ՀԴԲ-ն գաղտնազերծել է 9/11 ահաբեկչական գործողությունների հետաքննության մի քանի ֆայլեր

652

Անցած շաբաթ օրը անձամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կարգադրությամբ ՀԴԲ-ն սկսել է գաղտնազերծել 2001 թ․ սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում ահաբեկչական գործողությունների հետաքննության փաստաթղթերը, ինչը պահանջում էին զոհերի հարազատները։

Առաջին հրապարակված 16 էջանոց ֆայլը տեղեկություն է պարունակում հարձակումների կազմակերպիչների և կատարողների կապերի մասին Սաուդյան Արաբիայի քաղաքացիների հետ։ Սակայն ահաբեկչական գործողություններին Սաուդյան Արաբիայի իշխանությունների անմիջական առնչության մասին ապացույցներ չկան։

9/11-ի ողբերգությանը Էր-Ռիյադի առնչության մասին սկսեցին խոսել, երբ հայտնի դարձավ, որ ահաբեկչական գործողությունների կատարողներից գրեթե բոլորը ՝ 19-ից 15-ը, սաուդցիներ էին ։

Reuters -ի գնահատականով, գրեթե 2500 զոհերի հարազատներ, ինչպես նաև առնվազն 20 հազար տուժածներ՝ անհատներ, ընկերություններ, ապահովագրական  կազմակերպություններ, միլիարդավոր դոլարների հայցեր են ներկայացրել ընդդեմ Սաուդյան Արաբիայի։ Նրանք համոզված են, որ սաուդյան իշխանություններն առնվազն իմացել են նախապատրաստվող հարձակումների մասին և չեն խոչընդոտել։

Սաուդյան Արաբիայի իշխանությունները իրենց առնչության մասին պնդումները միշտ անհեթեթ են համարել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըTelegraph և Guardian․ Չինաստանում նորից «կուլտուրական հեղափոխությո՞ւն» է
Հաջորդ հոդվածըԹալիբները կանանց թույլ են տվել սովորել, բայց տղամարդկանցից առանձին