‘Հացադուլավոր Շալիկո Մանուչարյանի մայրը դիմել է Սերժ Սարգսյանին’

950

Հունվարի 14-ից հացադուլի մեջ գտնվող վանաձորցի կալանավոր Շալիկոե Մանուչարյանի մայրը` Ռուզաննա Վարդանյանը, բաց նամակով դիմել է Սերժ Սարգսյանին: Նամակի նախաբանում նա ներկայացել է որպես ՀՀԿ անդամ:

«Ես, լինելով հուսալքված մայր, դիմում եմ Ձեզ խնդրանքով, որ լսեք ձայնս` կապված որդուս` Շալիկո Սերժիկի Մանուչարյանի կալանավորման փաստի հետ: Համառոտ ներկայացնեմ քրեական գործի բովանդակությունը: Որդիս` Շալիկո Մանուչարյանը, արդեն ութ ամիս ապօրինաբար գտնվում է կալանքի տակ: Որդուս կալանավորելու պատճառը հանդիսանում էր քրեական գործի քննությունը: Այս ութ ամիսների ընթացքում տեղի է ունեցել վեց դատական նիստ, և յուրաքանչյուր նիստից հետո անհասկանալիորեն անհիմն կերպով և փաստերի ու ապացույցների բացարձակ բացակայության պարագայում որոշվել է խափանման միջոցը թողնել անփոփոխ, այն է` կալանք: Յուրաքանչյուր դատական նիստից հետո քննիչը պահանջում է գործի քննությունը հետաձգել մեկ կամ երկու ամսով` ամեն անգամ բերելով տարբեր պատճառաբանություններ: Վերջին անգամ` այն է 24.01.2013թ., գործի քննությունը մեկ ամսով հետաձգելու և խափանման միջոցը կալանք թողնելու պատճառաբանությունն այն էր, որ կան հեռախոսազանգեր, որ կատարվել են դեպքից առաջ և հետո, որոնք պետք է ուսումնասիրել, սակայն զարմանալին այն է, որ այդ հեռախոսազանգերի մասին տեղեկություններ և դրանց պատկանելիությունը քննչական մարմինները իմացել են դեռևս 2010 թվականին: Նշեմ, որ առանձնազրույցների ժամանակ բոլոր քննչական մարմինները ևս ընդունում են, որ չունեն որևէ ապացույց կամ փաստ` ընդդեմ որդուս: Հունվարի 14-ից որդիս` Շալիկո Մանուչարյանը, որպես բողոք` իր հանդեպ կատարվող անօրինությունների և իր իրավունքների խախտումների, հայտարարել է անժամկետ հացադուլ` սեփական բերանը կարելու միջոցով: Ներկայիս նրա առողջական վիճակը գնահատվում է շատ վատ, քանի որ ունի աղիների, ճնշման և հոգեբանական լուրջ խնդիրներ: 22.01.2013թ. նիստը հետաձգվեց քննիչի բացակայության պատճառով: Նիստից հետո մենք` հարազատներս, մոտ 300 մարդ, խաղաղ երթով շարժվել ենք դեպի Լոռու մարզի դատախազության շենք` արտահայտելու մեր բողոքը, քանի որ չկար ոչ մի որոշակի պատասխան, իսկ որդուս առողջական վիճակը վատթարանում է ամեն ժամ: Լոռու մարզի դատախազ պարոն Շահբազյանն ընդունեց մեզ, մենք զրուցեցինք, և մոտ 10 մարդու ներկայությամբ խոստացավ, որ 24.01.2013թ.-ի նիստին անպայման որդուս ազատ կարձակեն` փոխելով խափանման միջոցը կալանքից ստորագրությամբ ազատ արձակվելու: Նա նշեց, որ դա պարտադիր տեղի կունենա, քանի որ քննչական մարմինները ներկայումս չունեն որևէ ապացույց կամ փաստ, չհաշված շինծու այն երկու վկաներին, որոնք հանդիսանում են թափառաշրջիկ արբեցողներ: Նշեմ, որ վերը նշված վկաներից մեկը զարմանալիորեն որպես վկա հանդես է գալիս տարբեր քրեական գործերում: Ստացվում է այնպես, որ այդ մարդը միաժամանակ գտնվում է քաղաքի բոլոր անկյուններում: Երեկ երեկոյան` դատական նիստից հետո, մենք կրկին հանդիպեցինք Լոռու մարզի դատախազի հետ, որը մեզ տեղեկացրեց, որ այսօր Վանաձոր է ժամանելու Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ պարոն Սարգսյանը, որը ջերմորեն մեզ ընդունեց, լսեց և հուսադրեց, որ կանի հնարավոր ամեն ինչ` հարցին լուծում տալու համար:

Մեծարգո պարոն նախագահ, որպես մայր՝ խնդրանքս այն է, որ փոխվի որդուս խափանման միջոցը՝ կալանքից ստորագրությամբ ազատ արձակելու, քանի որ որդիս գտնվում է ծայրահեղ առողջական վիճակում: Եթե մի քանի օր էլ այսպես շարունակվի, վիճակը կդառնա անդառնալի: Նշեմ, որ 22.01.2013թ.-ի նիստից առաջ ընդամենը 4 ժամվա ընթացքում մենք հավաքել ենք 2000-ից ավելի ստորագրություն՝ այդ թվում ավագանու անդամներ, Ազգային Ժողովի պատգամավորներ, որոնք իրենց ստորագրություններով հավաստել են, որ որդիս ստորագրությամբ կամ գրավի դիմաց ազատ արձակվելու պարագայում փախուստի չի դիմի, կներկայանա քննիչներին, լսումներին, նիստերին` մինչև դատական գործի ավարտը», — բաց նամակում գրել է Ռուզաննա Վարդանյանը:

 

Նախորդ հոդվածը‘Հանդիպումներ, որոնց արժե հետևել’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսի Պորտ-Սաիդում զանգվածային անկարգություններ են ծագել. կան զոհեր’