‘Հարցեր, որոնք քաղաքապետարանն անպատասխան է թողել’

1238

Երեկ iLur.amտեղեկացրել էր, որ դեռ ապրիլի 4-ին մի քանի հարցումներ էր ուղարկել Երևանի քաղաքապետարան 2012 թվականի բյուջեի ծախսերին վերաբերող տեղեկություն ստանալու նպատակով: Մեր բազմաթիվ հարցումներից միայն 2-ը ունեցան պատասխան, ընդ որում, 2-ից մեկը ավելի շուտ ոչ թե հարցման պատասխան էր, այլ՝ բարոյախրատական դ:

Հիշեցնենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն` քաղաքապետարանը մեր գրավոր հարցմանը պատասխան պետք է տար 5-օրյա ժամկետում:

Քանի որ նախատեսված ժամկետը վաղուց սպառվել է, իսկ մեր հարցումները մնացել են անպատասխան, ապա հրապարակում ենք այդ հարցումները:

Ապրիլի 4-ին ուղարկված մեր հարցումներից մեկը վերաբերում էր նրան, որ 2012 թվականի բյուջեով քաղաքապետարանը 41 մլն 110 հազար դրամ է հատկացրել շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի համար: Մենք հետաքրքրվել էինք՝ ինչպե՞ս են ծախսվել այդ գումարները: Խնդրել էինք նշել բոլոր ծրագրերն առանձին-առանձին՝ համապատասխան բյուջեով ու թե ինչ հիմքով են իրականացվել դրանք: Պատասխան դեռ չենք ստացել:

Մեր մյուս հարցումը վերաբերում էր կամարանցումների նկարազարդման վրա ծախսած գումարներին:

2012-ի բյուջեից քաղաքապետարանը  86 մլն 800 հազար դրամ է հատկացրել կամարանցումների վերանորոգման և գունազարդման համար: Մենք հետաքրքրվել էինք քաղաապետարանից՝ որքա՞ն է կազմել գունազարդված և վերանորոգված կամարանցումների ընդհանուր թիվը,  դրանցից քանի՞սն է նորոգվել և քանիսը՝ գունազարդվել:  Ո՞ր կազմակերպությունները կամ անհատներն են կատարել պատվերը և որքա՞ն է վճարվել յուրաքաչանյուրին:

Ինչպես տեսնում ենք, բավական պարզ հարցեր են, որոնց պատասխանը ունենալը բոլորիս իրավուններից է բխում:

Մեկ այլ, կրկին ապրիլի 4-ին ուղարկված հարցման պատասխանը ստացանք այսօր՝ 15-րդ օրվա ընթացքում:  Հարցը վերաբերում էր Պուշկինի 25 հասցեում գտնվող, Ալեքսանդր Թամանյանի նախագծած շինության ճակատագրին: Մենք հետաքրքրվել էինք քաղաքապետարանից՝ արդյո՞ք այդ շենքը վերանորոգվելուց հետո որպես հյուրանոց է ծառայելու:

Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ պատասխանն իր մեջ բավական կարեւոր տեղեկատվություն է պարունակում, մասնավորապես, քաղաքապետարանից վստահեցնում են, որ շենքի արտաքին տեսքի և ծավալային լուծումների հետ կապված որևէ փոփոխություններ չեն նախատեսվում:  «Քննարկվող շինության հարևանությամբ նախատեսվող կառույցների էսքիզային նախագծերը մանրամասն քննարկվել են Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի ճարտարապետության հանձնաժողովում և ՀՀ մշակույթի նախարարությունում, ըստ որոնց որոշվել է բացառել Ա.Թամանյանի նախագծած շենքին որևէ միջամտություն», — ասվում է քաղաքապետարանի պատասխանում: Սակայն մեր գործընկերները կրկին շրջանցել են մեր բուն հարցադրորւմը՝ արդյո՞ք շենքը որպես հյուրանոց է ծառայելու վերանորոգումից հետո:

 

Հ.Գ. Չնայած, շինության արտաքին տեսքի փոփոխումը բացառող հավաստիացումն էլ պետք չէ հալած յուղի տեղ դնել: Բավական է հիշել միայն, որ քաղաքապետարանը մի քանի անգամ զգուշացրել, մի քանի անգամ էլ տուգանել է Մաշտոցի Փակ շուկայի ներկայիս սեփականատեր Սամվել (Լֆիկ) Ալեքսանյանի ընկերությանը՝ քաղաքաշինական նորմերը խախտելու համար, բայց շուկան քանդելու գործընթացը դեռ կանգ չի առել:

Կամ ամենաթարմ օրինակը՝ քաղաքապետարանի լրատվական ծառայության պետ Արթուր Գեւորգյանը շաբաթներ առաջ վստահեցնում էր,որ Օպերայի այգում Ջազզվե սրճարանի տարածքում «մի սանտիմետր» անգամ չի բետոնապատվելու, այսօր արդեն մեր տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես են շինարար բանվորները բազմաթիվ սանտիմետրեր կանաչ տարածք թողում բետոնե ծածկի տակ: 

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիական հեռուստատեսության բացառիկ տեսաֆիլմը Հենրիխ Մխիթարյանի մասին`ապրիլի 20-ին’
Հաջորդ հոդվածը‘«Գլխից բռնենք Տարոնին», «Տարոն+Նեմեց=Սերժ» ‘