‘«Հարցազրույց Հայաստանի հետ»: Հրաչ Մարտիրոսյան. Գիտության բերկրանքը’

14026

Համեմատական լեզվաբանության օրենքների, հայերենի պատմության, անհետացած քերականական սեռի, հնդեվրոպական նախահայրենիքի, խոսակցական լեզվի և բարբառների արժեքի, փոխառման և հայացման, օտարալեզու դպրոցների խնդրի, գիտության ազարտի, ինչպես նաև՝ ռոքի, երազանքների և Արագածի գագաթին գիշերելու մասին, բան. գիտ. թեկնածու (PhD), Լեյդենի համալսարանի հրավիրյալ դասախոս Հրաչ Մարտիրոսյանի հետ զրուցեց Ռիմա Գրիգորյանը




Հատված Ա. Համեմատական լեզվաբանությունը ճշգրիտ գիտություն է

Պարո՛ն Մարտիրոսյան, նույնիսկ հումանիտար կրթությամբ գիտնականները, օրինակ, պատմաբանները, հաճախ անում են շինծու լեզվական համեմատություններ: Լեզվական համեմատությունը չիմացող մարդուն դա թվում է շատ հեշտ կամ էլ հակառակը: Համեմատական լեզվաբանությունը չի մտնում միջնակարգ կրթության մեջ, և մարդկանց մեծ մասը  չունի նույնիսկ տարրական տեղեկություններ համեմատական լեզվաբանությունից, մինչդեռ դա բավականին ճշգրիտ գիտություն է: Համեմատական լեզվաբանության ամենատարրական օրինակներով կներկայացնե՞ք՝ ինչպես է ճիշտ և ինչպես է սխալ համեմատել իքս և իգրեկ լեզուների բառերը:

Հիմնարար հարցից սկսեցիք: Ուստի կարճ պատասխանելը հեշտ չի լինի: Բառերի համեմատությունը պետք է կատարվի համեմատական լեզվաբանության մեթոդների համաձայն: Համեմատությունը պետք է լինի երկպլան, այսինքն` նույնական կամ համեմատելի պետք է լինի ոչ միայն ձևը, այլև` իմաստը: Պետք է հստակեցվի նաև համեմատվող լեզուների հարաբերության պատմական` տարածաժամանակային համատեքստը: Ապա` մի լեզվի որևէ բառի ծագումը մի այլ լեզվի օգնությամբ պարզաբանելուց առաջ նախ պետք է համոզվել, որ այն չի կարող ստուգաբանվել իր լեզվի ներսում:

Խոշորագույն մոլորություն է, թե համեմատական լեզվաբանությունը հեշտ, հեղհեղուկ կամ ոչ ճշգրիտ գիտություն է: Կան հնչյունական խիստ օրենքներ: Դրանք ունեն բացառություններ, որոնք կարող են հետևանք լինել, օրինակ, համաբանության (այսինքն` որևէ հարաբերակցվող լեզվական միավորի հետևողության` նմանակման. օրինակ` *դեկեմբերի փոխարեն` դեկտեմբեր` սեպտեմբեր ու հոկտեմբեր ամսանունների նմանությամբ), արտալեզվական` մշակութային գործոնների (օրինակ` վտանգավոր կենդանիների անվանումների տաբու` բառարգելում) կամ այլ օրենքներով խաչաձևվելու: Բոլոր դեպքերում դրանք ունեն իրենց պատճառները, անկախ այն բանից` մենք ի վիճակի ենք դրանք բացատրելու, թե ոչ: Բացի այդ` լեզվական օրենքներն ունիվերսալ չեն. դրանք գործում են որոշակի տարածքում ու որոշակի ժամանակահատվածում: Այս առումներով դրանց ուսումնասիրությունը շատ ավելի բարդ է, քան, ասենք, ֆիզիկայի ու մաթեմատիկայի օրենքներինը, որոնք հավասարապես միշտ գործել ու գործում են մեր մոլորակի բոլոր անկյուններում: Ուստի համեմատական լեզվաբանությունը պահանջում է գիտական լուրջ պատրաստություն:

Համեմատվող բառերի ձևային համատեղելիությունը ենթադրում է ոչ թե համեմատվող հնչույթների սոսկ նմանություն կամ նույնիսկ նույնություն, այլ այդ հնչույթների հարաբերակցության սիստեմատիկություն: Այսինքն` եթե հայերեն հայր բառը համեմատում ենք հունարեն patēr, լատիներեն pater և սանսկրիտ pitár- բառերի հետ, ապա տեսնում ենք, որ բառիմաստի հարցում խնդիր չկա, քանի որ այդ բոլոր բառերն էլ նշանակում են «հայր»: Ձևն էլ որոշ չափով նման է: Բայց այս անորոշ նմանությունը բավարար չէ: Դիտարկում ենք այլ օրինակներ, որտեղ նույնպես համեմատվող լեզուները հայերեն բառասկզբի հ- հնչյունի դիմաց ունեն p-, իսկ ձայնավորների միջև գտնվող -t- հնչյունի դիմաց` -յ- կամ ոչինչ: Այդպիսի հստակ օրինակ է հայերեն հերու բառը, որ նշանակում է «անցած տարի» և համեմատելի է սանսկրիտ parut և հունարեն péruti բառերի հետ, որոնք նույն իմաստն ունեն:

Օրինակները կարելի է բազմապատկել. սանսկրիտ pád-, լատ. ped- և «ոտք, հետք» նշանակող այլ բառերի կողքին հայերենն ունի հետ «ոտք, հետք», հունարեն. pūr «կրակ»-ի կողքին` հայերեն հուր, սանսկրիտ páñca և հունարեն pénte բառերի կողքին` հինգ, սանսկրիտ mātár և հունարեն mátēr բառերի կողքին` մայր  և այլն: Այսպիսով` հնչյունական համապատասխանությունները սիստեմատիկ են և օրինաչափ: Մեր դիտարկումները տարածում ենք գերմանական ճյուղի վրա և տեսնում, որ այստեղ էլ կան նույնիմաստ ու նմանահունչ բառեր, միայն թե p-ի փոխարեն միշտ ունենք f-` father, foot, five, fire և այլն: Ուրեմն սա էլ գերմանական ճյուղի համար է օրինաչափ: Կարելի է լեզուների այս խմբի համար վերականգնել *p- հնչյուն, որը ժառանգների մեծ մասում բառասկզբում p- էլ մնացել է, բայց հայերենում դարձել է հ-, իսկ գերմանական լեզուներում` f-:

Ունենալով երկպլան համապատասխանություններ` պետք է հոգալ նաև այս լեզվական ընդհանրությունները բացատրող մեխանիզմի մասին: Լեզվաբանների երկդարյա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս ամենի հիմքում ընկած է մի ընդհանուր աղբյուր` մայր լեզու, որն անվանում ենք հնդեվրոպական նախալեզու:

Հիմա բերեմ մի արտառոց օրինակ, թե ինչ է ստացվում համեմատական լեզվաբանության ամենատարրական սկզբունքների ոտնահարման ու բառն իր լեզվական միջավայրից անջատելու դեպքում: Արևմտահայերեն հորսակ «ցերեկ, կէսօր» բառը համեմատվել է հայերեն որս և անգլերեն horse «ձի» բառերի հետ: Նախ`  անգլերեն h-ն օրինաչափորեն պահանջում է *k-ով նախաձև, իսկ -rs-ի դիմաց հայերենում սպասելի էր -ռ-: Երկրորդ` հայերեն որս բառը նշանակում է «որս» կամ «որսալու կենդանի», ոչ թե «ձի»: Երրորդ` «ցերեկ, կէսօր» իմաստն անհամատեղելի է «ձի» իմաստին. այն մի կերպ հարմարեցնելու բազմաքայլ ճիգերը խիստ կամայական են ու հիմնազուրկ: Եվ ամենակարևորը` բավական էր մի թեթև ուսումնասիրել ստանդարտ բառարանները` համոզվելու համար, որ հորսակ «ցերեկ, կէսօր» բառի մեջ ոչ մի հորս արմատ էլ հնարավոր չէ անջատել, որ այդ բառն իրականում գրաբարյան օր-հասարակ «կէսօր» բաղադրության բարբառային փոխակերպումներից մեկն է: Ասվածն ավելի ցայտուն է դառնում, երբ դիտարկում ենք բարբառային մյուս ձևերը` Պոլիս օհարսագ, Ադաբազար օվարսագ, Եվդոկիա օրասսագ և այլն:

Եթե այսպիսի աղաղակող օրինակներ գտնում ենք ակադեմիական գրականության մեջ, էլ ի՞նչ ասենք համացանցը, հեռուստատեսությունը և մասնավոր հրատարակությունները հեղեղող «ստուգաբանությունների» մասին: Երբեմն մարդիկ ասում են` ոչինչ, այս ամենը վնաս չէ, թող կողքից գա. երբեմն գիտությունը կարող է նաև սիրողական ուսումնասիրություններից օգուտ քաղել: Սա, իհարկե, հասկանալի է և կարող է ճիշտ լինել որոշ կոնկրետ դեպքերի առնչությամբ: Սակայն ոչ մի կերպ ընդունելի ու խրախուսելի չեն այն ուսումնասիրությունները, որոնք ոչ միայն չեն հետևում գիտական մեթոդներին ու տարրական բարեխղճության պահանջներին, այլև հիմնականում շրջանցում են քննվող հարցերի վերաբերյալ եղած գրականությունը: 

Հայերենի պատմության և էվոլյուցիայի մասին տարրական գիտելիքներին նույնպես շատ քչերն են տիրապետում, հաճախ նույնիսկ զարմանում են լեզվի փոփոխման փաստից։ Կպատմե՞ք լեզվի փոփոխման գործընթացի մասին ընդհանրապես և հայերենի պատմական էվոլյուցիայի մասին մասնավորապես:

Լեզուներն անընդհատ փոփոխվում են: Նրանք կարող են լինել մեկը մյուսից ավելի կամ պակաս պահպանողական, կարող են փոփոխվել ավելի մեծ կամ փոքր արագությամբ: Սակայն ոչ մի լեզու անփոփոխ մնալ չի կարող: Հայերենը հնդեվրոպական մայր լեզվից տրոհվել է ամենաքիչը հինգ-վեց հազար տարի առաջ: Այդ ժամանակից նա սկսել է իր ինքնուրույն գոյությունը և հազարամյակների ընթացքում փոփոխվելով ու զարգանալով` ավելի ու ավելի է հեռացել ցեղակից լեզուներից: Հիմա արդեն հայերենի կրողներն ի վիճակի չեն հասկանալու հնդիկներին, հույներին ու մյուս ցեղակից ժողովուրդներին, թեև մի ժամանակ նրանք խոսում էին մեկ ընդհանուր լեզվով: Հետևաբար կատարելապես հիմնազուրկ են այն տեսակետները, ըստ որոնց` հայերենը կամ որևէ այլ ժամանակակից լեզու մայրն է հնդեվրոպական լեզուների կամ աշխարհի բոլոր լեզուների: Դա սնապարծության մի խոտելի դրսևորում է և ոչ մի ընդհանրություն չունի գիտության կամ հայրենասիրության հետ:  

Լեզվի փոփոխությունները կարող են պայմանավորված լինել նաև այլ լեզուների ազդեցությամբ: Իր ինքնուրույն գոյության հազարամյակների ընթացքում հայերենը ոչ միայն իր հետ տարել է իր կարևորագույն բառաֆոնդը և քերականական համակարգը, այլև ակտիվ շփումներ է ունեցել շրջակա հնդեվրոպական ու ոչ հնդեվրոպական լեզուների հետ, նրանցից փոխառել կամ նրանց տվել է բառեր: Հայերենը հատկապես մեծ քանակությամբ բառեր է փոխառել իրանական լեզուներից: Քանի որ իրանական ճյուղն էլ հնդեվրոպական ծագում ունի, ապա միևնույն բառը այս երկու ճյուղերում գտնելիս հարց է առաջանում` դա ընդհանուր ժառանգությու՞ն է, թե՞ պարզապես փոխառություն: Այդ հարցը լուծվում է լեզվական քննությամբ:

Խոսեցինք այն մասին, որ մայր լեզվի հնչույթները հայերենում ու մյուս ժառանգ լեզուներում զարգանում են որոշակի հնչյունական օրինաչափություններով: Բայց երբեմն համեմատվող բառերը ցուցաբերում են այլ տիպի հնչյունական համապատասխանություններ: Օրինակ` գտնում ենք բազմաթիվ հայերեն և իրանական բառեր, որոնք ձևով ու իմաստով ակնհայտորեն համեմատելի են, սակայն իրանական p/t/k հնչյունների դիմաց հայերենն ունի ոչ թե հ կամ յ կամ այլ բան, այլ ավելի ուղղագիծ համապատասխանություններ` պ, տ և կ: Օրինակ` ātur «կրակ» և ատր «կրակ», pūsak և պսակ և այլն: Այս դեպքում ակնհայտորեն գործ ունենք ոչ թե ընդհանուր մայր լեզվից ժառանգած բառերի, այլ` հայերենում իրանական փոխառությունների հետ: Եվ սա լիովին ներդաշնակում է հայերենի ու իրանական ժողովուրդների հարաբերությունների պատմական համատեքստին:

Ինչպիսի՞ն է նախագրային հայերենին բնորոշ զարգացումների ժամանակագրության ճշգրտությունը: Օրինակ, գիտենք, որ հնդեվրոպական *p-ն բառասկզբում դարձել է հայերեն հ կամ զրո, որն ունեցել է միջանկյալ՝ փ կամ ֆ փուլ, ասենք՝ Փրաատ-Հրահատ: Կարո՞ղ ենք թվագրել այդ փոփոխությունը և իմանալ, օրինակ, Տիգրան Մեծի ժամանակ ասել են՝ փու՞ր, հու՞ր, թե՞ մեկ այլ բան:

Կա ժամանակագրության երկու եղանակ` բացարձակ և հարաբերական: Բացարձակի դեպքում լեզվական փաստերը համապատասխանեցվում են հասարակության մեջ ընդունված ժամանակագրությանը. օրինակ` վիմագրական տվյալների օգնությամբ պարզում ենք, որ, ասենք, այ > է բարբառային անցումը կատարվել է 12-րդ դարից ավելի վաղ: Սակայն նախագրային հայերենի համար այդ եղանակը կիրառելու հնարավորությունները, բնականաբար, խիստ սահմանափակ են, քանի որ համապատասխան տվյալներ շատ քիչ ունենք:

Մի այդպիսի եզակի տվյալ ունենք հնդեվրոպական մայր լեզվի *w հնչույթի վերաբերյալ: Այս հնչույթը բառասկզբում և բառամիջի որոշ դիրքերում հայերենում արտացոլվում է որպես գ: Համեմատենք հայերեն գինի բառը անգլերեն wine և ռուսերեն вино բառերի հետ, իսկ հայերեն տա(յ)գր «տեգր, ամուսնու եղբայրը» բառը` սանսկրիտ devár- և ռուսերեն деверь բառերի: Շատ ցուցադրական է հատկապես արև – արեգ զույգը: Եվ ահա` այս հնչյունական օրենքն արտացոլվել է ուրարտական Welikuni > Գեղա(ր)քունի տեղանվան մեջ, մինչդեռ հայերենի իրանական փոխառություններում այն այլևս չի գործում, v-ն մնում է վ: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ հիշյալ օրինաչափությունը հասել է մինչև Ք.ա. 8-րդ դարը և մի քանի դար անց դադարել է գործելուց:

Իսկ հարաբերական ժամանակագրության հարցն ավելի հեշտ է: Այս դեպքում հնչյունական մի օրենքի ժամանակագրությունը դիտարկում ենք այլ օրենքների հետ ընդհանուր համատեքստում: Օրինակ` *pօ- բառասկզբի դեպքում *p-ն ոչ թե դառնում է հ-, այլ ընկնում է: Սրա հստակ վկայությունն է հայերեն հետք – ոտք բառազույգը: Բայց ահա ունենք մի այլ օրինաչափություն, ըստ որի` ձայնավորը ռնգային *-ն-ին նախորդելիս դառնում է -ու-, որի պատճառով հնդեվրոպական *pontH- «հուն, ուղի» արմատը (հմմտ. հունարեն póntos, ռուսերեն путь և այլն) հայերենում դարձել է հուն: Այստեղից կարող ենք ենթադրել, որ նախ կատարվել է *-ոն- > -ուն- զարգացումը, որի պատճառով *p-ն այլևս չի նախորդել *-o- ձայնավորին, ուստի և չի ընկել: 

Հետաքրքիր է վրացերեն phoni «գետի հուն» բառը, որ փոխառյալ է համարվում հայերեն հուն բառի հնագույն վիճակից, երբ այն դեռ *fon- տեսքն ուներ:

Ի դեպ` Ձեր հարցի մեջ մի հետաքրքիր և ուսանելի շփոթ կա: Հնդեվրոպական *p- > *f- > հայերեն հ- անցումը և Frahāt > Հրահատ արտացոլումը հնչյունական տարբեր օրինաչափությունների արդյունք են: Առաջինը հին է և դիտվում է բնիկ բառերում, երբ *p-ին հաջորդում է *o-ից տարբեր որևէ ձայնավոր, մինչդեռ երկրորդը դիտվում է միայն իրանական փոխառություններում և այն էլ միայն fr հնչակապակցության մեջ: Սա մի հետաքրքիր օրինակ է, թե ինչ խաբուսիկ կարող է լինել հնչյունական օրենքների միջև եղած նմանությունը:

Ե՞րբ և ինչպե՞ս է հայերենում անհետացել քերականական սեռը՝ արական, իգական և չեզոք: Ո՞ր բառերն են գրաբարում կամ աշխարհաբարում պահպանել քերականական սեռի պատկանելության հետքեր:

Հայերենը, որպես հնդեվրոպական լեզու, հնագույն փուլերում ունեցել է սեռի քերականական կարգ` արական, իգական և չեզոք, սակայն կորցրել է դրանք տարածաշրջանի հարևանների` կովկասյան ու խուռա-ուրարտական լեզուների ազդեցությամբ: Չենք կարող ասել, թե դա երբ է կատարվել: Սեռի որոշ մնացուկներ կարելի է գտնել բառերի ստուգաբանության օգնությամբ: Հնդեվրոպական նախալեզուն ունեցել է չեզոք սեռի բառերի մի հնատիպ խումբ, որոնք ուղղական հոլովում ունեցել են վերջավորություն, որը թեք հոլովներում փոխարինվել է ով: Օրինակ` կրակի անվանումը ուղղականում եղել է *peHur, իսկ սեռականում` *pHuen-s, հմմտ. խեթերեն paḫḫur, սեռ. paḫḫuenaš, հունարեն pūr և այլն: Հայերենն այստեղից ժառանգել է մի կողմից հուր բառը, իսկ մյուս կողմից` հուն- հոլովահիմքը, վերջինս` միայն հնոց բառի կազմում: Հիշենք նաև արտօսր – արտասուաց դեպքը: Հետաքրքիր է նաև, որ հայերենն այս հոլովակարգի հետևողությամբ է հավելել մի շարք այլ արմատներում, որոնք հնդեվրոպականում *-r չեն ունեցել, սակայն նշված բառերի նման պատկանել են չեզոք սեռին և ունեցել են -ու- հիմք, օրինակ` ծունր բառը հնդեվրոպական *ĝօnu- «ծունկ» արմատից (հմմտ. *ĝօnw- > ծունգ):

Հայերեն սկեսուր բառն ունեցել է -ա- հիմք (հմմտ. գործիական հոլովաձևը` սկեսր-ա-ւ): Այն արտացոլում է հնդեվրոպական իգականի *-ā- հիմքը, որը երևում է նաև հուն. hekura- ձևում: 

Որոշ հնարավոր մնացուկներ կան նաև, օրինակ, հնդեվրոպական երկակի թվից:

Հատված Բ. Լեզուն առաջընթաց է սիրում

Մինչև 19-րդ դարը գրաբարը եղել է գրական լեզու, բայց այն նույնը չի եղել 5-ից մինչև 19-րդ դարը: Կարելի՞ է ասել, որ գրաբարը՝ որպես գրական լեզու, վերակենդանացրին և կանոնակարգեցին Մխիթարյանները: Նրանք մեծ թվով թարգմանություններ կատարեցին, օրիգինալ երկեր գրեցին, որոնց մեծ մասն այսօր անհասանելի է շարքային հայերիս հենց լեզվի պատճառով: Հետադարձ հայացքով արդյո՞ք հարյուր տոկոս արդարացված էր անցումը աշխարհաբարի՝ որպես գրական լեզվի: Որքանո՞վ էր մեծ  գրաբարի ազդեցությունը աշխարհաբարի կայացման փուլում:

Կարծում եմ, անցումն աշխարհաբարին միանգամայն արդարացված էր և անխուսափելի: Լեզուն, ինչպես տեսանք, միշտ փոփոխվում է, զարգանում: Այդ պատճառով գնալով ավելի է մեծանում գրական ու խոսակցական լեզուների տարբերությունը և որոշ ժամանակամիջոցում վերածվում է անդունդի: Այդ անդունդը լցնելու փորձերը շինծու են և դատապարտված են ձախողման: Նույնիսկ հիմա, աշխարհաբարի պայմաններում, զգալի տարբերություն ու, հետևաբար, խոչընդոտներ կան արդի գրական լեզվի ու խոսակցականի միջև: (Գրական ասելով` եկեք հասկանանք ստանդարտ լեզուն): Իսկ ինչքա՞ն կլիներ այդ տարբերությունը, եթե գրական լեզուն մնացած լիներ գրաբարը: 

Հինդին, նոր հունարենն ու իտալերենն էլ են արդեն զգալիորեն հեռացել, համապատասխանաբար, սանսկրիտից, հին հունարենից ու լատիներենից: Անիմաստ կլիներ պահպանել այդքան մեծ տարբերություններ ունեցող լեզվավիճակները և դրանք փաթաթել ժողովրդի վզին:

Լեզուն առաջընթաց է սիրում: Հետևաբար, իմ համոզմամբ, խիստ ժամանավրեպ ու անընդունելի է երբեմն հնչող այն կարծիքը, թե անհրաժեշտ է վերակենդանացնել գրաբարը: Հակագիտական ու վտանգավոր է այն մտայնությունը, թե աշխարհաբարը (հատկապես արևելահայերենը) գրաբարի աղտոտված ու խաթարված վիճակն է, ու այդ պատճառով մենք իբր կորցրել ենք մեր պապենական արժեքներն ու հայկական ոգին: Մերժելի է նաև արևելահայերենին գաղափարախոսական հենքով քամահրական որակումներ (օրինակ` «սովետերեն») կպցնելը: Զավեշտական են այստեղ-այնտեղ հնչող այն մտքերը, թե լավ կլիներ արևելահայերենը արևմտահայերենի հետ միավորվեր, դառնար մեկ լեզվավիճակ, որ այդ կերպ արևելահայերենն  ազնվանար ու դառնար այնպես գեղեցիկ, որքան մեր արևմտահայ հեղինակների ազնիվ լեզուն է: Ասես` արևելահայերենը մի քոսոտ երինջ է, որին պետք է ցեղական ցուլիկի հետ խառնել, որ ազնիվ սերունդ տա: Արևելահայերենն ինքն էլ գեղեցիկ լեզու է և նման պատվաստումների կարիք չունի: 

Ձեր նշած խոսակցություն-ցանկություններից բացի, խոսում են նաև դասական ուղղագրության վերադառնալու մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ խոսակցություններին:

Ժամանակավրեպ (կամ, թեկուզ, ուշացած) ու անընդունելի եմ համարում հին ուղղագրությանը վերադառնալու կոչերը: Ես չեմ հասկանում, օրինակ, անընդհատ շահարկվող այն «փաստարկը», թե մենք ուղղագրության պատճառով բառեր ենք կորցրել, օրինակ` սէր բառը, որն իբր խառնվել է սեր` «կաթի սեր» բառին: Այս բառերը պարզապես դարձել են համանուններ, ու այդտեղ ոչ մի սարսափելի բան չկա: Մեկ է, նրանք հստակ տարբերակվում են ինչպես համատեքստով, այնպես էլ` քերականությամբ. առաջինը սեռական հոլովում ունի սիրո ձևը, իսկ մյուսը` սերի:

Լեզվի տարբեր փուլերում հնչյունափոխությունների կամ ուղղագրական փոփոխությունների հետևանքով կարող են առաջանալ համանուններ: Բոլոր լեզուներն էլ ունեն համանուններ, ու դա ոչ մի խնդիր էլ չի: Օրինակ, գրաբարն ուներ հաւ բառը, որ նշանակում էր «թռչուն», և մեկ ուրիշ հաւ, որ նշանակում էր «պապ»: Դրանք ծագումով ոչ մի կապ չունեն: Հնդեվրոպական մայր լեզվում նրանք մի փոքր տարբեր տեսքեր են ունեցել` համապատասխանաբար *Hawi- և *HawHo-: Այս վերակազմությունները հստակորեն հաստատվում են հետևյալ ցեղակից ձևերով, առաջինի համար` լատ. avis «թռչուն» և այլն, իսկ երկրորդի համար` խեթերեն  ḫuḫḫaš, լատիներեն avus «պապ» և այլն: Բայց հայերենի հնչյունական օբյեկտիվ փոփոխությունների պատճառով երկուսն էլ գրաբարին հասել են վերջնավանկը կորցրած ու միևնույն` հաւ տեսքը ստացած վիճակով: Ի՞նչ անենք: Դեռ մի երրորդ համանուն հաւ էլ կա, որ նշանակում է «ծայր» ու էլի ծագումով կապ չունի:

Նման բան կատարվել է նաև սէր և սեր բառերի հետ, բայց արդեն` ավելի ուշ փուլում: Նրանք ձեռք են բերել նույն հնչումը: Եթե մենք չունենայինք գրաբար մատենագրություն, ապա չէինք էլ իմանա, որ այդ բառերի ձայնավորումը հնում տարբեր է եղել. իհարկե, հոլովման ժամանակ ի հայտ եկող հնչյունափոխության հանգամանքը չհաշված:

Ես ժամանակակից ուղղագրությունը շատ հարմար եմ համարում արդի արևելահայերենի համար: Բոլոր դեպքերում հնին վերադառնալն անիմաստ է: Բացի այն, որ այս նոր ուղղագրությամբ արդեն ստեղծվել է հսկայական գրականություն, ետդարձն ավելի կվատացնի մարդկանց գրագիտության առանց այդ էլ ոչ փայլուն վիճակը: Իսկ եթե խոսում ենք մեր մշակույթին հաղորդակից լինելու մասին, ապա սա շատ ողջունելի մտահոգություն է, սակայն ուղղագրության հարցի առնչությամբ բացարձակապես անիմաստ փաստարկ է, քանի որ ուղղագրությունն ընդամենը դիմափոշի է. դրա իմացությունը բոլորովին էլ բավարար չէ գրաբարյան տեքստերը կարդալու համար: Դրա համար պետք է պարզապես սովորել գրաբար:

Ինչու՞ են մարդիկ այդքան վախենում գրաբարից, այն սովորելը որքա՞ն է հեշտ  հայերեն տիրապետողի համար, և արդյո՞ք արժե գրաբարը դասավանդել միջնակարգ դպրոցներում: Ի՞նչ դրական և բացասական կողմեր կարող է ունենալ դա:

Շատերին թվում է, թե արդի հայերենին տիրապետելն արդեն համարյա բավարար է գրաբար իմանալու համար: Իրականում առկա են համակարգային զգալի տարբերություններ, ուստի գրաբար սովորելը պահանջում է լուրջ ջանքեր: Այդուհանդերձ, կարծում եմ, գրաբարի ուսուցումը շատ կարևոր է: Այն կօգնի ավելի խորությամբ հասկանալ մայրենիի կառուցվածքը և բանալի կտա հայոց պատմամշակութային աշխարհը «տնական չուստերով» մուտք գործելու: Դա, թերևս, կարող է վնասել միայն այն դեպքում, երբ դասավանդումն իրականացվի ժամանակակից հայերենի թերի իմացության հենքի վրա, ինչը կարող է հանգեցնել խառնաշփոթի ու հակակրանքի: Հետևաբար, ըստ իս, գրաբարի դասավանդումը նպատակահարմար է սկսել միայն ավագ դպրոցական փուլում, ոչ դրանից շուտ: Դե, իսկ համալսարանների մասին էլ չեմ ասում:

Հասկանալի է, որ դժվար է միանգամից գտնել այդքան մասնագետներ: Սակայն կարելի է սկսել միայն ավագ դպրոցների մի շերտից (կամ էլ առհասարակ սահմանափակվել դրանով):  Հոլանդիայի ավագ դպրոցների ամենաբարձր կարգը գիմնազիան է, որտեղ աշակերտները, հոլանդերենի, անգլերենի, գերմաներենի ու ֆրանսերենի կողքին, սովորում են նաև հին հունարեն ու լատիներեն: Իսկ ինչու՞ չպիտի հայկական ավագ դպրոցների գոնե մի շերտում հայ աշակերտներն անցնեն մեր մայրենիի դասական վիճակը` գրաբարը: 

Բարբառներին շատերը դեռ այսօր էլ վերաբերվում են մի տեսակ արհամարhանքով: Ո՞րն է դրանց տեղը լեզվի ընդհանուր համակարգում. ի՞նչ նշանակություն ունեն լեզվի հետագա զարգացման, հարստացման և գիտության համար: Պե՞տք է արդյոք պահպանել դրանք, և եթե` այո, ապա ինչպե՞ս և ինչու՞:

Ինչպե՞ս կարելի է արհամարհանքով վերաբերվել բարբառներին, երբ դրանք են մեր լեզվի կենդանի դրսևորումները, ժողովրդական խոսքի ավիշն ու երակները: Իհարկե, մեկ միասնական գրական-ստանդարտ լեզվի առկայությունն ու իմացությունը պարտադիր են ու անխուսափելի: Բայց միաժամանակ պետք է փայփայել ու պահել բարբառները, որտեղ որ դրանք դեռ կենդանի են:

Բարբառները նաև գրական լեզուն սնուցող առվակներ են: Արդի գրական լեզուն բարբառներից փոխառել է բազմաթիվ բառեր` գետնանուշ, դահուկ, էտել, կոլոլակ, մարալ, չմուշկ, ջեյրան, տհալ և այլն:

Երբեմն մարդիկ անտեղի քամահրանք են ցուցաբերում բարբառային բառերի նկատմամբ: Առհասարակ անընդունելի եմ համարում բարբառային բառեր բոյկոտելը նույնիսկ այն դեպքում, երբ դրանք ունեն օտար ծագում. պարսկական, թուրքական կամ այլ` կապ չունի: Մանավանդ երբ խոսքը խոսակցական լեզվի մասին է:  Հոմանիշների հարստությունը վատ բան չէ: Պատճառ չեմ տեսնում խուսափելու, օրինակ, չուստ բառից: Շատ կոլորիտային բառ է, կարճ, հարմար, կենդանի է Արարատյան, Խոտորջուրի ու Թիֆլիսի բարբառներում, Հայաստանում հայտնի է գործնականում բոլորին կամ գոնե մեծամասնությանը և առատորեն վկայված է նոր գրականության մեջ: Եթե մեկ ուրիշը նախընտրում է հողաթափ բառը, իհարկե, խնդիր չկա: Սակայն չուստ-ը խոտելի համարելու պատճառ չեմ տեսնում:

Պարբերաբար դաժան հարձակումների են ենթարկվում օտար ծագման նույնիսկ այնպիսի բառեր, որոնք, թեև հին չեն, բայց հասցրել են այնպես հարազատանալ, որ առանց դրանց հնարավոր չէ պատկերացնել մեր լեզուն: Օրինակ` բալա և ջան: Հայ մայրերը բարբառային ամենատարբեր տարածքներում անհուն քնքշությամբ իրենց զավակներին փաղաքշել ու փաղաքշում են այս բառերով, բայց ահա մարդկանց գլուխներում ծնվում է մաքրամոլուցքը և հորդորում բռնանալ մայրենի լեզվի վրա: Քիչ չեն այդպիսի բառերը, որոնք որոշակի հուզական և/կամ պատկերավոր շղարշ են ձեռք բերել մեր նոր գրականության ու բանահյուսության (օրինակ`  չինար և վաթան) կամ խոսակցական լեզվի (յոլա գնալ) մեջ:

Սակայն ավելի զարմանալի է, երբ այդպիսի խտրականության ենթարկվում են հայակազմ բառերը: Օրինակ` «խադունոկ»-ի հայկական համարժեքի փնտրտուքների ժամանակ երբ մարդկանց ասում ես, որ արդեն վաղուց կա շատ սիրուն, գործածական ու հայակազմ բառ` ճռիկ (կամ ճռնիկ), որ բարբառներից արդեն անցել է գրական լեզվին և ակադեմիական բառարաններում ամրագրված է առանց «բարբառային» կամ «անհանձնարարելի» նշման, նրանք ասում են` անլուրջ բառ է, ու շարունակում են խարխափել շինծու և անճոռնի թեկնածուների որոնումներում` քայլասայլակ և այլն: Ծերերի ու հաշմանդամների համար կարծես արդեն կա քայլակ: Բայց դա այլ բան է: Չունենք կենդանի ավանդույթ ունեցող բառ, ուստի մի բան պետք է սարքենք, ու քայլակ-ը կարծես վատ չէ: Սակայն մանկան դեպքում նոր բան մոգոնել պետք չէ, քանի որ վաղուց արդեն ունենք անթերի բառ` ճռ(ն)իկ: Մանկահունչ ու զվարճալի բա՞ռ է: Ի՞նչ անենք: Ի վերջո` մանկական ոլորտի բառ է, թող մանկահունչ լինի:

Առավել ևս անընդունելի է, երբ մարդու գրագետ թե անգրագետ խոսելու մասին դատողություններ են անում նրա գործածած բարբառային-խոսակցական բառերի հիման վրա: Ես ճանաչում եմ ուսուցիչների ու դասախոսների, որոնք ասում են. «Եթե մեկը ինչու և ինչպես բառերի փոխարեն ասում է խի և ոնց, ապա ես նրան կիրթ մարդ համարել չեմ կարող»: Եթե սա է չափանիշը, ապա ես ի լուր ամենքի հայտարարում եմ` ես անկիրթ մարդ եմ: Հասկացանք, դրանք գրական բառեր չեն, ու ես դրանք չեմ գործածի պաշտոնական միջավայրում: Բայց ո՞վ է ասել, թե մարդ պետք է առօրյայում անպայման շփվի ստանդարտ լեզվով: Դրանք նորմալ հայկական բարբառային բառեր են, ուստի խոսակցական լեզվում դրանք արգելափակելը նույնն է, թե մարդուն արգելես առանց կոստյումի ու փողկապի փողոց դուրս գալ: Կոստյումից ու տնային խալաթից բացի` ուրիշ զգեստներ էլ կան, որոնցով կարելի է մարդամեջ մտնել:

Նույն կերպ` ես իմ աղջկան ոչ թե կհամբուրեմ, այլ պաչիկ կանեմ:

Ո՞ր բարբառներն եք հատկապես սիրում: Կարո՞ղ ենք ունենալ բարբառներով գրականություն:

Այնպիսի բարբառ չկա, որ գոնե մի քիչ ուսումնասիրած չլինեմ: Իսկ ուսումնասիրելուց հետո բարբառը չսիրել հնարավոր չէ: Մանավանդ որ բարբառ ուսումնասիրելը նշանակում է` շոշափել նաև նրա բանահյուսական ու ազգագրական երակները: Իմ բախտը չի բերել լեզուների հարցում: Այն իմաստով, որ ես ոչ դպրոցից, ոչ էլ ինստիտուտից չեմ ստացել ոչ մի օտար լեզվի իմացություն, այլ սկսել եմ օտար լեզուներ սովորել շատ ուշ տարիքում, այն էլ` ինքնուրույնաբար: Բայց բարբառների հարցում չեմ դժգոհում, որովհետև իմ ծնունդը զետեղված է միմյանցից շատ տարբեր երեք բարբառների եռանկյունում. ծնվել եմ Կիրովականում` Լոռվա խոսվածքի տիրույթում, մորս կողմը Լենինականի մերձակայքի Երազգավորս գյուղից է, իսկ հայրական ժառանգությամբ մշեցի եմ: Այնպես որ դեռ մանկական ու պատանեկան տարիքներից շուրջս հնչել են այս երեք բարբառները` մեկը մյուսից համուհոտով:

Իսկ երբ արդեն գիտականորեն խորամուխ եղա հայոց լեզվի պատմության ու բարբառագիտության մեջ, մեկը մյուսի հետևից իմ առջև բացվեցին նորանոր չքնաղ բարբառներ, բոլորն էլ անուշ ու անզուգական` Համշենի, Մոկսի, Սասնա, Սվեդիայի, Ագուլիսի, Ղարաբաղի, Խոյի…

Բարբառախոսներն առանձնահատուկ ակնածանք ունեն լեզվի մասին: Տեսեք, օրինակ, թե ինչ է ասում արցախցին. «Մեր պառը երգինքան ա կաթալ»:

Բարբառներով ստեղծված գրականությունը` բանահյուսական ժառանգությունը, հայագետի համար ուսումնասիրության կարևորագույն դաշտ է: Այսօր էլ գրառվում են զրույցներ, անեկդոտներ ու հեքիաթներ տարբեր բարբառներով: Իսկ եթե նկատի ունեք ոչ թե բանահյուսական երկերը, այլ նոր ժամանակներում բարբառախոս անձանց գրած չափածո կամ արձակ ստեղծագործությունները, ապա դրանք էլ կարող են, իհարկե, հետաքրքիր լինել, սակայն դժվարանում եմ հատուկ գնահատական տալ: Դրանց իմաստն ու արժեքը շատ տարբեր կարող են լինել` կախված լսարանից, ասելիքից ու այլ հանգամանքներից: 

Հատված Գ. Կորսված նախահայրենիքը

Անդրադառնանք հնդեվրոպական լեզուների և հայերենի առնչություններին. հնդեվրոպական լեզուներից որո՞նց հետ առավել սերտ և առավել հետաքրքրաշարժ առնչություններ ունի հայերենը: Ի՞նչ նշանակություն ունեն այդ առնչությունները նախահայերենի կրողների ծագման, սկզբնական հայրենիքի առումով։

Վաղնջահայերենը, հնդեվրոպական նախալեզվի տրոհման ընթացքում և դրան հաջորդող փուլերում (Ք.ա. IV-III հազարամյակներ), առավելապես մերձավոր է եղել հունական և հնդիրանական ճյուղերին (փուլ Ա) և գտնվել է նրանց միջև, ընդ որում` արևմուտքից նրան հարևան էր հունականը, իսկ արևելքից` հնդիրանականը: Սա հաստատվում է այն հանգամանքով, որ հայերենը բազմաթիվ զուգաբանություններ ունի ինչպես հունարենի և հնդիրանականի հետ միասին, այնպես էլ այդ երկուսի հետ` առանձին-առանձին: Երբ հնդիրանական ցեղերը Կասպից ծովի հյուսիսով տեղաշարժվել են արևելք, վաղնջահայերենի ու վաղնջահունարենի կրողները դեռ որոշ ժամանակ ապրել ու տեղաշարժվել են մերձավոր տարածքներում և հնդեվրոպական մայր լեզվից ժառանգած հենքի վրա միասին զարգացրել բազմաթիվ նորաբանություններ: Միաժամանակ նրանք, երբեմն` հնդեվրոպական ընտանիքի եվրոպական ճյուղերի հետ մեկտեղ, շրջակա ոչ հնդեվրոպական լեզուներից կատարել են բազմաթիվ փոխառություններ (փուլ Բ):

Ա փուլի նյութը վերաբերում է հիմնական բառամթերքի տարբեր շերտերի. հարուստ է հատկապես անասնապահական ոլորտը (թեև կան նաև որոշ երկրագործական իրողություններ): Իսկ Բ փուլում (բալկանյան կամ մերձսևծովյան/ եվրոպական համատեքստեր) հատկապես զարգացած են երկրագործական ու տեխնիկական բառամթերքները:

Հայերենի ու (հնդ)իրանական լեզուների առնչություններն առանձնահատուկ կարևորություն ունեն այն առումով, որ դրանք ընդգրկում են երկու խոշոր փուլ. հնդեվրոպական միասնության և տրոհմանը հաջորդած ժամանակամիջոցում ունեցած առնչություններ, երբ այդ երկու ճյուղերը միմյանց նկատմամբ դեռ մերձավոր բարբառային հարաբերության մեջ էին (Ք.ա. IV-III հազարամյակներ), և պատմական փուլում տեղ գտած առնչություններ, երբ հայերենն ու իրանական լեզուներն արդեն հանդես են գալիս որպես համաժամանակյա պլանում լրիվ տարբեր լեզուներ (Ք.ա. I հազարամյակից սկսած):

Հնդեվրոպական նախահայրենիքի մասին ևս կան տարբեր վարկածներ։ Դուք ի՞նչ մոտեցում ունեք այս հարցի վերաբերյալ։

Հնդեվրոպական նախահայրենիքի տեղադրման վերաբերյալ տարբեր տեսակետներ կան: Դժվար է դրանցից որևէ մեկը համարել անվիճելի առաջատար:  Խնդրի ուսումնասիրման այս փուլում ավելի կարևոր եմ համարում ոչ թե այդ տեսակետներից որևէ մեկի  ճշմարտացիության վերաբերյալ պնդումները, այլ ամրացումն այն ըմբռնման, որ այս գիտական հարցը պահանջում է զուտ գիտական մոտեցում, իսկ քաղաքական ու հայրենասիրական խնդիրներն այստեղ տեղ չունեն:

Մեզանում ընդունված է այդ տեսակետները որակել որպես.

Ա. «ազգանպաստ», այսինքն` տեսակետ, ըստ որի` հնդեվրոպական նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, ու հայերն այստեղ են, ինչպես ասում են, դեռ էն գլխից.

Բ. «ոչ ազգանպաստ», այսինքն` տեսակետ, ըստ որի` հնդեվրոպական նախահայրենիքը եղել է այլ վայրում, ու հայերենի կրողները, հետևաբար, եկվոր են Հայկական լեռնաշխարհում:

Ըստ այս «սկզբունքի», որն իրականում նշանակում է գիտական սկզբունքի բացակայություն և գիտական մեթոդի մահ, միակ ընդունելին Ա-ն է, իսկ Բ-ն ազգադավ դիրքորոշում է, հակահայ գիտնականների մոգոնվածքը, որ վտանգում է մեր ազգային անվտանգությունը: Այս մոտեցումը ցուցաբերող մարդկանց մոտ «եկվորություն» բառը հիվանդագին ընկալումներ է հարուցում:

Անհրաժեշտ է հասկանալ, որ որևէ լեզվի հնդեվրոպական ծագումն ինքնըստինքյան ենթադրում է, որ այդ լեզվի կրողները պետք է իրենց պատմական հայրենիք եկած լինեն հնդեվրոպական նախահայրենիքից, այսինքն՝ այն տարածքներից, որտեղ բնակվել է հնդեվրոպական նախալեզվով խոսող հանրությունը` այդ մայր լեզվի տրոհումից առաջ: Հնդեվրոպական (գործնականում) բոլոր լեզուներն էլ եկվոր են իրենց պատմական հայրենիքներում. նույնիսկ նրանք, որ ամենահինն են իրենց գրավոր հուշարձաններով ու ամենաշատն են լեզվական նյութ տրամադրում հնդեվրոպական նախալեզվի վերակազմության համար՝ խեթերենը, սանսկրիտը, ավեստերենը, հունարենը, լատիներենը և այլն: Ինչու՞ աշխարհի մեծագույն մշակութային ժառանգություններն ունեցող լեզուները` վեդայական սանսկրիտն ու հունարենը, կարող են եկվոր լինել, իսկ հայերենը` ոչ:

Տեսականորեն հնարավոր է, որ որևէ լեզվաճյուղի պատմական հայրենիքը «բախտի բերմամբ» համընկնի հնդեվրոպական նախահայրենիքի տարածքին: Սակայն` նախ դա պետք է հիմնավորել գիտական մեթոդաբանությամբ, ոչ թե «հայրենասիրական» ապրիորի դատողություններով: Երկրորդ` անհիշելի ժամանակներում բազմապիսի էթնիկական տեղաշարժեր են կատարվել, ու հիմա անհեթեթ կլինի հիմք ընդունել ինչ-որ ժամանակ ինչ-որ տեղ ապրած լինելը և ըստ այդմ քաղաքական հարցերի լուծումներ պահանջելը: Ավելի էական է, թե որտեղ է տվյալ էթնիկական տարրի լիիրավ ու տևական հայրենիքը: Կասկածից դուրս է, որ Հայկական լեռնաշխարհի մարդաբանական ու մշակութային լիիրավ ժառանգներն ու տերերը միայն հայերն են, և հայալեզու տարրը Հայկական լեռնաշխարհում է առնվազն երեք կամ երեքուկես հազար տարի, մինչդեռ թուրքերը մեր հայրենիք են ներխուժել ընդամենը վերջին մեկ հազարամյակի ընթացքում:

Ուրեմն ի՞նչ անհրաժեշտություն կա հիվանդագին կրքեր բորբոքելու նախապատմական ժամանակներին առնչվող հեղհեղուկ հարցերի հողի վրա. ի՞նչ նշանակություն ունի՝ հայերենի կրողները Հայկական լեռնաշխարհ են եկել երեք, չորս կամ հինգ հազար տարի առա՞ջ, թե՞ այնտեղ են եղել «ի սկզբանե»: Եթե մենք չկարողանանք որևէ պատմական կամ բարոյական դրույթ առաջ տանել այդ երեք-երեքուկես հազարամյակների հիման վրա, ապա դրան մեկ-երկու կամ ավելի հազարամյակներ ավելացնելը ոչ մի հարց չի փոխի:

Եթե նույնիսկ խոսենք «բախտը բերելու» անիմաստ հանգամանքից, ապա այդ առումով մեր` հայերիս «բախտը բերել է», քանի որ միայն մենք ենք Հայկական լեռնաշխարհի պատմական լիիրավ տերերը, մինչդեռ, օրինակ, հնդարիացիները Ք.ա. շուրջ II հազարամյակի կեսերին եկել են Հնդկաստան, որտեղ վաղուց բնակվում էին ու հիմա էլ բնակվում ու նախաբնիկության իրենց իրավունքներն են ճոճում դրավիդյան ու մունդա ընտանիքների լեզուներով խոսող էթնիկական հանրությունները:

Հնդեվրոպական նախահայրենիքի խնդրի վերջնական լուծումը դեռ շատ հեռու է: Հնարավոր է, որ այն հաստատապես չգտնվի էլ: Այդուհանդերձ, համեմատաբար ավելի հեշտ է թվում այն Սև ու Կասպից ծովերից հյուսիս տեղակայող տարբերակը, որի օգտին խոսում են, մասնավորապես, նախահայրենիքից դեպի արևելք տեղաշարժված հնդիրանական ճյուղի և ֆիննաուգրական լեզուների միջև եղած լեզվական անուրանալի առնչությունները: Նույնիսկ եթե հնագույն փուլում նախահայրենիքը տեղադրենք Առաջավոր Ասիայում, ապա միևնույն է` նշված հանգամանքը և մի շարք այլ խնդիրներ, ըստ որոշ գիտնականների, ավելի հեշտ լուծումներ կգտնեն, եթե վաղ փուլի այդ մոդելը համադրվի ավելի ուշ փուլում Սև ու Կասպից ծովերից հյուսիս տեղակայող մոդելի հետ:

Նախահայերենի կրողների ծագման վարկածներից որի՞ն եք կողմնակից։

Եթե նախահայերեն ասելով նկատի ունենք հայերենի` հնդեվրոպական մայր լեզվից տրոհվելու փուլում գտնվող վիճակը, ապա կարելի է ասել, որ այստեղ վարկածներ չկան: Հայերենի հնդեվրոպական ծագումը կասկածի տակ առնող հայտարարությունները գիտական արժեք չունեն, քանի որ դրանք արվում են հնդեվրոպաբանությունից անտեղյակ և առհասարակ լեզվաբանական կրթություն չունեցող մարդկանց կողմից:

Հայերենի ծագման խնդիրը, այսպիսով, ըստ էության լուծված է. հայոց լեզուն սերում է հնդեվրոպական նախալեզվից, և նրա ինքնուրույն պատմությունն սկսվում է այդ մայր լեզվից առանձնանալուց հետո (Ք.ա. IV հազարամյակի 1-ին կես. ըստ այլ տեսակետի` ավելի վաղ): Խնդիրն այն է, թե որտեղ են ապրել հայերենի կրողներն այդ ժամանակաշրջանի սկզբնական փուլերում:

Հատված Դ. Հայերը, ուրարտացիները և Միջերկրականը

Արտալեզվական ի՞նչ մեկնաբանություն կտաք հայերենից ուրարտերեն և ուրարտերենից հայերեն կատարված փոխառություններին։

Հայերը և Հայաստանը օտարալեզու աղբյուրներում ուղղակիորեն հիշատակվում են սկսած Ք.ա. 6-րդ դարից: Այս հիման վրա հաճախ ենթադրվել է, թե հայերը Հայկական լեռնաշխարհ են թափանցել Ուրարտուի անկումից հետո: Սակայն այս տեսակետն այլևս չի կարող ընդունելի համարվել, քանի որ հայ-ուրարտական բառային ընդհանրությունների մեջ կան այնպիսիք, որոնց դեպքում հայերեն բառն ունի բնիկ հայկական` հնդեվրոպական ծագում, ու սա նշանակում է, որ ոչ թե հայերեն բառն է փոխառվել ուրարտերենից, այլ ուրարտերենը` հայերենից: Այդպիսի դեպքեր են` արծուի, աւել, բուրգն, և, ծով, կամուրջ և այլն:

Կարևոր են նաև ուրարտական աղբյուրներում հիշատակված այն տեղանունները, որոնք նույնացվում են բնիկ հայկական ծագման զուգաձևերի հետ: Այդպիսի հստակ օրինակ է Տուրուբերանի գավառներից մեկի անունը՝ Տուարածատափ («Աշխարհացոյց») կամ Տուարածոյ տափ (Արիստակէս Լաստիվերտցի), որ կազմված է տուարած (< *տուար-արած = տուար + արած-` -ար- հնչյունախմբերից մեկի կրճատմամբ, այսպես կոչված հապլոլոգիայով) և տափ բառերից: Այս տեղանունն արտացոլված է ուրարտական Ṭuaraṣini ḫubi ձևով: Այստեղ հայ. տափ բառի փոխարեն հանդես է գալիս ուրարտ. ḫubi հոմանիշը, որն ամենայն հավանականությամբ առնչվում է հայկական տեղանուններում հաճախ հանդիպող հովիտ բառին: Հատկանշական է, որ, ինչպես ուրարտական մի արձանագրության հիման վրա եզրակացնում է նշանավոր ուրարտագետ Ն. Հարությունյանը, Ṭuaraṣini ḫubi վայրը պետք է շատ առատ լիներ խոշոր ու մանր եղջերավոր անասուններով:

Ջահուկյանը փորձել է մեկնաբանել ուրարտական ծիսական որոշ ձևակերպումներ հայերենով, իսկ ըստ Արմեն Պետրոսյանի՝ ուրարտական արքայական տան անունները չեն ստուգաբանվում ո՛չ ուրարտերենից, ո՛չ հայերենից, բայց կարող են ստուգաբանվել հնդեվրոպական ինչ-որ այլ լեզվից, օրինակ՝ բալկանյան ծագման։

Ո՞րն է այս հարցի վերաբերյալ Ձեր դիրքորոշումը։

Շատերին թվում է, թե Ջահուկյանի այդ մեկնաբանությունն արմատապես փոխում է մեր պատկերացումներն ուրարտերենի մասին և նույնիսկ խոսում է ուրարտերենը հայերենին նույնացնելու տեսակետի օգտին: Իրականում, ինչպես արդեն տեսանք, այսպես թե այնպես պարզ է, որ հայերենի կրողները Հայկական լեռնաշխարհում են եղել Ուրարտուի ժամանակ (և դրանից էլ առաջ), ուստի հայերենի ներդրումն ուրարտերենում արտառոց բան չէ: Ու այն բոլորովին էլ չի նշանակում, թե այդ լեզուները նույնական են:

Շատ հավանական է նաև Արմեն Պետրոսյանի տեսակետը, ըստ որի` Ուրարտուի իշխող վերնախավն ունի բալկանյան հնդեվրոպական ծագում: Սակայն, իհարկե, սա չի վերաբերում բուն ուրարտերենի կրողներին, որոնց լեզուն հնդեվրոպական չէ, այլ ցեղակից է խուռիերենին: Եթե ընդունենք էլ Ջահուկյանի այն տեսակետը, ըստ որի` խուռա-ուրարտական լեզվաընտանիքը ցեղակցական կապեր ունի հնդեվրոպականի հետ, միևնույն է, դրանից բան չի փոխվի, քանի որ այստեղ խոսքը շատ հեռավոր` այսպես կոչված նոստրատիկ ցեղակցության մասին է: Ըստ Դյակոնովի ու Ստարոստինի` խուռա-ուրարտական լեզվաընտանիքը ցեղակից է արևելակովկասյան (նախյան-դաղստանյան) լեզվաընտանիքին:

Այս բոլոր հարցերը դեռ շատ պիտի քննվեն: Հիմա միայն մի նկատառում ավելացնեմ: Արքայական անունները մի կողմ` ուրարտերենում առկա բառերից մի քանիսը, օրինակ` աւել, բուրգն և կամուրջ,  նույնպես առնչվում են բալկանյան լեզվատարածքին, սակայն այս դեպքում լեզվական քննությունը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք հայ-հունական առնչությունների հետ, ուստի այս բառերը ուրարտերեն մտել են հայերենից:

Հայաստանի տեղանունների ստուգաբանությունը, լեզվական պատկանելությունը ի՞նչ  նշանակություն ունեն ազգածագման հարցի տեսանկյունից:

Տեղանունները, իհարկե, նույնպես էական նշանակություն ունեն այս տեսանկյունից: Հայ պատմական լեզվաբանության կարևորագույն խնդիրներից մեկն է տեղանվանական համակարգի ամբողջական ուսումնասիրությունը և նրա բազմաշերտ կառուցվածքի քննությունը հայոց լեզվի ու մշակույթի զարգացման համատեքստում: Սա կարող է օգնել առանձնացնելու տեղանվանական համակարգի հնագույն՝ հնդեվրոպական նախալեզվից ժառանգված շերտը հետագա փուլերի փոխառյալ շերտերից և ուրվագծել Հայկական լեռնաշխարհում հայախոս տարրի զարգացման փուլերը:

Սակայն տեղանունների ստուգաբանությունը շատ ավելի բարդ է, քան հասարակ բառերինը, քանի որ վերջիններիս դեպքում ստուգաբանության ճշտությունն ստուգելու երկու տեսանկյուն ունենք` ձևի ու բովանդակության, ուստի այդ երկուսի համապատասխանությունն արդեն շատ բան է նշանակում, մինչդեռ տեղանունները հաճախ անթափանց բնիմաստ ունեն: Իսկ ակնհայտ բնիկ հայկական ծագում ունեցող տեղանունների (օրինակ` Ջերմ գետանվան) դեպքում էլ խնդիրն այն է, որ մենք չենք կարող լիովին համոզված լինել, որ այդ անունն իսկապես հին է ու դեռ Մաշտոցից հազար կամ ավելի տարի առաջ ամրագրված է եղել այդ վայրին, եթե չունենք այդ տեղանունների վկայություններ սեպագիր աղբյուրներում: Վերը խոսեցինք այդպիսի մի հրաշալի ու վստահելի օրինակի` Տուարածատափ-ի մասին:

Որևէ տեղանվան բնիկ հայկական` հնդեվրոպական ստուգաբանությունը կարող է քիչ թե շատ հավաստի համարվել, եթե այն բավարարում է հետևյալ չափանիշներից առնվազն երեքին կամ չորսին. 1) տեղանունը հուսալիորեն վկայված է հայ և/կամ օտարալեզու աղբյուրներում. 2) նրա հնությունը երաշխավորվում է սեպագիր աղբյուրների օգնությամբ. 3) նրա հենքում ընկած է հնդեվրոպական ծագման բառ. 4) տեղանունը պարունակում է հայերենում չվկայված հիմնաբառ, որ կարող է բխեցվել հնդեվրոպական որևէ արմատից. 5) հիմնաբառի իմաստը համապատասխանում է տվյալ տեղանվան տիպին. 6) իմաստաբանական հենքը հաստատվում է տվյալ տեղանվան այլ անվանումների իմաստաբանությամբ. 7) տվյալ հնդեվրոպական բառույթից տեղանուններ են կերտվել նաև այլ հնդեվրոպական լեզուներում:

Որպես օրինակ` դիտարկենք Սասունում գտնվող Սիմ հայտնի լեռնանունը, որը քանիցս վկայված է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ և առանցքային տեղ է գրավում, մասնավորապես, Հայաստանի բնակեցման ավանդույթների համատեքստում: Կարծում եմ՝ այն կարելի է բխեցնել հնդեվրոպական *k̂ieh1mo‑ արմատից, որն արտացոլված է սանսկ. śyāmá‑ «սև, մուգ», լիտվ. šė̃mas «կապտագորշ» և այլ բառերի մեջ: Լեռնանունները հաճախ են ածանցված լինում «սև, մուգ» կամ «մութ» իմաստներից, հմմտ. Մթին լեառն, Սեաւ լեառն, Սիահ-կուհ/Ղարա-դաղ և այլն: Հնդեվրոպական տվյալ արմատը լեռնանուն կերտել է նաև ավեստերենում՝ Siiāmaka‑ (հմմտ. նաև սանսկ. Śyāmā գետանունը): Հատկանշական է, որ նույն բնիմաստն է ընկած նաև Սիմ սարի ավելի երիտասարդ անվան՝ Սև-սար-ի հիմքում:

Օտար ենթաշերտերը հայերենում գիտական ի՞նչ նշանակություն ունեն: Օրինակ՝ հունարենից վերականգնելի է պելասգերենը: Հնարավո՞ր է նույնատիպ մի բան հայերենի դեպքում:

Ի տարբերություն պատմական փուլերում հայերենի` տարբեր լեզուներից փոխառած բառերի, նախապատմական փուլերին առնչվող ենթաշերտի դեպքում փոխատու լեզուներն անհայտ են, ինչը չափազանց բարդացնում է խնդրի ուսումնասիրությունը: Հնդեվրոպական նախալեզվի տրոհումից և հնդիրանական ճյուղի հեռացումից հետո հայերենը, հունարենից բացի, առնչություններ ունի նաև հնդեվրոպական ընտանիքի եվրոպական բարբառների հետ` բալթիկ-սլավոնական, գերմանական և այլն: Սրանց մեջ նկատելի է աշխարհագրական միջավայրի, կենդանական ու բուսական աշխարհների, մշակույթի ու գյուղատնտեսության ոլորտների բառամիավորների առատությունը, ընդ որում` սրանցից շատերն էլ, ամենայն հավանականությամբ, բուն հնդեվրոպական ծագում չունեն, այլ հայկական ու մյուս բարբառներ մտել են Եվրոպայի ոչ հնդեվրոպական լեզուներից, այսինքն` կարող են դիտարկվել որպես ենթաշերտային (սուբստրատային) բառեր:

Մյուս կողմից կան նաև լեզվական առնչություններ հայերենի, հունարենի ու լատիներենի միջև (երբեմն ավելանում են նաև փռյուգերենն ու ալբաներենը): Այս դեպքում արդեն գործ ունենք, այսպես կոչված, միջերկրածովյան ենթաշերտի հետ:

Այստեղ մեթոդաբանական կարևոր հարց է առաջանում. ինչպե՞ս կարելի է տարբերակել հնդեվրոպական բառերը ոչ հնդեվրոպական (ենթաշերտ, թափառող մշակութաբառեր և այլն) բառերից: Փորձեմ այլ կերպ ձևակերպել հարցը. եթե հնդեվրոպական մի քանի լեզվաճյուղերում գտնում ենք բառեր, որոնք ձևով ու իմաստով համեմատելի են միմյանց, ինչպե՞ս որոշենք` դրանք հնդեվրոպական մայր լեզվի՞ց են ժառանգված, թե՞ տվյալ լեզվաճյուղերn այդ բառերը ձեռք են բերել մայր լեզվի հետ բոլոր առնչությունները խզելուց հետո` գտնվելով նույն աշխարհագրական միջավայրում և հարաբերվելով տեղի ոչ ցեղակից նույն լեզուների հետ:

Այդ հարցի պատասխանը գտնելու միայն մեկ ձև կա` լեզվաբանական վերլուծություն: Կարող ենք վերականգնել հնդեվրոպական մայր լեզվից ժառանգված բառամիավոր, եթե առկա են հետևյալ պայմանները, թեկուզ` ոչ բոլորը.

ա) համադրելի բառեր կան երկու/երեք կամ ավելի լեզվաճյուղերում.

բ) դրանք ածանցելի են հնդեվրոպական որևէ արմատից.

գ) համեմատվող բառաձևերի միջև եղած հնչյունական ու բառակազմական առնչություններն օրինաչափ են հնդեվրոպական համակարգի տեսանկյունից.

դ) գործ ունենք հիմնական բառաֆոնդի միավորի հետ, ասենք` արև, լուսին, գետին, ազգակցական ոլորտի բառ, մարմնամաս, բայ և այլն:

Դե, իսկ փոխառություններ (տվյալ դեպքում` հին ենթաշերտային բառեր) կարող ենք արձանագրել այն դեպքերում, երբ.

ա) տվյալ բառամիավորը ներկայացված է մի երկու լեզվաճյուղերով, որոնք հնդեվրոպական մայր լեզվի տրոհման փուլում բարբառայնորեն մոտ են եղել միմյանց.

բ) համեմատվող բառաձևերը չունեն հիմքում ընկած բուն հնդեվրոպական արմատ, այսինքն` ոչ թե ժառանգական հենքի վրա զարգացած նորաբանություններ են, այլ` մեկուսացած բառամիավորներ, որոնք երբեմն զուգաձևեր ունեն ոչ հնդեվրոպական լեզուներում.

գ) համեմատվող բառաձևերի միջև եղած հնչյունական ու բառակազմական առնչություններն օրինաչափ չեն հնդեվրոպական համակարգի տեսանկյունից.

դ) գործ ունենք (մասնավորապես` միջերկրածովյան բնաշխարհին հատուկ) բույսերի ու կենդանիների անվանումների, հողագործության, մշակույթի և լանդշաֆտի իմաստային դաշտերին պատկանող բառերի հետ:

Կա՞ հայերենի չստուգաբանված բառերը երբևէ ստուգաբանելու հեռանկար:

Չստուգաբանված բառերի քանակը շատ մեծ է, և բոլորը ստուգաբանել հազիվ թե երբևէ հաջողվի: Սակայն, դրանցից շատերն արդեն ստուգաբանվել են Աճառյանի Արմատականին ու նրա հավելյալ ստուգաբանություններին հաջորդած շուրջ յոթ տասնամյակների ընթացքում: Ու այդ գործընթացը հաստատ շարունակական է:

Անհայտ ծագման` դեռ չստուգաբանված բառերի կապակցությամբ մի կարևոր հանգամանք կա: Շատերը, այդ թվում` դասախոսներ ու գիտաշխատողներ, Աճառյանի վրա բարդում են մոտավորապես այս կարգի մեղադրանք. «Նա հայերենի 11.000 արմատներից մոտ 900-ը հնդեվրոպական է համարում, մի 1400-ը` իրանական փոխառություն, էսքանը` սեմական, էսքանը` հունական և այլն. ու մի 3700-ն էլ` անհայտ ծագման: Ու բան չի ասում հայկական բառերի մասին: Բա մենք իսկի հայկական բառ չունե՞նք: Չի՞ կարող ասել` էն մնացած 3700-ն էլ բնիկ հայկական բառեր են»:

Սա խորը անտեղյակություն է: Ոչինչ, որ մարդ անտեղյակ է որևէ բանից: Սակայն վատ է, երբ այդ անտեղյակության վրա նա ձևավորում է վերաբերմունք բազմավաստակ հայագետի դեմ: Իրականում հնդեվրոպական ասվածը հենց բնիկ հայկական բառամթերքն է, քանի որ հայերենի մայրը հնդեվրոպական նախալեզուն է: Հենց այնպես` օդից բառեր չեն ծնվում, հենց այնպես` զուտ բնիկ` մեկուսի հայկական բառեր չկան: Հայերենը, ինչպես ամեն մի նորմալ լեզու, իր նախալեզվից ժառանգել է, քերականական համակարգից բացի, նաև բնիկ բառաֆոնդ, և ժառանգված արմատների ու ածանցների օգնությամբ իր գոյության ողջ ընթացքում կազմում է նորանոր բառեր: Մյուս կողմից էլ շփվում է հարևան լեզուների հետ և բառեր փոխառում նրանցից կամ տալիս նրանց:

Հատված Ե. Փոխառել թե հայացնել

Սովորաբար կա՛մ միանշանակ կողմ են եզրույթները թարգմանելուն, կամ էլ՝ դրանք փոխառելուն։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է եզրույթները փոխառելու և թարգմանելու սահմանը։ Ինչպե՞ս է պետք որոշել, թե տվյալ բառի դեպքում որն է ավելի ճիշտ՝ թարգմանե՞լը, հայերեն համարժեք եզրույթ ստեղծե՞լը, թե՞ փոխառելը։

Անկասկած, պետք է հնարավորինս միջին` հավասարակշռված դիրքորոշում ընդունել այս երկու ծայրահեղությունների միջև: Ընդհանուր բանաձև չկա, ու դժվար է հստակ գծել այդ սահմանը: Յուրաքանչյուր դեպք պահանջում է անհատական մոտեցում, ընդ որում պետք է հաշվի առնել քննվող բառի բոլոր հատկանիշները` կարճությունը, դիպուկությունը, բարեհնչունությունը, մարդկանց հասկանալի լինելը, տվյալ լեզվական ավանդույթում արդեն ամուր տեղ գտած լինելը և այլն:

Բացարձակապես անիմաստ մաքրամոլություն եմ համարում հայկական համարժեքներ փնտրել այնպիսի բառերի համար, ինչպիսիք են` անանաս, բանան, բանկա, գեպարդ, ժակետ, կակաո, կենգուրու, կինո, մակարոն, շոկոլադ, շորտ, սոնետ, վերմիշել և այլն: Մեր մայրենին դրանք արդեն վաղուց որդեգրել է, դրանցից շատերը` արդեն մեկուկես դար: Ուստի հարգենք նրա որոշումները, սիրենք նրան առանց ավելորդ խմբագրումների ու հեղաշրջումների: Եթե դու սիրում ես քո մորը, ապա կսիրես նրան այնպես, ինչպես կա, եթե անգամ ռուսական շալ է գցում, պարսկական երաժշտություն կամ նույնիսկ Զեյնաբ է լսում, դեպրեսիվ սերիալներ ու հնդկական ֆիլմեր է նայում: Հա, եթե լավ զավակ ես, տակտով, աննկատ օգնի, որ նա ավելի զարգանա. բայց նայած, թե ինչ հարցերի մասին է խոսքը, ու առանց չափազանցությունների:   

Երբեմն մարդիկ հանկարծ իմանում են, որ արևելահայերենում վաղուց արդեն ամրացած այս կամ այն օտար բառի դիմաց արևմտահայերենն ունի այլ բառ: Օրինակ` անանաս, շոկոլադ և սոնետ բառերի դիմաց` արքայախնձոր, տուրմ, հնչյակ: Ու ասես մոգական փայտիկով ամեն ինչ շրջվում է. թքած, որ այս օտար բառերը վաղուց արդեն հայերենացել են, գործածված են մեր գրականության մեջ արդեն մեկուկես դար ու ընդունված են Հայաստանի գործնականում ամբողջ բնակչության կողմից: Կարևորն այն է, որ վերջապես գտնվե՜լ են իսկական հայկական համարժեքները, որոնք բոլշևիկները խնամքով թաքցրել են մեզնից, որ կտրեն մեր հայեցի արմատները, բայց արևմտահայերենը պահել է դրանք անաղարտորեն, բլա՜-բլա՜… Ի՞նչ հայերեն բառ, այ ձեզ մատաղ: Ո՞նց կարող է շոկոլադի համար հայկական բառ լինել: Ինչու՞ է ձեզ թվում, թե տուրմ-ը զտարյուն հայկական բառ է:

Խիստ տարօրինակ է, երբ նույնը տեսնում ենք նաև համեմատաբար ավելի հին բառերի դեպքում: Մի հստակ օրինակ է գազար և ստեպղին զույգը: Սրանք երկուսն էլ փոխառյալ բառեր են: Դրանցից առաջինն անթերի է արևելահայերենում ու արևելյան բարբառներում, իսկ երկրորդը` արևմտահայերենում և արևմտյան բարբառներում: Բայց արևելահայերենի կրողներին, չգիտես ինչու, սկսում է չբավարարել գազար բառը, ու նրանք արհեստականորեն առաջին պլան են մղում ստեպղին-ը, որն իրականում խորթ է արևելահայ ավանդույթում: 

Մարդիկ հաճախ իմ այս մտքերը մեկնաբանում են որպես սեպ խրել արևմտահայերենի ու արևելահայերենի միջև: Դա, իհարկե, անհեթեթ է: Լեզվական ավանդույթ կա, բան կա: Այդ երկուսը մեր մայրենիի իրավահավասար լեզվավիճակներ են, սակայն ունեն իրենց ուրույն ավանդույթներն ու նորմերը, ու դրանց արհեստական խառնշտումը ոչ մի կապ չունի ազգային միասնության կամ հայրենասիրության մղումների հետ: Ավելին, այն մարդիկ, որոնք այս մոտեցումը համարում են անհանդուրժողական` արևմտահայերենի նկատմամբ, ավելի շուտ հենց իրենք են դրսևորում անհանդուրժողականություն: Անհանդուրժողականություն` արևելահայերենի ընդունած նորմերի ու ավանդույթների նկատմամբ:

Շատ նորմալ է, երբ էկզոտիկ կամ նոր հայկական միջավայր եկած կենդանիները, բույսերն ու մթերքները ներմուծվում են իրենց օրիգինալ անվանումներով: Դա պահում է դրանց ծագումնային կոլորիտը և միաժամանակ լեզուն զերծ է պահում շինծու բառերի ավելորդ բեռից: Այսպես եղել է նաև հնում. հիշենք արմավ, գազար, կարոս կամ մաղադանոս, համեմ, ջայլամ, սամիթ, սխտոր, ստեպղին, վագր և մյուս բառերը: Միայն թե սրանք հին են և արդեն չեն գիտակցվում որպես օտար:

Իհարկե, սա բոլորովին էլ չի նշանակում, թե առհասարակ պետք է խուսափել բառերի հայկական համարժեքներ փնտրելուց: Սակայն, դա պետք է կատարվի այն դեպքում, երբ օտար բառը խորթ է հայերենի հնչյունական ու բառակազմական համակարգերին և դեռ չի ամրացել մեր լեզվում: Օրինակ` հայերենում շատ տգեղ է ասոցիացիա բառից կազմված ասոցացնել բայը: Ինչու՞ փոխարենը չասենք զուգորդում ու զուգորդել: Հնարավոր են նաև հայերեն այլ հոմանիշներ` ըստ համատեքստի: Երբեմն սելեկցիա բառից էլ կազմում են սելեկցել բայը, որ պարզապես ականջ է սղոցում: Համակարգչային բնագավառում արդեն հաջողությամբ ամրագրվել են մի շարք հայակազմ տերմիններ, ինչպես օրինակ` համակարգիչ, համացանց և ներբեռնել:

Նոր բառեր սարքելու փորձերը պետք է անել ճաշակով ու զգուշությամբ և թողնել ամենակարող ժամանակի քննությանը: Պետք չէ ամեն առիթով հիշել պալտո և վելոսիպեդ բառերի բազմաչարչար օրինակները: Այո, դրանց փոխարինած վերարկու և հեծանիվ բառերը հրաշալիորեն բռնել են ժամանակի քննությունը: Հիշենք նաև, որ հնից էլ ունենք ժամանակի քննությունը բռնած բառապատճենումներ, օրինակ` գետաձի և ընձուղտ: Բայց սա չի նշանակում, թե թարգմանությունը պետք է վերածել հետևողական գծի ու հատկապես այդ թարթափի տակ բոյկոտել օտար ծագման այն բառերը, որոնք արդեն ամրացած ու անթերի են: Լեզուն ետընթաց շարժում և մաքրամոլություն չի սիրում:

Նույնը հիմնականում վերաբերում է նաև գիտության ու արվեստի բնագավառների նորագույն տերմիններից շատերին` ամպլուա, ատոմ, աքսիոմ, բալետ, ինֆրա-, լոգարիթմ, կոսինուս, մոլեկուլ, նեյտրոն, պարսեկ, պրոտոն, սավաննա, սինուս, սոլֆեջիո, տեքստ, ուլտրա-, օպերա, ֆոտոն և այլն, և այլն: Հատկապես անտանելի է իմպրեսիոնիզմ, կլասիցիզմ, ռոմանտիզմ ու նման տերմինների հայերենականացումը -ապաշտություն անիմաստ բաղադրիչով: Հնից ունենք նաև թատրոն, հյուլե, փիլիսոփայություն և այլն:

Արդեն բարբառային բառերի օրինակով ասացի, որ առհասարակ անընդունելի եմ համարում բառեր բոյկոտելը սոսկ այն պատճառաբանությամբ, թե օտար ծագում ունի և/կամ բարբառային է: Առավել տարօրինակ է, երբ հորդորում են չգործածել այնպիսի անթերի բառ, ինչպիսին է թալան-ը, ու փոխարենը պահանջում են ասել կողոպուտ: Այնինչ թալան-ը առատորեն վկայված է միջին հայերենում, կենդանի ու բավականաչափ տարածված է բոլոր կողմերի բարբառներում, հազարից ավելի վկայություններ ունի նոր գրականության բոլոր փուլերում, ամրագրված է ակադեմիական բառարաններում, կարճ ու դիպուկ բառ է, հայտնի է գործնականում բոլոր հայերին և գործածվում է գոնե մեծամասնության կողմից, հատկապես` արևելահայերենում: Ու այսքանից հետո բոլորովին անհասկանալի է, թե ինչու պետք է մոռացության մատնել այս բառը:

Հասկանալի է, որ ես չեմ ասում` եկեք բավարարվենք թալան-ով ու մոռացության մատնենք կողոպուտ-ը: Բնավ ոչ: Իմ ասելիքն այն է, որ թալան բառի քեֆին կպչելու իրավունք չունենք: Ու եթե կուզեք իմանալ, ապա դրա կարգավիճակն ավելի ամուր է` կենդանի գործածականության, բարբառային տարածման և այլ առումներով, քան կողոպուտ-ինը: Վերջինիս միակ առավելությունը պիտի լիներ բնիկ հայկական ծագումը: Սակայն դա էլ չկա, քանի որ այդ բառի ծագումն անհայտ է: Էլ չեմ ասում, որ ծագումը` պարսկական, արաբական կամ նույնիսկ թուրքական, առհասարակ փաստարկ չէ: Բոլոր լեզուներն էլ ունեն հազարավոր փոխառյալ արմատներ: Եթե մայրենին վաղուց արդեն որդեգրել է, ապա` վերջ: Չի կարելի առանց լուրջ պատճառի խմբագրել մայրենին: Պատկերացնու՞մ եք, ինչ ահավոր կոտորած կլիներ, եթե մարդիկ սկսեին զտել իրենց մայրենի լեզուն` անգլերենը, ռուսերենը, հայերենը կամ որևէ այլ լեզու, թողնելով միայն բնիկ ծագման բառերը:

Հաճախակի հարձակումների են ենթարկվում նաև այնպիսի բառեր, որոնք ռուսական ծագում ունեն կամ մեզ են անցել ռուսերենից: Օրինակ` ֆոն-ը: Այս բառը հազարավոր վկայություններ ունի մեր նոր գրականության մեջ` Նար-Դոսից, Վահրամ Փափազյանից, Եղիշե Չարենցից, Վահան Թոթովենցից, Մուշեղ Գալշոյանից ու մյուսներից մինչև նորօրյա հեղինակներ, ամրագրված է ակադեմիական բառարաններում, կարճ ու դիպուկ է և հայտնի է արևելահայերենի բոլոր կրողներին:

Հասկանալի է, որոշակի իրավիճակներում կարելի է դրա փոխարեն հայակազմ տարբեր ձևեր գործածել` ետնախորք, ետնապատկեր, խորապատկեր, ետին պլան և այլն: Սակայն միշտ չէ, որ սրանք հարմար կամ դիպուկ են: Բացի այդ` ֆոնը կարող է միագույն ու միապաղաղ լինել, ու այս դեպքում պատկեր բաղադրիչը բոլորովին էլ հարմար չէ: Բայց ասելիքիս մեջ ամենաէականն այն է, որ ֆոն բառից հրաժարվելու ոչ մի լուրջ պատճառ չկա. ավելին, որպես կենդանի ու ոչ շինծու լեզվական իրողություն այն մի բան էլ ավելի նախընտրելի է մյուսներից:

Զարմանալի են ռադիո բառը ալեսփյուռ կամ ձայնասփյուռ բառերով փոխարինելու առաջարկները: Այս բառը հազարավոր վկայություններ ունի արևելահայերենում (Չարենց, Թոթովենց, Ստեփան Զորյան, Դերենիկ Դեմիրճյան, Գարեգին Բես, Սևակ, Վախթանգ Անանյան, Հրանտ Մաթևոսյան և այլն), ամրագրված է հանրագիտարաններում ու բառարաններում, շուրջ մի դար գործածվում է Հայաստանի ամբողջ բնակչության կողմից և շատ լավ հարմարվել է բառաբարդման համակարգին:Եվ հանկարծ պարզվում է, որ այն որոշ մարդկանց չի բավարարում: Ինձ խիստ հետաքրքրում է` ինչու՞: Նաև` թե այդ մարդիկ ինչպես կառաջարկեն փոխարինել այդ բառով կազմված բաղադրությունները, օրինակ` ռադիոալիք, ռադիոընդունիչռադիոֆիզիկա:

Մայրենիի հանդեպ այսպիսի ոտնձգությունները քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ խորացնում են անջրպետը գրական-ստանդարտ լեզվի ու կենդանի` խոսակցական լեզվի միջև և մեր լեզուն զրկում  կենդանի համուհոտից, այն դարձնում են ջերմոց:

Զարմանալի է, երբ խտրականություն է դրվում այնպիսի բառամիավորների միջև, որոնք երկուսն էլ հավասարաչափ հայկական են: Օրինակ` շատերին թվում է, թե սիրուն բառը, որն իրենք իսկ միշտ գործածում են անկաշկանդ մթնոլորտում,  այնքան էլ գրագետ բառ չէ, ուստի հասարակական վայրերում նախընտրում են դրա փոխարեն գործածել գեղեցիկ բառը: Այնինչ երկուսն էլ բնիկ հայկական ծագման արմատներով ու հայակազմ բառեր են: Իսկ սիրուն-ը դեռ մի բան էլ առավելություն ունի. այն տարածված է նաև բարբառներում:

Նման մի վիճակ է նաև ձու և հավկիթ զույգի դեպքում. նախապատվությունը տալիս են երկրորդին: Մի փոքր տարբեր է փող և գումար բառերի դեպքը. մարդիկ ավելի գրագետ երևալու համար գերադասում են գործածել դրանցից երկրորդը` առաջինի իմաստով, թեև այն իրականում ունի այլ նրբիմաստ:

Իհարկե, սրանք կարող են համարվել սուբյեկտիվ դիտարկումներ: Այդուհանդերձ, ես գոնե ինձ համար այս ամենը պարզել եմ բազմամյա սիստեմատիկ դիտարկումների հիման վրա:

Հայաստանում այժմ թարգմանության նկատմամբ ընդգծված պետական մոտեցում, խրախուսում չկա։ Չնայած այն փաստին, որ վերջին շրջանում առանձին անհատների ջանքերի շնորհիվ կատարվում են թարգմանություններ, սակայն հավանաբար դրանք էլ քիչ են։ Թարգմանությունները ինչքանո՞վ են կարևոր լեզվի զարգացման համար, և ի՞նչ է կորցնում լեզուն թարգմանությունների քչությունից։

Թարգմանությունները, անկասկած, խոշոր դեր ունեն ինչպես առհասարակ հայերիս հորիզոնն ընդլայնելու և համաշխարհային մշակույթի կարևորագույն երկերին ծանոթանալու, այնպես էլ մեր լեզվի զարգացման համար: Վերջին ասպեկտը կարևոր է այն առումով, որ թարգմանական աշխատանքների ժամանակ անընդհատ անհրաժեշտ է լինում կողքից նայել մեր լեզվական իրողություններին ու հասկանալ դրանց բնույթը տիպաբանական լայն կտավի վրա: Միաժամանակ կարծում եմ, սակայն, որ կոնկրետ անգլերենի ու ռուսերենի առնչությամբ ավելի առաջնահերթ է դրանց իմացության մակարդակը բարձրացնելու խնդիրը, որպեսզի մարդիկ կարողանան որքան հնարավոր է առանց միջնորդ լեզվի կարդալ գոնե այդ մատչելի լեզուներով ստեղծված գրականությունը: Հուսով եմ, սրան քաղաքական աստառ չի տրվի: Ես ինքս երդվյալ թշնամին եմ օտարալեզու դպրոցների և հայերենի կարգավիճակի նույնիսկ չնչինագույն թուլացման բոլոր փորձերի: Ոչ մի առաջադիմություն չպիտի կատարվի հայերենի հետադիմության հաշվին:

Հատված Զ. Պատռել ռուսական ֆորմուլյարները

Հայերենի պետական կարգավիճակը  այսօր կրկին վտանգվում է։ Կարծես թե կասկած չկա, որ ռուսական գիմնազիան բացվելու է, հավանաբար կլինեն իրենց երեխաներին այնտեղ սովորելու տանող ծնողներ։ Այդ դեպքում՝ բացի բողոքի ակցիաներից, որոնք արդեն առաջարկել եք անել, ըստ Ձեզ՝ ուրիշ ի՞նչ է պետք անել այս ամենին դիմակայելու համար։

Ես խորապես հարգում եմ ռուսաց լեզուն ու մշակույթը: Բայց Հայաստանում ռուսերենին պետական կարգավիճակ տալու միտքն անգամ հանցագործություն է: Էլ չեմ խոսում ռուսալեզու կամ առհասարակ օտարալեզու դպրոցների մասին: Հայաստանում ոչ մի երեխայի չի կարելի զրկել մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքից ու վայելքից: Եթե, չնայած մեր ջանքերին, օտարալեզու դպրոցները բացվեն, ապա դժվարանում եմ առաջարկել այլ բան, քան արդեն առաջարկվել է իմ և այլոց կողմից` ազգովի բոյկոտ հայտարարել. մեր երեխաներին չտանել ռուսական դպրոց, պատռել դեն նետել ռուսերեն ֆորմուլյարները, հանել տալ ռուսալեզու ռեկլամները կամ ազդագրերը, բողոքի ակցիաներ կազմակերպել և բազմաթիվ այլ բաներ: Պետք է լրջորեն քայլեր մշակել:

Օտարալեզու դպրոցների կողմնակիցները հաճախ ասում են, որ հայերենը մրցունակ լեզու չէ՝ նկատի ունենալով, օրինակ, որ հայերենը գիտության լեզու չէ կամ հայերենով հնարավոր չէ ամեն մի միտք արտահայտել, և հայերենը չի կարող մրցել այլ լեզուների հետ: Ի՞նչ կասեք հայերենի մրցունակության մասին:

Հայերենը գիտության լեզու է դեռ հինգերորդ դարից: Ինչի՞ մասին է խոսքը: Շատ ծիծաղելի է, երբ ռուսալեզու դպրոցների բացման կողմնակիցները հանգստացնում են մեզ` մի անհանգստացեք, երեխաները տարրական դասարաններում պիտի հայալեզու կրթություն ստանան և միայն ավագ դպրոցական տարիքում են անցնելու ռուսալեզու կրթությանը: Հա՛, փաստորեն մխիթարվենք այն բանով, որ երեխան ունենալու է հայերենի տարրական իմացություն` ընկերների հետ խաղալու, հարազատների հետ շփվելու, խանութ ու շուկա գնալու… Իսկ դե գիտությունն արդեն հայերենի բանը չի, չէ՞: Ավագ տարիքում լուրջ բաներ են անցնելու` ֆիզիկա, աստղագիտություն, քիմիա, փիլիսոփայություն, ծրագրավորում և այլն, և այլն, ու ա՛յ այս լուրջ բաներն էլ կանցնեն լուրջ լեզվով` ռուսերենով…

Հայերենի խելքի բանը չի, հա՞… Բայց ոչի՞նչ, որ սկսած 5-7-րդ դարերից հայոց լեզվով ծաղկել են գրական բոլոր ժանրերը` պատմագրություն, վարքագրություն, մեկնողական երկեր, փիլիսոփայական երկեր և այլն, ուսումնասիրվել և հայոց լեզվով ուսուցանվել են պրակտիկորեն բոլոր գիտաճյուղերը` փիլիսոփայություն, քերականություն, ճարտասանություն, մաթեմատիկա, չափագիտություն, տիեզերագիտություն, տոմարագիտություն և այլն. ստեղծվել են ոչ միայն բարձրարժեք պատմագրական երկեր, այլև անթիվ քանակությամբ վիմագիր արձանագրություններ, ձեռագիր հիշատակարաններ, մանր ժամանակագրություններ, միջնադարյան զրույցներ, երգեր, հանելուկներ և այլն, և այլն: Ու հիմա ես հրաժարվում եմ հասկանալուց, թե ինչու՛ պիտի որևէ հայ պատանի մաթեմատիկա, աստղագիտություն,  բնագիտություն, քերականություն, աշխարհագրություն, հին աշխարհի պատմություն, փիլիսոփայություն ու մնացած բաները սովորի ռուսերեն կամ այլ օտար լեզվով:

Հատված Է. Ռոքնռոլ Արագածի գագաթին

Ինչպե՞ս դարձաք լեզվաբան: Ինչպե՞ս հայտնվեցիք Լեյդենում: Ինչպիսի՞ն է հայագիտության վիճակն այնտեղ: Որո՞նք են հայագիտության այս պահի հիմնական խնդիրները, զարգացման փուլը, միտումները Հայաստանում և դրսում:

Տարբեր տարիքներում տարբեր քամիներ են լցված եղել գլխումս: Ինչ ասես, որ չեմ ուզել դառնալ` նկարիչ, երաժիշտ, արձակագիր, ֆուտբոլիստ, կարատեիստ, աշխարհագրագետ, աստղագետ, տիեզերագնաց, ռեժիսոր, հնագետ… Բայց հազիվ թե կարողանաք գուշակել, թե որն է եղել դրանցից ամենաառաջինը: Կրտսեր դպրոցական տարիքում ես երազում էի դառնալ… ընթերցող:

Մանկական լավ գրադարան կար մեր կողքի շենքում: Անսպառ գանձարան էր: Շատ փոքր էի, երբ մեծ եղբայրս տարավ ու ընդունել տվեց ինձ այնտեղ: Վարիչը` Անժիկ տոտան, չախալ աչքերով մի վայելչակազմ ու արիստոկրատ տիկին, ասաց.

– Դու էլ ե՞ս եղբորդ նման գրքասեր: Գիտես, չէ՞, նա մեր ամենալավ ընթերցողներից է:

Ընթերցո՜ղ… Դա մոգական բառ էր… Ու ինձ միանգամից պարզ դարձավ, թե ես ինչ եմ ուզում դառնալ ապագայում:

Երկար ժամանակ ընթերցող լինելը սոսկ բանալի էր բազմազան հետաքրքրություններս բավարարելու: Ընդ որում, դրանց շրջանակը դեռ շատ ավելի ուշ էր ձեռք բերելու հայագիտական թաղանթ: Բարձր դասարաններում որոշակիացավ իմ սերն առ հայոց լեզուն ու գրականությունը, սակայն դեռևս ոչ որպես ուսումնասիրության առարկաներ: Սովետական բանակից հետո արդեն պարզ էր, որ պետք է բանասիրական ընդունվեմ: Սակայն, միայն առաջին կուրսում հստակորեն հասկացա, որ իմ կյանքը լեզվաբանությունն է, ավելի կոնկրետ` հայ և համեմատական լեզվաբանությունը: Շատ արագ ձևավորվեց հափշտակիչ սերս դեպի հայոց լեզվի պատմությունը` հնդեվրոպական ակունքներից մինչև բարբառներ, ու դեպի բառերի ստուգաբանության կախարդական աշխարհը:

Իսկ երբ ուզում եմ հետադարձ հայացք գցել ավելի վաղ տարիքում կյանքումս եղած կայծերը այս գիտաճյուղի վերաբերյալ, ապա հիշում եմ մի քանի շատ տպավորիչ դրվագներ, որոնք նույնպես որոշ դեր են խաղացել իմ հետաքրքրությունների ձևավորման ընթացքում: Հիշեմ դրանցից երկուսը: Մեր դպրոցի ուսուցիչներից մեկը` երջանկահիշատակ Սեյրան Քալանթարյանը, որ մեր դասարանին չի դասավանդել, մի օր երկու դասարանների միացյալ դաս էր վարում: Այդ դասի ժամանակ նա մի առիթով խոսեց Աճառյանի ու նրա անզուգական «Արմատական բառարանի» մասին, որը բացատրում է արմատների ծագումը: Շատ տպավորվել էի նաև նրա այն տեղեկությունից, որ աշխարհում ընդամենը մի քանի լեզվի համար կան այդպիսի ճոխ ու հոյակապ բառարաններ: Սա իսկապես անջնջելի կայծ գցեց մտքիս մեջ, թեև, իհարկե, մասնագիտական կողմնորոշման հարցում դեր խաղալու համար դեռ շուտ էր:

Շատ տպավորվել է նաև մի ռուսերեն գրքույկ, որը պատմում էր բառերի ծագման մասին: Այն ինձ ցույց տվեց էլի իմ ավագ եղբայրը, որին ես շատ բան եմ պարտական առհասարակ գրքերի աշխարհի հետ կապված բազմապիսի հարցերի առնչությամբ: Ու հենց այդ ժամանակ առաջին անգամ նրանից լսեցի այդ կախարդական բառը` этимология, ու դրա հայերեն համարժեքը` ստուգաբանություն:

Լեյդենում հայտնվելուս պատճառները, իհարկե, այնտեղ առկա հայագիտական ամբիոնն ու հնդեվրոպաբանական հայտնի ավանդույթն էին: Ցավոք` յոթ երկարուձիգ տարիների չարչարանքից հետո միայն բախտ վիճակվեց մտնելու համալսարան, և այն էլ` ոչ որպես ուսանող, ինչը մնաց անկատար երազանք, այլ` միանգամից որպես «ասպիրանտ»: Սա շատ բարդ էր, որովհետև ստիպված էի համատեղել հնդեվրոպաբանություն ուսանելը (հիմնականում` ինքնուրույն), PhD թեզս գրելը և նույնիսկ այնպիսի տարրական բան, ինչպիսին է համակարգչին ծանոթանալը:

Ցավոք` հայագիտական ամբիոնն արդեն փակվել է: Սակայն, այսպես թե այնպես ես իմ ապագան ու նպատակներն ամբողջությամբ կապում եմ Հայաստանի հետ: Կյանքիս վաղեմի ու սևեռուն երազանքն է Հայաստանում հայ և համեմատական լեզվաբանության փոքրիկ բայց նպատակամղված ինստիտուտ կամ կենտրոն հիմնելը: Դրա նպատակն է ստեղծել երիտասարդ և ուժեղ թիմ, որն ի վիճակի կլինի ստեղծելու հայագիտության համար առանցքային նշանակություն ունեցող կորպուսներ` հայոց լեզվի բոլոր (գրավոր ու բարբառային) վիճակների լիակատար քերականություն և լիակատար ստուգաբանական բառարան: Այսինքն` նոր փուլի բերել այն կորպուսային ավանդները, որոնք այնպես փայլուն կերպով հիմնել է Աճառյանը: Գոնե իմ տեսանկյունից հենց այսպիսի կորպուսային աշխատանքների ստեղծումն է ժամանակակից հայերենագիտության գլխավոր խնդիրը:

Գիտությունն ազա՞րտ է, երբ մի բանի հասնում եք, ի՞նչ զգացողություններ եք ունենում:

Անշուշտ, գիտության մեջ զգալի դեր է խաղում ազարտը: Հնարավոր չէ նկարագրել այն բերկրանքը, երբ, ասենք, ուղեղումդ ծագում է այսինչ բառի ծագման մեկնության բանալին ու հետագծվում է այդ բառի անցած դետեկտիվային ոդիսականը: Սակայն այդ հրապուրիչ կայծն անհնար է գիտության վերածել առանց տառապալից աշխատանքի: Բառի ստուգաբանությունը ենթադրում է համեմատական լեզվաբանության գրեթե բոլոր ոլորտների ներգրավում: Նախ պետք է զննել բառի բոլոր մատենագրական վկայությունները և բարբառային ձևերը, պարզել վերջիններիս հարաբերությունը բառի գրավոր վկայությունների հետ, հարկ եղած դեպքում քրքրել բանահյուսական, ազգագրական ու դիցաբանական հարաբերակից տվյալները և ի վերջո անցնել այլ լեզուների հետ համեմատությանն ու բուն ստուգաբանությանը:

Մի զավեշտական դեպք պատմեմ: Մի օր, ստուգաբանական բառարանիս վերջին բառահոդվածները գրելու տենդոտ շրջանում, աշխատում էի քացախ բառի վրա` լարված, խորասուզված: Ու մեկ էլ հասկացա, որ քացախի հոտ եմ առնում: Սկսեցի վախենալ` կարո՞ղ է արդեն գժվում եմ: Բայց լավ պրծանք, պարզվեց` կինս է դեմքին ինչ-որ կոսմետիկ դիմակ արել` քացախի բաղադրությամբ:

Պատմել եք, թե մի օր գիշերել եք Արագածի գագաթին սիրած կնոջ համար: Հաճա՞խ եք այպիսի պատմությունների մեջ ընկել:

Ամառ և Հայաստան բառերի համադրությունն իսկ ինձ ինքնաբերաբար հանգեցնում է արշավների գաղափարին, իսկ ի՞նչ արշավ առանց արկածային պատմությունների: Այո, հիշելու բան շատ կա: Ես առհասարակ ատում եմ մենակությունը: Արշավներն էլ հիմնականում ենթադրում են խմբեր: Սակայն եղել են պահեր, երբ ընկերներիցս ոչ մեկին հարմար չի եղել ինձ միանալը, կամ էլ ինձ պետք է եղել մենակ գնալ: Հենց այդպես եղավ, օրինակ, երբ որոշեցի ապագա կնոջս համար Հայաստանի ամենաբարձր տեղից լուսանկարել արևածագը. ու դա պիտի անպայման մենակ արվեր: Ճիշտ է, Արևելյանը Արագածի ամենաբարձր գագաթը չէ, բայց դե արևելքի կողմինն է: Գիշերն անցկացրի հենց գագաթին` երկու քնապարկի մեջ, աստղերին նայելով ու աշնանային սառն ու վայրի միայնությունը ներս քաշելով: Դա, իհարկե, անպատմելի զգացողություն էր, արտաերկրային:

Մի քանի անգամ եղել է, որ ապագա կնոջս տեսնելու համար (մի անգամ` նրա ծննդյան տարեդարձին) Կիրովականից ոտքով գնացել եմ Հրազդան: Ամեն անգամ` տարբեր ճանապարհներով: Ձմեռն էլ:

Շատ եմ սիրում հանպատրաստից գժությունները: Ասենք` գիշերը նստած զրուցում ենք, մեկ էլ մի միտք է ծագում` պոկվել այսինչ վայրը: Արագ հավաքվում ենք ու առավոտը ծեգին շարժվում:

Նվագել եք ռոք խմբում: Կպատմե՞ք դրա մասին։

Այո, շուրջ տասը տարի նվագել եմ հարվածային գործիքներ (չհաշված վաղ մանկության տարիքից փողային նվագախմբում թմբուկ խփելը): Ամենասկզբնական փուլերում հիմնականում «Բիթլզ» էինք նվագում: Հետո անցանք հարդ-ռոքի, որոշ չափով էլ` ջազ-ռոքի: Դժվար էր այդ ամենը համատեղել 1990-ականների իրավիճակի հետ: Ի վերջո, Հոլանդիա գալուց հետո երաժշտությունն էլ միացավ իմ կիսակատար իղձերի ցուցակին:

Ակտիվ եք ֆեյսբուքում: Ինչպե՞ս կարելի է իրականացնել կրթական ծրագրեր: Ինչպե՞ս պայքարել կեղծ գիտության դեմ՝ հատկապես լեզվաբանության մեջ: Կեղծ գիտությունը հայկակա՞ն, թե՞ համաշխարհային երևույթ է:

Իմ խորին համոզմամբ, ֆեյսբուքն ու առհասարակ համացանցը հսկայական դեր ունեն հայագիտության զարգացման գործում: Վիրտուալ ասպարեզը մի հսկայական դաշտ է, որտեղ խմորվում են մի կողմից հսկայական քանակությամբ տեղեկություններ, մյուս կողմից էլ` ամենատարբեր բնույթի ու որակի քննարկումներ: Ուստի լիարժեք գիտական գործունեություն ծավալող հայագետների համար անհրաժեշտ է այս դաշտի հետ այս կամ այն կերպ հաղորդակցվելը:

Սակայն բոլորիս հայտնի է, որ ֆեյսբուքյան քննարկումներին ով ասես մասնակցում է ու գրում է խելքին փչածը, և հաճախ գիտական ողջամիտ փաստարկների փոխարեն` այդ քննարկումները լցվում են վերացական ու սնապարծական հայտարարություններով, վիրավորանքներով ու հայհոյանքներով: Ուստի շատ բնական է, որ գիտնականներն իրենց թանկ ժամանակն ու նյարդերը խնայելու նպատակով հեռու են մնում այս դաշտից, հատկապես երբ խոսքը վերաբերում է այնպիսի հարցերի, որոնց նկատմամբ շատ զգայուն է հայության մեծ մասը, դրանք են` հայոց լեզվի ծագումը, նախահայրենիքի տեղակայման հարցը և այլն:

Տեղեկատվական գրեթե բոլոր դաշտերում այս գիտական հարցերի շուրջ զգալի չափով տիրում է մի անառողջ վիճակ, որտեղ թևածում է «ով հայանպաստ տեսակետներին դեմ է, նա ազգադավ է» կարգախոսը, որտեղ գիտական տարրական բարեխղճության ու փաստարկի փոխարեն` բանավեճի բեմ են դուրս գալիս «հայրենասիրությունն» ու  ազգային սնապարծությունը: Այս ամենը խիստ բացասական ազդեցություն է ունենում մարդկանց, հատկապես` երիտասարդների, որոնց մեջ և` ապագա գիտնականների աշխարհայացքի ու մտածելակերպի վրա և խեղում է նրանց պատկերացումները գիտական ճշմարտության, հայրենասիրության և այլ հասկացությունների վերաբերյալ: Հետևաբար, հայագետների լիակատար մեկուսացումն այս ամենից, ըստ իս, խրախուսելի չէ: Խոսքն այն մասին չէ, թե գիտնականները պետք է բանուգործը թողնեն ու մտնեն այդ անպտուղ դաշտը: Այլ այն մասին, որ գոնե կարելի է երբեմն  փորձել հակակշիռ ստեղծել հակագիտական նյութերի հեղեղի դեմ և բազմաթիվ երիտասարդ ուղեղներ ետ պահել ազգայնամոլական ուղղվածությունից: Անհրաժեշտ է մարդկանց մանրամասն բացատրել, թե ինչու է այս կամ այն տեսակետը հակագիտական ու անընդունելի: Ես հենց դա էլ միշտ փորձում եմ անել:

Ինչպե՞ս եք համատեղում գիտական ակտիվությունը լուսավորչական-կրթականի հետ:

Ես այդ համատեղումը հիմնականում իրականացնում եմ հայոց լեզվի պատմությանը նվիրված կիրակնօրյա առցանց դասընթացի և ամառները հայաստանյան բուհերի և գիտական հաստատությունների ուսանողների ու գիտաշխատողների համար արշավային դասընթացների տեսքով: Սրանք նախաքայլեր են կյանքիս գլխավոր երազանքի իրագործման ճանապարհին:

«Հարցազրույց Հայաստանի հետ» հարցազրույցների շարքի մյուս նյութերը

Նախորդ հոդվածը‘210 գրող հավակնում է Նոբելյան մրցանակի. Երկրար ցանկը պատրաստ է ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական. Իշխանությունները կկրեն կենսաթոշակայինի պատասխանատվությունը ‘