնուամենայնիվ, թերևս խոսքը վերաբերել է գերի «էթիունցիներ»-ի մեծ քանակի, ինչը կարող էր փոխել լեզվական իրավիճակը այն տարածքներում, ուր նրանց վերաբնակեցրել են: Այդ նույն երևույթը տեսնում ենք Ասորեստանում: Ասորեստանցիները վերաբնակեցումների իրենց քաղաքականությամբ կամա թե ակամա մեծապես նպաստեցին, որ Ասորեստանում տիրապետող դառնա արամեերենը, և ի վերջո իրենք՝ ասորեստանցիները, տերության գոյության վերջին շրջանում արդեն հիմնականում  արամեախոս էին:

Իրականում որքա՞ն հեռու հասան ուրարտական նվաճումները հարավ-արեւելքում: Ուրմիայի ավազանում ուրարտացիների ծավալումն ինչ-որ դեր կատարե՞ց հետագայում այստեղ իրանական պետությունների ձեւավորման, օրինակ՝ Մարաստանի ձեւավորման խնդրում:

Հարավ-արևելքում` մերձուրմյան ավազանում, ուրարտական մշտական ներկայություն մենք տեսնում ենք պետության ձևավորման դեռևս սկզբնական փուլից սկսած: Ուրարտական տիրույթները գրեթե բոլորում էին Ուրմիա լիճը և ձգվում դեպի Ղարադաղի (Հայկական) լեռներ: Դա ուրարտական առավել ամրացված և հնագիտական տեսանկյունից` առավել լավ ուսումնասիրված շրջանն է: Բավական է նշել, որ այստեղից հայտնի են ուրարտական շուրջ 70 ամրոց և բնակավայր, որոնց շարքում է գտնվում Ուրարտուում երբևէ կառուցված ամենախոշոր ամրոցը` «Ռուսայի փոքր քաղաք»-ը (ներկայիս Բաստամը): Այն զբաղեցնում է ավելի մեծ տարածք, քան անգամ մայրաքաղաք Տուշպան: Դեպի արևելք վերջին արշավանքները ձեռնարկել է Ռուսայի որդի Արգիշթին` Ք.ա. 8-րդ դ-ի վերջ – 7-րդ դ-ի սկզբներին: Հյուսիս-արևմտյան Իրանի տարածքից հայտնի են նրա թողած երեք վիմագիր արձանագրություններ, որոնցում նշվում է նաև երկու քաղաքներ կառուցելու մասին` դրանք կոչելով իր և Խալդի աստծո անուններով: Սակայն այդ նվաճումներն անցողիկ էին և ընդհանրապես` կարելի է կարծել, որ ուրարտական զորքերը երբևէ չեն հասել Կասպիցի ափերին:

Ուրարտա-մարական շփումներ, անկասկած, եղել են: Ցավոք, դրա մասին ուղղակի վկայություններ մեզ չեն հասել, սակայն ակնհայտ է, որ Զագրոսյան լեռներով դեպի հարավ ծավալվող ուրարտական տերության և Իրանական բարձրավանդակի խորքերից դեպի Զագրոսյան լեռներ առաջացող մարական ցեղերի ճանապարհները չէին կարող չհատվել: Արևմտյան Իրանում, ինչպես երևում է, երկու ուժերը ոչ թե պայքարել, այլ փոխլրացրել են միմյանց` ունենալով ընդհանուր հակառակորդ` Ասորեստանը: Պատահական չէ, որ ասորեստանյան արքա Թիգլաթ-պալասար III-ը Ուրարտուի դեմ ձեռնարկած իր երկու գլխավոր` Ք.ա. 743 և 735 թթ-ի արշավանքներից առաջ փորձել է նրան զրկել մարերի աջակցությունից` այդ արշավանքներին նախորդող տարիներին` Ք.ա. 744 և 737 թթ-ին արշավելով մարերի դեմ և վերջիններիս հասցնելով ծանր հարվածներ: Ինչ վերաբերում է Մարաստանի կազմավորմանը, ապա այս առումով այլևս անցյալում են Մարաստանի պատմության «հերոդոտոսյան» պատկերացումները: Մարաստանը երբևէ չի եղել այն ուժը, որը նկարագրում է պատմահայր Հերոդոտոսը, երբևէ չի ունեցել այն սահմանները, որոնք ուրվագծում են անտիկ հեղինակները: Այս առումով, թերևս, պետք է վերանայվի նաև հայոց պատմության` «մարաստանյան գերիշխանության դարաշրջան»-ի պատմությունը: Առայսօր դժվար է մատնանշել մարական մի հուշարձան, որը կթվագրվի մարական տերության գոյության շրջանով (Ք.ա. 7-րդ դ-ի կեսերից 6-րդ դ-ի կեսեր): Ընդհակառակը` մինչ այդ գոյություն ունեցող և մարական համարվող հուշարձանները տարօրինակ կերպով «անկախ» Մարաստանի գոյության շրջանում լքվում են: Եթե չեմ սխալվում` Մարաստանի երբեմնի մայրաքաղաքը` Էկբատանը (ներկայիս Համադանը), որը Հերոդոտոսը նկարագրում է որպես յոթնապարիսպ քաղաք, հնագիտորեն թվագրվում է ոչ ավելի վաղ, քան աքեմենյան դարաշրջանը: Չի բացառվում, որ Էկբատանը, որի անունը նշանակում է «հավաքատեղի», լիներ, օրինակ, վրանաքաղաք, իսկ Մարաստանը` «քոչվորական ցեղապետություն»: Այսինքն, գործ ունենանք խիստ շարժունակ, իրենից մեծ ուժ ներկայացնող, սակայն, բավական ամորֆ և ընդհանուր հետաքրքրությունների դեպքում միայն իրար հետ համագործակցող մարական ցեղերի մի ընդհանրության հետ, որին դժվար է կայսրություն անվանել: Ենթադրում եմ, սակայն, որ սա արդեն այլ քննարկման նյութ է:

Ինչ վերաբերում է Անշանի պարսկական պետությանը, ուր, Դարեհ I-ից սկսած, հաստատվեց Աքեմենյան տոհմի իշխանությունը, ապա կա տեսակետ, որ ուրարտական քաղաքակրթությունը որոշակի դեր է ունեցել աքեմենյան տերության և նրա մշակույթի ձևավորման գործում: Նման ազդեցություն, իրոք, նկատվում է, սակայն ես ինքս չեմ փորձի գերագնահատել այդ ազդեցությունը. Աքեմենյան պետական կառույցների, հինպարսկական սեպագիր դպրոցի, տերունական մշակույթի ձևավորման գործում հիմնական դերը, անկասկած, պատկանում էր էլամական աշխարհին, ապա` նկատվում է ասսուրա-բաբելոնյան և նոր միայն` հոնիական, եգիպտական կամ ուրարտական ազդեցություն:

Արեւմուտքում ուրարտացիները հասան նախկին խեթական թագավորության սահմաններին. ինչ-որ առնչություններ կա՞ն խեթական ու ուրարտական պետությունների, հասարակական կարգի, մշակույթի միջեւ: Եթե կան, ապա դրանք զուտ տիպաբանակա՞ն են, թե՞ կա ժառանգականության այս կամ այն տիպի շղթա:

Ընդհանրությունները տիպաբանական են, և դժվար է ժառանգականություն տեսնել խեթական տերության և Ուրարտուի միջև: Ուրարտական տերունական մշակույթի մեջ նկատվող որոշ դրսևորումներ կարող են ժառանգված լինել տեղական մշակույթներից, որոնք այս կամ այն կերպ, այս կամ այն խորությամբ կապվում են խեթական աշխարհի հետ: Զորօրինակ` ուրարտական «պալատական» կոչվող կարմիր հիմնագույնով խեցեղենը, որը շատ է հիշեցնում խեթականը: Բայց դա, ինչպես մեր հարցազրույցի սկզբում նշեցի, տեղական տիպ էր, որը վերցվեց պետության կողմից և, կարելի է ասել, դրվեց «սերիական արտադրության», ընդհանրություններ են դիտվում բնակարանաշինության մեջ և այլն: Ուրարտերենում վկայված բառերից մի քանիսը, հնարավոր է, փոխառություն են լուվերենից, հայտնի է, որ տերության արևմուտքում ինչ-որ ժամանակ կիրառվել է նաև խեթական հիերոգլիֆային գիրը: Երզնկայի մոտ գտնվող Ալթըն-թեփեի հնավայրից ունենք այդ գրով գրված տասը կարճ արձանագրություններ, որոնցից ութը խոշոր կարասների տարողության նիշերի արձանագրումներ են: Ուրարտական արքաների կողմից գերեվարված բնակչության մեջ քիչ չեն եղել խեթալուվական լեզվուների կրողները, հայտնի է, որ նրանց մի մասը վերաբնակեցվել է Արարատյան դաշտավայրում, հատկապես` Էրեբունիում, որի անունը, ըստ տեսակետներից մեկի, հնարավոր է ստուգաբանել այդ լեզուներով, ենթադրվում է, որ Կարմիր-բլուրից հայտնաբերված արձանագրություններից մեկում կարող է պահպանված լինել խեթալուվական Սանտաշ աստծո անունը` գրված գաղափարագրով:

Հատված Ե. կլիմայական փոփոխությունները եւ Ուրարտուի կործանումը

Ռուսա Ա-ի պարտությունից եւ ինքնասպանությունից հետո ասորեստանա-ուրարտական հարաբերություններում խաղաղություն տիրեց: Նվազեց նաեւ արշավանքների չափը Հայկական լեռնաշխարհի ներսում: Պետությունը դեռ որոշ ժամանակ ծաղկեց, բայց կարծես անկման ինչ-որ նշաններ զգացվում են արդեն Արգիշտի Բ-ի ժամանակներից: Արձանագրությունները հիշատակում են բանակի մեջ եղած ինչ-որ հակասությունների մասին դեռեւս Ռուսա Ա-ի օրոք (ասորեստանյան լրտեսների հաղորդումները): Ի՞նչ հակասություններ էին դրանք եւ ի՞նչպիսի դեր կարող էին կատարել Ուրարտուի պարտության եւ հետագա անկման հարցում: Ռուսա Ա-ի հետնորդների համեմատաբար խաղաղասեր քաղաքականությունը ինչի՞ արդյունք էր՝ գիտակցված շրջադարձի՞, ստիպողական պայմանների՞, թե՞ մեկ այլ բանի:

Նախ, պետք է նշել, որ Ռուսայի ինքնասպանությունից հետո ասսուրա-ուրարտական հարաբերություններում լարվածությունը պահպանվեց միառժամանակ ևս: Ասորեստանյան աղբյուրները վկայում են, որ երկու տերությունները կանգնած էին պատերազմի շեմին Ռուսային հաջորդած Արգիշթիի օրոք, հաճախակի էին սահմանային բախումները` երկուստեք կորուստներով: Սակայն գլխավորապես Փոքր Ասիայում ընթացող զարգացումները փոխեցին ամեն ինչ: Ասորեստանյան արքա Սարգոն II-ի կողմից տեղի լուվական թագավորությունների (Կարգամիս, Մելիդ, Կումմուխ ևն) հետևողական ոչնչացումից հետո այստեղ առաջացած վակուումը լցրել էին ինչ-որ անհայտ ուժեր, որոնց նույնականացման հարցը դեռևս չի լուծվել: Ի դեմս այդ ուժերի` ոմանք տեսնում են կիմմերներին, ոմանք` լուվացիներին կամ փռյուգացիներին, ոմանք` հայերենի կրողների և այլն: Միաժամանակ` մեծանում են անջատողական միտումները երկու տերությունների ազդեցության սահմանագոտում ընկած երկրներում, ինչպիսին էր, օրինակ, Շուբրիան, որի արքաները սկսեցին հաշվի չնստել ոչ Ասորեստանի և ոչ էլ` Ուրարտուի հետ: Այդ հանգամանքները, հատկապես` Փոքր Ասիայում ձևավորված ուժերի դեմ ասորեստանյան արքա Սարգոն II-ի ձեռնարկած անհաջող արշավանքից ու վերջինիս զոհվելուց հետո, մղում են երկու ուժերին մի կողմ թողնելու դարավոր հակամարտությունը և համագործակցելու, իսկ Ք.ա. մոտ 670 թ-ով թվագրվող ասորեստանյան աղբյուրներից մեկն ուղղակի վկայում է, որ երկու երկրները կապված էին դաշնակցային հարաբերություններով:

Ինչ վերաբերում է ձեր մատնանշած բանակում ինչ-որ հակասությունների մասին, ապա պետք է նշեմ, որ պատմությունը քիչ այլ է: Հավանաբար, խոսքը վերաբերում է ուրարտական արքայազն Մելարտուային` Ռուսայի որդուն, ով բանակի կողմից հռչակվել էր արքա: Սակայն դա տեղի էր ունեցել կիմմերների դեմ ձեռնարկված անհաջող արշավանքից հետո: Ուրարտական բանակը ճակատամարտում ծանր կորուստներ էր կրել, զոհվել էին բազմաթիվ հրամանատարներ, բանակի «գլխավոր զորավար»-ը գերի էր ընկել, անհայտ էր նաև արքայի` Ռուսայի ճակատագիրը: Ուրարտական ճամբարում կարծում էին, որ նա ևս զոհվել է, և արքային ուղեկցող գահաժառանգը այդ պատճառով հռչակվում է արքա: Հետագայում, երբ պարզվում է, որ Ռուսան փրկվել է, ըստ երևույթին՝ տեղի է ունեցել ինչ-որ կարճատև կոնֆլիկտ, որն արագորեն հանգուցալուծվել է արքայազն կամ արքա Մելարտուայի սպանությամբ իր իսկ մերձավորների կողմից:

Արդյո՞ք հստակ է այն պնդումը, թե Ուրարտուն իր գոյության վերջին շրջանում ամփոփվեց Արարատյան դաշտում, եւ ինչո՞ւ հենց այնտեղ:

Նման պնդման համար բավականաչափ հիմքեր չկան: Այո, թե՛ Արմավիր-Արգիշթիխինիլին և թե՛ Կարմիր-բլուրը երբեմնի հզոր տերության վերջին շրջանի գոյության թշվառ պատկերի ականատեսն են եղել և կործանվել են թշնամական հարձակման արդյունքում: Բայց դա չի նշանակում, որ այդ քաղաքները վերջին կենտրոններն էին, ուր դեռ պահպանվում էր ուրարտական իշխանությունը: Ուրարտուում նրա գոյության վերջին շրջանում նկատվող ճգնաժամը դիտվում է տերության ողջ տարածքում և հարթավայրային շրջանները/երկրագործական գոտիները, ուր գտնվում էին նաև պետության բոլոր խոշոր կենտրոնները, ընդհակառակը, ամենից առաջինը զգացին ճգնաժամի հետևանքները: Ուրարտական տերությունը «հարթավայրային» քաղաքակրթություն էր, երբեք չէր ձգտում դեպի նախալեռներ, առավել ևս` բարձրլեռնային շրջաններ, մինչդեռ տերության գոյության վերջին շրջանում նկատվում է միտում` բարձրանալու դեպի լեռնային գոտիներ և փորձելու ամրապնդվել այդ գոտիներում: Ուրարտուի` որպես «հարթավայրային» կամ «երկրագործական» քաղաքակրթության համար դա բնորոշ չէ: Ահա այդ գոտիներում վերջին տարիներին հայտնաբերվել են ուրարտական ճարտարապետության և ամրաշինության ոգով կառուցված մի քանի ամրոցներ (Աշաղը Յեշիլալըչ, Գելենգե ևն), որոնք թվագրվում են Ք.ա. 7-րդ դ-ի վերջ – 6-րդ դ-ի սկզբներով և համարվում են «վերջին ուրարտացիներ»-ի ապաստարանը: Արարատյան դաշտավայրի ուրարտական հուշարձանները, բնականաբար, դրանց շարքում չեն:

Պետության գոյության վերջին շրջանում դինաստիական փոփոխություն, այնուամենայնիվ, տեղի՞ է ունեցել, թե՞ ոչ: Հնարավո՞ր է քիչ թե շատ հստակություն մտցնել Սարդուրի Դ-ի եւ Էրիմենայի եւ Ռուսա Գ-ի միջեւ եղած կամ չեղած ժառանգական կապի մեջ:

Ուրարտական արքաների ժամանակագրությունը, հատկապես՝ նոր տվյալների լույսի ներքո ոչ միայն ճշգրտման, այլև ամբողջովին փոփոխվելու կարիք ունի: Ավելի շուտ` կա արդեն որոշակի հիմք ձեր նշած գահակալներին համարելու ոչ թե Ուրարտուի վերջին շրջանում, այլ շատ ավելի վաղ, անգամ` Ք.ա. 8-րդ դ-ի վերջերին իշխած արքաներ: Բնականաբար` անունների այլ հաջորդականությամբ: Նկատի ունեմ, որ Ռուսա III-ը կարող է դառնալ Ռուսա II կամ անգամ` Ռուսա I, Սարդուրին` Սարդուրիի որդին, ում համարում էին այդ անունը կրող թվով չորրորդ արքան, կարող է դառնալ Սարդուրի III, մեզ հայտնի Սարդուրի III-ը` Սարդուրի IV, Ռուսա  I-ը` Ռուսա II, Ռուսա II-ը` Ռուսա III և այլն: Բերեմ միայն մեկ փաստ: Ռուսախինիլի Կիլբանիկայի (Թոփրաքքալե) քաղաքը, որի հիմնադրումը երկար ժամանակ վերագրվում էր Սարդուրիի որդի Ռուսա I-ին, ապա` Արգիշթիի որդի Ռուսա II-ին, այժմ պարզվում է` կարող է հիմնադրված լինել Էրիմենայի որդի Ռուսայի կողմից (այսպես կոչված՝ «Ռուսա III»): Մինչդեռ այդ քաղաքը հիշատակվում է Արգիշթիի որդի Ռուսա II-ի կողմից, ինչը նշանակում է, որ «Ռուսա III»-ը պետք է իշխեր ավելի վաղ, քան «Ռուսա II»-ը: Կան նաև այլ փաստեր և, ինչպես նշեցի, ուրարտական արքաների ավանդական ժամանակագրությունը վաղուց արդիական չէ և, անկասկած, պետք է փոխվի: Իհարկե, նոր ժամանակագրությունը, այնուամենայնիվ, պետք է դիտարկենք իբրև աշխատանքային, քանի որ բոլոր հարցերի պատասխանները չէ, որ ունենք:

Այդ իսկ պատճառով առայժմ շատ ավելի ճիշտ է արքաներին չկոչել ըստ հաջորդականության, առավել ևս` խուսափել գահակալության կոնկրետ տարիներ նշելուց, իսկ նրանց տարբերակել կարելի է անվան հետ միաժամանակ նշելով նաև հայրանունը` Սարդուրի Արգիշթորդի, Ռուսա Սարդուրորդի և այլն:

Իսկ ինչ վերաբերում է դինաստիական փոփոխությանը, ես դրա համար հիմքեր չեմ տեսնում: Առկա տվյալներից դատելով` իշխանությունը մինչև վերջ մնաց նույն արքայատան ձեռքը: Իհարկե, դեռևս բաց է մնում Էրիմենայի հարցը, քանի որ որևէ փաստ չկա նրա թագավորելու մասին, իսկ ոմանք ենթադրում են, որ Էրիմենայով կարող է սկսվել նոր արքայատոհմ (եկեք մի կողմ թողնենք Էրիմենա – Արմեն, Էրիմենա – Արամ նահապետ և նմանատիպ համադրությունները): Տեսկանորեն դա չի բացառվում, սակայն խոսքը կարող է վերաբերել նույն արքայատան կրտսեր ճյուղի, բայց հազիվ թե` նոր հարստությանը, առավել ևս` այլ էթնիկ ծագումով: Համենայն դեպս, նման ենթադրությունների համար առայժմ դեռ կռվաններ չկան:

Ո՞րն է, ի վերջո, Ուրարտուի անկման պատճառը: Ասորեստանն ինքն անկում ապրեց: Սկյութների, կիմիրիացիների դերը պետության անկման հարցում համարժե՞ք է գնահատված դասական գիտական վարկածների մեջ, թե՞ միգուցե չափազանցված է: Պետության անկման պատճառները նախ ներքի՞ն էին, թե՞ արտաքին:

Հին դարերում դիտարկվող յուրաքանչյուր ճգնաժամ մեզ երևում է արտաքին կողմերով` ինչ-որ թշնամական հարձակում, քաղաքների ավեր, տնտեսության անկում և այլն: Սակայն դա ճգնաժամի արտաքին կողմն է, արտաքին դրսևորումը, իսկ ներքին կողմը շատ հաճախ մնում է այդպես էլ չպարզաբանված: Այո, մենք նշում ենք, որ Ուրարտուն անկում էր ապրում, բայց չենք տալիս այդ հարցը` ինչու՞: Կիմմերները չէին դրա պատճառը: Ընդհակառակը, Ք.ա. 7-րդ դ-ի առաջին կեսին վերաբերող ասորեստանյան մի քանի գուշակային տեքստ վկայում են, որ Ուրարտուն և կիմմերները դաշնակիցներ էին, իսկ կիմմերներին հետագայում տեսնում ենք Ուրարտուի սահմաններից բավականին հեռու` Լիդիայում, Կիլիկիայում, անգամ` Լևանտում: Սկյութների հետ ևս, թվում է, հաստատվել էին սերտ կապեր, և կարելի է կարծել, որ ուրարտական բանակում քիչ չէր ծագումով սկյութ զինվորների քանակը:

Ուրարտուի անկման, ապա և կործանման պատճառը, կարծում եմ, ներքին ճգնաժամն էր, պետության անկարողությունը՝ դիմագրավելու բնության մարտահրավերներին: Այլ կերպ ասած` Ուրարտուի անկումը պայմանավորված էր բնակլիմայական փոփոխություններով, պարզ ասած` տևական երաշտով, որը կործանարար է ցանկացած «հարթավայրային» կամ «երկրագործական» տիպի պետության համար, իսկ Ուրարտուն հենց այդպիսին էր: Ուրարտուում Ք.ա. 7-րդ դ-ում նկատվող հախուռն ջրամբարաշինությունը, ջրի համար աստվածներին արվող մեծաթիվ զոհաբերությունները, ուրարտական մի քանի հին կենտրոնների լքումն ու նորերի հիմնադրումը ջրի մշտական կամ բավարար հոսք ունեցող աղբյուրների մոտ (օրինակ` Կարմիր-բլուրը, որը կառուցվեց Հրազդանի ափին, մինչդեռ` Էրեբունին խնդիրներ ուներ՝ ջրի հետ կապված), ինչպես նաև այլ փաստեր կարող են լինել դրա վկայությունը: Հետաքրքիր է, որ հնակլիմայաբանական ուսումնասիրությունները ևս վկայում են Ք.ա. 7-րդ դ-ի սահմաններում Առաջավոր Ասիայում կլիմայի փոփոխության և ավելի չորային պայմանների հաստատվելու մասին:

Կլիմայի փոփոխությունները Հին Արևելքի պատմության մեջ բազմաթիվ քաղաքակրթությունների կործանման պատճառ են դարձել: Կարելի է նշել Հինեգիպտական թագավորության, Աքքադի տերության, Մինոսյան քաղաքակրթության (Կրետե), Միկենյան քաղաքակրթության (մայրցամաքային Հունաստան), խեթական տերության, Խառապպայի քաղաքակրթության (Հնդկաստան), Հոնշանի, Կիջիայի մշակույթների (Չինաստան) և այլ օրինակներ: Դրանք բոլորը բնակլիմայական պայմանների փոփոխության զոհ են դարձել, իսկ արտաքուստ, երբ նայում ենք աղբյուրները, տեսնում ենք պատերազմներ, թշնամական հարձակումներ, էթնիկ տեղաշարժեր, երկրագործ բնակչության փախուստ և ապաբնակեցում: Այդ ամենը երևում է թե Ուրարտուում և թե Ասորեստանում: Այս տեսակետն առաջադրվել է իմ կողմից և արդեն իսկ հետաքրքրություն է առաջացրել գիտական շրջանակներում:

Նախորդ դարի գիտնականներն էթնիկ ուրարտացիների հետնորդներին փորձում էին գտնել ՀԼ-ի տարբեր ցեղերի մեջ՝ ալարոդների, խալդերի եւ այլն: Էթնիկ ուրարտացիների օջախը կարծես ՀԼ-ի հարավում է՝ շատ հեռու նույն ալարոդներից: Այսօրվա գիտությունը ինչպե՞ս է նայում այդ վարկածներին:

Եթե անկեղծ ասեմ` դա արդիական է թվում մեզ համար, մինչդե` ուրարտագետների մեծ մասը չի փորձում խորամուխ լինել նման հարցադրումների մեջ՝ թերևս քաջ գիտակցելով, որ դրա պատասխանը գրավոր աղբյուրներում հազիվ թե հնարավոր լինի գտնել: Անօգուտ աշխատանք է ալարոդների, խալդայների կամ խալյուբների մեջ փնտրել ուրարտացիներին: Դրա համար անհրաժեշտ են լեզվական տվյալներ, իսկ այդպիսիք չկան: Կարծում եմ, որ այստեղ շատ ավելի օգտակար կարող է լինել հնագիտությունը: Ինչպես նշեցի` ուրարտական հիմնական երկրագործական գոտիները ապաբնակեցվում են, բնակչությունը բարձրանում է դեպի նախալեռնային կամ բարձր լեռնային գոտիներ, այդ նույն գոտիներն են շուտով ձգտում ուրարտական պետականության կրողները` կանվանենք նրանց ուրարտացիներ, բիայնացիներ, թե կտանք մեկ այլ անուն: Նրանք իրենց հետ են տանում նաև ուրարտական մշակույթի ինչ-ինչ ավանդույթներ, օրինակ` ուրարտական խեցեգործության ավանդույթը, որը պետության անկումից հետո էլ հարատևեց դեռ մի քանի դար: Ահա այնտեղ, որտեղ հնարավոր կլինի հայտնաբերել այդ մշակույթի ավանդույթները, և եթե գիտենք, թե ովքեր են ապրել այդ տարածքներում, ապա, միգուցե, նրանց մեջ էլ կարելի է փորձել գտնելու ուրարտացիներին:

Հատված Զ. Ուրարտական արքան եւ Հռոմի պապը

Ինչպիսի՞ն էր Ուրարտուի ներքին կառուցվածքը: Ո՞րն էր պետության կենտրոնի եւ նվաճված ծայրամասերի՝ նախկին անկախ կազմավորումների կամ ցեղերի հարաբերությյան կառուցվածքը: Սա զուտ գիշատիչ նվաճողական կառուցվա՞ծք էր, թե՞ կար նաեւ փոխշահավետություն:

Ուրարտուն ոչ միայն բազմէթնիկ, այլև արհեստական կառույց էր, խորթ` լեռնաշխարհի ավանդույթներին, և երբևէ միս ու արյուն չստացավ: Կարելի է ասել, որ Ուրարտուն «ամրոցային» կամ «տաճարային/պալատական» քաղաքակրթություն էր, «տաճարային/պալատական» պետություն, պարզապես` շատ ավելի հզոր մասշտաբներով, քան, օրինակ, Մինոսյան այդ նույն` պալատական/տաճարային տիպի քաղաքակրթությունն էր: Ուրարտուն երբեք չէր ձգտում իր գերիշխանության տակ հայտնված երկրներում հասնելու տոտալ վերահսկողության: Ուրարտական իշխանությունները վերահսկում էին, առաջին հերթին` երկրագործական գոտին, ուր գտնվում էին լոկալ կենտրոնները` դրանք պաշտպանող ամրոցներով հանդերձ, ապա և այդ գոտիները միմյանց կապող հաղորդակցության ճանապարհները, որոնց երկարությամբ պետությունը նույնպես կառուցում էր ամրոց-կայանների ամրաշղթաներ: Ուրարտուն մեզ է ներկայանում իբրև կմախք, որը, ինչպես նշեցի, միս և արյուն չունեցավ: Իհարկե, շատերի մոտ կարող է տարակուսանք հարուցել Ուրարտուի` «պալատական/տաճարային» տիպի պետության բնորոշումը, սակայն իմ ուսումնասիրությունները դա են ցույց տալիս: Իհարկե, կարող են լինել այլ կարծիքներ ևս:

Օրինակ, որոշ հետազոտողներ Ուրարտուն համարում են համադաշնություն` բիայնական արքաների շուրջը համախմբված գավառապետերով, և այն համադրում են հետագա Հայաստանի նախարարական համակարգի հետ: Ես հակված չեմ այդպես կարծելու: Ուրարտուն ինձ պատկերվում է որպես կուռ, գերկենտրոնացված մի համակարգ, բուրգ, որի գագաթին ուրարտական պալատն էր/տաճարը (իսկ դրանք Ուրարտուում նույնն են), ուր և կայացվում էին բոլոր որոշումները: Հետաքրքիր է, որ տերության լոկալ կենտրոններում ծագած կենցաղային հարցերն անգամ լուծվում էին Տուշպայում արքայի կողմից, կամ վճռում էին նրանք, ովքեր գործում էին տեղերում արքայի անունից:

Ինչպե՞ս էր կազմավորվում բանակը:

Ուրարտական կանոնավոր բանակը ձևավորվեց պետության կայացմանը զուգընթաց: Ուրարտական տեքստերում «զինված ուժեր» իմաստով հանդիպում է գաղափարագրերի մի համադրություն, որը նշանակում է «երկրների մարդիկ», այն է, թերևս, «աշխարհազոր»: Արդեն Մենուայից սկսած այդ գաղափարագրերի համադրությունը դուրս է մղվում շրջանառությունից, փոխարենը` սկսում են կիրառել պրոֆեսիոնալ զինվորականություն մատնանշող «խուրադինելե» տերմինը: Այն խուռիերեն բառ է և հանդիպում է դեռևս Ք.ա. 2-րդ հազարամյակում ուգարիթյան, ասորեստանյան աղբյուրներում և այլն: Սա կարող է վկայել, որ բանակը կամ, առնվազն, զինված ուժերի մի մասը դրվում է պրոֆեսիոնալ հիմքերի վրա` իր զինվածությամբ, պետական մատակարարումներով, ըստ զորատեսակների բաժանված ստորաբաժանումներով, հրամանատարական հստակ աստիճանակարգով և այլն: Կառուցվում են զորաճամբարներ և պետական ախոռներ` կից վարժահրապարակով, ինչպիսիք վկայված են նաև հնագիտորեն: Ռազմական բարեփոխումները շարունակվեցին հետագայում ևս` Սարդուրի Արգիշթորդու և հատկապես Ռուսա Սարդուրորդու իշխանության շրջանում: Ուրարտական բանակը, որը ծանր պարտություններ էր կրել ասորեստանցիներից Սարդուրի Արգիշթորդու իշխանության վերջին շրջանում, Ռուսայի օրոք ամբողջությամբ վերակազմավորվեց այդ նույն` ասորեստանյան բանակի նմանությամբ, ստեղծվեց «արքայական գունդ»-ը` հեծելազորից և մարտակառքերից կազմված ընտիր զորագունդ, ուր, ենթադրելի է, ծառայում էր ուրարտական վերնախավը: Ընդ որում, խոսքը վերաբերում է գրեթե 10 հազարանոց հեծելազորի, ինչը տվյալ ժամանակաշրջանի համար մեծ թիվ էր և հզոր հարվածային ուժ: Ի դեպ, Ուրարտուն առաջիններից մեկն էր, եթե ոչ` առաջինը, որի զինված ուժերում ի հայտ եկավ հեծելազորը՝ որպես առանձին զորատեսակ: Մինչև այդ ձին կիրառվում էր ռազմական արվեստում բացառապես լծվելով մարտակառքին կամ ծառայելով հեծյալ սուրհանդակներին: Ի դեպ, «հեծյալ սուրհանդակ» տերմինն էլ հետագայում սկսեց կիրառվել «հեծյալ ռազմիկ, հեծելազոր» իմաստով: Իսկ եթե պատկերում էին հեծյալների, ապա նրանց պատկերում էին զույգերով. հեծյալներից մեկը վարում էր երկու ձիերն էլ, իսկ մյուս հեծյալը կռվում էր: Դա ըստ էության նույն մարտակառքի անձնակազմն էր` կառավարը և զինվորը: Ասորեստանում հեծյալ ռազմիկը ինքնուրույն դարձավ շատ ավելի ուշ, երբ ուրարտական հեծելազորն ուներ հարուստ և հաղթական մարտական անցյալ: Նման ուժի հետ բախումը ստիպեց ասորեստանցիներին ստեղծելու սեփական հեծյալ ուժեր, ինչպես հետագայում հայկական, պարթևական, ապա և` սասանյան զրահավոր հեծելազորի հետ պայքարելու անհրաժեշտությունը ստիպեց հռոմեացիներին, իսկ ավելի ուշ` բյուզանդացիներին ստեղծելու կատափրակտոսների (զրահակիր հեծյալների) սեփական ուժեր:

Պահպանված տեքստերից դատելով` արշավանքների ժամանակ ուրարտական պետությունը կարող էր մարտադաշտ դուրս բերել մինչև մի քանի տասնյակ հազար զինվոր: Միայն կայազորային զորքերի քանակն Ուրարտուում կարելի է ենթադրել 10-12 հազ. մարդու սահմաններում: Ասորեստանյան աղբյուրները, խոսելով Սարդուրի Արգիշթորդու կրած ծանր պարտության մասին, հայտնում են գերի վերցված մոտ 70 հազ. զինվորների մասին: Իհարկե, չի բացառվում որ այս վերջին դեպքում գործ ունենանք ասորեստանյան քարոզչամեքենայի հետ:

Զինվորի ապրուստը հոգում էր պետությունը, զինվորները ստանում էին օրապահիկ, ինչը կազմում էր մոտ 1 լ գարի, որից պատրաստված խաշիլը ապահովում էր հասուն տղամարդուն անհրաժեշտ կալորիաներով: Զինվորական խավն ընդհանրապես պետությունից ստանում էր հողաբաժին, որոնց տիրում էին այնքան ժամանակ, որքան որ շարունակվում էր նրանց ծառայությունը: Դա նոր երևույթ չէր, իսկ «հող` ծառայության դիմաց» ձևաչափը հայտնի էր Միջագետքում՝ սկսած Ք.ա. 3-րդ հազ-ից:

Ուրարտուն կոչում են նաեւ աստվածապետություն. որքանո՞վ ստույգ է ուրարտական արքաների՝ նաեւ գերագույն քուրմ լինելու վարկածը, եւ ի՞նչ նկատի ունենք աստվածապետություն ասելով: Արդյո՞ք այլ հին պետությունների նման կար պաշտոնական մակարդակի հասցված գուշակումների ինստիտուտ:

Այո, Ուրարտուն կարելի է կոչել «աստվածապետություն», ինչպիսին Վատիկանն է մեր օրերում: Ինչպես Հռոմի պապն է Աստծո տեղապահը, այնպես էլ` ուրարտական արքաներն էին Խալդի աստծո տեղապահը երկրում, Խալդի աստծո «ստվեր»-ը, ինչպես անվանում է իրեն Իշպուինին ասսուրերենով գրված իր մի քանի արձանագրություններում: Ուրարտական արձանագրություններում, կարող է զարմանալի թվալ, արքաները հանդես չեն գալիս իբրև «արքա», այլ կրում են մի տիտղոս, որի առաջին նշանակությունը «պահապան»-ն էր: Կարծում եմ անգամ, որ Ուրարտուում պետության առաջնորդ, արքա համարվել է հենց Խալդին: Դա բացառիկ երևույթ չէ, և տեսնում ենք Ասորեստանում, սկսած պետության կազմավորումից՝ ընդհուպ մինչև միջինասորեստանյան դարաշրջանը: Այստեղ ևս երկրի արքան և առաջնորդն Աշշուրն էր՝ աստված-արքան, իսկ ասորեստանյան արքաները նրա տեղապահներն էին և երկիրը կառավարում էին աստված-արքայի անունից: Այդ նույնը տեսանելի է Ուրարտուում: Ավելին, ուրարտական արքայական նամակների կնքադրոշմների արձանագրություններում արքայական անուններ կրող անձինք հանդես են գալիս որպես ինչ-որ պաշտոնյաներ: Այդ պաշտոնն արտահայտող գաղափարագրերի համադրությունը հանդիպում է միայն Ուրարտուում և, ըստ իս, կարող է նշանակել «քուրմ» կամ «քուրմ-գուշակ», ով գուշակություն էր անում զոհաբերված կենդանու լյարդի միջոցով:

Արքայի եւ արքայական տոհմի իրավունքներն ու գործառույթները որո՞նք էին: Գահի ժառանգության կարգն ինչպիսի՞ն էր:

Ուրարտուում արքան, ըստ էության, հանդես էր գալիս որպես Խալդի աստծո «կալվածք»-ի կառավարիչ և պարտավոր էր ապահովել այդ «կալվածք»-ի բարգավաճումը: Նա օժտված էր քրմական, ռազմական, վարչական, դատական իշխանությամբ, իրականացնում էր այն բոլոր գործառույթները, որոնք տրված էին երկրի առաջնորդին: Եվ այդ ամենն արվում էր իբրև թե իրականացնելով Խալդի աստծո հրամանը կամ կամքը:

Ինչ վերաբերում է երկրի կառավարմանն արքայական ընտանիքի անդամների ներգրավվածությանը, ապա դա կարող է բնական դիտվել, թեև տվյալներն այդ մասին սուղ են: Օրինակ, ենթադրվում է, որ ուրարտական աղբյուրներում հիշատակվող առաջին փոխարքաներից մեկը` Թիթիան, կարող էր լինել Մենուայի եղբայրը: Ասորեստանյան աղբյուրներից մեկում կա վկայություն ոմն Սարդուրիի մասին, ով արքայական ընտանիքից էր և կարծես թե զբաղեցնում էր զինվորական բավական բարձր` բանակի «աջ թևի գլխավոր զորավար»-ի պաշտոնը: Հայտնի է, որ արշավանքներին մասնակցել է գահաժառանգ արքայազնը և այլն:

Ուրարտական տեքստերում հաճախ կարելի է հանդիպել «նստեցի հայրական տեղը/գահին» արտահայտությանը: Այսինքն` գերագույն իշխանությունն անցնում էր ժառանգաբար, թերևս` ըստ ավագության, թեև աղբյուրներում առայժմ չենք հանդիպում «արքայազն», առավել ևս` «գահաժառանգ արքայազն» նշանակող տերմինների: Թեև ենթադրվում է, որ Ուրարտուում կարող էր գործել «զույգ արքաներ»-ի ինստիտուը, ինչպես Սպարտայում էր, ուր միաժամանակ իշխում էին երկու արքաներ, ապա դա վստահությամբ պնդել հնարավոր չէ: Նման ենթադրության համար հիմք էին ծառայում Իշպուինիի և Մենուայի համատեղ հիշատակումները, հետագայում` Մենուայի և նրա որդու` Ինուշպուայի համատեղ հիշատակումները, ևս մեկ տեքստում միասին հիշատակվում են Մենուան և Արգիշթին: Սակայն, ինչպես տեսնում ենք, այս ամենը վերաբերում է տերության պատմության վաղ շրջանին, և եթե անգամ եղել է «զույգ արքաներ»-ի ինստիտուտ, կամ հայր և որդի իշխել են համատեղ, ապա դա, հավանաբար, նպատակ էր հետապնդում ամրապնդելու արքայական իշխանությունը և մատնանշում էր հաջորդ գահակալին:

Ճի՞շտ է Ուրարտուն կոչել ըստ ավանդական մարքսիստական-սովետական եզրաբանության՝ ստրկատիրական հասարակություն, թե՞ կան ավելի ճշգրիտ եզրեր: Կարո՞ղ ենք խոսել ֆեոդալական կառուցվածքի մասին, ինչպես, օրինակ, շատ գիտնականներ խոսում են խեթերի վերաբերյալ:

Այո, մարքսիստական պատմագրության հայեցակարգից ելնելով՝ ժամանակին ամեն ինչ փորձ էր արվում հարմարեցնել այդ հայեցակարգին` ստրկատիրական դիտելով թե՛ Ուրարտուն և թե՛ Հին Հայաստանը: Մինչդեռ Ուրարտուում և ընդհանրապես` Հին Առաջավոր Ասիայում տիրող սոցիալական հարաբերությունները, իմ կարծիքով, չի կարելի համարել ոչ «ստրկատիրական» և ոչ էլ «վաղ ստրկատիրական»: Միաժամանակ, դեռևս անցյալ դարի առաջին կեսից հինառաջավորասիական մի քանի երկրների սկսեցին բնութագրել իբրև «ավատատիրական»: Հին Առաջավոր Ասիայում «ավատատիրական» հարաբերությունների ներմուծումը հաճախ է կապվում հնդարիացիների հետ: Մասնավորապես, «ավատատիրական» թագավորություն էր դիտվում հենց Միտաննին: Հողը դիտվում էր պետական սեփականություն, որը, որպես «ավատ»՝ տրվում էր զինվորական խավը ներկայացնող ազնվականությունը` maryannu-ներին, որի դիմաց պահանջվում էր կատարել ռազմական կամ վարչական ծառայություն: Այս երևույթը առավել լավ փաստագրված է Նուզիից` Միտաննիին ենթակա Արրապխայի թագավորության քաղաքներից մեկից: Նույն երևույթը տեսնում ենք նաև այս նույն շրջանի քանաանական և սիրիական մի շարք թագավորություններում, մասնավորապես` Ուգարիթում և Ալալախում: Կասսիտական Բաբելոնիայում (միջինբաբելոնյան դարաշրջան) խոշոր հողատերերի խավի ծնունդը նույնպես պայմանավորվում էր «ավատատիրական» հարաբերությունների ձևավորմամբ: Գոյություն ուներ «կախյալներ»-ի խավ, որոնց թեև ոմանք անվանում են «ճորտեր», սակայն, թերևս, ավելի ճիշտ կլինի օգտագործել «հելոտներ» տերմինը, ինչպես նրանց անվանում էր Հին Արևելքի պատմության խոշոր մասնագետներից Իգոր Դյակոնովը:

Ուրարտուում տնտեսական կացութաձևը մի քանի առումներով հիշեցնում էր հինարևելյան «ավատատիրություն»-ը: Ուրարտական տեքստերում հանդիպող սոցիալական մի քանի տերմիններ ևս հուշում են այդ մասին:

Նախորդ հոդվածը‘Ուորլիք. Փարիզի գագաթնաժողովը դրական քայլ էր’
Հաջորդ հոդվածը‘Շահագործման է հանձնվել Տիգրան Մեծի պողոտան Սարալանջի փողոցին կապող նոր ճանապարհահատվածը’