‘«Հարցազրույց Հայաստանի հետ». Մարինե Պետրոսյան. Լավատես եմ, որովհետև գիտեմ հայաստանցու ուժը’

5530

Այսօրվա հայ պոեզիայի, վավերական նշանների և հնարանքների, վերլիբրի, քաղաքականության և ջղայնանալու ժամանակի մասին բանաստեղծ, հրապարակախոս Մարինե Պետրոսյանի հետ զրուցեց Ռիմա Գրիգորյանը

— Մարինե, ասել եք, որ մի շրջան կորցրել էիք բանաստեղծություն գրելու իմաստը, հետո կարծես նորից վերագտաք և՛ ընթերցողին, և՛ գրելու իմաստը: Ընթերցողը ինչքանո՞վ է կարևոր գրողի համար. ազդեցություն թողնու՞մ է նրա ստեղծելիք գրականության վրա: Չէ՞ որ կարծիքներ կան նաև, որ գրողը իր համար է գրում:

Էն, որ բանաստեղծության ընթերցողը Հայաստանում մի պահ կորել էր` բոլորը գիտեն, իսկ գրելու իմաստը կորցնելուս մասին երևի վերջին գրքիս «Երկար դադարից հետո» բանաստեղծությունը կարդալով ես, չէ՞, ասում. էնտեղ եմ դրա մասին գրել:  Հա, երկուսն էլ մի կարճ ժամանակով կորել էին, ուղղակի շատ վստահ չեմ, թե երկու կորուստները իրարով էին պայմանավորված, չնայած որոշ կապ կա, իհարկե: Ես գրականություն եմ մտել 1987-ին՝ «Գարուն»-ում հրատարակված առաջին շարքովս, ընթերցառատ սովետահայ դարաշրջանի ավարտին, երբ որ 50 հազար տպաքանակով գրքերը մեկ օրում գրախանութից անհետանում էին, իսկ առաջին գիրքս տպագրվել ա արդեն անկախ Հայաստանում` 1993-ին: 
Գրական կառուցվածքները քանդվեցին, մթնոլորտը փոխվեց, ընթերցողը նախ քչացավ աստիճանաբար, հետո մի պահ կարծես լրիվ անհետացավ: Բանաստեղծության ընթերցողի մասին եմ ասում, թե չէ «Հայկական ժամանակ»-ում գրածներիս ընթերցողին ես ամեն քայլափոխի էի տեսնում` փողոցում, հանրահավաքների ժամանակ, ամենաանսպասելի տեղերում: Հետո ֆեյսբուքի շրջանը սկսվեց, բանաստեղծություններս դնել սկսեցի ֆեյսբուքում, և ընթերցողը նորից հայտնվեց, նախ՝ վիրտուալ, հետո՝ արդեն կենդանի ընթերցումների ժամանակ, որի լսարանը նույնպես հիմնականում ֆեյսբուքի միջոցով ա հավաքվում…  Բայց ինչ հետաքրքիր բան ստացվեց, ասում եմ` ընթերցողը նորից հայտնվեց, ու հենց նոր մտքովս անցավ` ախր առաջ, էն ամենասկզբում, երբ որ գրականության ընթերցողը բազմաքանակ էր, ու ես էլ արդեն սկսել էի տպագրվել մամուլում, գիտեի, որ ընթերցողը կա, բազմաքանակ ա, բայց ընթերցողներիս կոնկրետ չէի տեսնում: Ուղղակի էն ժամանակ գրական կառուցվածքները կային` գրական մամուլը կար, քննադատությունը կար, վատ թե լավ, կենդանի էր դեռ, հետո մեռավ …

— «Աշխարհականության մանիֆեստ»-ում նույնպես բողոքում էիք գրական քննադատության բացակայությունից: Նախ, ինչքանո՞վ եք կարևորում գրաքննադատությունը. ի՞նչ դեր այն պիտի ունենա՝ ըստ Ձեզ: Եվ երկրորդ, ըստ Ձեզ՝ ինչու՞ է գրական քննադատությունը պասիվ:

Քննադատության կարևորությունը բացատրելու համար վերադառնամ նախորդ հարցի վերջին, որտեղ ասում էիր` կարծիք կա նաև, թե գրողը ինքն իր համար ա գրում: Չէ, գրողը ինքն իր համար չի գրում, գրողը գրում ա, որ կարդան: Գրական տեքստը խեցու ա նման, որ կարդալիս ա բացվում, և ամեն գրող միշտ սպասում ա իրա քննադատին, որը խեցու լավագույն բացողն ա: Լավագույն բացող` էն իմաստով, որ քննադատի բացելուց խեցու ներսինը ոչ թե պարզապես հայտնվում ա մի պահ, ընդամենը նրա աչքին, ով կարդում ա, այլ ապրել ա սկսում, գոյություն ա դառնում, ինքնուրույն գոյություն: Որքան էլ պարադոքսալ հնչի, տեքստը ինքնուրույն գոյութուն դարձնելու պայմանը էդ տեքստը գրականության մեջ ստեղծված մյուս տեքստերի հետ հարաբերել-կապելն ա, այսինքն՝ դիսկուրսի մաս դարձնելը, որն էլ հենց կոչվում ա քննադատություն:

Քննադատությունը կապող օղակն ա գրողի և ընթերցողի միջև. երբ էդ օղակը կա, դու գիտես, որ գրածդ դուրս ա եկել բաց ծով, հնարավորություն ունի` հասնելու պոտենցիալ բոլոր ընթերցողներին, գուցե ոչ էսօր, այլ վաղը, գուցե վաղը չէ, այլ վաղը չէ մյուս օրը, բայց կհասնի մի օր: Իսկ երբ քննադատությունը չկա, դու սկսում ես ինքդ, նախնական ձևով` մարդ առ մարդ, փնտրել քո ընթերցողին: Սկզբում ուրախանում ես, որ գտել ես, հետո հասկանում ես, որ էդ նախնական ձևը խաբկանք ա, որովհետև դու հո չե՞ս կարող մարդ առ մարդ բոլոր ընթերցողներիդ գտնել, կյանքդ չի հերիքի, բացառվում ա, որ հերիքի: Այ հենց էդ ժամանակ էլ, փորձով հասկանալով սա, ես գրեցի իմ «Մանիֆեստ աշխարհականության»-ը, որի մասին դու հարցիդ մեջ հիշատակեցիր:

Բայց մինչև մանիֆեստիս անդրադառնալը, որպեսզի սխալ չհասկացվեմ և ակամա ոչ մեկին չվիրավորեմ, նշեմ` երբ ասում եմ՝ քննադատություն չկա, նկատի ունեմ, որ չկա վերևում նշածս մեծ խնդիրը իրագործելու ընդունակ` գրականությունը բաց ծով հանելու ընդունակ քննադատություն, թե չէ առանձին քննադատներ, իհարկե, կան, և գրում են գրախոսականներ ու վերլուծական հոդվածներ: Ի դեպ, նշածս խնդիրը էնքան բարդ խնդիր ա, որ նման վիճակ` երբ քննադատություն չկա, պարբերաբար առաջանում ա ամենատարբեր երկրներում: 
Աշխարհի գրականության հայտնի դեմքերից շատ շատերին մենք էսօր չէինք ճանաչի, եթե իրանց գործը իմաստավորվեր մենակ սեփական երկրի քննադատների ուժերով: Ամերիկացի շատ հայտնի գրողներ Եվրոպայում գնահատվելով են հայտնի դարձել, ոչ թե սեփական երկրում: Ընդհանրապես, ամեն կոնկրետ ժամանակում, աշխարհում երևի թե մեկ-երկու երկիր, մեկ կամ երկու քաղաք ա լինում ընդամենը, որտեղ գրականության ստեղծման և մանավանդ՝ ստեղծվածի իմաստավորման համար լավագույն պայմաններ կան: Հեմինգուեյի ժամանակ էդ քաղաքը Փարիզն էր, օրինակ: Հենց էս ամբողջ ասածիս գիտակցումից էլ ծնվեց իմ «Մանիֆեստ աշխարհականության»-ը, որի կենտրոնական միտքը էս ա. «Իմ գրականության չափումը, համատեքստը, համակարգը ես տեսնում եմ աշխարհում»:

— «Մանիֆեստ աշխարհականության»-ը գրեցիք էս ամառ, Վիեննայից վերադառնալուց հետո: Խոսենք դրա մասին. ինչպե՞ս եք պատրաստվում մտնել աշխարհի գրականություն: Ինչ-որ կոնկրետ քայլեր նախատեսե՞լ եք արդեն:

Աշխարհի գրականություն մտնելու հիմնական ճանապարհը, մանավանդ հայերենի նման` փոքրաքանակ կրողներ ունեցող լեզվով գրողի համար,  թարգմանվելն ա: Ես Ֆրանսիայում Վահե Գոդելի թարգմանությամբ հրատարակված երկու գիրք ունեմ, ու երկուսի մասին էլ ֆրանսիական պարբերականներում գրվել են բազմաթիվ գրախոսականներ, որոնցից մեկը` «Մոնդի» գրական հավելվածում: Ֆրանսերեն վերջին շարքս, արդեն Նունե Աբրահամյանի թարգմանությամբ, լույս ա տեսել երկու ամիս առաջ, Կանադայում: Շատ լավ ընդունվեցին վերջին շրջանի գործերիս իսպաներեն թարգմանությունները, հոյակապ ընդունվեց ամբողջ անթոլոգիան, ուր տեղ էին գտել էդ գործերը: Արգենտինահայ իսպանագիր գրող Աննա Արզումանյանի նախաձեռնությամբ անցած տարի Արգենտինայում հրատարակված էդ անթոլոգիայի համար ժամանակակից 20 հայ բանաստեղծներին ընտրել եմ ես, թարգմանությունը կատարել են Ալիս Տեր-Ղևոնդյանն ու Աննա Արզումանյանը: Հաջողությունն էնքան մեծ ա, որ Մեքսիկայից առաջարկել են նույն անթոլոգիան հրատարակել նաև իրանց երկրում: Շատ ջերմ արձագանք կա իրանցի ընթերցողի կողմից բանաստեղծ Վահե Արմենի` ինձանից կատարած թարգմանությունների նկատմամբ: Բայց գլխավոր ծրագրերս իմ ինքնաթարգմանությունների հետ են կապված: Գրական աշխարհում էդ տեսակ հասկացություն կա, անգլերեն ասում են` self-translation. Չնայած իմ արածները իրականում ոչ էնքան թարգմանություններ են, որքան ինքնուրույն տեքստեր, քանի որ ինքս ինձ անգլերենի փոխադրելիս նույն տեքստը նորից եմ գրում, ու հաճախ հայերեն և անգլերեն տարբերակները ահագին տարբեր են ստացվում: Մինչև հիմա քիչ ինքնաթարգմանություններ ունեմ, եղածն էլ արել եմ դեպքից դեպք, երբ տարբեր փառատոների մասնակցելիս պետք էր լինում: Ու քանի որ ես ոչ քիչ թվով փառատոների, միջազգային գրական միջոցառումների եմ մասնակցել, փորձով գիտեմ, որ էսօրվա հայ բանաստեղծությունը լավ թարգմանվելու և ճիշտ ներկայացվելու դեպքում կարող ա ամենամեծ հաջողությունն ունենալ աշխարհում: Իմ աշխարհականության մանիֆեստի գլխավոր իմաստը էն էր, որ նստեմ, կանոնավոր աշխատեմ, էն հիմնականը, ինչ մինչև հիմա գրել եմ, անգլերեն ունենամ և փորձեմ տպագրվել աշխարհի անգլագիր պարբերականներում:

— Փորձենք մի քիչ ավելի կոնկրետ խոսել ձեր գործերի մասին: Ձեր առաջին գրքի և վերջին շրջանի գործերի միջև էական տարբերություն կա կարծես: Ըստ Ձեզ՝ ո՞րն է այդ տարբերության հիմքը:

Հետաքրքիր հարց էր: Ու սրա մասին խոսելով՝ փորձեմ անդրադառնալ նաև գրելու իմաստը կորցնելու, նորից գտնելու մասին ամենասկզբում հնչած հարցին, որին լավ չէի կարողացել պատասխանել: Երբ որ համեմատում եմ առաջին գրքիս գործերը վերջին գրքիս գործերի հետ, տեսնում եմ, որ դրանք, սենց ձևակերպեմ, իմաստային տարբեր դաշտերում են: Երևի էդ պատճառով էլ դրանց արանքում` իմ պոեզիայի վաղ շրջանի և ներկա շրջանի արանքում, դադար կա ընկած, մի քանի տարի շատ քիչ էի գրում: Երբ որ գրելու իմաստը կորցնում ես, դադար ա առաջանում` նոր իմաստը գտնելուց առաջ: Ես, իհարկե, խոշոր իմաստի` գոյութենական, էկզիստենցիալ իմաստի մասին եմ ասում: Սա բարդ թեմա ա, և պարզունակեցման վտանգ կա միշտ սենց թեմաների մասին խոսելիս, բայց փորձեմ, այնուամենայնիվ, բացատրել, քանի որ կարևոր խոսակցություն ա: Հասկանալի  և կոնկրետ լինելու համար մեջբերեմ երկու բանաստեղծություն` առաջին ու վերջին գրքերիցս:

Գիտեմ՝ սենյակում այս ոչ ոք չկա,
և քաղաքն է դատարկ,
և դատարկ են բոլոր հրապարակները դատարկ այս քաղաքի:

Սակայն ես սիրում եմ փոշոտ փողոցները,
և անձրևը՝ փոշոտ փողոցներին:

Ես սիրում եմ նրանց, որ պարտվել ու տխուր են,
և առավել՝ նրանց, որ հաղթել ու նորից են տխուր:

— Մեկ ուրիշ բանաստեղծության մեջ էլ, էլի առաջին գրքից, հիշում եմ, ասում եք` «Ես եմ հաղթողը և պարտվողը ես եմ»:

Հա, նույն իմաստային դաշտն ա: Կյանքի հավերժական շրջապտույտը, որտեղ հաղթանակի մեջ էլ տխրություն կա, որովհետև ոչ մի բան հավերժական չի, ամեն ինչ շրջվում ա իրա հակառակին, ցերեկը գիշեր ա դառնում, և ուրախության մեջ էլ տխրություն կա: Կյանքի հավերժական շրջապտույտի էս թախծոտ-իմաստուն զգացողությունը ավելի բնորոշ ա Արևելքին, արևելյան պոեզիային, ու պատահական չի երևի, որ Վահե Արմենն ավելի շատ իմ առաջին շրջանի գործերն ա սիրում թարգմանել պարսկերենի: Իսկ հիմա նայի էս տողերը`

ապակե պատեր
սրճարան
ծովային կենդանիներով սալաթ
նարինջ
կարմիր նարինջ
կլոր կտրտել շարել են ափսեի եզրով
սիրուն ա
գարեջուր կիլիկիա մեծ
կրակոց
շատ մոտից էր
ու ոնց որ իսկական էր ոչ թե կինո
ով որ խոսում էր լռեց
հիմա լուռ ա
նորից կրակոց
կողքիս ապակին փշրվեց լցվեց սալաթիս մեջ
ծովային կենդանիներ
կարմիր նարինջ
սպիտակ ապակի
սիրուն ա
բայց պետք ա զգուշացնեին որ չի ուտվի
թե չէ մենյուն պարզապես ասում էր
սալաթ կրակոցներով

Էս երկրորդ տեքստում խոսողը լրիվ ուրիշ տեղ ա կանգնած, ոչ էն տեղում, որտեղ հաղթողն էլ, պարտվողն էլ միանում են տխրության մեջ, այլ էն տեղում, որտեղ դիմացի ապակին կրակոցից փշրվում-լցվում ա սալաթի մեջ: Պայմանական ասած՝ եթե էն մեկը հավերժական-տիեզերական աշխարհն էր, էս մեկը` մարդկային-առարկայական-կոնկրետ:

— Իսկ կարո՞ղ ենք ասել, որ առաջինը միստիկ աշխարհն էր, իսկ էս վերջինը` ավելի իրական, չնայած հիմա էլ Ձեր բանաստեղծություններում իրականն ու անիրականը խառնված են իրար:

Միստիկ բառի բուն իմաստը առնչվում ա ոչ երկրային աշխարհի հետ առնչությանը, էդ իմաստով իմ բանաստեղծությունները միստիկ երբեք չեն եղել: Ուղղակի առաջին շրջանի գործերում կա բանաստեղծականություն` բառիս ավանդական իմաստով, ինչը ենթադրում ա առեղծվածայնություն, որի մասին էլ հենց երևի խոսում ես` միստիկ ասելով: Վաղ շրջանի որոշ բանաստեղծություններում կան նաև աստվածաշնչային հղումներ, ու նորից` ոչ թե կրոնական, այլ քաղաքակրթական-մշակութային ավանդույթի դրսևորում որպես: Իսկ էս նոր շրջանում արդեն հղումները ոչ թե ավանդույթին են, այլ ներկայի կոնկրետ` վավերական, վավերագրական, դոկումենտալ նշաններին: Ու ես էդ վավերական նշաններին` դեպքերին ու դեմքերին, այո, հնարանք եմ խառնում, բայց հնարանքն էլ՝ փաստի ձևով ներկայացված. ոնց որ, ասենք, Սերժի հրաժարականի մասին բանաստեղծության մեջ:

— Ձեր բանաստեղծություններում հաճախ ենք հանդիպում Չարենցին: Օրինակ «Տաք անձրև» բանաստեղծության մեջ` «պաստառը ուսին» : Եւ վերջում ասում  է. «Հեսա նորից ենք սկսում հեղափոխությունը»: Չարենցը չարե՞ց իր հեղափոխութունը:

Չարենցը երկու հեղափոխություն ուներ` մեկը՝ գրականը, մյուսը՝ քաղաքականը: Ընդ որում՝ դրանք իրար հետ կապված էին: Քաղաքական հեղափոխությունն արեց` մյուսների հետ մասին, հետո դարձավ դրա զոհը: Գրականն էլ միանշանակ ու միագիծ չէր, անցավ հակասական, նախկին փուլը մերժելու, հետո մերժումը մերժելու մի քանի փուլերով: Բայց էդ բոլոր իրար հակադիր փուլերի մեջ էլ Չարենցը հետաքրքիր ա: Մենք լավ բանաստեղծների պակաս չենք ունեցել երբեք, բայց Չարենցը դրանց մեջ ամենաբազմաշերտն ա: Ինքն իրա հետ անընդհատ կռվում ա: Ես Չարենցի լեզուն եմ շատ սիրում: Վայրենի, անտաշ, հզոր: Էս «իրա» բառը, որ շատ եմ սիրում, Չարենցից եմ վերցրել :

— Քաղաքականության և գրականության կապի մասին դեռ կխոսենք, իսկ մինչ այդ Ձեր բանաստեղծությունների ձևին անդրադառնանք: Որքան նկատելի է՝ համաշխարհային պոեզիա շատ եք կարդացել, ուսումնասիրել և բանաստեղծական ձևերից ընտրել եք ազատ ձևը: Ինչպե՞ս տեղի ունեցավ այդ ընտրությունը: Ինչո՞վ է դա ավելի լավ արտահայտում Ձեր ասելիքը, ինչո՞վ է այն Ձերը: Թեպետ այդ ազատ ձևը ոչ ավանդականն է, սակայն վերջին շրջանում տարածվելով` դարձավ ավանդական: Արդյո՞ք դրա պատճառով չի կորչում բանաստեղծի անհատականությունը:

Մի փոքր առարկեմ`համեմատաբար երիտասարդ գրականությունների համար գուցե վերլիբրը ոչ ավանդական ձևն ա, բայց մեր համար` վստահ չեմ, քանի որ Խորենացու շնորհիվ մեզ հասած հայերեն հնագույն բանաստեղծական տեքստերը հենց նույն էն ազատ չափով են գրված, որով ես եմ հիմա գրում` Երկնէր երկին /Երկնէր երկիր / Երկնէր և ծովն ծիրանի / Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ: Բայց, իհարկե, սուտ կլինի, եթե ասեմ, թե ես Գողթան երգերի ազդեցությամբ եմ սկսել վերլիբրով գրել: Առաջին գործերս դպրոցում եմ գրել, ձեռագիր էդ տետրերը դեռ կան, սկզբի մի քանիսը տերյանական են, հիմնականում՝ հանգավոր, հետո սկսվում ա Հովհաննես Գրիգորյանի ոճով գրված երկար բանաստեղծությունների շրջանը, հետո գրածներս հանկարծ կտրուկ կարճանում են, բայց էլի մնում են ազատ չափի մեջ: Էդ ժամանակ, երբ որ ես նոր-նոր էի սկսում գրել, 60-ականների սերունդը հեղափոխություն էր անում ամբողջ աշխարհում, իսկ Երևանում «Գարունի» ոսկե շրջանն էր, մենք էլ ունեինք պոեզիայում հեղափոխություն անող 60-ականների սերունդ (էդ սերնդի բանաստեղծներից ոմանց էսօր լսելով՝ դժվար ա իրանց որպես նորարար-հեղափոխականների պատկերացնել, բայց ժամանակը հաճախ փոխում ա մարդկանց, դժբախտաբար): Մամուլում սուր բանավեճեր էին, «Գարունում» նաև թարգմանություններ էին տպվում` աշխարհի ընթացիկ գրականությունից: Վերլիբրը, այո, 20-րդ դարում նախ աշխարհում դարձավ տիրապետող, հետո աշխարհի նորագույն հոսանքների հետ եկավ-հասավ Հայաստան, բայց վերլիբրը մեզանում, ի տարբերություն, օրինակ, ռուսական պոեզիայի, բարեբեր հող գտավ, որովհետև, ոնց որ արդեն ասեցի, մենք էդ ավանդույթը մեր սեփական լեզվում վաղուց ունեինք: Իսկ հանգով կամ կանոնավոր չափով բանաստեղծություն գրելու մասին երբևէ չեմ մտածել, քանի որ վերլիբրի մեջ երբևէ ինձ նեղված չեմ զգացել: Հակառակը` հանգն ու չափն են, որ քեզ տանում են իրանց հետևից, ծանոթ ճանապարհներով, և թույլ չեն տալիս գնալ էն տեղերը, ուր կարող ես և ուզում ես:

Իսկ ինչու՞ հենց պոեզիա, այլ ոչ արձակ: Ո՞րն է դրանց տարբերությունը Ձեզ համար. ի՞նչ կարելի է ասել բանաստեղծությամբ, որ չի կարելի ասել արձակով։ Երբևէ չե՞ք մտածել արձակ գրելու մասին։

2007-2009 թթ. «Հայկական ժամանակ»-ի գրածներս երևի ոչ էնքան հոդվածներ են, որքան էսսե, իսկ էսսեն արձակի ժանր ա: Ունեմ նաև տեքստեր, որ ավելի պատմվածքի են նման, մանավանդ մեկը, բլոգումս դրված, որ կոչվում ա «Արգենտինա, Արգենտինա», հաստատ պատմվածք ա՝ մոգական ռեալիզմի հայտնի ոճով գրված: Ուզում եմ ասել` կարող եմ երևի արձակ գրել, արձակի անցնել, բայց չէ, բանաստեղծ եմ ես, բանաստեղծությունն ա իմ համար հիմնականն ու կարևորը: Չկա էն տեսակ բան, որ ուզենայի անել գրականության մեջ, և բանաստեղծությամբ չկարողանայի: Եթե ինձանից վերանամ ու ընդհանուր վիճակին նայեմ, խնդիր կա, իհարկե, նկատելի ա, որ եթե անցած դարասկզբին բանաստեղծներն էին ավանգարդիստական շարժումների կենտրոնական դեմքերը, հիմա ավելի շատ արձակի հետ են կապվում վերջին հետաքրքիր շարժումները գրականության մեջ: Բայց կարծում եմ՝ ժամանակավոր երևույթ ա սա: Պոեզիան շատ ավելի հին ա, քան արձակը, հին ա, ու կարծում եմ նաև` հավերժական, չեմ կարծում՝ երբևէ ավելորդ դառնա: Արձակն ավելի նոր երևույթ ա, ավելի եվրոպական, արևմտյան մշակույթին հատուկ երևույթ: Ինձ թվում ա՝ արձակն ավելի մեծ շանսեր ունի հնանալու, քանի որ կինոն, օրինակ, ինչ-որ տեղ փոխարինում ա արձակին, նրան, ինչ առաջ մենակ արձակն էր տալիս, իսկ պոեզիային կինոն փոխարինել չի կարող: Ի դեպ, բանաստեղծների համար մի լավ լուր էլ կա: Շատ մոտ ապագայում, աշխարհի քաղաքական անցուդարձին հետևողները կհաստատեն, Չինաստանն ա դառնալու հիմնական գերտերություններից մեկը, Ամերիկայի կողքին կամ, նույնիսկ, չի բացառվում՝ Ամերիկայի փոխարեն, և քանի որ արևելյան քաղաքակրթություններում, էդ թվում՝  չինական-հեռավորարևելյանում, պոեզիան կենտրոնական տեղ ունի, կարծում եմ՝ բանաստեղծության համար կգան ավելի լավ ժամանակներ:

— Խոսեցիք մամուլում կամ բլոգներում հրապարակվող ձեր տեքստերից, որոնցում հանրային-քաղաքական հարցերի եք անդրադառնում: Մի քիչ ձեր գործունեության էդ կողմին անդրադառնանք: Հաճախ հենց գրողները ասում են, թե քաղաքական ակտիվությունը վատ է անդրադառնում գրականության վրա: Հնարավո՞ր եք համարում   դա:

Վատ անդրադառնալ ասելով՝ երևի նկատի ունեն էն տարբերակը, երբ գրականությունը ծառայեցվում ա քաղաքականությանը` վերածվելով քարոզչամիջոցի: Դա բարդ հարց ա, միանշանակ պատասխան չունի: Չարենցն, օրինակ, ունի քաղաքական-հեղափոխական բնույթի գործեր, որոնք, իսկապես, ինչ-որ առումով քարոզչական են, բայց նաև որպես գրականություն են  հետաքրքիր: Ես ինքս պոեզիայում էդ տեսակ խնդիր չունեմ, մի քանի բանաստեղծություն կա, որոնցում քաղաքական կոնկրետ դեմքեր, դեպքեր, վայրեր են հիշատակվում, բայց դրանք քարոզչական չեն: Դրանք իմ համար, ամենից առաջ,  հետաքրքիր են` իրականության կոնկրետ դետալները հնարանքի հետ խառնելու տեսանկյունից, որի մասին մի քիչ առաջ խոսում էի: Ինչ վերաբերում ա «Հայկական ժամանակ»- ում 2007-2009թթ. գրածս տեքստերին, քանի որ դրանք կոնկրետ ժամանակի կոնկրետ խնդիրներին պատասխանելու համար են գրված,  չգիտեմ` ժամանակ անցնելու հետ կպահե՞ն իրանց ուժը, առաջվա պես հետաքրքիր կլինե՞ն կարդալու համար, թե՞ կհնանան: Բայց եթե անգամ հնանան, ես դրանից շատ չեմ տխրի, գուցե հակառակը` լավ կլինի, եթե խնդիրները, որոնց մասին դրանցում խոսվում ա, լուծվեն, ակտուալությունը կորցնեն, հնանան, թող գրածներս էլ հետը հնանան, ինչքան շուտ՝ էնքան լավ: Էդ տեքստերիցս շատերը, այո, քաղաքական են, հանրային և քաղաքական հարցերի են վերաբերում:
Հայաստանի ապագան քաղաքականության մեջ ա վճռվում՝ նախ և առաջ: Էն Հայաստանը, որը կա էսօր, և էն Հայաստանը, որը կարող ա լինել վաղը, որը պետք ա, անհրաժեշտ ա, որ լինի, տարբեր են, հեռու են իրարից, բայց դրանց արանքի տարածությունը հաղթահելի ա, հնարավոր ա հաղթահարել, պե՛տք ա հաղթահարել: Ես հիմնականում սրա մասին եմ գրել և գրում իմ հոդվածներում: Ու դատելով ընթերցողների արձագանքներից` էս էն հարցն ա, որ շատերին ա հուզում, շատ շատերին:

Ես 2008-ի շարժմանը «ՀԺ»-ում կանոնավոր, ամեն շաբաթ հրապարակվող իմ տեքստերով մասնակցեցի: Հիշում ես, իհարկե, ինչ ոգևորություն կար, թվում էր՝ արդեն հաղթել ենք, թվում էր՝ շուտով մեր երազած Հայաստանը գալու ա, բայց հաղթանակ չեղավ, հետո դառնություն եղավ, ես էլ դառնացած ու հիասթափված տողեր գրեցի, բայց իմ միջի դառնությունն անցավ-գնաց, վաղուց չկա: Հիմա արդեն ավելի հանգիստ եմ նայում նրան, ինչ եղավ, ու հասկացել եմ, որ ոչինչ էլ իզուր չէր, ոչինչ էլ չի կորել: Անցած տարի փիլիսոփա և քաղաքական տեսաբան Հաննա Արենդի հայտնի մի գործն էի կարդում` «Հեղափոխության մասին»: Դրանում ֆրանսիական հեղափոխության փորձն էր վերլուծված, բայց շշմելու էր՝ ինչքան նմանություն կար 2008-ի հետ: Կարդացի ու մտածեցի`ախր էս տեսակ բաներ ամեն դարում չեն լինում, ամեն ժողովրդի պատմության մեջ չեն լինում: Հանկարծ ու ես 2008-ին մասնակցած չլինեի, կողքից նայած լինեի, իմ կողքին էդ ամեն ինչը կատարվեր, ու ես անհաղորդ մնացած լինեի դրան, ինչքան բան կորցրած կլինեի: Իսկ էդ տեսակ մարդիկ կան, և քիչ չեն: Հենց էսօր Երևանում կան մարդիկ, որ նայում են Կիևի Մայդանին  և ասում են` մեր ժողովուրդը սրան ընդունակ չի: Ապշելու բան ա ուղղակի: Հնարավո՞ր ա` 2008-ի Ազատության հրապարակը տեսած չլինեն, թե՞ տեսել ու մոռացել են: Բայց ո՞նց ա հնարավոր նման բանը մոռանալ: Էդ շշմելու էներգիան, որ կար հրապարակում, չի կարող կորչել. էներգիան չի կորչում. եթե կար, ուրեմն վաղն էլ կլինի:

— Դուք լավատես եք փաստորեն՝ հակառակ նրան, որ շատ շատերն են հեռանում Հայաստանից:

Ես լավատես եմ, որովհետև գիտեմ հայաստանցու ուժը: Ոչ թե հավատում եմ պարզապես, այլ գիտեմ: Էսօր բոլորը դժգոհ են, բոլորը ջղայնացած են, ոչ մեկը գոհ չի: Լա՞վ ա, թե՞ վատ, որ ջղայնացած են: Ինչո՞ւ են ջղայնացած: Որովհետև չեն ուզում էս ձևով ապրել, ամեն մեկի մեջ երազանք կա` ուրիշ կյանքի, մարդուն ավելի արժանի կյանքի երազանք: Էդ ջղայնությունը, էդ դժգոհությունը ուժ ա, էներգիա կա դրա մեջ: Էսօրվա վիճակով էդ էներգիան պարպվում ա դեպի դուրս, մարդիկ կոնկրետ գործ անելու, գործողություն անելու հեռանկար չտեսնելով՝ հուսալքված թողնում գնում են, բայց պատկերացնո՞ւմ ես՝ ինչ կլինի, եթե հեռանկարը հայտնվի, եթե մարդիկ հասկանան, որ իրանցից ա կախված ամեն ինչ, որ գործ անելու ժամանակն ա սկսվում, նախ՝ խոչընդոտները վերացնելու, հետո շինարարություն սկսելու ժամանակը` մեր բոլորիս համար նոր երկիր կառուցելու ժամանակը: 2008-ին մարդիկ դրա համար էին հավաքվել Ազատության հրապարակում, ու եթե հեռանկարը տեսնեն, միանգամից նորից կհավաքվեն, կգան, անգամ խռովածները կգան, անգամ հեռացածները կվերադառնան:

— Դուք ինչպե՞ս  եք պատկերացնում  հավաքվելու հեռանկարը. մի քիչ ավելի կոնկրետ չէի՞ք ասի:

Դիմացը փետրվարն ա: Ազատության հրապարակը փետրվարներ սիրում ա, էս փետրվարին էլ, կարծում եմ, լիքը կլինի: 2008-ին նախագահական ընտրություններ էին: Էսօր դեռ ընտրություններ չկան, կարծում եմ՝ էս անգամ հրապարակը կլցվի ոչ թե նոր նախագահ ընտրելու, այլ Սերժին հեռացնելու խնդրի շուրջ, որպեսզի նոր ընտրությունները հնարավոր դառնան: Խորհրդարանի ոչ իշխանական չորս քաղաքական ուժերի միավորումը դեկտեմբերին` գազի պայմանագրի քննարկման և քվեարկության ժամանակ, ակնհայտ փաստ էր և հուսադրող փաստ: Ակնհայտ ա նաև քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների ակտիվացումը վերջին մեկ տարում: Սերժն իրա վերահսկողության տակ գտնվող մամուլի միջոցով ամեն ինչ անում ա էս երկուսին` քաղաքական ուժերին և քաղաքացիական նախաձեռնություններին իրար դեմ հանելու համար և մինչև հիմա հիմնականում հաջողել ա դրանում: Բայց էսօր իրավիճակը փոխված ա: Եթե Ազատության հրապարակը լցվի, չեմ կարծում՝ քաղաքացիական նախաձեռնությունների անդամները և համակիրները և, ընդհանրապես` ակտիվ հայաստանցիներից որևը մեկը, հրապարակի կողքով անցնի: Ուղղակի հնարավոր ա՝ հրապարակում սկսվի պայքար` տարբեր օրակարգերի շուրջ, տարբեր լիդերների առաջքաշման շուրջ: Բայց էս վերջին հանգամանքը, գործընթացների նկատմամբ Սերժի վերահսկողությունը և «մուտիլովկաները» բացառելու, չեզոքացնելու դեպքում շատ բնական, դրական երևույթ կլինի, և մեզ, ի վերջո, կհանգեցնի, Սերժի հեռացումից հետո, ընտրությունների ճանապարհով, տարբեր ուժերի միջից, մեծամասնության  նախընտրած իշխանությունը ընտրելուն:

Փետրվար` ինչ-որ տեղ պայմանական եմ ասում: Արդեն հունվարի 18-ին կարևոր հանրահավաք եղավ` կուտակային կենսաթոշակների հարցով, և ասածս բոլոր ուժերը մասնակցեցին: Եթե հենց դրանով էլ ամեն ինչ չսկսվի, ուրեմն՝ մի փոքր ավելի  ուշ: Բայց մինչև մարտի 1-ը, վստահ եմ, քաղաքական-հանրային գործընթացը կսկսվի: Եւ կգա մեր ջղայնությունը գործի մեջ դնելու, հետո արդեն` շինարարության, կառուցման ժամանակը: 

Նախորդ հոդվածը‘ՌԴ դեսպան. Հարկավոր է Հայաստանի մասնակցության գաղափարը եվրասիական ինտեգրացիոն նախագծին դարձնել ավելի գրավիչ’
Հաջորդ հոդվածը‘Որոտան-կասկադը $180 մլիլիոնով վաճառվեց ամերիկյան ընկերությանը’