‘«Հարցազրույց» ֆիլմի նյույորքյան պրեմիերան հետաձգվել է’

916

Նյու Յորքում «Հարցազրույց» ֆիլմի պաշտոնական պրեմիերան հետաձգվել է անանուն ցանցահենների սպառնալիքների պատճառով: Այդ մասին հաղորդել է Variety ամսագիրը:

Պարբերականի տվյալներով՝ Արևելյան ափում կինոժապավենի առաջին ցուցադրությունը պետք է կայանար դեկտեմբերի 18-ին, սակայն հետաձգվել է անվտանգության նկատառումներով:

Ավելի վաղ անանուն ցանցահենները ամերիկյան Sony Pictures ընկերությանն ուղղված նամակներում սպառնացել են ահաբեկչական գործողություններ իրականացնել «Հարցազրույց» ֆիլմի ցուցադրության ժամանակ: Variety-ն մեջբերումներ է անում կիբեռհանցագործների ուղերձից, որոնք, մասնավորապես, Սեթ Ռոգենի ֆիլմը դիտելու ցանկություն հայտնողներին «դառը ճակատագիր» են խոստանում: «Հիշեք 2001 թ. սեպտեմբերի 11-ը»,- ասվում է այդ ուղերձում, ու նաև խորհուրդ է տրվում հեռու մնալ այն կինոթատրոններից, որտեղ կցուցադրվի ֆիլմը:

Հիշեցնենք, որ երգիծական մարտաֆիլմը պատմում է ամերիկացի երկու լրագրողների մասին, որոնք մեկնում են Հյուսիսային Կորեա՝ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինից հարցազրույց վերցնելու: Մինչդեռ, դրա փոխարեն՝ նրանք, ԿՀՎ-ի հանձնարարությամբ, պետք է մահափորձի նենգ ծրագիր իրականացնեն: Փոխանցում է ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Գրանորություն. Ջորջ Օրուելի «Անասնաֆերման»’
Հաջորդ հոդվածը‘«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը չի պատրաստվում վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ‘