‘Հացադո՞ւլ, թե՞ կեղծիքադուլ. Պարզաբանում է Րաֆֆի Հովհաննիսյանը (տեսանյութ)’

2029

Վաղ առավոտյան iLur.am-ի թղթակիցն այցելել էր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին, ով երեկվանից հացադուլի մեջ էր և զրույցում նշեց, որ իրեն շատ լավ է զգում:

iLur.am-ի  հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն, որ օրեր առաջ ռուսական lenta.ru-ին տված հարցազրույցում հավաստիացրել էր, որ չի պատրաստվում նորից նստել հրապարակում՝ ինքն արդեն 15 օր հացադուլ արել է և այլևս չի  պատրաստվում անել, իսկ այժմ նորից նստել է հացադուլի՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց.

«Նախ՝ ես ոտքի վրա եմ և չեմ նստել հացադուլի: Երկրորդ՝ երեկ ես շատ հստակ ասացի, որ սա կեղծիքադուլ, ստադուլ և վախադուլ է, որը մեջից պետք է հանենք, իսկ դա ինձ համար ենթադրում է որոշակի ժամանակաշրջան նաև հացից ինքնազրկում: Դրա համար ես կարծում եմ, որ սա լրիվ ուրիշ վիճակ է՝ համաժողովրդական պայքարի նոր հանգրվան»:

Նա փոխանցեց նաև, որ ինքը մինչ ապրիլի 9-ը կլինի հրապարակում, ինչպես ինքն է նշում՝ մեկ-մեկ կնստի, բայց մեծամասամբ ոտքի վրա կլինի:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրեն միացել են նաև այլ քաղաքացիներ, ովքեր, ինչպես ինքն է բնորոշում՝ ստադուլի և կեղծիքադուլի մեջ են՝ ասաց, որ հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը հոգեպես և գիտակցությամբ փետրվարի 18-ին բերած իր հաղթանակով արդեն մերժել է իր միջի վախը, սուտը և կեղծիքը:

«Կան մի քանի երիտասարդներ, ովքեր հայտարարել են, որ ուզում են միանալ: Ես այսօրվա ընթացքում պետք է փորձեմ տարհամոզել»,- նկատեց նախագահի թեկնածուն՝ շեշտելով, որ երիտասարդները չպետք է նման միջոցների դիմեն, քանի որ նրանք պետք է լինեն գործի մեջ՝ որպես ակտիվ երիտասարդներ:

Մանրամասները՝ տեսանյութում

Նախորդ հոդվածը‘Մովսիսյանը դժվարությամբ հեռացավ մարզադաշտից. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘ՍԴ-ն սկսել է Ր.Հովհաննիսյանի և Ա.Ղուկասյանի դիմումների քննությունը (ֆոտոշարք)’