‘Հարցախույզ. Ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ անում, և ի՞նչ որոշում կկայացնի ՍԴ-ը (տեսանյութ)’

1768

iLur.am-ը հարցախույզ է անցկացրել Երևան քաղաքի կենտրոնում՝ պարզելու, թե ինչ են մտածում քաղաքացիները «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի՝ մարտի 10-ից մեկնարկած հացադուլի մասին:

Անցորդներից հետաքրքվեցինք նաև, թե ըստ նրանց՝ ինչ որոշում կկայացնի ՍԴ-ն, որտեղ մարտի 11-ից քննվում են թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումները՝ ընտրությունների արդյունքները վիճակելու վերաբերյալ:

Քաղաքացիներից շատերը նշեցին, որ չեն հասկանում հացադուլի նստելու իմաստն ու նպատակը, որոշների կարծիքով՝ հացադուլն ավելորդ է: Հարցվածներից մեկը բնորոշեց. «Նա իր պատիվը դրանով գցում է: Եթե Րաֆֆին հայտարարում է, որ հաղթել է, ապա ինչո՞ւ է նստել հացադուլի…»:

Մի տիկին էլ կարծում է, որ հացադուլ հայտարարելը Րաֆֆի Հովհաննիսյանի սովորությունն է՝ «Նա ինքնասիրահարված մարդ է»: Հարցվածներից մի քանիսն այն կարծիքի են, որ դրանով «Ժառանգության» առաջնորդը պայքարում է  հանուն ժողովրդի լավ ապրելակերպի,  և ափսոսանք հայտնեցին, թե «լավ կլիներ՝ պայքարը արդյունք տար, իսկ առանց արդյունքի՝ պայքարն անօգուտ է»:

Քաղաքացիներից մեկը չկարողացավ հացադուլի հստակ պատճառը ասել, սակայն վստահություն հայտնեց, որ «Րաֆֆի Հովհաննիսյանն աթոռի համար չի կռիվ տալիս»: Գտնվեցին նաև այնպիսի քաղաքացիներ, ովքեր նույնիսկ տեղյակ չէին, որ նախագահի թեկնածուն հացադուլի է նստել:

Այն հարցին, թե ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը՝ հարցվածներից մի քանիսը պատասխանեցին, թե չեն կարող ենթադրել: Մեծամասնությունը, սակայն վստահ է, որ որոշումը կկայացվի հօգուտ Սերժ Սարգսյանի: Մի քաղաքացի նշեց, որ պատճառներից մեկն այն է, որ  հայցատուները չունեն հիմնավոր փաստեր՝ ապացուցելու համար ընտրությունների կեղծված լինելը: Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ Սահմանադրական դատարանի արդար վճռի վրա հույս դնել պետք չէ, քանի որ ՍԴ-ի նախագահը Գագիկ Հարությունյանն է, ով ենթարկվում է իշխանական բուրգին:

Նախորդ հոդվածը‘Չավի. Այսօր մեր տոնն է’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյան. Սերժ Սարգսյանը չի խափանել elections.am կայքը (տեսանյութ)’